Մեր բարեկամ Համո Իվանիչը
Համո Իվանիչի հետ իմ հանդիպումների ակունքները գալիս են 30-ական թվականներից: Սկզբում պաշտոնական, հետո, շատ տարիներ անց, երբ նա այլևս Հայաստանում չէր՝ մտերմական-բարեկամական: Աշխարհիկ, կինոյից բացի ամեն ինչով հետաքրքրվող մարդ էր: Հարցեր էր տալիս նորեկին և այդ հարցերի շուրջը հյուսում մի ուշագրավ զրույց՝ անցյալի, ներկայի և մանավանդ ապագայի մասին: Երբեք հաշվի չէր նստում իր տարիքի հետ: Եվ իրավունք ուներ՝ դեմքը ողորկ էր, մազերը համառորեն չէին ճերմակում, իսկ աչքերում․․․ աչքերում չարաճճի, մի քիչ էլ խորամանկ մարդու երիտասարդական փայլատակումներ էին: Շատ էր շոյվում, երբ նրան ասում էին․
-Համո Իվանիչ, չեք ծերանում․․․
Մի համեստ կեցվածք էր ընդունում, մեղմ ու, ինչպես ինձ էր թվում, ներողամիտ ծիծաղում էր- գուցե ակնարկում էր, թե ինչ գիտեք դուք իմ ցավերի մասին: Գիտեինք, որ շատ վաղուց ծանր վիրահատության էր ենթարկվել․․․ Բայց միշտ մեր վրա առողջ մարդու տպավորություն էր թողնում: Շատ բան տեսած ու շատ բան վայելած մարդու հոգնածություն չէիք նկատի: Ընդհանուր առմամբ՝ խաղաղ էր երևում, հանդարտաբարո, նույնիսկ բարկանալիս: Շիկնում էր միայն, աչքերի ժպիտն անհայտանում, այդքանը: Իր համոզմունքները հաստատում էր ոչ թե ուժի դիրքերից, այլ գործադրելով մտերմական, բարեկամական ինտոնացիաները: Ահռելի համբերություն ուներ: Գիտեինք, որ այսինչ մարդուն չէր սիրում, բայց նրան ընդունելիս կամ նրա հետ խոսելիս երբեք դուրս չէր գալիս էթիկայի սահմաններից: Ինտելիգենտ էր մինչև ուղնուծուծը:
Աշխատասեր էր չափից ավելի: Երբեք նրան հոգնած չեմ տեսել: Նկարահանումների ժամանակ պահպանում էր իր սովորական խաղաղությունը, տագնապն ու իրարանցումը խորթ էին նրան: Ոչ շատ ոգևորվում էր, ոչ էլ հուսահատվում: Լսում էր, խորհրդածում, չափում-կշռում: Ռուպոր քիչ էր գործածում, շշնջում էր շուրջը կանգնած ռեժիսորներին և ասիստենտներին՝ խելամիտ, իր գործն իմացող հրամանատարի նման:
Երկար ժամանակ երազում էր ֆիլմ ստեղծել Սուրեն Սպանդարյանի մասին: Գրեց սցենարի շատ տարբերակներ: Չստացվեց: Իսկ իր կյանքի վերջին տարիներին մտերմիկ զրույցների ժամանակ հաճախ էր խոսում «Նամուսի» մասին: Ուզում էր նորից նկարահանել:
Ես մի քանի անգամ արտահայտեցի իմ տարակուսանքը, ախր ինչո՞ւ: Ժամանակին իր խոսքն ասել, ավարտել էր: Այլևս չկար արտիստական հիանալի «անտուրաժը»: Համո Իվանիչը չէր բացատրում, կասկածամտորեն, թե մի այլ նպատակով թաքցնում էր նպատակը:
-Այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս, – ասում էր:
«Անուշ» էլ էր ուզում նկարել: Միշտ ազգայինի ոլորտներում էր: Շատ սիրում էր հայկականը, այն ամենը, ինչը կապված էր նրա կենցաղի, սովորությունների հետ:
«Պեպոյի» պոռթկումը պատահական չէր: Երկար կուտակումների, խոհերի, գիտցածի ու ապրածի օրինաչափությունն էր․ «Պեպոն» դարձավ մեր սիրելի բարեկամի հուշարձանը:
Հաճախ մտածում եմ, երևի նրա հեռանալը Հայաստանից վաղահաս էր, անելիքները մնացին կես ճանապարհին: Մոսկովյան իր հիանալի բնակարանում Համո Իվանիչը հայաստանյան էպոպեայի մասին հիշում էր ժպիտով, հումորով, առանց սենտիմենտալ հոգոցների, զգաստ և իրերին ողջախոհ հայացքով նայող մարդու նման:
Եվ միշտ երազում էր․․․
Ո՞վ գիտե, գուցե երազանքի մի այդպիսի գեղեցիկ պահին էլ կտրվեց նրա կյանքի թելը:
Ա․ Արաքսմանյան