Վազգեն Թորանյան․Հանդիպումները կարող են շրջադարձային լինել
Նստած կինոթատրոնում` սպասում եմ Վազգեն Թորանյանի «Կալեբի աշխարհը» դոկումենտալ ֆիլմի ցուցադրությանը և ընթերցում Հարուկի Մուրակամիի «Կաֆկան լողափին» գիրքը։ Կինոթատրոնի լույսերն անջատվում են՝ մտքիս մեջ թողնելով վեպի հետևյալ տողերը՝ «Երջանկությունն առասպել է, դժբախտությունը՝ պատմություն»։ Մեկ ժամ անց` ֆիլմի ավարտական տիտրեր, հուզված ծափահարություններ, ռեժիսոր Վազգեն Թորանյանին ուղղված բազմաթիվ շնորհավորանքներ, դրսում սպասող տասնյակ մարդիկ և նրանց մեջ երջանիկ ետ ու առաջ վազվզող երեխան՝ ֆիլմի գլխավոր հերոս Կալեբը, որոնք, այնուամենայնիվ, ստեղծում են վանիլային տրամադրություն, որ հավանաբար կա նաև երջանկություն, որը դառնում է պատմություն։ Ցուցադրությունից մի քանի օր անց շտապում եմ՝ հանդիպելու ֆիլմի ռեժիսոր Վազգեն Թորանյանին՝ մտածելով, որ առաջին իսկ հարցս կլինի՝ արդյոք նա համաձայն է Մուրակամիի տողերի հետ։
Վ․Թ․–Հետաքրքիր հարց է։ Տե՛ս, կինոն կառուցված է երկու տարբեր հասկացողություններից. այն, ինչ պատմում է ֆիլմի սյուժեն, և այն, ինչ ցանկանում է ասել հեղինակն այդ պատմության միջոցով, տարբեր են։ «Կալեբի աշխարհը» ֆիլմն այն մասին է, թե ինչպես Ժան-Լյուկ անունով մի դերձակ տարիներով պայքար է մղում՝ ստանալու համար ինքնությունը հաստատող փաստաթուղթ եթովպիացի Բեթիի և իր փոքր տղայի՝ Կալեբի համար։ Ես՝ որպես ֆիլմի ռեժիսոր, այս աշխատանքի միջոցով ցանկանում էի խոսել որևէ արյունակցական կապ չունեցող մի խումբ մարդկանց ստեղծած ընտանիքի մասին, թե ինչպես միայնակ մարդիկ միավորվելով դառնում են մեկը մյուսին պաշտպան։ Եվ եթե շարունակեմ այս միտքը, կարծում եմ, որ եթե պատմության մեջ չլինի դժբախտություն, կկորի նաև այն պատմելու իմաստը։ Ստացվում է, որ դժբախտությունը պատմությունն է, քանզի առանց դրա չկան իրադարձություններ։ Սակայն իմ ֆիլմի սյուժեն երջանկությունն է։ Հիշում եմ, տիկնոջս հայրը մի օր ասաց, որ առողջությունն այն է, երբ մարմինդ լուռ է, այսինքն՝ դու լավառողջ ես, երբ մարմնի ոչ մի օրգան իր մասին չի խոսում։ Կարծում եմ՝ ճիշտ նույնը վերաբերում է նաև երջանկությանը։ Մենք հարյուրավոր գնումներ ենք անում, անվերջ ճանապարհորդում, փորձում միջոցառումներ և հանդիպումներ կազմակերպել, որպեսզի հասնենք մի բանի, որը մեր պատկերացմամբ կոչվում է երջանկություն։ Բայց միգուցե երջանկությունը դա պարզապես դժբախտության բացակայությունն է, ցավի լռությունը։
Լ․Ս․– Ֆիլմի նկարահանումները տևեցին շուրջ երեք տարի։ Հետաքրքիր է, ինչպե՞ս ծանոթացար ֆիլմի հերոսների հետ։
