Ֆրանսահայ երիտասարդ ռեժիսոր Ալեքսի Փազումյանի «Լեռնային Ղարաբաղ․ Երկու երեխա՝ պատերազմում» վավերագրական ֆիլմը, ցուցադրվելով հայտնի ֆրանս-գերմանական «Արտե» մշակութային հեռուստաընկերությամբ, դարձավ այն եզակի գրագետ աղբյուրներից մեկը, որի շնորհիվ շատ ֆրանսիացիներ վերջապես հասկացան՝ որտեղ է Լեռնային Ղարաբաղը, և ինչ է կատարվում այդ տարածաշրջանում։ Մեծ ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանյանի թոռը՝ Ալեքսին, իր ստեղծագործական աշխատանքի գլխավոր նպատակն է համարում հայկականության մասին որքան հնարավոր է շատ խոսելն ու տարածելը։ Այսօր նա աշխատում է Ղարաբաղյան պատերազմի մասին լիամետրաժ վավերագրական ֆիլմի վրա, նաև նախապատրաստում է նույն թեմայով մեծածավալ գրքի տպագրություն։ Փարիզի քաղաքապետարանի առաջարկով շուտով Ռիվոլի փողոցի երկայնքով կազմակերպվելու է Ալեքսիի լուսանկարների ցուցահանդեսը։

Չնայած գերզբաղված գրաֆիկին՝ Ալեքսի Փազումյանը սիրով համաձայնեց հանդիպել և զրուցել ներկայի ու ապագայի մասին՝ հատուկ «Կինոաշխարհ»-ի ընթերցողների համար։

 -Հետաքրքիր է՝ ինչու որոշեցիր Արցախյան պատերազմի ծանր թեման ներկայացնել երկու երեխաների աչքերով։

 -Ես բացահայտեցի Թալիշը 2016 թվականին, ֆոտոռեպորտաժ էի պատրաստում, որն ավելի ուշ տպագրվեց «Libération» թերթում։ Այդ ժամանակ հասկացա, որ ցանկանում եմ վերադառնալ և վավերագրական ֆիլմ նկարել։ Շուրջ երկու տարի մտածում էի այդ մասին։ Իսկ երբ պապս՝ նկարիչ Ռիշար Ժերանյանը, մահացավ, ես ստացա փոքր ժառանգություն, որն անմիջապես որոշեցի օգտագործել ֆիլմի ստեղծման համար, հավաքեցի նկարահանող խումբ, և մեկնեցինք Հայաստան։ Նպատակս էր նկարահանել մեկ զինվորի կյանքը զորանոցում, որովհետև երբ ֆոտոշարքն էի անում, Թալիշի զորանոցի պատկերները շատ տպավորիչ էին։ Ճանապարհորդությունից առաջ՝ շուրջ երկու ամիս, նամակագրության մեջ էի տեղի ադմինիստրացիայի աշխատակիցների հետ, նրանց պահանջով ուղարկում էի նկարահանման ամեն պլան՝ ինչ-որ տեղ ողջունելով նրանց լուրջ մոտեցումն իմ ֆիլմին։ Բայց երբ հասանք տեղ, զորանոցները դատարկ էին, բոլոր զինվորները սահմանին էին։ Մեզ խորհուրդ տվեցին վերադառնալ երեք շաբաթից, բայց դա անհնարին էր։ Ինձ այդ պահին թվաց, որ ամեն ինչ ձախողվել է։ Մի փոքր հուսալքված՝ որոշեցինք գնալ գյուղի գործող դպրոցը, տեսնել աշակերտներին։ Սկսեցինք զրուցել երեխաների հետ, նրանցից երկուսը՝ Սամվելն ու Ավոն, անմիջապես գրավեցին իմ և նկարահանող խմբի ուշադրությունը։ Նրանց խոսելաձևը, միմյանց հետ շփվելը շատ տարբերվող էին։ Ասես տեսախցիկը նրանց համար գոյություն չունենար, տղաները, շատ բնական զրուցելով, գնացին Թալիշի կիսաքանդ դպրոցը, քայլում էին փլատակների միջով, իրար հետ քննարկում, թերթում աշակերտների փոշեծածկ տետրերը, իսկ մենք նկարահանում էինք՝ հասկանալով, որ գտանք ֆիլմի նոր հերոսներին։

-Դա հավանաբար հատուկ է վավերագրական կինոյին՝ նկարահանման ընթացքում փոփոխություններ անել սցենարում։

-Այո՛, իհարկե, բայց ոչ այս աստիճանի, երբ տեղում ստիպված ես լիովին փոխել գլխավոր հերոսիդ։ Օրեր անց մեզ տեղեկացրին, որ հինգ տանկիստ վերադարձել է զորանոց։ Նրանցից Էրիկի կերպարն անմիջապես գրավեց մեր ուշադրությունը, երեխաներին զուգահեռ՝ մենք նաև նրան նկարահանեցինք, չնայած որ մեր զրույցները խիստ վերահսկման տակ էին, ամեն գործողություն սահմանափակված էր։ Փարիզ վերադառնալուս հաջորդ իսկ օրը Ֆրանսիայում սկսվեց համավարակով պայմանավորված մեկուսացումը, իսկ մի փոքր ավելի ուշ՝ պատերազմը Ղարաբաղում։ Ես պրոդյուսերներիս խնդրեցի գումար տրամադրել՝ Ղարաբաղ վերադառնալու համար, բայց նրանք մերժեցին՝ ասելով, թե պետք է մնալ Ֆրանսիայում և դոսյեի վրա աշխատել։ Ես այնուամենայնիվ վերադարձա անձնական միջոցներով, գտա ֆիլմի երեխաներին՝ Սամվելին ու Ավոյին, նկարահանեցի նրանց «նոր կյանքի» պայմանները։ Բայց Էրիկին գտնել չէի կարողանում․ մի օր էլ սարսափահար կարդացի նրա ազգանունը զոհված զինվորների ցանկում։ Իսկ դրանից օրեր անց ուրախությանս չէի հավատում, երբ Էրիկից ստացա զանգ․ նա Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում էր։ Շտապելով այնտեղ՝ տեսա, որ Էրիկը պատերազմի դաշտում ծանր վիրավորվել էր, կորցրել ոտքը։ Իհարկե, սարսափելի ցավալի էր, բայց միաժամանակ այնքան երջանիկ էի, որ նա ողջ է։

-Քո «Լեռնային Ղարաբաղ Երկու երեխա՝ պատերազմում» ֆիլմը ցուցադրվեց հայտնի ֆրանս- գերմանական «Արտե» մշակութային հեռուստաընկերությամբ՝ ռեպորտաժի տեսքով։  

-Այո՛, ինձ հետ կապվեցին «Արտե» հեռուստաընկերությունից, հավանել էին իմ նկարահանած նյութը և ցանկանում էին այն ցուցադրել իրենց «Ռեպորտաժ» բաժնում՝ ավելացնելով ձայն, որը կբացատրի Արցախյան հարցի պատմական կոնտեքստն ու իրական պատկերը։ Սկզբում մի փոքր վարանում էի, քանզի վավերագրական ֆիլմս ուներ գեղարվեստական միտում և ոչ՝ ռեպորտաժային։ Սակայն հորս հետ խորհրդակցելուց հետո հասկացա, որ Ղարաբաղյան հարցի տեսանելիության համար սա փայլուն հնարավորություն է։ Հազարավոր ֆրանսիացիներ և ոչ միայն դիտում են «Արտե»-ն, այն էլ՝ շաբաթօրյա երեկոյան ցուցադրությունը, որն ամենադիտվող ժամերից մեկն է։

-«Արտե»-ով քո ֆիլմը շարունակելու է մնալ առցանց մինչև 2023 թվականը, ինչն իրոք շատ կարևոր է մեզ համար։ Սակայն դու այսօր աշխատում ես «Սև այգիներ» խորագիրը կրող լիամետրաժ ֆիլմի վրա՝ կրկին Ղարաբաղի մասին։

-Այո՛, դա կարճամետրաժի բանական շարունակությունն է լինելու։ Ես հինգ-վեց անգամ վերադարձել եմ Հայաստան, շարունակել եմ նկարահանումները։ Ֆիլմն արդեն նախավաճառվել է ֆրանսիական երրորդ ալիքին, Շվեյցարիայի, Բելգիայի և մի շարք այլ երկրների հեռուստաալիքներին։ Մոտ մեկուկես ժամ տևողությամբ Ղարաբաղի մասին այս ֆիլմը, հուսով եմ, կցուցադրվի նաև բազմաթիվ փառատոններում։ Իրականում թե՛ իմ լուսանկարների, թե՛ ֆիլմերի նպատակն է որքան հնարավոր է շատ խոսել հայերի մասին։

