Ավրորա․«Մեր մանկությունը երջանիկ էր ու գույներով լեցուն»
Դժվար է դիտել Ցեղասպանության մասին («հազարգլխանի հրեշ, որն այրում ու թույլ չի տալիս մոտենալ»`Հրանտ Մաթևոսյան) ֆիլմ էկրանին, հեռուստացույցով։ Դժվար էր մինչև 2020 թվականը, երբ մտածվում էր իբրև ցնորական, անիրական, անդարձ անցյալ, հիմա՝ առավել ևս։
95-րդ Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանի ազգային կինոակադեմիայի ներկայացրած «Ավրորայի լուսաբացը» «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել: Մինչ այդ «Ոսկե ծիրանի» միջազգային ծրագրում «Արծաթե ծիրանի» էր արժանացել։ Ֆիլմը բոլոր առումներով միջազգային համագործակցության արդյունք է, և գուցե սա է նաև հաջողության գրավականը։ «Ավրորայի լուսաբացի» գլխավոր պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյանն է, մյուս պրոդյուսերները՝ Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Կեստուտիս Դրազգաուստասը, Էրիկ Իսրայելյանը և Իննա Սահակյանը։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը և Պիտեր Լյախովը, անիմացիան իրականացրել են հայ ու լիտվացի նկարիչները։ Ֆիլմը ստեղծվել է Կանադայի Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրումով, հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։
Արշալույսի և Ավրորայի զուգահեռ պատկերները՝ «Ավրորայի լուսաբացում»
Հայ արվեստագետները պայմանական 1915 թվականի մասին ֆիլմ ստեղծելիս (խոսքն արժեքավոր ֆիլմերի մասին է) առաջին հերթին փորձել են թեմայից հեռավորություն պահել։ Օտարումը, նյութի՝ պաշտպանիչ շերտով վերացարկումը դիտարկվում են իբրև էկրանավորման հնարավորություն։ Բացառություն կարելի է համարել Անրի Վերնոյի «Մայրիկը», սակայն հուզիչ, ազդու, մարդկային ֆիլմն ավելի շուտ հաջող հաղթահարումի պատմություն է։ Այս ասպեկտով հետաքրքիր է Ատոմ Էգոյանի «Արարատը»՝ խարսխված անմահացած ու կենդանի աշխարհահռչակ հայերի` Արշիլ Գորկու և Շառլ Ազնավուրի ներկայության վրա։ Թեմայից օտարումն այստեղ լուծված է «ֆիլմ՝ ֆիլմի մեջ» հնարքով․ ռեժիսոր Ազնավուրը բեմադրում է գաղթի տեսարաններ, սայլի տակ բռնաբարության սարսափելի պատկերից հետո հնչում է՝ վերջ, նկարահանումն ավարտված է։
Ռեժիսոր Ֆաթիհ Աքինը «Սպի» ֆիլմում այլ ճանապարհով է գնացել․ գազանություններն ու բռնաբարումները տեղի են ունենում արևոտ սարերում օրը ցերեկով՝ ի տես բաց երկնքի և ամենքի։ Այս ազնիվ ֆիլմի ռեժիսորը, սակայն, հայ չէ։
«Ավրորայի լուսաբացն» առանձնահատուկ ֆիլմ է, ինչպես Արշալույսի ճանապարհն ու կյանքն է յուրահատուկ, բյուրավոր աքսորականների նման ու առանձնացող։
Ֆիլմի կառուցվածքը երկշերտ է․ միմյանց փոխլրացնող բազմաձայնության մեջ զուգահեռ ծավալվում են անիմացիան, իբրև Ավրորայի կյանքի հետագիծ՝ մանրամասն, մանկությունից սկսած, և վավերագրությունը՝ իրական Արշալույսը։ 80-ամյա Արշալույսը՝ հին ազնվական դիմագծերով, արձակ վարսերը գլխազարդով օրինավոր հետ տված, կիրթ, զարմանալի անչար, հանդարտ պատմող, զուսպ հուզվող, խորագետ։
1901 թվականին Դերսիմ գավառի Չմշկածագ գյուղում ծնված Ավրորա Մարդիգանյանի իրական անունն Արշալույս Մարտիկյան է՝ ընտանիքի ութ երեխաներից երրորդը․ «Երջանիկ էի մեր գյուղում, ծնողներիս հետ։ Մենք ութ քույր-եղբայր էինք՝ Վահան, Հովնան, Սառա, Արուսյակ, Պողոս, Միքայել, Լուսինե։ Վահանը՝ մեծ եղբայրս, Ամերիկա կապրեր»։ Արշալույսը 14 տարեկան էր և ուսանում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանում, պատրաստվում էր հաճախել ջութակի դասերի։ Հարցազրույցում պատկերավոր ու քնքշանքով վերհիշում է մետաքսագործ հայրիկի «աղվոր, գույնզգույն շերամները»։
Անիմացիան սովորաբար ռոմանտիկ հրապույր է տալիս սյուժեին, ինչպես մեր ֆիլմում երջանիկ մանկության տեսարաններն են, որոնք, ասես, արտապատկերում են տարիքն առած Արշալույսի խոսքերը․ «Մեր մանկությունը երջանիկ էր ու գույներով լեցուն»։ Տպավորվել է մանրամասներով պատկերված ընտանեկան բեմադրությունը երեք այծերի ո չար գայլի մասին։ Թվում է՝ երջանկությունն ավելի կատարյալ չի լինում։ Բարգավաճ ընտանիքի մետաքսագործ հայրն ու երկրորդ որդին՝ իբրև հպարտ հանդիսատես, հետևում են ընտանիքի ուժերով արված բեմադրությանը։ Քույրերից ավագները՝ 17-ամյա Լուսինեն և 14 տարեկան Արշալույսը, բեմի վարագույրի անկյուններում կանգնած, ներկայացման մունետիկներն են՝ կիսով չափ լրջմիտ ու հումորային, արտիստիկ։ Օրիորդ Արշալույսի շքեղ, սևաթույր, երկար ծամերը գլխազարդով օրինավոր հետ են սանրված։ Չորս կրտսեր զավակներից երեքն անհոգ այծիկներ են, չար գայլի դերում հարազատ եղբայրը։
«Մայրիկս էլ կխաղար, չար գայլին խոյահարողն էր»․ Ավրորայի հուշը ֆիլմում խորհրդանիշ էր դարձել՝ մայրիկի խոյահարումից կոտրվում ու բեմի վրա էին ընկնում չար գայլի բեմական պոզերը։ Հուզիչ ու հաջողված անիմացիոն տեսարանի հատվածները ցրված են ողջ ֆիլմի մեջ՝ իբրև խորհրդանիշ, կանխազգացում, վերհուշ։
Այս ամենով հանդերձ՝ անիմացիայի գյուտն այս ֆիլմում դաժան տեսարաններն օտարելուն է միտված։
Ռեժիսոր Իննա Սահակյանի խոսքով՝ «Ավրորայի լուսաբացի» հիմնական նպատակն է խոսել Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով։ Հայ կինոյի մեկդարյա պատմության մեջ սա առաջին հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է: Ու անիմացիան հնարավորություն է տվել այս պատմության բոլոր տրամադրությունները լուծել սիմվոլներով, գույներով, քանի որ ինքն՝ Ավրորան, այդպես է պատմել։ Ռեժիսորն այդ տպավորությունն է ստացել իրական հերոսի՝ տարբեր տարիքում երեք տեսահարցազրույցներից։
Անդրանիկ զորավարի պատգամը և Ավրորան
