Բեռլինի 73-րդ  կինոփառատոնի միջազգային ժյուրիի նախագահ է ընտրվել ամերիկացի դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր Քրիստեն Ստյուարտը։Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։

«Մենք ոգևորված ենք, որ Քրիստեն Ստյուարտը ստանձնում է այս կարևոր պարտավորությունը: Նա իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկն է․ Բելլա Սվանից մինչև Ուելսի արքայադուստր, նա կյանք է տվել հավերժական կերպարներին: Երիտասարդ, փայլուն և տպավորիչ կինոկենսագրությամբ Քրիստեն Ստյուարտը իրական կամուրջ է դարձել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև»,- ասում են փառատոնի տնօրենները՝ Մարիետ Ռիզենբեկը և Կառլո Չատրիանը:

Քրիստեն Ստյուարտը համարվում է Հոլիվուդի գլխավոր երիտասարդ տաղանդներից մեկը: 1999 թվականին՝ ինը տարեկանում, նա խաղաց իր դեբյուտը։ Ընդամենը երեք տարի անց նկարահանվեց Ջոդի Ֆոսթերի կողքին՝ Դեյվիդ Ֆինչերի «Խուճապի սենյակում» ֆիլմում, որը նրան մեծ ճանաչում բերեց: Ստյուարտին  համաշարհային համաբավ բերեց հինգ մասանոց «Մթնշաղ» սագան (2008–2012): 2010 թվականին Ստյուարտը մասնակցեց Բեռլինալեին՝ «Բարի գալուստ Ռայլիներին» անկախ բեմադրությամբ (ռեժիսոր՝ Ջեյք Սքոթ): Նույն թվականին դերասանուհին ստացավ Orange Rising Star մրցանակը BAFTA-ում:

2014 թվականին դերասանուհին խաղացել է Ժուլիետ Բինոշի կողքին՝ «Սիլս Մարիայի ամպերը» ֆիլմում, որի ռեժիսորն է ֆրանսիացի Օլիվեր Ասսայասը։ Քրիստենը  առաջին ամերիկուհին է, որ արժանացել է «Սեզար» մրցանակի։ Վերջերս նա հիացրեց հանդիսատեսին արքայադուստր Դիանայի գլխավոր դերակատարումով (ռեժիսոր՝ Պաբլո Լարեն)՝ «Սպենսեր» ֆիլմում։

Քրիստեն Ստյուարտը դարձել է միջազգային ամենահայտնի դերասաններից մեկը՝ հուզելով հանդիսատեսին և քննադատներին: Այժմ նա աշխատում է իր լիամետրաժ ռեժիսորական դեբյուտի վրա՝ Լիդիա Յուկնավիչի «Ջրի ժամանակագրությունը» բեսթսելլերի էկրանավորման վրա։