Հասմիկ․Արցախը մենք ենք, Հայաստանն է, ու սահմաններ չկան
Փոքրիկը, աչքերն արևից կկոցելով, լսում է գլխավերևում պտտվող անօդաչուի ձայնը։ Մի դրվագ, և որքան պարզ են դառնում պատերազմի ողջ դրաման ու աբսուրդը։ «250 կմ» ֆիլմի ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանն ասում է՝ կյանքում ամեն ինչ սկսվում է մի պահից։ 2020 թվականին սոցիալական մեդիայի համար վավերագրում էր հումանիտար օգնության կազմակերպումը։ Լսելով 14-ամյա Վահեի ու 11-ամյա Աշոտի մասին, որոնք, մեքենայով իրենց ընտանիքներին Արցախից հասցրել էին Հայաստան, ներսում երեխայի թրթիռ զգաց, հասկացավ, որ դա խաղարկային ֆիլմի սյուժե է։ Նախագիծը ներկայացրեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ այդ ժամանակ ուսանում էր։
Օրերս ֆիլմը ներկայացվեց հայ հանդիսատեսին։ Զրուցել ենք ռեժիսորի հետ։
-Հասմի՛կ, իրական դեպքերի վրա ստեղծված ֆիլմերը դետալների ճշտություն են պահանջում։ Ինչպե՞ս ես ողջ ինֆորմացիան հավաքել։
– Առաջինը կապվեցի տղաների մայրերի՝ Զմրուխտի ու Միլետայի հետ։ Վահեի ընտանիքը պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձել էր Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղը․ նրանց հանդիպել չհաջողվեց։ Ի դեպ, շատ հետաքրքիր է՝ երկուսն էլ նույն դժվար ճանապարհն են անցել ու նույն ազգանունն ունեն՝ Սարգսյան։
Մի կարևոր հանգամանք կար՝ ընտանիքների վստահությանը արժանանալը։ Այդ մարդիկ հոգնել էին լրատվամիջոցների անընդհատ ուշադրությունից, ես պետք է նրանց համոզիչ բացատրեի, որ կինոն ուրիշ աշխարհ է, ուրիշ ձևաչափ։ Արդյունքում՝ միացրի երկու պատմությունները՝ միաժամանակ պահպանելով փաստերն ու սյուժեին տալով գեղարվեստական լուծում։
-Հե՞շտ ստացվեց դերասանների ընտրությունը՝ հաշվի առնելով թեման։
-Քասթինգի հարցում օգնության համար դիմել էի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուզան Խաչատրյանին։ Հենց նա էլ առաջարկեց ներգրավել թատրոնի դերասաններին, որոնք պատերազմական ներկայացում էին խաղացել ու թիմային ոգի ունեին։
Հիշում եմ, Ռուզանի հետ սրճարանում նստած սցենարն էինք քննարկում, ու հանկարծ հասկացա, որ ուզում եմ նրան տեսնել մոր դերում․ նրա մեջ այնքան ուժ կար (ժպտում է․- հեղ)։ Ռեժիսուրայում լինում են նման անհասկանալի ազդակներ, երբ զգում ես, որ հենց դիմացինն է քո դերասանը։ Ռուզանն, իհարկե, շփոթվեց, բայց շուտով համաձայնեց։ Միշտ ասում եմ՝ Վահեն ֆիլմի սյունն է, Ռուզանը՝ «շարժիչը»։ Նա է ֆիլմն առաջ տանում։
Ինչ վերաբերում է երեխաների ընտրությանը, ի սկզբանե որոշել էի, որ չեմ նկարելու իրական հերոսներին, քանի որ ճիշտ չէր լինի նրանց նույն ապրումները հիշեցնելը։ Բայց երբ, օրինակ, Աշոտենց տանն էի, անմիջապես նկատեցի Աշոտի եղբորը՝ Դավիթին, որն ակտիվ ու արտիստիկ տվյալներ ունեցող երեխա էր։
Ամեն տեղ հետաքրքիր կերպարներ էի փնտրում։ Երկու պայման ունեի՝ երեխան պետք է պարտադիր արցախցի լինի, խոսի Արցախի բարբառով։ Հավատացե՛ք, պատերազմի ապրումները խաղալ հնարավոր չէ։ Օրինակ՝ որբ երեխան, որին ֆիլմում տեր է կանգնում հոգևորականը, փախստական է Հադրութից։ Նրա ընտանիքի հետ սերտ շփում ունեմ, և ամեն անգամ նրանց տնից հեռանալիս հասկանում էի, որ ոչ մի կերպ հայացքը մոռանալ չեմ կարողանում։
-Գլխավոր դերում ևս իրական հերոսին ես ընտրել՝ Վահեին։ Հիմա, երբ արդեն բավականաչափ ճանաչում ես նրան, ինչու՞մ է նրա ուժը, առանձնահատկությունը։
–Գլխավոր հերոսը պետք է ուրիշ երեխա լիներ, որը շատ նման էր Վահեին՝ բաց գույնի մեծ աչքերով։ Ծնողների հետ խոսեցի, համաձայնեցին, բայց նկարահանումից չորս օր առաջ մտափոխվեցին։ Չեք պատկերացնի՝ ինչ է նշանակում նկարահանումից մի քանի օր առաջ չունենալ գլխավոր հերոս, որը պետք է քո ֆիլմի հոգին, շունչն ու էներգիան լինի։ Հուսահատությանս չափ չկար, և գնացի մարտահրավերի՝ դիմելով Վահեի օգնությանը։ Ինձ թվում էր, թե Վահեն բարձրահասակ է, իսկ ֆիլմի գաղափարը փոխանցելու համար կարևոր էր, որ երեխան փոքրամարմին լինի։ Բացի դրանից՝ մտավախություն ունեի, որ նրա զուսպ ու չխոսկան լինելը դիտողին համոզիչ չի թվա։
Բայց հենց առաջին կադրից հասկացա, որ նա հոյակապ է, իրական, բացարձակապես չի խաղում, չի կեղծում։ Մենք շատ մտերմացանք, նա իրեն ազատ ու ուժեղ էր զգում։ Եվ այդ ուժը երևում է նաև ֆիլմում։
Ընդհանուր առմամբ՝ բոլորս ջարդված ու թուլացած վիճակից ոտքի կանգնեցինք, գտանք մեր պայքարի ձևն ու ցույց տվեցինք, թե ինչ է նշանակում փոխօգնություն, թե ինչպես են մեր կանայք ու երեխաները շարունակում ապրել՝ առանց լացուկոծի, վախի։ Հիմա, երբ հետ եմ նայում, ինձ թվում է, որ ես ոչ մի պատմություն էլ չեմ ստեղծել․ այն եղել է, ես պարզապես փոխանցել եմ։
– Նկարահանումները որտե՞ղ են արվել։ Դժվա՞ր էր երեխաների հետ աշխատելը։
-Առաջին նկարահանումը սկսել ենք մարտի 17-ին, 14 օր եղել ենք Ազատի ջրամբարում, Բյուրականում և Գառնիում։ Եղանակը շատ էր խանգարում՝ մե՛կ փոթորիկ էր, մե՛կ անձրև։ Մարտը շատ անկանխատեսելի ամիս է ֆիլմ նկարելու համար։ Վառելիքն էր վերջանում, մեքենաներն էին փչանում, երեխաները լալիս էին, ընկնում խաղով ու հոգնում։ Անընդհատ նախատում էի, որ եթե տեսախցիկին նայեն, նկարահանումը դադարեցնելու եմ։ Խոստանում էին ու էլի անում նույնը (ժպտում է․- հեղ)։ Հաջորդ առավոտյան ամեն ինչ մոռանում էինք, գրկախառնվում ու շարունակում։
-Որպես դիտողի՝ ֆիլմում ինձ երկու բան գրավեց՝ օպերատորական հետաքրքիր լուծումներն ու կադրին համադրվող երաժշտությունը։ Ինչպե՞ս ստեղծվեց այդ համագործակցությունը։
-Գաղափարիս մասին առաջինը պատմեցի ընկերներիս՝ երաժիշտ Միքայել Ոսկանյանին և Լուսինե Ոսկանյանին։ Նրանք օգնեցին հավաքել ստեղծագործական խմբի հիմնական կազմը և դարձան ֆիլմի համապրոդյուսերները։ Միքայելը նաև ֆիլմի կոմպոզիտորն է, ներկա է եղել նկարահանումներին և այդ ընթացքում գրել երաժշտությունը։
Սկզբում մտածում էի, որ որպես օպերատոր՝ ՎԳԻԿ-ի իմ կոլեգային կհրավիրեմ, բայց համավարակի պատճառով սահմանները դեռ փակ էին։ Միքայելն ու Լուսինեն ինձ ծանոթացրին օպերատոր Ալբերտ Սարգսյանի հետ։ Ես ու Ալբերտը կարողացանք նույն ալիքը որսալ, տարբեր փորձարկումներ անել։
Ֆիլմն այդպես էլ ֆինանսավորում չստացավ, թեպետ շատերին էի դիմել։ Պատճառաբանում էին, որ այդ պահին հումանիտար օգնությունն ավելի առաջնահերթ է։ Ինձ օգնեցին ծնողներս ու ընկերներս։
-Այս անկայուն ժամանակներում պատերազմական թեման որքանո՞վ է հետաքրքիր օտարերկրյա հանդիսատեսին։
-Ես ուզում էի, որ ֆիլմն առաջինը Հայաստանից դուրս ներկայացվի։ Այն դարձավ ՎԳԻԿ-ում իմ դիպլոմային աշխատանքը և հանձնաժողովի հավանությանն արժանացավ։ Այս պահին համապրոդյուսեր եմ փնտրում՝ ֆիլմը Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում ներկայացնելու համար։
Այսօր պատերազմի թեման դարձել է «մեյնսթրիմ»։ Դու պետք է կարողանաս ճիշտ ներկայացնել քո խնդիրը, քո պատմությունը և աշխարհի մակարդակով կապեր ստեղծես։ Զուսպ, հասարակ, պարզ մարդկային պատմությունները երկար են մնում հիշողության մեջ ու փոխանցվում են ուրիշներին։ Լոբբինգն ամեն ոլորտում պետք է՝ քաղաքականությունից մինչև արվեստ։ Շատ կուզեի, որ համաշխարհային կինոյում մեր հայկական ալիքն ունենանք, մեր մշակույթի, մեր տեսակի միջոցով ներկայացնենք համամարդկային սյուժեներ։ Ինչքան ցույց տանք, որ կարող ենք ֆիլմ նկարել, այնքան մեզ կվստահեն, մեզ հետ կհամագործակցեն, մեր մասին կխոսեն։
Ի վերջո՝ արվեստը հոգու հետ է կապված, ոչ թե՝ կենցաղի։ Անհնար է, որ մարդկային պատմությունները չդիպչեն սրտին։
-«Քո խաղն ուրիշի կյանքն արժե»՝ այս միտքը կարմիր թելի պես ձգվում է ամբողջ ֆիլմում։ Այս միտքը նաև մեր իրականությունն է։ Ինչպե՞ս ես տեսնում Արցախի ապագան։
–Բոլորս մեծ խաղի մեջ ենք, բռնությունը շատացել է, բայց երբ ուսումնասիրում ենք պատմությունը, տեսնում ենք, որ բռնությունը մարդու բնության մի մասն է։ Կյանքի կողքին մահն է, խաղաղության կողքին՝ պատերազմը։ Պետք է սովորենք դրա հետ ապրել, ապրել պատերազմով՝ հանուն խաղաղության։
Արցախում այսօր էներգիա ու կյանք կա, մնում է փոխել մեր մտածելակերպը։ Նոր սերունդը պետք է հասկանա, որ Արցախը Խորհրդային միության «կույր աղիքը» չէ, Արցախը մենք ենք, Հայաստանն է, ու սահմաններ չկան։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես քեզ մատուցում աշխարհին՝ որպես հնագույն ազգ, որն ամեն հարվածից խեղճանու՞մ է, թե՞ ազգ, որը շարունակում է ապրել Ցեղասպանությունից հետո։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