Ջղաձգված դեմքով տղամարդիկ մեծ մեքենաներով շարժվում են առաջ։ Բարձունքից երևացող լուսարձակները միահյուսվում են ու վերջին անգամ ուրվագծում Արցախից հեռացողների ճանապարհը։ «Քար» վավերագրական ֆիլմը թրիլեր է հիշեցնում։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Աշոտն ընկերների հետ շտապում է Բերձոր՝ խաչքարեր տարհանելու։ Ադրբեջանի գրաված հայկական տարածքներում առ այսօր իրականացվող մշակութային վանդալիզմը ստիպում է վերարժևորել մեր հուշարձանները, վերարժևորել քարի ուժը։

Մեր զրուցակիցը ֆիլմի ռեժիսոր Արման Այվազյանն է։

 -Արմա՛ն, երկար ժամանակ Մոսկվայում էիր ապրում, ստեղծագործում։ Պատերազմի օրերին որտե՞ղ էիր։

– ՎԳԻԿ-ում դիրքապահ հայ զինվորի մասին նախագիծ էի ներկայացրել ու անցել փիթչինգը։ Ես երկու տարի ծառայել եմ Մատաղիսում, գիտեմ՝ ինչ է նշանակում դիրք պահել։ Դա կինոյի հոյակապ նյութ է։

Պատերազմից 10 օր առաջ եկա Հայաստան, ծանոթներիս միջոցով փորձեցի կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ, ասացին, որ իրավիճակը խառն է: Երբ պատերազմը սկսվեց, ընդհանրապես արգելվեց տեսախցիկով դիրքեր գնալը։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ աչքովս ընկավ ամենաթեժ կետերից «Բարս Մեդիա» կինոստուդիայի պատրաստած ռեպորտաժներից մեկը, անմիջապես զանգեցի նրանց ու ցանկություն հայտնեցի թիմին միանալու։ Հաջորդ օրը մեկնեցինք Ստեփանակերտ, ապա՝ դիրքեր։ 15 օր նկարեցի «Եղնիկներ» զորամասում։

Նոյեմբերի 9-ից հետո Աղավնո գյուղում էի։ «Բարս Մեդիայի» ղեկավար Վարդան Հովհաննիսյանը զանգեց ու առաջարկեց նկարահանել տղաներին, որոնք Բերձորից խաչքարեր են տեղափոխելու։ Միանգամից համաձայնեցի, մանավանդ, որ Աշոտին վաղուց ճանաչում էի։

-Ի դեպ, գլխավոր հերոսի ընտրությունը շատ հաջող է։ Ո՞վ է նա։

-Աշոտը մարդ-նվագախումբ է․ մասնագիտությամբ բժիշկ է, որը որոշ ժամանակ բժշկությամբ զբաղվելուց հետո հասկացել է, որ դա իրենը չէ, ու կահույքի բիզնես է հիմնել։ Երբ հետը երկար ես խոսում, ու սիրտը բացում է, պարզվում է, որ օդաչու է։ Պարապլանով է թռչում, նաև իր սեփական «կուկուռուզնիկն» ունի։

-Խաչքարերը տարհանելու նախաձեռնությունը միայն նրա՞նն էր։

-Մի քանի հոգով էին՝ կամավոր Վահագնը, տեղանքին քաջածանոթ հնագետներ Արմանն ու Համազասպը, որոնք առաջնորդվում էին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գիրք-քարտեզով,  և այլն։

-Չպայթած ականներից չէի՞ր վախենում։

-Երբ տեսախցիկով ես, վախը կորում է․ դու վստահ ես, որ պիտի ողջ մնաս ու ֆիլմդ ավարտին հասցնես։-Բացի դրանից՝ ես վստահում էի Աշոտին: Առաջին անգամը չէր, ավելի բարդ օրեր են եղել՝ ռմբակոծության նկարահանումից մինչև ինքնաթիռի ռումբերից փախչելը։

– Քանի՞ խաչքար փրկվեց և որտեղ ենք դրանք հիմա։

-Մինչև մեր նկարահանումը Աշոտը, Վահագնը եւ մյուսները նախապես գտել էին խաչքարերը, հաշվարկել անհրաժեշտ տեխնիկան ու ինժեներական սարքավորումները։ Սահնակ էին պատրաստել խաչքարերը գրունտային ճանապարհով մինչև մանիպուլյատորը տեղափոխելու համար։ Եղել է՝ ամբողջ գիշեր մեկ խաչքարի վրա ենք տանջվել, որովհետև անընդհատ խնդիրներ էին առաջանում։ Տեղափոխվել է երեք մեծ և մի շարք փոքր խաչքար, որոնք գտել ենք Բերձորի գյուղերից մեկում։ Խաչքարերի մեծ մասը Մատենադարանում է, մի քանիսը՝ Էջմիածնում։ Շատերը տեղում թաղել ենք։ Ցավոք, հարյուրավորները դեռ մնում են բաց երկնքի տակ, հուսանք՝ չեն վնասվի։

-Մարդկանց ապրումները հաճախ ցույց ես տալիս հայելիների միջոցով։ Դա հատու՞կ է արված։

– Ես տարբեր ֆիլմեր եմ նկարում, նաև՝ խաղարկային մաս ներդնելով։ Վավերագրությունն ուրիշ ժանր է, դու չես հասցնում մտածել։ Ամեն ինչ պահի զգացողություն է, մի ալիք ես բռնում ու նկարում։ Օրինակ՝ երբ ռադիոյով հաղորդեցին Շուշիի եկեղեցու մասին, ես ֆիքսեցի Աշոտի մտախոհ դեմքը հայելու մեջ։ Հայելին միշտ լրացնում է պատկերը, էսթետիկա ու նոր իմաստ տալիս։ Անընդհատ նկարել եմ, փորձել եմ տեղում հարցեր տալ ու դրամատուրգիան կառուցել։

Ֆիլմից դուրս մնացած շա՞տ կադրեր կան։

-Իրականում բավականին կրճատել եմ։ Օրինակ՝ մեկ գիշեր մնացել ենք գյուղական դատարկված դպրոցում, որի հատակին փոշոտ գրքեր էին թափված, գրատախտակին՝ տարբեր գրություններ՝ «Արցախ», «Մենք կվերադառնանք» և այլն։ Շատ տխուր էր այդ ամենը։ Մեկ օր էլ անցկացրել ենք Ծիծեռնավանք տանող ճանապարհին գտնվող «Մելիքատանը»։

Եթե այդ կադրերը մտնեին ֆիլմ, դրամատուրգիան շատ կտուժեր։ Ուզում էի, որ անընդհատ շարժում լինի, դրայվ լինի, քանի որ տարհանման աշխատանքների համար մենք հստակ վերջնաժամկետ ունեինք։ Եվ այդ վերջնաժամկետը պետք է դառնար ֆիլմի կմախքը ու դրդեր հերոսներին շտապել։

– Ինձ հատկապես դուր եկավ ավարտը, երբ գլխավոր հերոսը, խաչքարը մեքենայում,  վերադառնում է Հայաստան։

-Գիտես, վավերագրական կինոն ֆանտաստիկ բան է․ մասնագիտական առումով չկա ավելի կատարյալ բան, որը կարող էր պատահել մարդու հետ։

Մի՛ շտապիր անջատել տեսախցիկը, եթե անգամ ոչինչ չի կատարվում։ Տեսադաշտ կարող է մտնել մի ճանճ ու գլխիվայր փոխել ֆիլմի դրամատուրգիան։ Վավերագրությամբ զբաղվող մարդը պետք է համբերատար լինի, քիչ խոսի, շատ լսի, շատ նկարի։

Ֆիլմի վերջաբանն ինքն իրեն ստացվեց, երբ հետդարձի ճանապարհին ծիածան դուրս եկավ։ Այդ րոպեին էլ որոշեցի, որ պետք է լավատեսությամբ ավարտել։ Ես դրա մեջ մեծ հույս եմ դրել։ Դա, կարծես, փոքր հաղթանակ էր մեծ պարտությունից հետո։