-Ժան-Լյուկի հետ ես ծանոթացել էի տարիներ առաջ, երբ իր պատվերով սև ու սպիտակ ֆիլմ էի նկարահանում բաճկոնի ստեղծման մասին։ Հիշում եմ, այդ ժամանակ Ժան-Լյուկն իրական փարիզյան դենդի էր՝ շատ մոդայիկ հագնվող, խնամված տղամարդ և ուներ գեղեցիկ կարի արհեստանոց։ Այդ հանդիպումից մոտ տաս տարի անց, երբ սրճարանում նորեն հանդիպեցի Ժան-Լյուկին, զարմացել էի․լրիվ ուրիշ տղամարդ էր դարձել, մի տեսակ ծերացել էր, ամենևին խնամված չէր և շատ մտահոգված տեսք ուներ։ Ապա սրճարանում հայտնվեց այդ երեխան՝ Կալեբը, և Ժան-Լյուկի դեմքն անմիջապես պայծառացավ։ Նկատել էի, որ երեխան ունի զարգացման խնդիրներ, բայց նաև տեսնում էի, թե որքան ծնողական համբերությամբ և սիրով էր լցված Ժան-Լյուկն այս տղայի նկատմամբ։ Նրանց միանում է նաև Կալեբի մայրը՝ Բեթին, ով այդ ժամանակ սպասուհի (մաքրող) էր աշխատում շենքում, և Մեդին՝ Ժան-Լյուկի ընկերը, և նրանք չորսով պատրաստվում են նշել վերջինիս տարեդարձը։ Եվ այս համեստ տոնին չկան հորաքույրեր կամ զարմիկներ։ Բայց կա ընտանիք․ եթովպիացին, մարոկացին և Նարբոն փոքր քաղաքից եկած ֆրանսիացին ստեղծել էին ընտանիք, դա այնքան գեղեցիկ էր։
Լ․Ս․– Իրականում մեծ հարց է՝ այս պատմության մեջ ով ում է փրկում։ Բացահայտ է, որ այդ պայքարը իմաստավորում է նաև Ժան-Լյուկի կյանքը։
-Այո՛, այս պատմությունն ավելին է, քան պարզապես սպիտակամորթ ֆրանսիացի հերոսն, որը փրկում է եթովպիացի սևամորթ կնոջը։ Կարծում եմ, նրանք իրոք փրկում են մեկը մյուսին։ Ես տեսնում էի, որ Ժան-Լյուկն ամեն գնով ցանկանում է օգնել այդ դժվարություններով երեխային և նրա մորը, բայց տեսնում էի նաև, որ հարցը միայն օգնությունը չէ․ դա Ժան-Լյուկին իրականում երջանկացնում էր։
Լ․Ս․– Հետաքրքիր են նաև այն ալեգորիկ զուգահեռները, որ դու տանում ես Ժան-Լյուկի դերձակ մասնագիտության հետ։
-Դերձակը շատ մետաֆորիկ մասնագիտություն է, նա կարգավորում է նաև հոգիները, վերցնում է պատառոտված հատվածները, փորձում վերականգնել և գեղեցկացնել ամենը։ Եթովպիացի այդ կնոջ ներկայությունը նույնպես ես տեսնում էի գրեթե որպես նշան։ Եթովպիացիները ինչ-որ նմանություն ունեն հայերի հետ։ Նրանք Աֆրիկայի առաջին քրիստոնյաներն են։ Մեր այբուբենները գրեթե նույնն են․ հիշում եմ, մի օր նստած էի լատինական թաղամասի սրճարաններից մեկում, երբ ինձ մոտեցավ եթովպիացի գրավաճառ, ապա նայեց խաչիս և սահուն կարդաց հայատառ փորագրված անունս։ Եվ հետո Բեթիի այդքան լռակյաց լինելը, իր բարդ և դաժան անցյալի մասին ոչ մի խոսք չասելն ինձ հիշեցնում էր մեծ տատ-պապերիս, ովքեր նույնպես լռում էին հայերի վերապրածի մասին։
