Մտածում եմ՝ հարցազրույցին անցնելուց առաջ ինչ և ինչպես գրել ռեժիսոր, սցենարիստ Իլյա Խրժանովսկու  և «ԴԱՈՒ» կինոնախագծի մասին․․․ Խրժանովսկու ստեղծած աշխարհին բարդ է բառակերտվածք հաղորդել։ Այդ աշխարհն ու հեղինակին կամ ատում ես, կամ սիրահարվում։ Ժամանակակից արվեստի ամենահակասական կերպարներից մեկի մասին կարդալիս հաճախ պատահում են հետևյալ որակումները՝ ունիկալ, տարօրինակ, բռնակալ, մոնումենտալ, անընդունելի, մասշտաբային։ Խրժանովսկին հաստատում է՝ դրանք բոլորը ճիշտ են։ Ինչո՞ւ են ճիշտ։ Որովհետև անձամբ ես չեմ հասկանում՝ ինչպես կարող է ստեղծածդ ընդամենը երկրորդ նախագիծը «ԴԱՈՒ»-ն լինել: Հիմնավորեմ։

«ԴԱՈՒ»-ի նկարահանումները սկսվել են 2008 թվականին և տևել ավելի քան 10 տարի։ Խարկովում կառուցվել է հետխորհրդային տարածքում նկարահանման ամենամեծ տաղավարը։ Քաղաք՝ քաղաքի մեջ, որտեղ նկարահանվել և ապրել են նախագծի դերասանները։ Խրժանովսկին հավատացած էր՝ «ԴԱՈՒ»-ի կոնցեպտն իրապես հասկանալու և փոխանցելու համար դերասանները պետք է իրենց մաշկի վրա զգան բոլոր այն փորձությունները, որոնք հաղթահարել է խորհրդային մարդը։ Խրժանովսկուն, կարծում եմ, դա հաջողվել է․ խաղի ու իրականության սահմանը լղոզված է, ինչի մասին վկայում են նկարահանման հրապարակում բռնության համար մեղադրանքները, բազում դատական գործերը և մինչև օրս շարունակվող դիսպուտը՝ «ո՞վ էր, ի վերջո, մարդասպանը»։ Նկարահանումների ավարտին բազմաչարչար քաղաքը ոչնչացվել է։

Ի սկզբանե՝ ֆիլմ ֆիզիկոս Լև Լանդաուի մասին, արդյունքում անհասկանալի նախագիծ՝ արդեն ոչ միայն Լանդաուի մասին, որին մարմնավորել է դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը։ 700-ժամանոց մոնումենտ, որի ընդամենը չնչին մասն է մինչ այժմ մոնտաժվել։

Սկանդալներն այսքանով չեն ավարտվում։ «ԴԱՈՒ»-ից հետո Խրժանովսկին ևս մեկ նախագծի է ներգրավվում։ 2019 թվականին նա ընդունում է Կիևում «Բաբի Յար»* Հոլոքոստի զոհերին նվիրված հուշահամալիրի գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Ուկրաինացի մի շարք արվեստագետներ, պաշտոնյաներ, լրագրողներ պահանջում են Խրժանովսկու հրաժարականը՝ հաշվի առնելով ռեժիսորի սկանդալային հեղինակությունը և հուշահամալիրի նրա կոնցեպտը, որը, ի դեպ, այն ժամանակ դեռ մինչև վերջ ձևավորված չէր և չէր ներկայացվել հանրության դատին։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո նախագծի աշխատանքները սառեցվել են։

«Դաու» նախագծի մասերից մեկը՝ «Դաու. Դեգեներացիա»-ն, հուլիսին ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։ Ֆիլմի հետ Երևան էր եկել նաև Իլյա Խրժանովսկին։

«Հայաստանն ինձ միշտ է գրավել, առաջին հերթին՝ հզոր մշակույթով։ Առաջին անգամ հայկական մշակույթը բացահայտել եմ Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության հիման վրա Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտի միջոցով։ Երբ դեռ երեխա էի, հասկանում էի՝ ինչ-որ մաքրություն կա հայկական մշակույթի մեջ։ Հետաքրքրությունը և սերը Հայաստանի նկատմամբ ավելանում էին նաև Փարաջանովի շնորհիվ, որին անձամբ ճանաչել եմ։ Այսպիսով, երազանքս հանկարծ իրականություն դարձավ և հայտնվեցի այս գեղեցիկ երկրում: Նաև երջանիկ եմ, որ ֆիլմս ցուցադրվել է Երևանում Դեգեներացիան ամենակրևոր մասերից է»։

-Ինչո՞վ է այն կարևոր և այդքան արդիական:

-Այն կարևոր է հենց հիմա, քանի որ, իմ կարծիքով, հասարակությունը հակված է ինքնաոչնչացման, հենց դա է կործանում մեզ։ Այդպիսին է պատկերը, օրինակ, Ռուսաստանում, որը կործանում է ազատ Ուկրաինային՝ այդպիսով կործանելով ինքն իրեն։ Մարդկությունն այսպիսի գործընթացների միջով բազմիցս է անցել։

Հայաստանն էլ գիտի՝ ինչ են ողբերգությունն ու ցեղասպանությունը, տարածքների կորուստը, բռնությունները, ստալինյան ռեպրեսիաները, պատերազմները․ ինձ համար խորհրդանշական էր և շատ կարևոր ցուցադրել ֆիլմս հենց այստեղ։

-Ինչպե՞ս կբնորոշեք «Դաու»-ն սա ֆի՞լմ է, էքպերիմե՞տ, մեկ այլ բան։

-«Դաու»-ն նաև ֆիլմ է: Ֆիլմերի ամբողջություն, դրանք թվով 16-ն են, որոշները դեռ վերջնականացման փուլում են։ Դրանք կարելի է դիտարկել որպես 700 ժամանոց մեծ ֆիլմի թրեյլներ, այն նաև սոցիալական էքսպերիմենտ է, գեղարվեստական ​​նախագիծ:

-Ինչպե՞ս ստեղծեցիք այս հեղափոխական աշխարհը և ինչո՞ւ ընտրեցիք հենց 30-60-ականները:

-Ես ուզում էի ուղղակի ֆիլմ նկարել։ Սկզբնական փուլում ամեն ինչ բավականին կոնվենցիոնալ էր։ Գաղափարը հետևյալն էր՝ պատմել ժամանակակից աշխարհի մասին։ Հավատացած էի՝ ներկայի մասին խոսելու համար հարկավոր է հեռանալ այդ ներկայից, նայել կողքից, տեղափոխվել ուրիշ աշխարհ, որը որևէ կապ չունի ժամանակակից մարդու հետ։

Ինչ-որ փուլում հայտնաբերեցինք ֆիզիկոս Լև Լանդաուի կյանքի պատմությունը, դրա հիման վրա գրվեց առաջին սցենարը։ Լանդաուն ամբողջ կյանքում փորձել է երջանիկ լինել ու նրան դա նույնիսկ հաջողվել է, թեպետ բավականին դժվար ճակատագիր է ունեցել։ Ինձ հետաքրքիր թվաց մի մարդու պատմությունը, որն ամեն ինչ ուներ և ուզում էր ուղղակի երջանիկ լինել։

Հետաքրքիր էր նաև խոսել խորհրդային մարդու մեխանիզմների մասին։ Ես էլ եմ պատկանում այդ տեսակին, չնայած չեմ կարող ասել, թե հպարտ եմ դրանով․․․ Խորհրդային ֆաշիզմը, ինչպես տեսնում եք, դեռ չի ավարտվում։ Ես ուզում էի հասկանալ՝ ո՞վ էր սովետական ​​մարդը։ Ես միշտ մի խաղ եմ խաղում օդանավակայաններում՝ փորձում եմ գուշակել «խորհրդային մարդկանց»։

-Ինչպե՞ս:

-Մեջքից․․. Երբեք չեմ շփոթի Հայաստանում և Խորհրդային Միությունում ապրած ​​հայերին կամ իսրայելցի և մոսկվաբնակ հրեաներին։ Ես նրանց ճանաչում եմ մեջքից։ Ինչ-որ բան կապում է մեզ, հույս ունեմ՝ մի օր այդ կապը կկորի: Որովհետև դա մեծ խորհրդային տրավմա է:

Ի սկզբանե ցանկանում էի նկարել ֆիլմ երջանկության և տոտալիտար աշխարհում երջանիկ լինելու հնարավորության մասին: Յուրահատուկ ժամանակաշրջան էր․ արգելեցին սեփականությունը, նույնիսկ աստծուն։ Մի պահ պատկերացրեք՝ Աստված չեղարկվեց: Փառք Աստծո՝ Հայաստանում տաճարները չավերեցին, ինչպես դա արեցին Ռուսաստանում ու դեռ հաստատ կանեն նորից։ Հետո պարզ դարձավ, որ բոլոր գաղափարները հնարավոր չէ իրականացնել մեկ սցենարի շրջանակում, իմպրովիզացիայի կարիք կա։

-Հենց սկզբի՞ց էիք որոշել, որ պրոֆեսիոնալ դերասաններ Ձեր ֆիլմերում չեն խաղալու։

-Սկզբում ուզում էի դերասանների խումբ հավաքել, նույնիսկ քասթինգներ անցկացրինք Ռուսաստանի գրեթե ողջ տարածքում։ Գնացել ենք թատրոններ, ստրիպտիզ ակումբներ, օպերաներ, կրկեսներ, դպրոցներ, ամենուր, որտեղ խաղ կա։ Ու հասկացա, որ ռուս դերասանների մեծ մասին չեմ կարող նկարել, քանի որ դա չի աշխատի։

-Ինչո՞ւ:

-Որովհետև ժամանակները փոխվում են, մեծ անհատականությունները դերասանությամբ այլևս չեն զբաղվում, խաղի լեզուն է փոխվել, ավելի առօրեական դարձել։ Այդպես՝ դերասանների փոխարեն որոշեցի գտնել ուղղակի անհատականությունների, որոնք կհամապատասխանեն ֆիլմերի կերպարների էներգիային։ Հետո արդեն «Դաու»-ի բովանդակությունը սկսեցի կառուցել նրանց շուրջ:

-Պատահո՞ւմ էր՝ նկարահանումների ժամանակ կորցնեք գործընթացի վրա վերահսկողությունը՝ հաշվի առնելով, որ ֆիլմի մեծ մասը իմպրովիզ է:

-Ես միշտ եմ կորցնում վերահսկողությունը: Ահաբեկում էի ողջ խմբին, որպեսզի կադրում անսահման ազատություն և թեթևություն ստանամ։

Կյանք կերտելու համար խիստ կանոններ են պետք, կյանքը միշտ չէ, որ քաոս է։ Նկարահանման հրապարակում ազատությունն էր տիրում, բայց դա էլ էր պետք ինչ-որ ձև կառավարել։ Որոշ տեսարաններ բեմադրված էին, բայց շարժումները, բնազդները ազատ էին։

-Այս նախագծի շուրջ այնքան խոսակցություններ կան․․․

-Եվ բոլորը ճիշտ են։

-Բոլո՞րը։

-Նույնիսկ ամենասարսափելի ու ամենագեղեցիկ ասեկոսեները:

-Ամենասարսափելի մեղադրանքները, կարծում եմ, երեխաների նկատմամբ բռնության հետ են կապված։ Ինձ այս համատեքստում մեկ այլ հարց է հետաքրքրում․․․

-Խոշտանգե՞լ եմ արդյոք երեխաներին։

-Ես այդ հարցը չեմ տա։

-Ինչո՞ւ: Ձեզ դա չի՞ հետաքրքրում․․․ Ի վերջո, ո՞րն է ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ հոգեբանության ֆակուլտետի մի ուսանողուհի ֆեյսբուքում գրառում էր կատարել, որ «Դեգեներացիա» ֆիլմը դիտելուց հետո միանշանակ կարող է ասել, որ երեխաներին խոշտանգել են։ 80 ժամ հետո քրեական գործ է հարուցվում, մամուլը գրում է դրա մասին։ Ես հասկանում եմ այդ օրիորդին և ԶԼՄ-ներին, որոնք փորձեցին հայփից օգտվել։ Սա նշանակում է, որ ֆիլմը անտարբեր չի թողնում, ուժեղ տպավորություն է գործում: Նրանք մտածել են՝ եթե ֆիլմում ամեն ինչ իրական է, ուրեմն երեխաներին էլ իսկապես տանջել են։ Միայն ափսոսում եմ, որ չեն մտածել, թե վերջում բոլոր կերպարներիս սպանել եմ, նշանակում է՝ տեսարանները լավ չէինք մշակել /ժպտում է

Ֆիլմի երեխաները մանկատնից էին, ոմանք դաունի համախտանիշով. ինձ ճիշտ թվաց ողբերգական ճակատագիր ունեցող այդ երեխաների էներգետիկան ցույց տալը․ մանկատան բուժքույրերը միշտ նրանց կողքին էին։

Օրիորդի հրապարակումից նաև պարզ է, որ նա երեխաներ չունի․ նրան թվացել էր, թե ֆիլմում այդ երեխաները գոռում են, բայց այդ տարիքի երեխաները այդպես չեն գոռում, մենք ձայնագրություն ենք օգտագործել։

Այո՛, ծանր ֆիլմ է, որի ընթացքում նաև խոզ են մորթել։ Ցավոք, որոշ կենդանիներ այդպիսի ճակատագրի են արժանանում։ Իմ կարծիքով՝ «Դեգեներացիա» ֆիլմում զգացմունքների նման խտացումը կարևոր էր։

-«Դաու. Նատաշա» ֆիլմի մասին շատերը նայում են այն և չեն հասկանում՝ ինչպես վերաբերվել դրան։ Որպես իրականության, որտեղ կնոջը, գուցե, բռնաբարում են, թե արվեստի գործի, որտեղ ամեն ինչ բեմադրված է։ Նմանատիպ հակասական կարծիքներ կան նաև, օրինակ, «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի մասին։

-Հարկավոր է տարբերել իրականությունը համոզիչ հորինվածքից։ Այս նախագծի շուրջ բազմաթիվ ուսումնասիրություններ, հետաքննություններ են անցկացվել՝ սարսափելի բռնությունների ապացույցներ գտնելու համար։ Դրանք չեն եղել և չկան։ Նկարահանումները իսկապես ծանր էին, ոմանք էմոցինալ խանգարման սահմանագծին էին։ Սակայն նման նախագիծ ստանալու համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը։ Ամեն մարդ ինքն է որոշում ընդունելիի և անընդունելիի սահմանը։

-Կարո՞ղ են արդարացվել արդյոք մարդկանց և կենդանիների վրա փորձարկումները հանուն արվեստի։

-Փորձարկումը ենթադրում է անպատասխանատվություն և համաձայնության բացակայություն։ Երբ ես համաձայնում եմ, որ իմ ֆիլմում խոզ մորթեն, դա իմ ընտրությունն ու պատասխանատվությունն է, քանի որ խոզից թույլտվություն ստանալ չեմ կարող։ Այստեղ, իհարկե, կենդանիների իրավունքների հետ կապված բազմաթիվ հարցեր կան․․․ Խոզի ճակատագիրը սպանվելն է, ցավոք, աշխարհն այդպես է կառուցված։ Մենք այդ խոզին վերցրել էինք այնպիսի վայրից, որտեղ նրանց բազմացնում և մորթում են։

Մարդկանց, ֆիլմի դերասանների դեպքում համաձայնություն կա։ «Դաու»-ն աշխարհ է, որտեղ հայտնվելով ինչ-ինչ պատճառներով թույլ ես տալիս՝ քեզ հետ որոշ ժամանակով ինչ-որ բաներ անեն։ Եթե ​​դերասանը համաձայնում է, ուրեմն որոշակի պատասխանատվություն է վերցնում իր վրա /լռում է

Կինոն փոխում է իր ձևը, բայց արդեն չի փոխում մարդուն․․․

-Ձեր կարծիքով՝ պատերազմն ինչպե՞ս կանդրադառնա կինոյի ու մշակույթի վրա։

-Չգիտեմ: Նաև պետք չէ մոռանալ պատերազմին նախորդած կորոնավիրուսի մասին։ Մարդիկ մնացին տանը, առերեսվեցին սեփական ես-ի հետ․ անհավանական փորձ է։

Պատերազմը․․․ Պետք է հասկանալ, որ իրական պատերազմը նոր է սկսվում։ Դուք էլ Արցախյան պատերազմ տեսաք, ուկրաինականը հաջորդեց․ հետխորհրդային տարածքը ցնցվում է։ Անհայտ է՝ ինչի դա կհանգեցնի: Ակնհայտ է, որ որոշ երկրներ իրավունք ստացան բռնություն կիրառել մյուս երկրների նկատմամբ։ Աշխարհը սա ընդունում է և մոռանում։ Պատերազմը դեռ չի կարող արտացոլվել արվեստում, քանի որ արվեստը հիմա աշխարհիկ է, թեթև։ Բայց ես հավատում եմ մշակույթին ու արվեստին, դրանք կարող են խաղալ այն դերը, որը, կարծում եմ, նախկինում կրոնն էր խաղում: Մարդկանց պետք է ինչ-որ բանի վրա հենվել։

Ձեր ֆիլմերն աշխարհն ընդունեց մեծ հետաքրքրությամբ, Ռուսաստանում մեծամասամբ քննադատության բախվեցիք:

-Ֆիմերս Ռուսաստանում արգելված են։ Ռուս մի շարք հրաշալի կինոքննադատներ մանրամասն վերլուծություններ հրապարակեցին, խոսքը Արկուսի, Դոլինի, Աբդուլաևայի և էլի մի քանիսի մասին է։ Այո, ռեզոնանս առաջացրեց նախագիծը, դա նորմալ է։ Տարօրինակ, ոչ ստանդարտ գործ է, հեշտ չէ սովորական չափանիշներով գնահատել։

-Օրինակ, Զվյագինցևի ֆիլմերը բավականին հասկանալի են, բայց նրան Ռուսաստանում նույնպես քննադատում են։

-Պատկերն այդպիսին է վերջին տարիներին։ Կարծում եմ, խնդիրը հասարակության վիճակն է։ Ազնիվ չէ, կարծում եմ, որ հենց ես գնահատականներ տամ, քանի որ 2007 թվականից Ռուսաստանում չեմ ապրում և տեղափոխվելու մտադրություն չունեմ, քանի դեռ իշխանությունները չեն փոխվել։

Ես հավատում եմ, որ փոխզիջումներով լի կյանքը աղետ է, պատմությունը դա ապացուցել է։

-Բաբի Յար Ձեր անվան շուրջ սկանդալները չեն դադարում նաև Հոլոքոստի զոհերին նվիրված հուշահամալիրի նախագծի դեպքում։

-Երկու կետ առանձնացնեմ։ Ես միշտ արտասովոր նախաձեռնություններով եմ հանդես գալիս, ինչը վախի ու անվստահության զգացողություն է առաջացնում հասարակության շրջանում։ Բաբի Յարը լուրջ թեմա է ողջ աշխարհի համար․ Կիևի կենտրոնում 2 օրում 34 000 մարդու գնդակահարեցին։ Սա սպի է երկրի վրա։ Հիմնականում սպանում էին կանանց, երեխաներին, ծերերին։ Ողջ-ողջ թաղում էին, երկու տարեկանից փոքր երեխաների վրա փամփուշտներ չէին վատնում, նրանց վրա ավազ էին լցում, նորածինները սպանվածների  մարմինների ծանրության տակ շնչահեղձ էին լինում։ Այս պատմությունը երբեք չի պատմվել, թանգարան էլ չի հաջողվել բացել։

Երբ միջազգային հասարակական գործիչները և դոնորները համախմբվեցին՝ հնարավոր դարձնելու հուշահամալիրի ծրագիրը, ինչ-որ փուլում ինձ հրավիրեցին, որ միասին հասկանանք՝ ինչպես ստեղծել այդ դժոխային տեղը: Ես համոզված էի, որ մահը ներկայացնելու լավագույն տարբերակը կյանք ստեղծելն է․  դա ամենաազնիվ քայլն է, որ կարելի է անել ի հիշատակ զոհվածների։ Հենց այդ պատճառով էլ ուզում էի, որ այդ հուշահամալիրը դառնա ողջերի և մահացածների հանդիպատեղին։ Թանգարանը պետք է պատմեր ընհանուր առմամբ Հոլոքոստի և հրեաների ճակատագրի մասին։

-Այժմ ի՞նչ փուլում է նախաձեռնությունը։

-Ուկրաինայում պատերազմ սկսվեց: Այն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ մենք գտել էինք գնդակահարությունների վայրերը և վերականգնել 80 տարի առաջ տեղի ունեցածը, այժմ օգտագործվում են ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Նաև մեր աշխատանքային խմբից շատերը մարտի դաշտում են։ Ամբողջ Ուկրաինան աստիճանաբար վերածվում է Բաբի Յարի։

-Չեմ կարող Ձեզնից ֆիլմացանկ «չպահանջել», բայց ֆիլմերի, որոնք ձևավորել են Ձեզ։

-Իմ ցանկերը բավականին պարզունակ են։ Ես մեծացել եմ առանձնահատուկ կինեմատոգրաֆիկ միջավայրում։ Շատ ֆիլմեր դժվարությամբ էին հասնում ԽՍՀՄ։ Հիշում եմ՝ ինչպես էինք նայում Ֆելինիի 8½-ը, որի վերջին հատվածը կտրված էր։ Ինձ ձևավորել է արգելված արտասահմանյան կինոն։ Հիշում եմ նաև՝ ինչ շոկի մեջ էի, երբ հորս հետ նայում էի Գերմանի «Ստուգում ճանապարհին» ֆիլմը։ Ինձ գերել էին Գոդարի «Վերջին շնչով»-ը, Անտոնիոնին, Կուբրիկի «Լայն փակված աչքերով»-ը, Ֆոսի «Ողջ այդ ջազը»։ Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը», երևի, իմ ամենասիրած ֆիլմն է։

Ես նաև Մարլեն Խուցիևի մոտ եմ սովորել, նրա «Անսահմանություն» ֆիլմն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել։ Այն ինձ սովորեցրեց, որ կինոն կարող է խոսել ամենակարևորի, հավերժի՝ ազատության մասին։

————————————-

* Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բաբի յարում գերմանական բանակի զինվորականները անօրինական մահապատիժներ էին իրականացնում. Կիևում այդ ընթացքում գնդակահարվել է ավելի քան 100,000 քաղաքացիական անձ, հիմնականում՝ հրեաներ, գնչուներ, ռազմագերիներ։ 

Զրույցը՝ Դիանա Գասպարյանի