Համո Բեկնազարյանը՝ դերասան Գուրգեն Թոնունցի հուշերում։

1958 թվականին՝ «Անձամբ ճանաչում եմ» ֆիլմի էկրան դուրս գալուց հետո, որտեղ բախտ եմ ունեցել կատարել լեգենդար Կամոյի դերը, ինձ սկսեցին առաջարկել արդեն ստեղծված կերպարն հիշեցնող բազմաթիվ դերեր։  Ուստի ինձ համար հաճելի անակնկալ եղավ «Նասրեդինը Խոջենթում» ֆիլմում Նասրեդինի դերի կատարման հրավերը: Առավել հաճելի անակնկալ այն եղավ, որ բեմադրող ռեժիսորն էր Համո Իվանովիչ Բեկնազարյանը և համառեժիսորը՝ Էրազմ Ալեքսանդրովիչ Քարամյանը, որին ես հարգում և սիրում էի դեռևս «Անձամբ ճանաչում եմ» ժապավենում համատեղ աշխատանքից:

Կինոփորձերի համար Մոսկվայից հուզված մեկնեցի Դուշամբե, անկեղծ ասած՝ երկյուղ էի կրում Համո Իվանովիչի հետ առաջիկա հանդիպումից:   Համաշխարհային անուն ունեցող ռեժիսոր Բեկնազարյանը, որն ստեղծել էր այնպիսի գոհարներ, ինչպիսիք են «Նամուսը», «Խասփուշը», «Պեպոն», «Զանգեզուրը», ինձ ներկայանում էր՝ որպես ինչ-որ բացառիկ մարդ և չափազանց խիստ քննիչ իմ համեստ դերասանական տաղանդի:

Սակայն Համո Իվանովիչի հետ ունեցածս առաջին իսկ հանդիպումը ցրեց իմ երկյուղը: Ինձ դիմավորեց զարմանալիորեն բարյացակամ, աչքերի մեջ չարաճճի կայծերով և անսահմանորեն սիրալիր մի մարդ: Ես հիացած էի նրա ներքին և արտաքին գեղեցկությամբ, հսկայական էրուդիցիայով և այն շռայլությամբ, որով նա բաժանում էր իր էնցիկլոպեդիկ գիտելիքները: Առաջին իսկ փորձի ժամանակ Համո Իվանովիչը որոշեց ապագա նկարի ժանրը՝ ռեալիստական հեքիաթ-պամֆլետ: Նա շատ համոզիչ և ոչ պարտադրող ձևով բացատրեց ինձ Նասրեդինի իր մեկնաբանությունը: Ապագա կինոնկարի գործող անձանց պայմանական խարակտերների՝ ընչասերների, գողերի, կարիերիստների, ըստ կառուցվածքի՝ պայմանական, բայց հիմքում՝ հավաստի, անեկդոտային աշխարհում տեղի են ունենում Խոջա Նասրեդինի անհավատալի և սրամիտ արկածները։

Ինքը՝ Նասրեդինը, մարտիկ և հերոս է այդ աշխարհում, հոգով և մարմնով առողջ, գործունյա և եռանդուն՝ ժողովրդական հավերժական ձգտումների համար մղվող պայքարում, ստորության դեմ ցասկոտ, մերկացնող, պատժող և ծիծաղով հարվածող: Համո Իվանովիչն ասաց, որ ցանկանում է տեսնել երիտասարդ, ուժեղ, համարձակ, հերոսական մարդու։ Այսպիսի մեկնաբանությունը մոտ էր ինձ, իմ ստեղծագործական անհատականությանը:

Ստեղծագործորեն որքան հետաքրքիր, հեշտ և ուրախ էր աշխատել Համո Իվանովիչի հետ նկարահանման հրապարակում: Ամեն տեսակ գյուտերի ինչպիսի՜ հրավառություն էր առաջարկում նա դերասաններին, նրա սրամիտ դիտողությունները և յուրաքանչյուր  տեսարանում դերասանական վիճակի զարմանալի զգացողությունը նկարահանումները դարձնում էին տոնական:

Համո Իվանովիչը միշտ երկար փորձում էր՝ հասնելով դերակատարի կողմից դրվագի օրգանական զգացողությանը, կերպարի ճշգրիտ կյանքի, պատկերի հարմոնիկ ներդաշնակությանը, և միայն այդ ժամանակ էր հրահանգում՝ «Մոտոր»: Այդ պատճառով էլ ոչ մի անգամ մի դուբլից ավելի չէի նկարահանվում և չէի վերանկարահանվում ոչ մի տեսարան։

Ազատ ժամանակ ես լսում էի Համո Իվանովիչի պատմությունները իր զարմանալի կյանքի մասին, հետաքրքիր մարդկանց հետ ունեցած հանդիպումների, իր առաջիկա ծրագրերի մասին: Նա պատմում էր այնքան կենդանի, որ թվում էր, թե դրանք պատրաստի սցենարներ են ֆիլմի համար։ Համո Իվանովիչը «հոբի» ուներ՝ սիրում էր պատրաստել անսովոր կերակուրներ և հյուրասիրել, նա բավականություն էր ստանում դրանից՝ դիտելով ախորժակով ուտողներին:

Ֆիլմի էկրան դուրս գալուց հետո, իսկ այն ցուցադրվեց աշխարհի շատ երկրներում, ես շարունակում էի իմ՝ ի խորոց սրտի բարեկամությունը Համո Իվանովիչի հետ: Մենք հաճախ հանդիպում էինք նրա տանը, և նա ինձ պատմում էր իր ստեղծագործական մտահաղացումների մասին: Նա երազում էր նկարահանել երկու ֆիլմ, որտեղ ինձ էր հանձնելու երկու գլխավոր դերեր: Ֆիլմերից մեկը Այվազովսկու, երկրորդը՝ Սայաթ- Նովայի մասին էր: Սցենարները ինքն էր գրել, և մենք հաճախ երկարորեն քննարկում էինք ապագա ֆիլմերի տեսարանները և կերպարները։

Ցավոք, այդ երազանքները իրականացնել վիճակված չէր՝ 1965թ. ապրիլի 27-ին ծանր և երկարատև հիվանդությունից հետո Համո Իվանովիչը վախճանվեց: Ես երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել աշխատել, բարեկամանալ և սիրել Համո Բեկնազարյանին՝ մեծ մարդուն ու ռեժիսորին, որն իրենից հետո խորհրդային կինոարվեստում թողել է անմոռանալի ստեղծագործություններ:

Գուրգեն Թոնունց