Երևանի կարճամետրաժ և ուսանողական միջազգային փառատոնը՝ նոր կինոսերնդի ձևավորման հարթակ
Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը: Հինգերորդ կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում են փառատոնի պատասխանտուները, այն բաղկացած է միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում:
Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները: Փառատոնի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ է:
Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել է 33 ֆիլմ՝ 10 երկրից, որից 18՝ ազգային ծրագրում, իսկ 15՝ միջազգային ծրագրում: