2022 թվականի 10 լավագույն ֆիլմերը «Թայմ» ամսագրի վարկածով
Ավանդաբար, դեկտեմբերի ավարտին մի շարք հեղինակավոր արևմտյան պարբերականներ կազմում են անցնող տարվա ամենավառ ու հիշվող ֆիլմերի ընտրանին: Դրանց մի մասն, անշուշտ, դեռ կազդարարեն իրենց մասին մրցանակաբաշխության շրջանում, իսկ որոշներն անգամ կհայտնվեն «Օսկարի» նվիրական անվանակարգերում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկյան «Թայմ» ամսագրի լրագրողների հավաքած 2022 թվականի ամենագլխավոր ֆիլմերը:
«Ողջ հմայքն ու արնահեղությունը» (2022)
Վավերագրական
Ռեժիսոր՝ Լորա Փոյթըրս
Դերերում՝ Նեն Հոլդին, Դեվիդ Արմսթրոնգ, Մարինա Բերիո, Նոեմի Բոնացցի, Հարրի Կալլեն
Նան Հոլդինը «Ողջ հմայքն ու արնահեղությունը» ֆիլմից
«Ողջ հմայքն ու արյունահեղությունը» վավերագրական ֆիլմը ստեղծել է ամերիկացի ռեժիսոր Լաուրա Փոյթըրսը։ Ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի վերջին 79-րդ կինոփառատոնի ծրագրում, որտեղ արժանացել է գլխավոր մրցանակին։ Գործողությունը ծավալվում է լուսանկարիչ Նան Գոլդինի շուրջ, որը երկարատև վերականգնողական կուրս է անցել ցավազրկողներից կախվածության պատճառով։ 2017 թ.-ին Գոլդինը հիմնել է իր սոցիալական շարժումը, որը կոչվում էր Prescription Addiction Intervention Now (PAIN)՝ («Դեղատոմսից Կախվածության Միջամտություն Հիմա»)՝ հույսով պատասխանատվության ենթարկել Purdue Pharma-ին, որը ստեղծում է ուժեղ կախվածություն առաջացնող օքսիտոցին դեղամիջոցը:
Ինչպես և բազմաթիվ վավերագրական ֆիլմերում, «Ողջ հմայքն ու արյունահեղությունը» հրովարտակի ոգով է լեցուն, բայց, այնուամենայնիվ, Փոյթըրսի այս նախագիծն ավելի շատ ուղղված է Գոլդինի՝ որպես ուժեղ կնոջ, տաղանդավոր արվեստագետի և անվախ ակտիվիստի անհատականությունը բացահայտելուն:
«Ստուգում» (2002)
Դրամա
Ռեժիսոր՝ Էլեգանս Բրեթըն
Դերերում՝ Ջերեմի Փոուփ, Գեբրիել Յունիոն, Բոքիմ Վուդբայն, Ռաուլ Կաստիլյո, Մըք Քաուլ Լոմբարդի
Ջերեմի Փոուփը Էլիսի դերում «Ստուգում» ֆիլմից
Սա A24 կինոընկերության կողմից արտադրված հերթական ինդի-դրամա է, որը պատմում է սեռական ինքնության խորը ճգնաժամի մեջ գտնվող մի երիտասարդ աֆրոամերիկացու մասին: Ընտանիքի կողմից մերժված, ապագայի հեռանկար չունենալով՝ գլխավոր հերոսը (Ջերեմի Փոուփ) որոշում է բախտը փորձել ծովային հետեւակում։ Ճանապարհին նա բախվում է սեփական անձի վերաբերյալ բազմաթիվ թունավոր կարծրատիպերի և նախապաշարմունքների, բայց, ի վերջո, նա հաջողությամբ ինտեգրվում է այն համակարգում, որն ի սկզբանե բացասաբար էր տրամադրված իր դեմ: «Ստուգում»-ի սյուժեի հիմքում ընկած է ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Էլեգանս Բրեթընի անձնական պատմությունը, որը տարիներ շարունակ ապարդյուն որոնում էր ինքն իրեն մեծ աշխարհում և, ի վերջո, գտում է երկար սպասված ներդաշնակությունը:
«Անցքը» (2021)
Դրամա
Ռեժիսոր՝ Միքելանջելո Ֆրամմարտինո
Դերերում՝ Կլաուդիա Կանդուսսո, Պաոլո Կոսսի, Միլա Կոսսի, Միլա Կոստի, Կարլոս Խոսե Կրեսպո, Ջակոպո Էլիա
«Անցքը» ֆիլմից մի կադր
1961 թվականին մի խումբ քարանձավախույզներ մեկնում են Հարավային Իտալիայի Կալաբրիա շրջան՝ ուսումնասիրելու Եվրոպայի ամենախոր քարանձավը, որը տարածվում է երկրի մակերևույթից 700 մետր խորությամբ: Այս տարվա ընթացքում «Անցքն» արդեն իսկ ձեռք է բերել արտասովոր և հիպնոսացնող ֆիլմի համբավ, որն ընդունակ է կլանել բացարձակապես ցանկացած, նույնիսկ ամենաթերահավատ, դիտողի ուշադրությունը:
Ֆիլմի հեղինակ, իտալացի Միքելանջելո Ֆրամմարտինոն տասը տարվա լռությունից հետո կրկին վերադարձավ մեծ կինո՝ իր կարիերայի, թերևս, լավագույն աշխատանքով։ «Անցք»-ում մարդն ու բնությունը հանդես են գալիս որպես վերին ուժերի անտեսանելի ազդեցությամբ ուղղորդվող մեկ ամբողջական մեխանիզմ, որի հետ կոնտակտը հնարավոր է հաստատել միայն հոգևոր ճանապարհով. Չէ՞ որ, ըստ Ֆրամմարտինոյի, հոգին է միակ հաստատուն կռվանն այս անսահման Տիեզերքում:
«Իա» (2022)
Դրամա
Ռեժիսոր՝ Եժի Սկոլիմովսկի
Դերերում՝ Սանդրա Դրիմալսկա, Իզաբել Յուփփըր, Լորենցո Զուրզոլո, Մաթեուշ Կոսցյուկովիչ, Սավերիո Ֆաբրի
Կադր «Իա» ֆիլմից
«Իա» խոսուն անունով ֆիլմի գլխավոր հերոսը մի սովորական ավանակ է, որը, ճակատագրի բերումով, ստիպված է ինքնուրույնաբար փրկության ուղիներ որոնել կյանքի դժվարություններից փախչելու համար։ Լեհաստանից Իտալիա ճամփորդության ընթացքում Իան հանդիպում է տարբեր մարդկանց՝ լավ և ոչ այնքան, բազմազան փորձառություններ է ունենում և անգամ հայտնվում աղետի եզրին, սակայն այս պահերից և ոչ մեկում նա չի կորցնում իր անսասան հավատը խաղաղության և ավելի լավ ապագայի հանդեպ։ Ֆիլմի բեմադրողն է լեհ կինեմատոգրաֆիստ Եժի Սկոլիմովսկին, իսկ առաջնախաղը տեղի է ունեցել Կաննի վերջին կինոփառատոնի ժամանակի: «Իա»-ում մի փոքր դեր է խաղացել նաև ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուփըրը։
«Թարը» (2022)
Դրամա, երաժշտություն
Ռեժիսոր՝ Թոդ Ֆիլդ
Դերերում՝ Քեյթ Բլանշե, Նինա Հոսս, Նոեմի Մերլան, Սոֆի Քաուեր, Մարկ Սթրոնգ
Քեյթ Բլանշեն Լիդիա Թարի դերում «Թարը» ֆիլմից
Սա ևս մեկ փառատոնային նորույթ է: Սրասյուժե «Թարը» դրամայում գործողությունը ծավալվում է հանճարեղ կին դիրիժոր Լիդիա Թարի շուրջ, որի կերպարը փայլուն կերպով մարմնավորում է Քեյթ Բլանշեն: Առաջին հայացքից Թարի կյանքը կատարյալ է թվում՝ հաջող կարիերա նվագախմբային երաժշտության աշխարհում, հաստատուն ընտանիք և տիեզերքի չափ սիրելի որդեգրած դուստր Պետրան: Ավաղ, երբ Թարի նվագախմբի աղջիկներից մեկը հանկարծ ինքնասպան է լինում, նրա աշխարհը ճաք է տալիս: Շուտով պարզվում է, որ ինքնավստահ կնոջ դիմակի ներքո գլխավոր հերոսուհին թաքցնում է հոգևոր անհուն դատարկությունը, որը նա կարող է լրացնել միայն սեփական գեր-եսասիրությանը տուրք տալով: Ռեժիսոր Թոդ Ֆիլդի այս ֆիլմը ապագա Օսկարի գլխավոր ֆավորիտներից է, առնվազն կնոջ գլխավոր դերի անվանակարգում։ Դե ինչ՝ խաչած պահենք մեր մատները։
«Իրադարձություն» (2021)
Դրամա
Ռեժիսոր Օդրի Դիվըն
Դերերում՝ Անամարիա Վարտոլոմեի, Քեյսի Մոտտե Քլայն, Սանդրին Բոններ, Ֆաբրիցիո Ռոնջիոնե, Աննա Մուհալի
Անամարիա Վարտոլոմեյը Էննի դերում «Իրադարձություն» ֆիլմից
2021 թվականի Վենետիկի կինոփառատոնի հաղթող այս ֆիլմը հիմնված է ֆրանսիացի գրող Էննի Էռնոյի համանուն վեպի վրա։ «Իրադարձության» գործողությունը տեղի է ունենում 1960-ականներին, գլխավոր հերոսը Աննա անունով ուսանողուհին է, որը որոշում է վտանգավոր աբորտ անել, քանի որ երկրի օրենքով այն խստիվ արգելված է: «Իրադարձությունը» պարունակում է բժշկական միջամտությունների բազմաթիվ իրատեսական կադրեր, որոնք կարող են առաջացնել զզվանքի և տենդագին սարսափի բռնկումներ: Հատկապես սարսափեցնող են հակասանիտարական պայմանները, որոնցում այդ տարիներին աբորտներ էին իրականացվում, և այն, թե որքան կանանց մարմնական ու հոգեկան առողջություն են քայքայել դրանք։ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից «Ռոուն ընդդեմ Ուեյդի» վճռի սկանդալային չեղարկման ֆոնին «Իրադարձությունը» ներկայանում է որպես 2022 թվականի ամենաարդիական ֆիլմը։
«Էլվիսը» (2022)
Կենսագրական, դրամա, երաժշտություն
Ռեժիսոր՝ Բազ Լուրման
Դերերում՝ Օսթին Բաթլեր, Թոմ Հենքս, Օլիվիա Դը Ջոնգ, Ռիչարդ Ռոքսբուրգ, Քոդի Սմիթ-Մըքֆի
Առաջնախաղը՝ 2022 թվականի հուլիսի 14-ին
Օսթին Բաթլերը Էլվիս Փրեսլիի դերում «Էլվիսը» ֆիլմից
Ոչ մի կինոտարի չի անցնում առանց լեգենդար երաժշտի մասին կենսագրական ֆիլմի: 2022 թվականին ռոք-ըն-ռոլի ճանաչված արքա Էլվիս Փրեսլին դարձավ նոր կենսագրական ֆիլմի հերոսը, որի ստեղծագործությունը մինչ օրս խառնում է միլիոնավոր երկրպագուների հոգիները ողջ աշխարհում։ «Էլվիսի» սյուժեն վարվում է երգչի մենեջերի անունից, որի դերը կատարել է Թոմ Հենքսը, իսկ Փրեսլիին մարմնավորել է Օսթին Բաթլերը։ Բազ Լուրմանի ֆիլմն արդեն հասցրել են քննադատել անճաշակ մոնտաժի և երաժշտի անդեմ կերպարի համար։ Այնուամենայնիվ, «Թայմ»-ի քննադատները «Էլվիսը» ներառել են 2022 թվականի լավագույն ֆիլմերի հնգյակում, ինչը նշանակում է, որ այս վիճահարույց կենսագրական ֆիլմը միանշանակ արժե դիտել՝ գոնե սեփական կարծիք կազմելու համար։
«Արմագեդոնի ժամանակը» (2022)
Դրամա
Ռեժիսոր՝ Ջեյմս Գրեյ Դերերում՝ Էնթընի ,Հոփքինս, Էնն Հեթուեյ, Ջերեմի Սթրոնգ, Մայքլ Բենքս Ռեպետա, Ջեյլին Ուեբ
Բենքս Ռեպետան Փոլ Գրաֆի դերում «Արմաագեդոնի ժամանակը» ֆիլմից
«Դեպի աստղեր» գիտաֆանտաստիկ դրամայից հետո Ջեյմս Գրեյը որոշեց դիմել հնարավորինս հողեղեն մի պատմության: «Արմագեդոնի ժամանակը» ֆիլմը հիմնված է եղել մասամբ հենց ռեժիսորի մանկությունից վերցված իրադարձությունների վրա, որը սովորել է ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի հետ նույն դպրոցում։ Այն ժամանակ դպրոցի տնօրենն էր վերջինիս հայրը՝ Ֆրեդ Թրամփը։ Ֆիլմի գլխավոր հերոսը ծագումով Քուինսից Փոլ անունով մի վեցերորդդասարանցի է (Գրեյի ալտեր էգոն խաղացել է Մայքլ Բենքս Ռեպետան), որը ընկերանում է իր դասարանի միակ սևամորթ տղայի հետ։ Ավաղ, նրանց հանկարծակի փոխըմբռնումը հանգեցնում է ամենաողբերգական հետեւանքների։
«Արևս» (2022)
Դրամա
Ռեժիսոր՝ Շարլոտ Ուելս
Դերերում՝ Փոլ Մեսկալ, Ֆրենկի Կորիո, Սելիա Ռոլսոն-Հոլ, Սալի Մեսշամ, Այսե Պարլակ
Առաջնախաղը՝ 2023 թվականի մայիսի 4-ին
Պոլ Մեսկալը «Արևս» ֆիլմից
Շարլոտ Ուելսի դրամատիկ ֆիլմը ուսումնասիրում է հայրերի և երեխաների դժվար հարաբերությունների հանրածանոթ, բայց ողջ աշխարհում միշտ արդիական, թեման: Մեգգի Ջիլենհոլի անցյալ տարվա «Անծանոթ դստեր» մեջ հասունացած հերոսուհին վերաիմաստավորում էր մայրությունը՝ երեխաների դաստիարակության հարցում իր սխալների տեսանկյունից: «Արևս» ֆիլմում ճիշտ հակառակն է. տակավին շատ երիտասարդ հերոսուհին՝ տասնմեկամյա Սոֆին (Ֆրենքի Կորիո), արձակուրդ է մեկնում իր հեռակա հոր (Փոլ Մեսկալ) ընկերակցությամբ՝ առաջին անգամ զգալու երեխայի ցավը, որն անարդարացիորեն մերժվել է նրա կողմից, որը, թվում է թե, պետք է մյուսներից առավել պահպաներ և պաշտպաներ նրան չար ու անկանխատեսելի աշխարհից:
«Ֆաբելմանները» (2022)
Դրամա
Ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ
Դերերում՝ Միշել Ուիլյամս, Փոլ Դանո, Սեթ Ռոգեն, Գաբրիել Լաբել, Մատեո Զորյոն Ֆրենսիս-Դը Ֆորդ
Միշել Ուիլյամսը «Ֆաբելմանները» ֆիլմից
Ռեժիսորի կենսագրության վրա հիմնված ևս մեկ ֆիլմ է: «Վեստսայդյան պատմության»՝ կարոտախտով լեցուն ռիմեյքից հետո, որը նաև յուրատեսակ ձոն էր անցած մանկությանը, Սթիվեն Սփիլբերգը բեմադրեց մի շատ անձնական և հուզիչ պատմություն իր ընտանիքի մասին: Ռեժիսորի երիտասարդ ծնողների դերերը կատարել են Միշել Ուիլյամսը և Փոլ Դանոն։
«Ֆաբելմանների» սյուժեն ծավալվում է փոքրիկ Սեմի (Գաբրիել Լաբել) շուրջ։ Մեծ էկրանին արվեստի հետ հուզիչ ծանոթացումից հետո գլխավոր հերոսը սկսում է հոգում երազանք փայփայել, որն ի վերջո նրան բերում է 20-րդ դարի ամենասիրված ամերիկացի ռեժիսորներից մեկի կոչմանը: Այնուամենայնիվ, Սեմիի ճանապարհին կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք հնարավոր է հաղթահարել միայն ստանալով ծնողների հուսալի սատարումը։
Թարգամանեց Լիլիթ Սարգսյանը