Կինոն՝ տարեմուտի շեմին
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի պարտավորությունների շրջանակում նաև կինոյի ոլորտը համակարգելն է։ Նրա համոզմունքն է՝ կինոն կարող է նաև քաղաքական խնդիրներ բարձրաձայնել ու արվեստի միջոցով տեղ հասցնել այն ասելիքը, այն ուղերձը, որն անգամ դիվանագիտության համար է դժվար իրագործելի։
Kinoashkharh-ի զրույցը Արա Խզմալյանի հետ անցնող տարվա գնահատականը լսելու ու դրանից հետևություններ անելու նպատակով է։
Հասկանում և ընդունում եմ՝ ձեր աշխատանքին համարժեք աջակցություն չեք ստանում, բայց…
Կինոյի հարթակը լայն հնարավարություններ է ընձեռում. այստեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են հանդիպում ու շատ լավ են հասկանում միմյանց։ Ուրեմն այս հարթակը պետք է լինի ամենաքաղաքակիրթը, ամենաներկայանալին։ Կարծում եմ՝ մենք հասել ենք այդ մակարդակին։
Դիմելով կինոգործիչներին՝ կասեմ՝ ձեր ծավալած գործունեությունը, ձեր աշխատանքը համարժեք չէ այն աջակցությանը, որ ստանում եք պետությունից, ես սա հասկանում և ընդունում եմ։ Բայց մենք նկատելի քայլերով առաջ ենք գնում։
Ուզում եմ, որ մեծ պատասխանատվությամբ ու պատրաստված տոնենք Հայ կինոյի 100 ամյակը, որը նշելու ենք 2023-ին։ Հայ կինոյի 100 ամյակը պետք է մշակութային լուրջ իրադարձություն դառնա։ Այս համատեքսում նշեմ, որ մեր կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի հոբելյանին նվիրված եռալեզու ալբոմ-գիրք է լույս տեսել, որի շնորհանդեսն անպայման կկազմակերպենք։ Հայ կինոյի 100 ամյակին նվիրված հրատարակչական, միջազգային, պետական նախագծեր էլի ունենք։ Այնպես որ, դեռ շատ անելիք կա, թող փոխադարձ հարգանքն ու սերը մեր հարաբերություններում միշտ իշխեն, ու սիրով շարունակենք գործել նաև հաջորդ տարի։
Ինչպիսի՞ն էիր դու, անցնո՛ղ տարի
Եթե զուտ գործնական տեսակետից դատենք, տարին նշանակալի էր այն բանով, որ զգալիորեն մեծացան պետական հատկացումները՝ կինոարտադրության և կինոժառանգության թվայնացման ոլորտներին։ Սա չափացանց կարևոր է՝ հատկապես Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ։
Կարծում եմ՝ ամենամեծ նվերն է ոլորտին։
Ծրագրերը, համագործակցության նախագծերը, մտահղացումները շատ ավելին են, քան պետական ֆինանսական հատկացումներն են, այնուամենայնիվ, կինոյի ոլորտն աշխատում է և միջազգային համագործակցության շրջանակներում ամենաակտիվն է։ Սա բխում է Եվրախորհրդարանի հետ մեր համաձայնագրի, համատեղ կինոարտադրություններ ստեղծելու տրամաբանությունից։ Հայ կինոգործիչներն ուղղակի ստիպված են շփվել միջազգային գործընկերների հետ, գտնել համարտադրողներ, ինչը բարերար ազդեցություն է թողնում ոլորտի վրա։
Հայկական կինոն ավելի հետաքրքիր է դառնում
Շատ ուրախ եմ, որ անցյալ տարի ունեցել ենք ֆիլմեր, այդ թվում նաև անիմացիոն, որոնք աշխարհի հեղինակավոր հարթակներում ներկայացվեցին և արժանացան բարձր գնահատանքի։ Ուզում եմ հատկապես առանձնացնլ «Ավրորայի լուսաբացը» անիմացինոն լիամետրաժ ֆիլմը, որը փառատոնային հաջող ճանապարհ է անցնում։ Իմ դիտած վերջին ֆիլմերից է «Ավրորայի լուսաբացը»։ Վերջիններից է նաև «Ամերիկացին» ֆիլմը։ Ինձ շատ զարմացրեց գլխավոր կերպարը։ Հիացած եմ նրա վարպետությամբ, արտիստական հմայքով։ Դահլիճի վրա խոր և լավ տպավորություն թողեց «Ամերիկացին»։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկեց հենց այս ֆիլմով։
Ես չեմ ուզում մասնագետներից առաջ ընկնելով՝ գնահատական տալ մեր կինոյին, բայց որպես ոլորտը համակարգող մարդ՝ չեմ կարող չնկատել զարգացման գործընթացը։ Գարծընթաց կա, խմորումներ կան, ոլորտը գործում է։ Կարծում եմ՝ պետական գումարների ավելացումով, գումարների բաշխման մեխանիզմը կատարելագործելով՝ կինոյի զարգացմանը նոր տեմպ է հաղորդվելու։
Լավ կինոյին շատ փող պե՞տք է
Եթե ասեմ, որ լավ ֆիլմի համար շատ փող պետք չէ, ես կընկալվեմ որպես ֆինանսավորումը լիարժեք մակարդակի չհասցնելու հանգամանքն արդարացնող պաշտոնյա, մյուս կողմից եթե ասեմ՝ լավ ֆիլմի համար շատ փող է պետք, ես կվիրավորեմ այն տաղանդավոր մարդկանց, ովքեր քիչ բյուջեով արժեքավոր ֆիլմեր են նկարում։
Կարևորն այն է, թե ով, ինչ ֆիլմ է նկարում, ինչ խնդիր է դրել իր առջև, ինչ ժանր է, ինչ գործընկերներ ունի, ինչ շուկաներ ու հանդիսատես է թիրախավորել։ Այս նպատակներն ու խնդիրներն են պատասխան տալիս՝ տվյալ ֆիլմի բյուջեն բավարա՞ր է, թե ոչ։ Վերացական առումով՝ փողը շա՞տ պետք է լինի, թե քիչ, նման հարց չի կարող լինել։ Փողը շատ կամ քիչ լինում է՝ ըստ նպատակների ու ըստ խնդիրների։
Առջևում Հայ կինոյի 100 ամյակն է
Պետք է Հայ կինոյի 100 ամյակը վերածենք ոլորտի զարգացման, քարոզչության, միջազգային դիրքավորման, հայկական կինոյի ժառանգությունն ու ժամանակակից էկրանավորումները միջազգային ասպարեզում ներկայացնելու տևական ընթացքի։ Այս առումով քիչ գործ չի արվել։ Այն, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի շենքը կառուցվեց, քաղաքակիրթ տեսքի բերվեց, և մենք այսօր չենք ամաչում միջազգային գործընկերներին այստեղ հյուրընկալելուց, և այդպես նրանք նաև կարծիք են կազմում մեր կինոարտադրության մասին, քիչ բան չէ։
Այն, որ անցյալ տարիներին մենք կարողացանք տարբեր հարթակներում հանդես գալ ազգային տաղավարով, օրինակ՝ Բեռլինի կինոշուկայում մեր ազգային տաղավարը նորություն էր, այն, որ լուրջ ուշադրություն է դարձվում կինոյին վերաբերող մասնագիտական գրականության օտարալեզու հրատարակություններին, նույնպես քիչ բան չէ։ Մեծագույն մխիթարություն և սփոփանք եմ համարում մեր հայկական կինոյի հիմնադրի՝ հանճարեղ Համո Բեկնազարյանի կյանքն ու գործը լուսանկարներով, ուղեկցող տեքստերով եռալեզու ալբոմի հրատարակությունը։
Հայ կինոյի 100 ամյակի համատեքստում մի քանի հրատարակություններ էլ կան, բազմաթիվ նախագծեր ուղիղ տողով մտել են բյուջե, դրանք մրցակցային, դրամաշնորհային տրամաբանությունից դուրս են։
Շարունակելու ենք ֆինասավորել
Ամեն տարի ֆինանսավորում ենք Ուջանի կինփառատոնը, «Ոսկե ծիրանը», մյուս տարի կաջակցենք «Մեկ կադրին»։ Կինոգործիչների միության հետ համատեղ կրթական մի շարք ծրագրեր ենք իրականացնում։ Զուտ վիճակագրական տվյալներ ենք հավաքագրում՝ ինչքան է եղել լսարանը, ովքեր են մասնակցել, ինչ ծրագրեր են իրականացվել։ Տեսնում ենք, որ ահագին աշխատանք կա արված։ Չնկատել այդ աշխատանքը, չնկատել ձգտումն ավելին անելու՝ ոլորտը կանգնեցնելու ամուր հիմքերի վրա, կամ պետք է լինել շատ պարզամիտ կամ լինել չարամիտ։ Մեր երկիրն իր հնարավորությունների սահմաններում այսօր բավականին քայլեր է անում։
Նորից ու կրկին՝ կրթության խնդիրը
Ամենամեծ խնդիրը կրթության խնդիրն է։ Գիտենք, որ կառավարությունում քննարկվում է ակադեմիական քաղաքի թեման։ Կարծում եմ՝ կինոկրթությունը կարող է տեղավորվել այդ համատեքստում։ Եթե անգամ չտեղավորվի, կինոկրթությունը պետք է անջատել թատերական կրթությունից։ Կինոկրթությունը չի կարող անջատված լինել կինոարտադրության գործընթացից։ Այսինքն՝ պետք է լինի լաբորատոր կրթություն։
Հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցի կարգավորմանն ավելի հանգամանալից անդրադարձ կլինի։
Տարեմուտի մաղթանք
Կինոգործիչներին մաղթում եմ, որ երբեք հուսահատության ճիրանները չընկնեն, իրենք ուժեղ, ազատ, պայքարող համայնք են։ Կինոյի ոլորտն ամենաքաղաքականն ու ամենամիջազգայինն է։ Մեր ստեղծագործողներին մաղթում եմ անսպառ ներշնչումներ, և թող նրանց աշխատանքի արդյունքը նպաստի յուրաքանչյուրի լավատեսության ավելացմանը։
Շնորհակալ եմ ոլորտի ներկայացուցիչներին՝ իրենց աննահանջ դիրքորոշման ու արդյունավետ աշխատանքի համար։
«Կինոաշխարհ»