-Հիմա, երբ այս ամենը պատմեցիր, հարց  ծնվեց՝ ինչու ես ֆիլմդ վերնագրել «Քար»։

-Ֆիլմը եղել է ՎԳԻԿ-ում իմ դիպլոմային աշխատանքը։ Ի սկզբանե որոշել էի վերնագիրը դնել «Хачкар», որպեսզի այդ բառը ռուսախոսների բառապաշար մտնի, և կարողանան համացանցում հեշտ գտնել։ Հետո մտածեցի, որ ամբողջ Հայաստանը քարերի երկիր է, մենք քարը սրբացնող ազգ ենք։ Մենք փայտից տուն չենք կառուցում, որովհետև վստահ ենք, որ քարը հավերժ է։ Մեր բոլոր ժայռերը չտաշված խաչքարեր են։

Թե ինչո՞ւ «Քար»։ Պատկերացրե՛ք, դրսի հանդիսատեսը դիտում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ, ականների միջով, իրենց մեքենաները փչացնելով, ինչ-որ քարեր տեղափոխում։ Անմիջապես հասկանում ես, որ այդ քարը թանկարժեք է, այդ մարդկանց համար հոգևոր նշանակություն ունի։ Իսկ ինչը հոգևոր է, անգին է։ Այդ միտքը ֆիլմում ասվում է ոչ թե տեքստով, այլ հստակ գործողությամբ։

-Ի՞նչ հաջողություն է ունեցել ֆիլմը։ Քո գաղափարը հասկանու՞մ են։

ՎԳԻԿ-ի փառատոնում ճանաչվել է լավագույն վավերագրական օպերատորական աշխատանք, Սամարայի «Соль Земли» վավերագրական ֆիլմերի փառատոնում ստացել է առաջին մրցանակը,  «Окно в Европу» ռուսական ազգային կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակի՝ դետալների դրամատուրգիական ճշտության համար։ Ֆիլմն արդեն թարգմանել եմ անգլերեն, ցանկանում եմ Ասիայից դուրս ցուցադրել։

Վավերագրական ֆիլմերը մեծ խնդիր ունեն, դրանք հաճախ ձանձրալի են լինում, այդ պատճառով մարդիկ գումար չեն ծախսում՝ կինոթատրոնում նայելու համար։ Իսկ կինոն վերանում է, երբ ցուցադրվում է միայն հեռուստատեսությամբ ու փառատոններում։ Պետք է ֆիլմը հետաքրքիր կառուցել, տեմպ ու ռիթմ տալ, որ դիտողը չհասցնի ձանձրանալ։ Մարդկանց ընկալումը կախված է նրանից, թե ինչպես ես պատկերը մատուցում։

-Ասացիր, որ «Եղնիկներում» նկարած մեծ նյութ ունես։ Ի՞նչ ես պատրաստվում անել դրա հետ։

-Այն պատկանում է «Բարս մեդիային», երեք հոգով ենք նկարել՝ ես, օպերատոր Զարեհ Սաֆարյանը և լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանը։ Կարող եմ ասել, որ մեկ ամսում հավաքած այդ նյութն աննախադեպ է։ Սակայն դրանից ֆիլմ ստեղծելը պատասխանատու գործ է, որովհետև պարտությունից հետո շատ հարցեր են առաջացել։ Բարոյապես դժվար է։ Բացի դրանից՝ գլխավոր հերոսներից մեկն ավտովթարից մահացավ․ նա արցախցի ձիգ տղամարդ էր, որը կադրում անմահ էր թվում։

Մյուս հերոսների հետ անընդհատ կապ ենք պահում։ Որոշվել է, որ ֆիլմը պետք է ավարտին հասցնի Մարատ Սարգսյանը՝ մեր միջի ամենափորձառուն ու իմաստունը։ Արդեն մի քանի սցենար ունենք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