Աշոտ Նիկողոսյան․Ամեն անգամ նայելիս ֆիլմն ավելի լուրջ եմ ընդունում
«Դու սիրի՛ր տղամարդու պես։ Դիստանցիաս ո՞րն է։ Մարդ է՞լ մոտիկությունից վախենա»
(Ֆրունզիկ Մկրտչյան)
50 տարի առաջ էկրան բարձրացավ ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմը։ Գաղափարական խոր շերտեր ունեցող այս պատմությունը սերունդների երկխոսության մասին լավագույն անդրադարձներից է, իսկ այվազյանական գրչի սրությունն առավել քան արդի է այսօր։
Մեր զրույցը Ռուբիկի դերակատար Աշոտ Նիկողոսյանի հետ է։
– Դուք փոքրիկ տղա էիք, որը հայտնվել է հայ կինոյի մեծերի շրջապատում։ Ի՞նչ զգացողություն էր։ Ինչպե՞ս ստացաք այդ դերը։
– Ես մեծացել եմ նկարիչների շենքում՝ շատ տաղանդավոր մարդկանց աչքի առաջ։ Պապս բանաստեղծ Սարմենն էր՝ մոտ 40 գրքի և հարյուրավոր երգերի բառերի հեղինակ։ Պայծառ մարդ էր, չնայած վերապրել էր Ցեղասպանության ցավը. այսօրվա պես հիշում եմ նրա ամեն արտահայտությունը։ Այդ միջավայրում ապրելը վաղ թե ուշ իմ մեջ նստվածք էր տալու։
Ֆրունզիկ Մկրտչյանը հաճախ էր այցելում մեր շենքի առաջին հարկում ապրող իր մանկության ընկերոջը՝ դերասան Ժորային։ Ես բակում ակտիվ երեխա էի, անընդհատ խաղում էի նրա պատուհանի մոտ։ Հետո Ֆրունզիկը մտերմացավ քեռուս հետ, պրեմիերաներից հետո հավաքվում էին՝ միասին ուտել-խմելու։
Լավ հիշում եմ՝ «Հայրիկ» ֆիլմի ընտրական փուլում շատ երեխաներ կային` մեզ լուսանկարեցին ու հարցեր տվեցին։ Արդյունքում ես անցա։
Դպրոցս ավարտելու տարում Հենրիկ Մալյանը փողոցում պատահաբար հանդիպել էր մայրիկիս ու ինձ կանչել՝ Մանկավարժական ինստիտուտի իր խմբում ուսանելու։ Իմանալով, որ որոշել եմ տնտեսագետ դառնալ, նեղացել էր։ Չէր պատկերացնում, որ այլ ուղի կընտրեմ։
-Հե՞շտ էր Մալյանի հետ աշխատելը։
– Նա երբեք չէր գոռում, ցույց չէր տալիս, որ ինքն է առաջնորդը, ոչ մեկին ոչինչ չէր պարտադրում։ Ասում էր՝ Աշոտը միակ դերասանն է, որի համար դուբլ չկրկնեցինք։ Միայն մի կադր կար, որը դժվարությամբ ենք ստացել. Ռուբիկի լացի տեսարանն էր՝ հայրիկի հետ խոսելիս։ Այդ ժամանակ մենք ողջ անձնակազմով երեք ամսով Մոսկվայում էինք, ինձ ազատել էին դասերից։ Ֆիլմի բոլոր տան տեսարանները Մոսկվայի պավիլիոններում էին նկարահանվում։ Աղոտ եմ հիշում, բայց դերասանները կատակում էին, իբրև ինձ՝ յոթ տարեկան երեխայիս լացացնելու միակ միջոցը եղել է դասերի մասին հիշեցնելը։
Շատ հետաքրքիր մարդ էր Հենրիկ Մալյանը. քչերը գիտեն նրա էքստրասենսոր ունակությունների մասին։ Երբ նկարահանումը երկար ժամանակ չէր ստացվում, անձնակազմի ուշադրությունը շեղելու համար նա ինչ-որ բան էր տալիս ի պահ, օրինակ, բանալի և դուրս էր գալիս սենյակից։ Վերադառնում էր, շոշափում պահողի զարկերակն ու նրա պահվածքից կռահում բանալու տեղը։
Նկարահանումը տևեց 1 տարի 1 ամիս։ Դա պարզապես 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ չէր, այլ իսկական մտերմություն բոլորի միջև։
-Կհիշե՞ք հետաքրքիր դրվագներ, զրույցներ, որոնք կադրից դուրս են մնացել։
-Ամենաշատը Շերենցի հոգին էինք հանում։ «Հայֆիլմ» կինոստուդիայում երկու փոքր սենյակ կար, որտեղ զուգահեռ հեռախոսներ էին դրված. երբ մեկով զանգում էիր, մյուսն անջատվում էր։ Հենց Շերենցը մտնում էր սենյակ, մեզնից մեկը վազում էր ու վերցնում մյուս խոսափողը։ Զարմանում էր՝ ա՛յ մարդ, բոլորը զանգում են, ստացվում է, հենց ես եմ ուզում, չի աշխատում։
Հիշու՞մ եք այն տեսարանը, երբ պապը մահանում է, և բոլորս, նրա նկարը մեր կրծքին, վերադառնում ենք գերեզմանատնից՝ Ֆրունզիկին թևանցուկ։ Մեկ էլ տեսնենք՝ բիձուկը (Շերենցը, խմբ.) լաց է լինում։ Հարցրինք՝ ինչու է լալիս։ Ասաց՝ իմ թաղումն էլ տեսա։
-Այնպիսի ջերմությամբ եք խոսում Ֆրունզիկի մասին։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ նա Ձեր կյանքում։
-Դե, Ֆրունզիկը կերպար էր։ Այնքա՜ն լավ էր երգում. դա մի ուրիշ երգ էր՝ հիմիկվա ելևէջներից տարբերվող։
Երբ Մոսկվայում էինք, հյուրանոցում երեկոներ էին կազմակերպվում։ «Մոսֆիլմի» շենքի ներքևի հարկում ճաշարան կար, որտեղ հավաքվում էին բեմական հագուստով ու գրիմով կինոյի մարդիկ։ Նրանք Ֆրունզիկին շատ էին սիրում։ Նա մեծություն էր, ոտքից գլուխ դերասան։ Նա դերասանական աշխարհի սյունն էր և բոլորիս հավաքում էր իր շուրջը։
-«Հայրիկ» ֆիլմը, հիմնական գաղափարից զատ, նաև 70-ականների Երևանի վավերագրական պատկերն է՝ տրամվայով երթևեկող մարդիկ, բակերում շաշկու մրցաշարեր․․․ Դուք, կարելի է ասել, ապրել եք երկու տարբեր ժամանակների Երևանում։ Ինչպիսի՞ն է այսօր մեր մայրաքաղաքը։
-70-ականները մեր ազգի համար բարեկեցիկ ու ծաղկուն տարիներ էին։ Ամեն տանը հանպատրաստից կարող էին սեղան գցել մոտ 10 հոգու համար։ Մշակույթը բուռն զարգացում էր ապրում, պատերազմի ծանրությունը մոռացվել էր։ Մարդկանց հարաբերություններն ուրիշ էին․ օրինակ՝ մենք՝ տղաներս, պաշտպանում էինք մեր բակի աղջիկներին, եթե շենքում մեկը հիվանդանում էր, բոլորը կանգնում էին նրա կողքին։ Էլ չասեմ, որ ամեն շաբաթ բակի «բեսեդկաներում» հավաքույթներ էին։
Ուր էլ գնում եմ Երևանից, 15-րդ օրը կարոտով եմ լցվում։ Լինում է՝ հետդարձի ինքնաթիռում զղջում եմ որոշմանս համար, բայց, միևնույն է, դրսում երկար չեմ դիմանում։ Թող չափազանցված չհնչի՝ ես ճանաչում եմ Երևանի ամեն քառակուսի միլիմետրը։ Այս քաղաքը, բացի իր հարուստ պատմությունից և ճարտարապետությունից, բոլոր ժամանակներում իր դեմքերն է ունեցել։
– «Հայրիկ» ֆիլմի կորիզը վերադարձն է արմատներին, դրանք պահպանելը։ Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այսօրվա սերունդն այդ հարցով մտահոգ է։
-Ամեն սերունդ յուրովի է ուսումնասիրում իր ով լինելը։ Ժամանակին Սովետը «խլացնում էր» ազգային ինքնությունն ու ազգի պատմությունը․ ես մեծացել եմ՝ ծոցումս պահած Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»։ Մեր զավակներն այսօր այլ պատմություն են կերտում։
Մի բան կարող եմ ասել՝ այս ազգը եղել ու մնում է լույս սփռող։ Մենք անընդհատ տալիս ենք աշխարհին և դրանով ավելի հարստանում։
– Հետաքրքիր է՝ ի՞նչ եք զգում, երբ 50 տարի անց դիտում եք «Հայրիկ» ֆիլմը։
-Ամեն անգամ նայելիս ֆիլմն ավելի լուրջ եմ ընդունում, հասկանում եմ, որ դրա տողատակերը միշտ արդիական են։
-Ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը «Հայրիկ»-ից հետո։
– Չէի ցանկանա բացատրություն փնտրել, թե ինչու չդարձա դերասան։ Մի քանի դպրոցական ներկայացումներում խաղացի ու վերջ։
Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բնույթով՝ արվեստի ջատագով։ Բախտ եմ ունեցել շփվելու տարբեր ժամանակաշրջանների արվեստի մարդկանց հետ։ Այս պահին գեղարվեստական ցուցահանդեսի կուրատոր եմ։
-Այսքան բուռն կյանք ունենալով՝ կա՞ արդյոք մի բան, ինչի համար զղջում եք։
-Այո՛։ Իմ կյանքի վրիպումներից մեկն էր, որ «Կիլիկիա» նավի անձնակազմի հետ չմեկնեցի շուրջերկրյա ճամփորդության։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