2023 թվականին Բեռլինի 73-րդ միջազգային կինոփառատոնի ամենամյա «Հարգանքի տուրքը» նվիրվելու է ամերիկաբնակ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Սթիվեն Սփիլբերգին․կինոյում ունեցած անգնահատելի վաստակի և ձեռքբերումների համար հանրաճանաչ ռեժիսորին  կշնորհվի պատվավոր «Ոսկե արջ» մրցանակը։ Այս մասին հայտնում է փառատոնի կայքը` հավելելով, որ  մրցանակաբաշխության շրջանակում կցուցադրվի նրա վերջին աշխատանքը՝ «Ֆաբելմանները» (ֆիլմի հիմքում Սթիվեն Սփիլբերգի մանկության հիշողություններն են):

«Ֆաբելմանները» ինքնակենսագրական ստեղծագործությունում ռեժիսորը շատ անձնական հայացք է նետում իր մանկության տարիներին: 2023 թ․մարտից Universal Pictures Germany-ին ֆիլմը կներկայացնի գերմանական կինոթատրոններում։

«Օսկարի» բազմակի մրցանակների դափնեկիր Սփիլբերգն աշխարհի ամենահայտնի կինոգործիչներից մեկն է: Ավելի քան 100 ֆիլմից և սերիալներից բաղկացած նրա ստեղծագործությունը եզակի է՝ վերջին 60 տարիների միջազգային կինոյի պատմության մեջ իր  բազմազան ու բազմաշերտ ժառանգությամբ:

Սփիլբերգն իր կարիերայի ողջ ընթացքում 19 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝   երեք անգամ ստանալով բաղձալի արձանիկը: Նա համարվում է բոլոր ժամանակների ամենահաջողակ կինոռեժիսորը։ Նրա կարիերան գնահատվել է  մրցանակներով,  ֆիլմերի ստեղծման համար ստացել է բազմաթիվ «Ոսկե գլոբուս»-ներ և «Էմմի»-ներ, ինչպես նաև բազում այլ պարգևներ՝ սոցիալ-հասարակական  նպատակների համար (արժանացել է Մեծ Խաչի` ԳԴՀ Արժանիքի շքանշանի աստղով` ի նշան  «Շինդլերի ցուցակը» ֆիլմի, 2001 թ. Եղիսաբեթ II թագուհին նրան նշանակել է որպես Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։ 2015 թվականին նա  Բարաք Օբամայի կողմից ստացել է Ազատության նախագահական մեդալ և այլն)։

«Անհավանական կարիերայով Սթիվեն Սփիլբերգը ոչ միայն հմայել է հեռուստադիտողների սերունդներին ամբողջ աշխարհում, այլև նոր նշանակություն է հաղորդել կինոյին։ Լինի դա դեռահասների կախարդական աշխարհում, թե այն իրականության մեջ, որը պատմությունը հավերժ քանդակել է, նրա ֆիլմերը մեզ տեղափոխում են այլ մակարդակ, որտեղ մեծ էկրանը դառնում է մեր հույզերի իրականացման համարժեք հարթություն: Եթե ​​Բեռլինալե 2023-ը ներկայացնում է նոր սկիզբ, մենք չէինք կարող ավելի լավ սկիզբ գտնել, քան Սփիլբերգի մեծ գործն է »,- ասել են փառատոնի գործադիր և գեղարվեստական տնօրենները՝ Մարիետտե Ռիսենբեկն ու Կառլո Չատրիանը: