Հայաստանի կինոգործիչների միությունում կայացել է «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը։ Փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանն իր բացման խոսքում նշել է, որ 11-րդ «Արևորդին» թիրախավորում է ներկայիս, թերևս, ամենաակտուալ բնապահպանական մարտահրավերը՝ կլիմայի փոփոխությունը, որը մինչ օրս շատերի համար կա՛մ չափազանց դժվար ըմբռնելի է, կա՛մ այնքան վերացական, որ հեշտությամբ անտեսվում է։

«Ցուցադրվող ֆիլմերը փորձ են հուշելու, որ անկախ բոլոր հանգամանքներից, աշխարագրական դիրքից ու սոցիալական կարգավիճակից, այսօր բոլորս էլ առերեսվում ենք կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին և հետևաբար բոլորս էլ պետք է նույնքան հոգատարությամբ փորձենք քայլեր ձեռնարկել առավել կանաչ ապագայի համար»,- ասել է նա։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասել է, որ վերջին երեք տարիների ընթացքում փառատոնը ապրել է բավականին բարդ շրջան՝ առերեսվելով այնպիսի հանգամանքների, ինչպիսիք էին Քովիդ 19 համաճարակը, երկրում պատերազմական իրողությունը և անկայուն սոցիալ-քաղաքական իրավիճակը։

«Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ փառատոնը կարողացել է կանգուն մնալ ու զարգանալ, ինչը մեծ չափով հնարավոր եղավ փառատոնի տնօրենի նվիրվածության, ջանքերի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջորդ տարի հիմնադրամի Հայաստանում գործունեության 20-ամյակին նվիրված փառատոնը կներկայանա ավելի ընդլայնված ծրագրով, ավելի շատ ֆիլմերով ու միջոցառումներով։

Մեկնարկի պաշտոնական մասի ավարտին ներկաներին ողջույնի խոսք է ուղղել նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։ Նա կարևորելով կլիմայի փոփոխության վերաբեյալ փառատոնի լուսավորչական-կրթական գործոնը, փաստել է, որ Նիդերլանդները, որպես ծովի մակարդակից ամենացած գտնվող երկրներից մեկը, առաջիններից է զգալու գլոբալ տաքացման անդառնալի ազդեցությունը։ Այս էկոլոգիական աղետի արդիականության համատեքստում, նա Հայաստանի և Նիդերլանդների աշխարհագրական դիրքերի տեսանելի համեմատություն է ներկայացրել և հավելել.  «Համաշխարհային այս կատակլիզմը նույնքան վտանգավոր և տագնապալի է երկրագնդի բոլոր հատվածների ու կետերի համար՝ անկախ իրենց տեղայնությունից»։

Փառատոնի բացմանը ցուցադրվել են մրցութային ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև ներկայացվել է ժյուրիի ամբողջական կազմը և մրցանակները, ինչին հաջորդել է Ժաո Լիենգի «Ցավում եմ»` Կաննի, Գուանչժոուի և այլ հայտնի միջազգային կինոփառատոնների պատվավոր հաղթող-մրցանակակիր ֆիլմի ցուցադրությունը։

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ  նոյեմբերի 4-8-ը՝ փառատոնի շրջանակում, ցուցադրվելու են վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմ՝ աշխարհի տարբեր անկյուններից։


    «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում 

    «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով...

    |3 Դեկտեմբեր 2022,21:24