Լ․Ս․– Ճի՞շտ է, որ դու խոստացել էիր Կալեբի մայրիկին, որ չես ավարտի նկարահանումները, եթե ֆիլմը չունենա երջանիկ ավարտ։ Այդքան վստա՞հ էիր, որ ամեն ինչ լավ է լինելու։
Վ․Թ․– Այո՛, տվել եմ նման խոստում, հավատում էի, որ ամեն ինչ լավ է վերջանալու։ Պատկերացնում ես, տասներկու տարիների ընթացքում ծագումով եթովպիացի այդ կինը փաստացի գոյություն չուներ Ֆրանսիայում, և ես դեռ չեմ խոսում Սուդանում ապրած իր տարիների մասին, որտեղ նա գրեթե ստրուկ էր։ Բեթին ֆիզիկապես գալիս է Ֆրանսիա, բայց, ասես ուրվական, չունի ոչ մի հետք։ Եվ հետո՝ տարիներ անց, հանդիպելով դերձակ Ժան-Լյուկին, Բեթին սկսում է մի քիչ ավելի շատ գոյություն ունենալ, քանզի հյուսվում է ընտանիք։ Ժան-Լյուկը դառնում է նրանց համար հայր, պապիկ, ընկեր։ Ես էլ իմ հերթին, ծանոթանալով Բեթիի հետ, բերում եմ ինձ հետ ողջ ընտանիքս։ Բոլոր-բոլորին հոգնեցնում եմ Բեթիի հարցով, քանի որ հանգիստ չեմ կարողանում ապրել այն մտքով, որ տարիներ է՝ այս կինն իր երեխայի հետ գոյություն ունի՝ ասես ուրվական։ Լինելով Ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիա արտագաղթած հայերի հետնորդ և նրանց հիշատակը կրող մարդ՝ այդ ուրվականային գոյությունն ինձ առանձնահատուկ ցավ էր պատճառում։ Լինել ապատրիդ նշանակում է այլևս չիմանալ՝ որտեղից ես գալիս, չունենալ դրա որևիցե ապացույց։ Լինելով հայ՝ ես ընդունեցի Ժան-Լյուկի և Բեթիի պայքարը, ասես դա իմն է։ Պետք էր այս կնոջ ուրվականին վերակենդանացնել։ Ուրեմն նպատակս շատ հստակ էր։ Եվ հետո, ինչպես Կոկտոն էր ասում, նախ գտի՛ր, հետո կփնտրես։ Խոստում էի տվել և փորձում էի այն պահել։
Վազգեն Թորանյանի «Կալեբի աշխարհը» ֆիլմը ցուցադրվում է Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում և կինոթատրոններում։ Այն դիտելուց հետո համակվում ես ջերմությամբ և հավատով, որ չնայած թվացյալ համատարած ատելությանն ու ագրեսիային, այնուամենայնիվ կա նաև ճերմակ և անշահախնդիր բարություն։
Եվ ինչպես ասաց Վազգենը մեր հարցազրույցի ավարտին՝ հանդիպումները կարող են շրջադարձային լինել կյանքում։ Երբ անկարողությունից հանձնվում ես և հուսալքվում, հանկարծ տեղի է ունենում մի իրադարձություն, հանդիպում, որը նորեն ուժ է տալիս քեզ և կողքինիդ, և հավատը հաջողության նորից վերադառնում է, և քանզի հավատում ես, նաև խոսում ես այդ մասին քեզ շրջապատող մարդկանց հետ՝ նրանց էլ վարակելով նույն հավատով և հույսով, և արդյունքում բոլորդ հայտնվում եք նույն նավի վրա և միասին շարժվում դեպի առաջ։
Լիլիթ Սոխակյան
Փարիզ, 2022թ․