Կինոռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» (աշխատանքային վերնագիրը «Ամրոց») լիամետրաժ խաղարկային ֆիլմը , որտեղ Դոկինոն հանդես է գալիս որպես համարտադրող ընկերություն ընդգրկվել է  Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում։

Կինոնկարի գլխավոր երկու դերակատարներից մեկը հայ է՝ դերասան Սամվել Թադևոսյանը։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ Ֆիլմը նկարահանվել է Սիցիլիայում։

Ֆիլմը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համարտադրողն (համապրոդյուսեր) է Անժելա Ֆրանգյանը։

Անժելա Ֆրանգյան– «Ամրոցն» այն գեղարվեստական նախագիծն է, որի շրջանակներում աշխատում եմ Ջեսսիկա Վուդվորթի հետ: Ֆիլմը համարտադրություն է Բելգիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի միջև:

Ռեժիսորը հենց Ջեսսիկան է, հայկական կողմի համարտադրողը «DoKino»-ն, պրոդյուսերը՝ ես: Այս նախագիծն ինձ համար կիոնդպրոց է, անընդհատ սովորում եմ: Ռեժիսորի հետ եմ նախագծի դեռ գաղափար լինելու փուլից մինչև հիմա՝ արդեն որպես հայկական կողմի պրոդյուսեր:

Սկզբում «location scauter» էի, ընկերներիցս մեկն ասաց նախագծի մասին՝ նշելով, որ ռեժիսորը մի յուրօրինակ ու հետաքրքիր կին է: Աշխատանքի առաջին իսկ օրերից ընկերացանք ու ես ոգեշնչված սկսեցի ծանոթացնել նրան Հայաստանի իմ ամենասիրելի վայրերի հետ, որոնք, ըստ իս, համապատասխանում էին պատմությանը: Ես տեսնում էի ամեն ինչով զարմացող, հիացող ռեժիսորի, սիրող ու հետաքրքրվող մարդու: Եթե հաջողեմ, Ջեսսիկային իմ մենթորն եմ համարելու: Համավարակը մեր ծրագրերը մի քիչ խառնեց, բայց ամեն դեպքում լավատես ենք, որովհետև մինչև վիրուսը շատ բաներ ենք հասցրել անել: