1933 թվականի աշնանն էր: ՎԳԻԿ-ի մի խումբ ասպիրանտերս եկել էինք ծանոթանալու «Պետկինոֆոտոֆոնո» արխիվի (գտնվում է Լեֆորտովում, իշխան Մենչիկովի պալատում) աշխատանքներին: Դիտեցինք առաջին կինոխրոնիկաները, «Կինոպրավդան», քաղացիական կռիվների շրջանի մի շարք նկարահանումներ: Հանկարծ հայտնվեց զարմանալին, խրոնիկալ ամբողջ մի ժուռնալ պատմեց Հայաստանում սովետական կարգեր հաստատելու մասին: Ոչ ես, որ 1929 թվականից աշխատում էի Հայաստանի կինեմատոգրաֆիայում, ոչ էլ «Հայկինոյի» ավագ աշխատակիցներ Դզնունին, Բեկնազարովը, Խարազյանը մինչ այդ չէինք լսել նման նկարահանումների գոյության մասին:

Նկարահանումը սկսում էր Սևանա կղզու կադրով, իսկ տիտրը ասում էր, որ այստեղ դաշնակները բանտարկել են հայ բոլշևիկների: Հետո՝ հին, տափակ կտուրներով Երևանից մի կադր (երևի Կոնդից նկարահանված), ապա զինվորական շքերթ, աշխատավորների ցույց ու միտինգ Աբովյան փողոցի վրա, այն շենքի առջև, ուր հետագայում Հայաստանի կենտկոմը տեղավորվեց: Կինոխրոնիկայի վերջում սովետական իշխանության առաջին միջոցառումները ներկայացնող դրվագներ կային` պայքար տիֆի դեմ, մանկատների կազմակերպում: Իսկ եզրափակիչ կադրում՝ դրոշակները ձեռքերին փոքրիկ մարմնամարզիկներ:

Խրոնիկայում, հիշում եմ, պատկերվել էին նաև Հայաստանի կենտկոմի անդամները․Կասյանը՝ աշխատասենյակում, շքերթը ընդունող Արիսը: Նկարահանվել էին ձերբակալված դաշնակցական մինիստրները՝ Երևանի բանտի բակում: Գտնված խրոնիկան այնպես հուզեց, որ համարձակվեցի հեռախոսել Մոսկվա եկած Աղասի Խանջյանին: Նա հետաքրքրվեց հայտնաբերածով և նույնիսկ օր նշանակեց դիտելու համար: Դժբախտաբար դիտումը տեղի չունեցավ: Աղասի Խանջյանը շտապ մեկնեց Մոսկվայից:

Անցավ տասը տարի: Խնամքով պահպանում եմ թղթի պատառիկը, ուր գրել եմ «Պետկինոֆոտոֆոնո» արխիվի պատմական բաժնի գույքային համարը: Եվ միայն 1945-ին, երբ Երևանի ստուդիայի ռեժիսորներ Լ. Իսահակյանն ու Գ. Բալասանյանը Մոսկվա բերին «Հայրենի երկիր» դոկումենտալ ֆիլմի նկարահանումը և Ա. Դովժենկոն էլ համաձայնեց օգնել ֆինալը մշակելու, ես հիշեցի այն խրոնիկան: Ցավոք, «Պետկինոֆոտոֆոնո» արխիվում, որ դեռ Լեֆորտովում էր, տասը տարի առաջ տեսածս խրոնիկայից շատ բան չէր մնացել: Եղածն էլ չուներ իմ գրառած գույքային համարը: Ստիպված էի նորից փնտրել բոլոր կատալոգներում: Այնպես էլ չհաջողվեց խրոնիկան ամբողջությամբ հավաքել: Պահպանված հատվածներից շատ կադրեր մտան «Հայրենի երկիր» ֆիլմը:

Սակայն չկա չարիք, առանց բարիքի: Ինվենտարային քարտերի մանրազնին ուսումնասիրության շնորհիվ Հայաստանի մասին չափազանց հետաքրքրիր նոր կինոփաստեր հայտնաբերեցի: Այսպես, կադրեր գտնվեցին «Պատե-ժուռնալ» խրոնիկայի հայաստանյան առաջին, ինչպես ենթադրում էի այն ժամանակ, նկարահանումներից (Ամենայն հայոց կաթողիկոս Մաթեոս 2-րդի թաղումը, 1911 թ.): Ուշադրության արժանի էին առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուս օպերատորների դոկումենտալ բազմաթիվ նկարահանումները (Կովկասյան ճակատ, Էրզրումի և Տրապիզոնի գրավումը): Այդ կինոփաստերը հսկայական հետաքրքրություն ունեն ոչ միայն որպես ռազմական գործողությունների խրոնիկա: Մարտական գործողություններին զուգահեռ, օպերատորները ժապավենի վրա էին առել ենիչերիների գազանությունների հետքերը, ջարդերից, որբերի ու փախստականների փրկությունը, ներգաղթը Ռուսաստան: Այս կադրերից էլ Դովժենկոն մտցրեց «Հայրենի երկիրը»:

Շատ ցանկալի էր «Հայրենի երկրում» տեսնել Ստեփան Շահումյանի դոկումենտալ նկարահանման որևէ կադր: Եվ որքան էլ քրքրվեցին «Պետկինոֆոտոֆոնո» արխիվի գույքային քարտերը, այդպիսի կադր չգտանք: Հայտնի էլ չէր, թե Ստեփան Շահումյանը երբևիցե նկարահանվե՜լ է: Չէ՞ որ խրոնիկային նկարահանումները այն ժամանակ հազվադեպ էին: Մինչ ռեվոլյուցիան գրեթե բոլոր օպերատորները Մոսկվայում ու Պետերբուրգում էին, իսկ «պրովինցիաներում» նկարահանում էին միայն կարճատև ուղևորությունների միջոցին:

Ինչ էլ որ լիներ, 1945-ից սկսած, ես, ինչպես ասում են, տառապում էի Ստեփան Շահումյանի գոնե մեկ դոկումենտալ կադր գտնելու «ցավով»: Ներքին ինչ-որ համոզմունքով գիտեի, որ բոլշևիկյան պարտիայի այդպիսի նշանավոր գործիչը կինոյում էլ հավերժացված կլինի: Ճիշտ է, որևէ հուշագրում կամ էլ ֆիլմոգրաֆիկ տեղեկագրում չհաջողվեց գտնել, թե արդյոք Շահումյանի դոկումենտալ նկարահանում եղե՞լ է: Դրա փոխարեն պարզվեց, որ փետրվարյան ռևոլյուցիային նախորդող տարիներին և՝ Թիֆլիսում, և՝ Բաքվում բավականին թվով նկարահանումներ են արվել: Թիֆլիսի «Ապոլո» կինոթատրոնում եղել է օպերատոր Ա․ Դիգմելովը, որ հետագայում դարձավ Վրաստանի կինեմատոգրաֆիայի առաջատար գործիչներից մեկը: Մինչև ռևոլյուցիան Դիգմելովը կինոդոկումենտալիստ էր: Նա և օպերատոր Մինեվրինը նկարահանեցին մինչև այժմ պահպանված Ամենայն  հայոց կաթողիկոս Մաթեոս 2-րդի թաղման արարողությունը: Այդ նպատակով Թիֆլիսից Էջմիածին եկավ Դիգմելովը, իսկ Եկատերինոդարից՝ Մինեվրինը: Հաջողվեց նաև պարզել, որ 1947 թ․ Բաքվում աշխատել է ինքնուս օպերատոր Ամաշուքելին, որ բազմաթիվ հետաքրքրական նկարահանումներ է արել: Սակայն, ոչ Ամաշուքելին, որ մինչև օրս ապրում է, ոչ էլ Մինեվրինն ու Դիգմելովը, որ վերջերս մահացան, չէին հիշում երբևէ նկարահանե՞լ են Շահումյանին: Ի միջի այլոց Ամաշուքելին Բաքվից Քութայիսի է գնացել առաջին համաշխարհային պատերազմից առաջ, երբ Շահումյանը աքսորում էր:

Կամաց-կամաց  ավելի հետաքրքիր փաստեր պարզվեցին: Բելգիայի ձեռնարկատեր Պ․ Պիրսնեն, որ կինոպրոկատով էր զբաղվում, ստեղծել էր ակցիոներական ընկերություն, և 1916 թվականից գեղարվեստական ֆիլմեր էր բաց թողնում: Պիրսնեի օպերատորն էր հնագույն կինեմատոգրաֆիստ Դ․Լեմբերգը: Հետևաբար Լեմբերգը փետրվարյան ռևոլյուցիայից հետո կարող էր նկարահանած լինել Շահումյանին: Դ․Լեմբերգին անձամբ ճանաչում էի: Նա կարճ ժամանակով աշխատեց «Հայկինոյում» և ես, թեև սկսնակ, նրա հետ միասին 1930, թե 1931 թվականին մի խրոնիկա նկարահանեցի, Լեմբերգը մահացավ: Ես երկար կշտամբում էի ինձ, որ ժամանակին գլխի չընկա, թե ինքնամփոփ ու լռակյաց, ճերմակ ու թավ բեխերով այդ մարդը, որքա՞ն շատ բան կարող էր պատմել:

Ողջ էր Լեմբերգի որդին, նույնպես հնագույն կինեմատոգրաֆիստ, օպերատոր: Հանդիպեցի նրան: Սակայն Ա․ Լեմբերգն էլ չկարողացավ ասել, թե իր հայրը Բաքվում նկարահանե՞լ է Շահումյանին: Նա նույնիսկ լավ չէր հիշում, թե Դ․ Լեմբերգը փետրվարյան ռևոլյուցիայից հետո եղել է Բաքվում: Դրա փոխարեն պարզվեց ոչ պակաս հետաքրքիր ու կարևոր մի բան․ Ա․ Լեմբերգն է նկարահանել սովետական իշխանության հաստատումը Հայաստանում (1920 թ․ նոյեմբեր): Բայց նա չգիտեր պահպանվե՞լ են արդյոք իր նկարահանումները: Մոսկվայում մեկ անգամ միայն հեռուստատեսային հաղորդման մեջ իր նկարահանումներից երկու-երեք կադր է տեսել: Իմ խորհրդով Ա․ Լեմբերգը գնաց «Պետկինոֆոտոֆոնո» արխիվ, որն արդեն գտնվում էր Մոսկվայի տակ, հատկապես կառուցված ֆիլմադարանում: Արդյունքն այն եղավ, որ ֆիլմադարանի գիտաշխատող Աքսելրոգը չտեսակավորված նեգատիվ նյութերի մեջ գտավ Լեմբերգի նկարահանումներից երկու անհայտ տուփ, Ա․ Լեմբերգի հիշողությունները, ինչպես նաև Հայաստանում սովետական իշխանության հաստատմանը վերաբերող նոր կինոփաստերի հանգամանալից նկարագրությունը պատրաստ է տպագրության և շուտով կհրատարակվի:

Ստեփան Շահումյանի նկարահանումների հետքը դարձյալ կորավ: Սկսեցի կասկածել՝  կատարվե՞լ է արդյոք այդպիսի նկարահանում:

Եվ ահա, կարծես թե հետքը գտնվեց:

… Կինոաշխատողների միության հարմարավետ տունը Բոլշևում: Այստեղ իր հետաքրքրական հիշողություններն է ավարտում սովետական կինեմատոգրաֆիայի նահապետը՝ Իվան Պերեստիանին: Պերեստիանիին գիտեի 1930 թվականից, երբ նա աշխատում է «Հայկինոյում», իսկ ես մասնակցում էի նրա «Անուշ» ֆիլմի նկարահանումներին: Հետագայում ինձ վիճակվեց Իվան Նիկոլաևիչին հանդիպել և՝ Մոսկվայում, և՝ Թիֆլիսում և՝ թե Երևանում, պատերազմի տարիներին, երբ նկարահանվում էր «Դավիթ Բեկում»: Հազվագյուտ աշխատասեր այդ մարդու կյանքի վերջին ամիսներն էլ զուր չանցան: Նա ավարտեց իր հիշողությունների խմբագրումը: Նրա հիշողությունները նորից քանդեցին այն կծիկը, որ պիտի տաներ դեպի Ստ․ Շահումյանի նկարահանումների հայտնագործումը:

Պերեստիանիի հուշերից ակնառու դարձավ, որ հայր Լեմբերգը 1917 և ոչ էլ 1918 թվականին չէր կարող Բաքվում նկարահանել Շահումյանին, քանի որ Պերեստիանիի հետ Ղրիմում էր աշխատում: Սրանք նեգատիվ փաստեր էին: Պերեստիանու մոտ կային նաև պոզիտիվ փաստեր: Դառնալով 1929 թ․ Վրաստան կատարած իր ուղևորության մանրամասնություններին, Պերեստիանին գրում է, որ իրեն Թիֆլիս հրավիրող կինոձեռնարկատեր Պ. Պիրոնեն բանտարկվում է սովետական իշխանության օրգանների կողմից: Վրաստանում այն ժամանակ սովետական իշխանություն դեռ չկար: Նշանակում է Պիրոնեն բանտարկվել էր Բաքվում:

Իսկ ինչու է ձերբակալվել Պիրոնեն: Պիտի ենթադրել, որ Մոսկվայի շատ ձեռնարկատերերի նման, նա էլ թաքցրել է արժեքավոր նեգատիվները և գաղտնի ուղարկել արտասահման, ուր, ինչպես հայտնի է, ռևոլյուցիոն խրոնիկան քիչ շահույթ չէր բերում: Փետրվարյան ռևոլյուցիայից հետո գտնվելով Բաքվում Պիրոնեն ձեռքերը ծալած չէր նստի, երևի մեզ անհայտ ինչ-որ օպերատորի հետ նա խրոնիկաներ էր նկարահանում: Այդ է վկայում՝ «Սովետական Ադրբեջանի առաջին տարեդարձը» դոկումենտալ ֆիլմը, որտեղ Սովետական Ադրբեջանի առաջին օրերը ներկայացնող շատ կադրեր կան: Սրանից ելնելով կարելի է անսխալ հետևություն անել: 1917 և 1918 թվերին Բաքվում, Պիրոնեի մոտ աշխատել է մի օպերատոր, որն անշուշտ նկարահանած  կլինի այնպիսի մի ռևոլյուցիոն գործչի, ինչպիսի Ստեփան Շահումյանն է: Հետևաբար Շահումյանի դոկումենտալ նկարահանումները, եթե պահպանվել են, ամենից առաջ պիտի փնտրել Բաքվում: Սակայն Բաքվի կինոստուդիայում դրանք չկան: Ժամանակակիցներից ոչ մեկի մոտ այդ նկարահանումների հիշատակումը չկա:

Անցյալ, 1960 թվականի մի օր տուն եկա, հեռուստացույցը միացրած էր և ինչ-որ  դոկումենտալ ֆիլմ էր ցուցադրվում: Էկրանով անցնում էին 1917 թվականի ռևոլյուցիոն իրադարձությունների կադրեր: Նրանցից մեկը հիշեցրեց Բաքուն, թեև դիկտորական տեքստը ստույգ ոչինչ չասաց: Դժվար չէր որոշել, որ ցուցադրվում է «Մեծ շրջադարձը»:

Ահա ես Դոկումենտալ ֆիլմերի կենտրոնական ստուդիայում եմ, զրուցում եմ ֆիլմի ռեժիսոր Գուրովի հետ:

-Ձեր նկարում 1917 թ․ ռևոլյուցիոն Բաքվից կադրեր կա՞ն։

-Կարծես այո, բայց ստույգ չեմ կարող ասել: Չէ՞ որ վիթխարի նյութեր եմ նայել: Եվ, որքան հիշում եմ, մի կադրի մասին ասում էին, որ այնտեղ նկարահանված է Շահումյանը: Բայց մենք այդ մասին չհիշատակեցինք դիկտորական տեքստում, քանի որ համոզված չէինք, թե իսկապես նա է: Ընդհանուր պլանի վրա դժվար է զանազանել փոքրիկ ֆիգուրները:

-Իսկ որտեղի՞ց եք այդ կադրերը ստացել:

-Երևանից:

-Չի կարող պատահել, – զարմացա ես, – չէ՞ որ «Հայֆիլմի» դոկումենտալ կադրերի արխիվը ես շատ լավ գիտեմ: Այնտեղ այդպիսի կադր չկա:

-Դե, այն ժամանակ գուցե «Պետկինոֆոտոֆոնո» արխիվից է ստացվել:

Գնում եմ «Պետկինոֆոտոֆոնո» արխիվ և աշխատակիցներից մեկի հետ դիտում Գուրովի ֆիլմը: Ահա՝ փնտրածս կադրը․ վիթխարի միտինգ Բաքվում: Տրիբունի վրա, մեծ խմբի կենտրոնում, ընդհանուր պլանով՝ փոքրիկ ու ծանոթ կերպարանք: Դա, իհարկե, Ստեփան Շահումյանն է: Հիմա որոշել է պետք, որտեղից է այդ կադրը, ո՞ւր է նրա «բնագիրը»:

Արխիվի աշխատակիցը համոզված պնդում է, այդպիսի կադր իրենց մոտ չկա: Ասենք ես էլ, որ լավ գիտեմ անդրկովկասյան նրանց ֆոնդը, դրանում չեմ կասկածում:

-Փնտրեցեք Ադրբեջանի ներքին գործոց մինիստրության արխիվում: Նրանց մոտ կինոյի ու ֆոտոյի փոքր բաժին կա,- խորհուրդ տվեց աշխատակիցը:

Ես Բաքվում եմ: Մեկնում եմ քաղաքից դուրս: Փոքրիկ տնակ, հրշեջ պահպանության նախկին շենքն է: Այստեղ է տեղավորված ներքին գործոց մինիստրության արխիվի ֆոտոկինո բաժինը:

-Արդյոք Ձեզ մոտ են Ստեփան Շահումյանի դոկումենտալ նկարահանման կադրերը,- հարցնում եմ ես:

-Այո, կա մի կադր և մի քանի լուսանկարներ:

-Խնդրում եմ ցույց տալ այդ կադրերը:

Փոքրիկ միջանցքը իսկույն դիտասրահի է վերածվում: Եվ էկրանի վրա է «կենդանի» Շահումյանը: Ընդամենը 11 ու կես մետր երկարություն ունեցող այս ժապավենը ինձ շատ  հուզեց: Սյունաշար, կենտրոնում, ինչպես էստրադայի վրա, կանգնած են մարդիկ, նրանք բոլորը հետին պլանում են: Առջևում գլուխների ծով է: Սակայն ինչքան էլ փոքր են երևում կադրի խորքում գծագրվող մարդիկ, դժվար է չճանաչել յուրահատուկ դեմքը, Շահումյանի գլուխը: Ես չէի տեսել շարժվող ու խոսող Շահումյանին: Այժմ տեսա կադրի սկզբում նա լուռ է 2-3 վայրկյանից հետո սկսում է խոսել էստրադայի շուրջ հավաքվածների հետ:

Ափսոս այն ժամանակ չկար հնչյունային կինոն: Բայց նույնիսկ համր կադրում լսելի էր նրա պարզ ու հանգիստ զրույցը Շահումյանի մոտ պարզությունը զուգակցում էր նրբագեղության հետ: Ոչ բարձրահասակ, մի ձեռքը կանթած, հենց որ խոսեց, իսկույն ջոկվեց ռևոլյուցիային «մոտեցած» ցարական սպաներից ու գեներալներից, քաղաքի «հայրերից»:

Շահումյանի առայժմ միակ դոկումենտալ կադրից հետո ցուցադրվում է նույն օրը և նույն տեղում նկարահանված մեկ ուրիշ կադր: Դա բանվորների, զինվորների և նավաստիների ցույցն է Բաքվում: Ժապավենի երկարությունը 10 և կես մետր է: Ահա այն բոլորը, ինչ մնացել է Բաքվի ռևոլյուցիոն միտինգի առաջին խրոնիկալ նկարահանումից:

Երբ է կատարվել այս նկարահանումը և Բաքվի որ մասում: Հաստատել, որ միտինգը անմիջապես փետրվարյան ռևոլյուցիայից հետո է եղել, գուցե նույնիսկ ռևոլյուցիոն առաջին միտինգը, դժվար չէ: Շահումյանից ոչ հեռու կանգնած է մի մարդ, վզին՝ շղթա: Հանդիսավոր օրերին այդպիսի շղթաներ կրում էին ցարական Ռուսաստանի քաղաքագլուխները: Կադրի նեգատիվից տպված լուսանկարով հին բաքվեցիները ճանաչեցին այդ մարդուն: Դա Բաքվի քաղաքագլուխ  Բիչն է : Հետևաբար կինոժապավենի վրա դրոշմված միտինգը միայն փետրվարյան ռևոլյուցիայից հետո կարող է լինել, երբ  նա դեռ քաղաքագլուխ էր:

Ավելի դժվար էր պարզել նկարահանման տեղը: Բաքվի մի շենք կինոփաստաթղթում երևացող սյուները չուներ: Ոմանք նմանեցնում էին քաղաքային դումայի շենքին, շատերն էլ՝ Մաիլովյան թատրոնին: Բայց ոչ այս էր և ոչ էլ այն:

Նկարահանման տեղը վերծանեց Ստեփան Շահումյանի որդին:

-Դա հատուկ կառուցված տրիբուն էր, – ասաց Լևոն Շահումյանը, – Բաքվի կենտրոնում, 26 կոմիսարների ներկայիս հուշարձանի տեղը, և պատրաստված ամենևին էլ ոչ այդ ռևոլյուցիոն միտինգի համար: Սպասում էին Թիֆլիսից ժամանող Կովկասի նոր փոխարքային՝ մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին: Նրա պատվին էր կանգնեցված այս շքեղ տրիբունը: Բայց այն ծառայեց ոչ թե «ավգուստինյան քեռու» մեծարմանը, այլ Բաքվի ռևոլուցիոն առաջին միտինգին:

Լևոն Շահումյանը պատմում է, որ թեև 14 տարեկան էր, բայց լավ հիշում է միտինգը: Նա նույնիսկ գտավ այն տեղը, ուր հորից քիչ հեռու կանգնել էր ինքը: – Այն ժամանակ զարմանում էի, թե նոր միայն Բաքու վերադարձած հայրիկիս որտեղից գիտեն բանվորները: Նրանք բղավում էին․ «Ողջույն Ստեփան», «Մեր Ստեփան»:

Զրույցից հետո ինձ համար պարզ էր, որ դեռ կարելի է Ստեփան Շահումյանին պատկերող դոկումենտային նոր կադրեր գտնել: Չէ՞ որ մեկնելով Պետրոգրադ, նա մասնակցել է ռևոլյուցիոն մի շարք դեպքերի, որոնց անշուշտ ժապավենի վրա առնված կլինեն:

Պատմական կինոփաստաթղթերի որոնումը հետաքրքիր, գրավիչ ու կարևոր աշխատանք է: Ամենափոքր հնարավորության դեպքում ես կշարունակեմ այն: Սակայն միայն հետազոտությամբ սահմանափակվել չի կարելի: Անհրաժեշտ է մանրակրկիտ հավաքել ու պահպանել գտնվածները: Վաղուց ժամանակն է Հայաստանում ռեսպուբլիկական արխիվին կից բաժին ստեղծել, ուր պահվեն անցյալի, ինչպես նաև ներկայի պատմական արժեքավոր կինոկադրերը: Դեռ կարելի է հավաքել անվնաս մնացածները, վերականգնել վատ պահպանված կադրերը:  Չէ՞ որ ոչ միայն Կենտրոնական ֆիլմադարանում, այլև «Հայկինոյում» կան կարևոր կինոփաստաթղթեր: Սակայն նրանց մի մասն անհայտ է կամ էլ քչերին է հայտնի: Իսկ պահվում են վատ, նույնիսկ տեսակավորված չեն, ինչպես անում են լավ ֆիլմադարաններում: Դոկումենտներից շատերը կարող են անդարձ կորչել, ինչպես կորավ հայկական առաջին դոկումենտային ֆիլմը «Սովետական Հայաստանը» (1925 թ․):

Վատ չի լինի, եթե Երևանի խրոնիկալ և դոկումենտային ֆիլմերի ստուդիան զբաղվի հետաքրքիր կինոփաստաթղթերի, հատկապես համր շրջանի կինոխրոնիկայի պահպանումով:  Չէ՞ որ յուրաքանչյուր ստուդիայի համար անցյալի դոկումենտային կադրերը ոսկե ֆոնդ են, որոնց արժեքը գնալով մեծանում է:

Գրիգոր Չախիրյան