Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ կինոնկարը, որն անդրադառնում է արցախյան թեմային, «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին է արժանացել Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատոնում: Այս մասին ֆիլմի պաշտոնական էջում գրել է Ջիվան Ավետիսյանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեռևա 2019 թվականին՝ Երևանում:

«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ՝ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։ Ֆիլմը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: