Սուրեն  Հասմիկյանը  1985  թվականի թատերագիտականի մեր կուրսում դասախոս էր ու միաժամանակ հարազատ մարդ․ համակուրսեցի Հասմիկի հայրն էր։  Հարազատության այդ փոխադարձ զգացումը  տարիների հետ, թեև առանց խոսքերի,   ավելի էր  բյուրեղացել։ Թատերականի մեր սիրելի  ու լավագույն դասախոսներից  էր Սուրեն Հասմիկյանը, իսկ շարքը պատվավոր է՝ Լևոն Հախվերդյան, Հենրիկ Հովհաննիսյան, Անելկա Գրիգորյան։

Մեզ դասավանդում էր ռուս թատրոն, ու ամենահետաքրքիր մասերն էին՝  ինչպես ընկալել Չեխով։ Խորը, նուրբ, հայտնագործումների մղող աննկատ  հուշումով։ Կինոգիտության առաջին դասին հասկացանք, որ  Հասմիկյանի տարերքն ու ներշնչանքը կինոն  է, այստեղ նա անմրցելի էր, առաջինն էր։ Կինոյի ակունքներ, համաշխարհային, թե հայկական կինո, թե՝ մեկ օր առաջ ցուցադրված, իր դիտանկյունը ոչ թե երևույթի շուրջ էին, այլ ըստ էության, արվեստի մասին։ Կոպիտ, սուր քննադատոթւյունը Սուրեն Հասմիկյանի ոճը չէր, ընդամենը կարող էր ասել՝ «Ղարաբաղի մասին վերջին տարիներին նկարված հայակական ֆիլմերը  ունակ են միայն տարակուսանք առաջացնել»։ Անորոշ է թվում, բայց բավարար է  երկու- երեք  ֆիլմ նայել ու հասկանալ, որ ճշգրիտ, ըստ էության  բնորոշում է։

Համեստ ու նուրբ հումորով Հասմիկյանը 1988 թվականի շարժման օրերին կատակում  էր, թե իր անունը մինչ այս կապում էին դերասանուհի Հասմիկի հետ, հիմա էլ՝ արցախյան շարժման գործիչ Հենրիկ Պողոսյանի (կնոջ եղբայրը)  հետ։

Արտիստիկ, համեստ, իր կարծիքը  շատ նրբորեն, ունկնդրին չպարտադրող, միշտ ժամանակին համընթաց՝ ընկեր Հասմիկյանը զարմանալիորեն  չփոխվեց  առաջին հանդիպումից  տասնամյակներ անց էլ։

Մի քանի տասնամյակ Ամիրյան փողոցով դանդաղ քայլքով  դասի գնացող կինոգետ  Սուրեն Հասմիկյանը Թատրոնի ու կինոյի   ինստիտուտի  ու արվեստագետի  խորհրդանիշ էր ընկալվում։ Ճշմարիտ արվեստագետի  ու լավ դասախոսի համարումը  ինքն էր կերտել  ու  այդպիսին  էր արվեստի բուհ  ընդունվող   ամեն նոր սերնդի համար։

Գայանե  Մկրտչյան