Կինոյի աղջկա կյանքն անիրական թվացող աղետների շարք է։ Աքսորի տարված հայրն ու եղբայրն այլևս հետ չեկան։ Ասկյարները «կխմեին ու հաճույք կփնտրեին», այդ հաճույքներին էլ զոհ գնաց 17-ամյա Լուսինեն։ Հետո խարխուլ լաստից, իբրև անպետք իրեր, գետը նետեցին մանուկներին․ «Սառան, Հովնանը, Միքայելն ու Արուսյակը ջուրը տարավ», «ես ծախու ապրանք էի՝ ինձ չսպանեցին»։ Գնորդը հայտնվում է՝ «ձին զիս վստահելով», վստահ, որ աղջնակն այդ հոգեվիճակով չի կարող փախչել։ Գուցե, բայց ոչ՝ Ավրորան, որը ձիուց գլխիվայր նետվում է գետը։ Հետո 85 ցենտով վաճառվում է ցեղապետերից մեկի հարեմին, բայց էլի կարողանում է փախչել։ 18 ամիս քայլելով՝ հատում է Դերսիմ-Մնձուրի լեռնաշղթան՝ թաքնվելով քարայրերում ու սնվելով արմտիքով, հյուծված, բոկոտն ու կիսամերկ հասնում է Էրզրում։
«Աչքիս առաջ ամենուր վառված կարմիր գույներ էին»,- պատմում է Ավրորան, իսկ հանդիսականը տեսնում է այդ գույները։ Անիմացիայով արված ծաղկած քարեր՝ ասես Արշիլ Գորկու նկարչությունը, կամ որ նույնն է՝ հայրենիքի լեռների գույները։
Ֆիզիկական մահից փրկվում է ամերիկյան միսիոներների և զորավար Անդրանիկի շնորհիվ։ Իր գրքի առաջաբանում Ավրորան գրել էր․ «Աստված ողորմած եղավ իմ հանդեպ և խնայեց կյանքս՝ հնարավորություն տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցելու ամերիկացի ժողովրդին, որպեսզի ամերիկացի յուրաքանչյուր հայր, յուրաքանչյուր մայր հասկանա, որ այն, ինչ պատմելու եմ այս գրքի էջերում, սիրո ու փառաբանության խոսք է առ Աստված…իմ փրկության համար»։
80-ամյա Ավրորան ակնածալից հպարտությամբ է պատմում․ «Ամեն հայ կճանչնար Անդրանիկը՝ Թուրքիային ահ ու սարսափը․ այո՛, Անդրանիկն ինքը որոշեց, որ Ամերիկա ինձ հետ տանեմ պատմությունը»։ Ամերիկան թանկ էր նաև նրանով, որ «Վահանը ողջ էր ու Ամերիկա էր»։
Հավատարիմ մեծ հային տված խոստումին՝ Արշալույսի վկայությունները 1918 թ. տպագրվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսնում «Հոշոտված Հայաստան» գիրքը։ Շապիկին Արշալույսի լուսանկարն էր՝ հայկական ավանդական զգեստով։ 1918 թվականի վերջին Selig Polyscope ընկերության նախաձեռնությամբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսում է աշխատել գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վերապահված էր Ավրորային։ Բարեգործական ֆիլմում դեսպանի դերում հանդես է գալիս ինքը՝ Մորգենթաուն։
«Նկարահանումները մղձավանջի վերածվեցին, պատմում ու խաղում էի այն, ինչ ձգտում էի մոռանալ»,- հիշում է Արշալույսը։
Իրապես, սա աննախադեպ երևույթ էր, ինչպես իր՝ Արշալույսի հետ կատարված ամեն ինչ։ Օրինաչափ է, որ ականատեսները սովորաբար լռել են կամ շշնջացել, իսկ Ցեղասպանության մասին գրել կամ ֆիլմեր է նկարել երկրորդ կամ երրորդ սերունդը։ Տատիկներն են պատմել․ հիշենք վավերագրող Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները», Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»։
«Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Վաշինգտոնում 1919 թ. հունվարին։ Փետրվարին արդեն Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ֆիլմի հանդիսավոր պրեմիերան։ Յուրաքանչյուր պրեմիերայից հետո Ավրորան իր մեջ ուժ էր գտնում բեմ ելնելու և վկայելու։
1920թ. Բուֆալո քաղաքում կինոդիտումից հետո դաժան ֆիլմի իրական հերոսուհին ուշագնաց է լինում։ Սթրեսը գլուխ է բարձրացնում հանկարծակի, և Ավրորան ընդմիշտ հեռանում է հանրային կյանքից։ Հրաժարվում է հրապարակային ելույթներից, և չեն իրագործվում Հոլիվուդի՝ նրան կինոաստղ դարձնելու ծրագրերը։ Ռեալ քաղաքականությունը հանգեց նրան, որ 1920-ականներին գրքի և կինոնկարի հանդեպ ուշադրությունը մարեց, և ֆիլմի ամբողջական տարբերակն անվերադարձ կորավ։ Ավրորան վերադարձավ Նյու Յորք և 1929 թ. ամուսնացավ Մարտին Հովեյանի հետ։ 1931 թ. ծնվեց նրանց որդին՝ Միքայելը։
Ավրորան այդպես էլ չի գտնում Վահանին, սակայն հրաշքով հանդիպում է ջուրը նետված քրոջը․«Արուսյակս ողջ էր»։
Իրականության սրբագրում՝ խնայելով ամերիկացի հանդիսականին
«Ավրորայի լուսաբացի» մեջ մի երրորդ շերտ է «Հոգիների աճուրդի»՝ 18 րոպեանոց գտնված հատվածն ու վավերագրական լուսանկարները։ Ֆիլմի մի կադր՝ խաչափայտերի վրա կանանց մարմիններով, անհասկանալի ու տարակուսելի էր, ինչին հետևեց Ավրորայի պարզաբանումը․«Ասացին, որ իրականությունը սարսափելի մռայլ էր մեր ամերիկացի հանդիսականի համար»։
Եվ թուրքական անուն ու ծագում ունեցող ցիցերը (խազուխ` այս բառն է ասում գեղեցիկ արևմտահայերեն խոսող Ավրորան), դարձան «քաղաքակիրթ» խաչափայտեր։ Վավերագրական արխիվային լուսանկարների նախամարդկային դրվագները սարսափելի էին, որոնք ուղիղ մեկ դար անց՝ ամենաուղիղ գծով կապ են ստեղծում 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ հայ կանանց խոշտանգելու հետ։
Եվ ամենազարմանալին՝ այս ամենը վերապրած հայուհին կյանքի մայրամուտին մտորում է․«Չեմ ուզում իրենց ձևով վարվենք, Թուրքիային պետք է հոգեպես տապալել` առանց թվանքի, աթոռին նստեցնել»։ Արդար դատաստանի աթոռին։ Հարցին՝ որն է կարևոր՝ ընտանի՞քը, թե՞ հայրենիքը, Ավրորան պատասխանում է․ «Դժվար հարց է․այդ մարդիկ իմ ազգն են, ազգ կորցնողն ընտանիքը կկորցնե»։
1918 թվականին լույս տեսած «Հոշոտված Հայաստան» գիրքը վաճառվեց 900 հազար տպաքանակով, նաև՝ լեհերեն, իսպաներեն ու հոլանդերեն լեզուներով։
28 նահանգում Ավրորայի ֆիլմը վարձույթում հավաքեց աննախադեպ՝ 116 միլիոն դոլար․ այդ միջոցներով մահմեդականացումից փրկվեց 132 հազար մանուկ։
1994 թվականին՝ 93 տարեկանում, մահացավ Արշալույս Մարտիկյանը։ Վեց ամիս անց գտնվեց «Հոշոտված Հայաստան» ֆիլմի պահպանված 18 րոպեանոց ժապավենը։
2015 թ․ հայերեն հրատարակվեց «Հոշոտված Հայաստան» գիրքը, ապա հիմնադրվեց «Ավրորա» մարդասիրական մրցանակը։
2020 թվականին նույն երկրները Ցեղասպանությունը կրկնելու փորձ արեցին։
2021 թ․ ԱՄՆ-ը դարձավ 33-րդ երկիրը, որն ընդունեց Հայոց ցեղասպանությունը։
Գայանե Մկրտչյան
թատերագետ