Մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը
Մահացել է հայտնի ռուս կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա որդին՝ Արտեմի Արտեմեւը՝ հավելելով, որ կոմպոզիտորը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ Առայժմ պաշտոնական հաստատում չկա։
Երաժիշտը 86 տարեկան էր։ Էդուարդ Արտեմևն երաժշտություն է գրել ավելի քան 170 ռուսական եւ արտասահմանյան գեղարվեստական, վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի համար։ Դրանցից են «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ` օտար», «Սիրո ստրուկ» (1975 թ.), «Հայելի» (1974 թ.), «Ստալկեր» (1979 թ.), «Սիբիրիադա» «(1979) և այլն:
Կոմպոզիտորը հայտնի է որպես Անդրեյ Տարկովսկու, Նիկիտա Միխալկովի և Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմերի երաժշտության հեղինակ։
1999 թվականին նա ստացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում, 2022 թվականին դարձել է Աշխատանքի հերոս։
Հ․Գ․ կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևի երաժշտությունը ներառված էր նաև «Ղարաբաղյան անավարտ օրագիր» ֆիլմում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Հայկարամ Նահապետյանը ։
Գրառումը՝ Հայկարամ Նահապետյանի ՖԲ էջից (առանց միջամտության)։
-Արցախյան թեմայով առաջին գեղարվեստական ֆիլմը համարյա մոռացվել է, ժամանակին էլ շատ սահմանափակ ցուցադրություն եղավ։ Ֆիլմը կոչվում էր «Ղարաբաղյան Անավարտ օրագիր»։ Ֆիլմի պրեմիերան Երևանի Կինոյի տանն էր, իմ հիշելով 1996-ի գարնանը, ու պաստառների վրա վերնագիրը մի քիչ այլ ձևով էին գրել՝ «Արցախյան անավարտ օրագիր»։ Ֆիլմը նկարահանել էին Արցախի Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղում։ Բնակավայրը հիմա էլ ազատ Արցախի կողմում է։
1990-ականների կեսերին անշարժ գույքի Մերկուրի ընկերություն կար, որը ֆինանսավորել էր ֆիլմը։ 1997-ին մեկը մյուսի հետևից սննկացան մասնավոր բանկերը։ Դրանց մի մասը մարդկանցից որպես ավանդ ընդունած փողերն ուղղակի հավաքեցին ու փախան Հայաստանից: Քանի որ սննկացողների թվում էր նաև Մերկուրին, ֆիլմի հեղինակային իրավունքի թեման օդում կախված մնաց ու կինոնկարն ուղղակի գնաց կորավ, մնաց աննկատ։ Նույնիսկ պարզ չի թե որտեղ է օրինակ պահպանվել, youtube-ներում ոչ մի դրվագ չկա այդ ֆիլմից։ Google-ով սահմանափակ ինֆո գտա, նկար չկա։
***
Պելեից բացի երեկ մահացել է ևս մի ականավոր մարդ՝ կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը։ Նրա շատ սիրուն soundtrack-ները խորհրդային մի շարք հաջողված ֆիլմերում կան՝ «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ՝ օտար», «Սիրո ստրկուհին» և այլն։ «Արցախյան անավարտ օրագրում» ներառված էր Էդուարդ Արտեմևի երաժշտությունը։ (նկարում Արցախի Ակնաբերդ գյուղն է, որտեղ նկարահանել էին ֆիլմը։ Ֆիլմի տեսարանների snapshot նույնիսկ Google-ը չգտավ)։