Սուրեն Հասմիկյանի մտքերից․․․
Սուրեն Հասմիկյանը, որպես կանոն, դժվարությամբ էր հարցազրույցներ տալիս: Նրան հազվադեպ կարելի էր տեսնել մեծ հանդիսությունների ու երեկոների ժամանակ: Նրան՝ որպես բանախոսի, չենք տեսել նաև մամուլի ակումբներում։ Իրականում, վաստակաշատ պրոֆեսորը խոսելու, վերլուծելու մեծ դիապազոն ուներ։ ժամերով կարող էր զրուցել մոլորակի ու մեր երկրի աշխարահաքաղաքական իրավիճակից մինչև Հոլիվուդ ու ստալինյան ժամանակներ: Իհարկե, առանցքային թեման կինոն էր, կինոյի երեկն ու այսօրը, նաև վաղը:
Սուրեն Հասմիկյանի մտքերից․․․
–Կինոն ու կինոարվեստը միանգամայն տարբեր հասկացություններ են: Խոսենք կինոյի մասին: Կինոն XX դարի լեզուն էր, որը հավերժացրեց շարժվող իրականությունը և այն վերարտադրեց: Վերարտադրեց վավերագրության միջոցով: Վավերագրությունը կինոյի էությունն է: Կինոն շարունակեց ապրել, կինոյին «փրկեց» բիզնեսը, որովհետև եթե փող չլինի, կինո էլ չի լինի: Մեծ շուկաներն են կինոյին կյանք ու ապագա տալիս:
–Առանց օպերատորի կինո չկա. սա գիտեին ու հասկանում էին նախկինում, իսկ հիմա ամեն ինչ կա, օպերատոր չկա, այդ պատճառով էլ կինո չկա: Կինոն չի կարող մեռնել, այն չի մեռնի երբեք, բայց մեռնում է և կմեռնի պատկերը, որն արդեն իսկ արժեզրկվել է:
–Հին հեքիաթները, առասպելները ինքնաճանաչման միջոցներից են։ Եվ եթե մենք ուզում ենք կորզել ասենք հին Հունաստանի ոգին, նախ և առաջ դիմում ենք «Իլիականին»…Իսկ արվե՞ստը… Հարթելով ճանապարհ ճանաչման համար, սկսում է նախ և աոաջ ինքնաճանաչումից։ Արվեստը, եթե ուզում է ապրել, զարգանալ, չմնալ անմիտ ժամանցի, թամաշայի ոլորտում, եթե կամենում է վերածվել ժողովրդի հոգևոր կյանքի, հասարակական գիտակցության շարժիչ ուժի, պետք է ունենա, գտնի, հայտնաբերի իր «Իլիականը», իր այցետոմսը։ Մերը «Պեպոն» է։ Մեր կինոյի, մեր ազգային կինոյի «Իլիականը», իհարկե «Պեպո»ն է։ Ամենից առաջ «Պեպոն»։
–Վստահությունը կինոյի նկատմամբ կորել է և կորչում է ամեն օր, որովհետև կինոն դադարում է իրական աշխարհի, իրական պահի հավերժացնողը լինելուց: Կինոն հավատարիմ չմնաց իր էությանը նույնիսկ 100 տարվա ընթացքում:
–Իհարկե, նորից նեոռեալիզմ չի լինի, նորից, ես ինչ գիտեմ, Լյումեր չի լինի, բայց պիտի հասկանալ, թե ինչն է պակասում: Փաստ է, որ այսօր կինոյում վերանում է մարդը: Եվ ոչ միայն կինոյում` բոլոր արվեստներում: Սա նշանակում է, որ համատարած ճգնաժամ է, գուցեև ճգնաժամ չէ, սա այն ապոկալիպսիսն է, որը կարծում էինք, թե ռումբի պայթյունով պիտի լինի, բայց ռումբն այդպես է պայթում. մարդու տեսակն է փոխվում, մարդն է փոխվում:
–Պատկերին փոխարինել է նորագույն տեխնիկան, որը խաբում է մարդկանց. չգիտես՝ նայածդ պատկերն օպերատո՞րն է ստացել, թե՞ տեխնիկան: Դրանից էլ կինոն դարձել է խաբկանք:
–Կինոյի փրկությունը վերադարձն է նեոռեալիզմին։
–Հոլիվուդի աստեղային ժամը 1930-ականներն էին: Այդ տարիներին էր, որ Ռուզվելտն օգտվեց Հոլիվուդի աջակցությունից ու հեղաշրջում արեց Ամերիկայում: Հոլիվուդն այդ ժամանակ պրագմատիզմ էր քարոզում՝ մարդ, հավատա քո ուժերին և ամեն ինչի կհասնես: Այդպես կառուցվեց Ամերիկան, որը շատերի համար երազանքների երկիր էր:
–Կուրոսավան սովորեցնում է ճշմարտությունից չվախենալ: Այդ ճշմարտությունը այնքան է սարսափելի, որ դրանով հնարավոր չէ ավարտել պատմությունը, ասել մինչև վերջ: Իսկ չի կարելի մինչև վերջ ասել, որովհետև ամեն օր աշխարհում երեխա է ծնվում: Եվ այդ երեխան լալիս է` լքված հարազատներից: Բայց նրան կգրկեն կամ ձեռքի վրա կվերցնեն, այդ ժամանակ նա կդադարի լացելուց և սրտում ոխ չի պահի: Նրա մեջ բարին կհաղթի: Միայն բարին: Կուրոսավան հավատում է դրան: Եվ մենք երբեք նրան չենք կարող հանդիմանել անհետևողականության համար, ինչպես և այն ճշմարտության համար, որը այդքան դաժամ է և անողորմ:
–Ի՞նչ ապագա կունենա հայ կինոն. այս հարցը վերաբերում է նաև համաշխարհային կինոյին: Տեխնիկան կուլ է տալիս ամեն ինչ, այդ թվում՝ կինոն: Պարզից էլ պարզ է, որ կինոթատրոնները դեպի ոչնչացում են գնում: Այս ընթացքում ինչ կլինի «Հայֆիլմի» հետ՝ կախված է կինոյի մասին օրենքից ու այն որոշումից, թե կվերացվի՞ արդյոք սեփականության իրավունքը «Հայֆիլմի» նկատմամբ: Չպետք է թույլ տայինք, որ այն սեփականացվեր, դա մեծ սխալ էր:
–Ես կարոտով եմ հիշում Տերյան 2-ը, որ կոչվում էր սցենարական բաժին, այն միհարկանի անշուք շինությունը` աղբանոցը կողքին: Բայց քաղաքի բոլոր նշանավոր մարդիկ հայտնվում էին այնտեղ, և շատ գաղափարներ ծնվում էին հենց այնտեղ ծայր առնող զրույցներից…
Հիմա ես մի հենարան ունեմ միայն՝ գրքերը, ուրիշ ոչինչ: Իմ տանը մոտ հազար գիրք կա, դրանց կեսն եմ, ցավոք, կարդացել, ինչի համար շատ եմ ափսոսում: Ու չգիտեմ՝ կհասցնե՞մ մյուս կեսը բացել:
Հ․Գ․Արվեստագիտության թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սուրեն Հասմիկյանն առաջիններից է, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն, և այն երախտավորներից, որոնք իրենց ստեղծագործական կյանքն ընդմիշտ կապել են հայ կինոյի անցյալի, ներկայի ու ապագայի հետ` նշանակալի հետք թողնելով նրա ձևավորման ու զարգացման գործընթացում: Լինի դա տեսական աշխատություններով (երեք գիրք, ավելի քան հազար հոդված), խմբագրական աշխատանքով (տասը տարի` Պետկինոյի գլխավոր խմբագիր) թե նոր կինոգործիչներ պատրաստելով (1971 թ. ի վեր դասախոսում էր Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում և Կինոյի և թատրոնի ինստիտուտում):
Մտքերը վերցված են «Կինոաշխարհ»-ին տված հին ու նոր հարցազրույցներից։