Նահապետը
Համո Բեկնազարովի հետ ես ծանոթացել եմ 1926 թվականի մայիսի 16-ին, հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի («Նամուս») ցուցադրման ժամանակ: Դա շատ ուրախ մի ցուցադրում էր: Ահա թե ինչ է գրել այդ տարիների «Պրավդայի» մեկնաբան Խ․ Խերսոնսկին․ «Հիշում եմ, տոնական տրամադրությունը համակել էր բոլորին, երբ հեղափոխական կինեմատոգրաֆիայի ասոցիացիայում դիտում էինք «Նամուս» կինոնկարը: Նրա հաջողությունը շշմեցուցիչ էր: Ոչ ոք չէր ուզում հեռանալ դահլիճից առանց ռեժիսորին տեսնելու և նրան իր խոր շնորհակալության զգացումը հաղորդելու: Այս անգամ, կարծես, հատկապես հաճելի էր բարձրանալ նախաբեմ այս մեծ և ուրախալի հաղթանակի համար հայ ընկերներին և ինքներս մեզ շնորհավորելու համար»:
… Սակայն եկեք վերլուծենք, թե ինչն էր այդ ֆիլմում, որ մեզ՝ երիտասարդ ու կրակոտ «կործանարարներիս» միանգամից հափշտակեց:
Հայկինոյի նահապետը իրականում սկսել էր ոչնչից: Արևելքի մեր հանրապետություններում կինոարվեստը նոր-նոր էր ծնվում: Արտասահմանյան արևելքի ժողովուրդներից և ոչ մեկը չուներ իր կենեմատոգրաֆը: Արևելքի մասին ֆիլմեր էին նկարահանում ամերիկացիները և գերմանացիները: Սակայն դա անշունչ բռնազբոս Արևելք էր, նրա կյանքի կցկտուր ու սխեմատիկ պատկերը:
Ու ահա հայտնվեց մի արևելքի, հազվագյուտ շնորհներով օժտված մի մարդ: Նա առաջինը մեզ պատմեց ճշմարտությունը Արևելքի մասին: Ճշմարտություն, որն անծանոթ էր Կլոդ Ֆարրերին և Պիեռ Լոտիին․․․
«Նամուսը» միանգամայն զուրկ էր արտասահմանյան, արևելյան բռնիկների հատկանիշներից: Ոչ թե շեյխերն ու արևավառ գեղեցկուհիները, այլ Արևելքի իրական մարդիկ էին ապրում, տառապում ու մաքառում այստեղ։ Ֆիլմում զարմացնում են ուժեղ, խիստ ընդգծված բնավորությունները, տիպիկ ազգային ու դասակարգին հատուկ շտրիխները:
Այդպիսին է Բեկնազարովի «Զարեն», որը պատմում է ազատատենչ և հպարտ քուրդ հովիվների մասին: Այդպիսին է «Խաս-փուշը», որտեղ էպիկական շնչով ներկայացվում է բրիտանական գաղութատիրության դեմ ելած պարսիկների թշվառ կյանքը: Այս ֆիլմի գեղարվեստական արտահայտչականությունը Հանրի Բարբյուսին առիթ է տվել հուզված արտահայտվել․ «Ես կլանում էի կոմպոզիցիան, անսամբլի հարմոնիան, կյանքի ողջ գունեղությունը և ուժը, որով հագեցված էր ողջ կինոնկարը: Դա, իսկապես, մինչ այժմ իմ տեսած հրաշքներից ամենացնցողն է»․․․
Բեկնազարովի «Համր շրջանի» ֆիլմերի մասին այնքան է գրվել, որ կարծում եմ, կարիք չկա դրանք մանրամասն վերլուծել: Ավելի լավ է վերադառնանք այն բանին, ինչից սկսեցինք մեր խոսքը․ 1926 թվականի մայիսին կայացած ֆիլմի պրեմիերային: Երբ բուռն ծափերի ներքո Համո Իվանովիչը նախաբեմ ելավ, շատերը այդ բարձրահասակ և թխադեմ կովկասցուն նայում էին ինչպես մի հայտնության: Մյուսները, առավել իրազեկները, է՜լ ավելի ուշիմորեն էին նայում՝ մտաբերելով ռուսական նախահեղափոխական կինոյի առաջին քայլերը․․․Եվ նրանք չէին սխալվում: Դա մի հանդիպում էր, որն անպայման պետք է կրկնվեր: Բեկնազարով-արվեստագետը հետագայում նույնպես համամարդկային լեզվով պատմելու էր իսկական Արևելքի պատմությունը․․․
Գրիգորի Ալեքսանդրով, կինոռեժիսոր