-Ցավոք Ղարաբաղյան խնդրի մասին շատերն այստեղ տեղյակ չեն։

-Այո՛, անգամ պրոդյուսերներս շատ անկեղծ ինձ զգուշացնում էին, որ Ղարաբաղի փոքր գյուղի մասին ֆիլմը Ֆրանսիայում դիտողների մեծ բանակ չի ունենա։ Բայց ես այս ֆիլմը նկարելիս փնտրում էի մասնավորապես մեկ հարցի պատասխան՝ ինչու են գյուղի բնակիչները վերադառնում մի տեղ, որտեղ վտանգն այդքան մեծ է։ Եվ գյուղացիների պատասխանն իմաստավորեց նաև աշխատանքս․ գրեթե բոլորն ասում էին՝ «Վերադառնում ենք, որպեսզի անտեր չթողնենք մեր ծնողների գերեզմանները»։ Միջոց՝ ցույց տալու թշնամուն, որ սա մեր պապական հողերն են։ Առհասարակ, ես ապշած էի արցախցիների հայրենասիրությամբ, հանդիպեցի բացառիկ ուժի տեր մարդկանց․ խոսքս նախ և առաջ բարոյական ուժի մասին է։

-Իսկ հայերենին չտիրապետելը խանգարող հանգամանք չէ՞ր Հայաստանում աշխատելու համար։

-Զարմանալիորեն՝ ո՛չ։ Ես առհասարակ սովոր եմ աշխատել երկրներում, որտեղի լեզվին չեմ տիրապետում։ Առաջին ֆոտոգիրքս ստեղծելու համար աշխատում էի Նոր Օռլեանում․ անգլերենին տիրապետում եմ, բայց Նոր Օռլեանի անգլերենն ամենևին չէի հասկանում, ընթացքում սովորում էի։ Մյուս գրքիս ստեղծման համար չորս ամիս անցկացրել եմ Յակուտսկում՝ եղջերուների անասնաբույծների հետ։ Մարդիկ խոսում էին ռուսերեն․ ո՛չ հեռախոսային կապ ունեի, ո՛չ էլ ինտերնետ, այնուամենայնիվ կարողանում էի շփվել տեղացիների հետ, գտնում էինք ուրիշ լեզու։ Իսկ երբ առաջին անգամ մենակ գնացի Հայաստան, գյուղերով էի ճանապարհորդում, քնում էի գյուղացիների տներում, մի խոսք հայերեն չգիտեի, բայց ամենևին ինձ կորած չէի զգում, բոլորի հետ էլ շփվում էի։

-Ինչպես ասում էր Էթել Ադնանը՝ յուրաքանչյուր մարդ բազմաթիվ մշակութային բեկորների և հիշողությունների միասնություն է։

-Իհարկե։ Օրինակ՝  գնչուների հետ կապված վերջին ծրագրիս ստեղծման ժամանակ հայ լինելս, կարծում եմ, բավականին օգնեց։ Նրանք զգում էին, որ ես մի քանի մշակույթի կրող եմ, և դա ավելի դյուրին էր դարձնում մեր շփումը։ Եվ, եթե անկեղծ, ինձ համար լեզվի տիրապետումը չէ, որ խոսում է հայ լինելուդ մասին։ Կարող ես շատ լավ խոսել հայերեն, բայց ոչ մի բան երկրիդ համար չանել։ Առաջնային են գործողությունները, որ ձեռնարկում ես հայրենիքիդ համար։ Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ Հայաստանը միշտ գերներկա է եղել։ Ծնողներս ամենավաղ տարիքից ինձ մեծացրել են հայկական արժեքներով, միասին բազմիցս ճանապարհորդել ենք Հայաստանում, ողջ կյանքի ընթացքում հայրս իր բոլոր ուժերը կենտրոնացրել է Հայաստանի ուղղությամբ։ Եվ ես վստահ եմ, որ մինչև վերջին շունչս Հայաստանը լինելու է այն կարմիր ժապավենը, որն անցնելու է նաև իմ կյանքի բոլոր ծրագրերի միջով։

 

Ալեքսի Փազումյանի հետ զրուցել է Լիլիթ Սոխակյանը։

Փարիզ, 2022թ