Չորս հանդիպում Հ.Բեկնազարյանի արվեստի հետ
1934 թ. Մոսկվայում՝ «Մեժռաբպոմֆիլմ» ֆաբրիկայի տաղավարում, որն այն ժամանակ գտնվում էր Լիոխով նրբանցքում (այժմ այնտեղ վավերագրական ֆիլմերի Կենտրոնական ստուդիան է), նկարահանվում էր հռչակավոր «Պեպոն»: Այն օրը, երբ երջանիկ պատահականությամբ ես հայտնվել էի Լիխովում, նկարահանվում էր գործակատար Դարչոյի և գեղեցկուհի Կեկելի նշանդրեքի տեսարանը: Նկարահանվում էին ոչ այնպես, ինչպես այժմ, այլ սինխրոն ձևով (զարմանալի պարադոքս այն ժամանակվա տեխնիկայի պայմաններում): Արձագանքվելով տարածվում էր զուռնայի ձայնը: Ամբողջ ուժով, թշերն ուռցնելով, փչում էին զուռնաչիները: Եվ ամենից ոգևորված՝ նրանց «գլխավոր» ուստա Մարգարը: Կատաղի կինտաուրի էին պարում երկու ընկերները՝ Պեպոն ու Կակուլին՝ Հրաչյա Ներսիսյանը ու Դավիթ Մալյանը:
Արցունքների միջից ժպտում էր Կեկելը՝ Տատյանա Մախմուրովան: Լալիս էր զուռնան: Սայաթ-Նովայի տխուր մեղեդիներն էր երգում Արմենակ Տեր-Աբրահամյանը:
Այս ամենը ժապավենավորում էր դեռ այն ժամանակ փառաբանված օպերատոր Դմիտրի Ֆելդմանը: Ձայնագրում էր Դավիթ Բլոկը՝ երանգավորման վարպետը, հայրենական հնչուն կինեմատոգրաֆիայի նախաձեռնողներից մեկը: Մի քանի ժամ տևեց այս խանդավառ, կրակոտ տեսարանը: Եվ այս զարմանահրաշ, շշմեցուցիչ տեսարանը ղեկավարում էր․․․ քեռի Համոն: Հենց այն բարի քեռին, որ իմ հորը՝ Արամայիս Երզնկյանին խոստացավ «ինձ դարձնել կինոռեժիսոր»:
***
Տագնապալի քառասուներկու թվականին Համո Իվանովիչ Բեկնազարյանը նկարահանում էր «Դավիթ Բեկը»: Սա, ինչպես հաստատում էր նա այն ժամանակ և հետագայում իր «Դերասանի և կինոռեժիսորի գրառումներ» գրքում, «ամենից քաղաքացիական, ամենասիրելի և ամենից հարազատն է» երբևէ ստեղծած իր ֆիլմերից: Համո Իվանովիչը ֆիլմի վրա աշխատում էր հափշտակված, պատանեկան խանդավառությամբ, լիեռանդ էներգիայով: Իր գրառումներով վարպետը հիշում է այն մասին, թե ինչպես «անսպասելի» նրա մոտ ծնվեց մի էպիզոդի նկարահանման մտահղացումը, որ հետագայում դարձավ քրեստոմատիական:
… Դա 1942 թվականի աշնանն էր: Կեսգիշերին Համո Իվանովիչն ինձ զանգահարեց (ես նրա ֆիլմի վրա աշխատում էի որպես կոմբինացված նկարահանումների նկարիչ) և խնդրեց, որ անմիջապես գնամ ստուդիա, դադարեց իմ «Տաթևի վանքի» նկարահանված դեկորացիաների դեմոնտաժը, որտեղ նա միտք ուներ նկարահանել նոր «ֆիլմի համար շատ կարևոր մի տեսարան»: Բարեբախտաբար, դեկորացիան դեռ կանգնած էր: Միայն հասցրել էին մակետը քանդել: Օբյեկտը նկարահանվում էր կոմբինացված միջոցներով՝ դեկորացիայի վերին մասը «մակետավորվում էր»:
Չկամենալով վշտացնել սիրելի վարպետին, մենք՝ Լաերտ Վաղարշյանը, Վալենտին Պոդպոմոգովն ու ես (այդ տարիներին նաև մակետավորողներ էինք) գիշերվա ընթացքում վերականգնեցինք մակետը: Մինչև Համո Իվանովիչի գալը արդեն օբյեկտը պատրաստ էր նկարահանումների համար: Այդ դժվար, անքուն գիշերվա դիմաց մեզ համար հատուցում եղավ Բեկնազարյանի հազիվ նկատելի շնորհակալական ժպիտը և … «վճռական մարտից» առաջ մեծ զորավարի մտորումների տեսարանը մարմնավորող Հրաչյա Ներսիսյանի գերազանց խաղը:
***
1946 թվականին ես մի հոդված էի գրելու հայ մեծ դերասան Հովհաննես Աբելյանի կինոստեղծագործության մասին: Բնականաբար, դիմեցի Համո Իվանովիչի օգնությանը: Վարպետը սիրով ինձ տրամադրեց իր արխիվը, որտեղ կային չհրապարակված շատ նյութեր՝կապված Աբելյանի կինոգործունեության հետ: Բեկնազարյանը սիրով համաձայնեց իր մտքերը կիսել ինձ հետ «Նամուս» ֆիլմում Բարխուդարի դերի վրա կատարած աշխատանքի առանձնահատկությունների մասին:
Ահա թե այն ժամանակ ինչ գրի առա Համո Բեկնազարյանի ասածից․ «․․․ Աբելյանի կինեմատոգրաֆ գալուն նախորդել է նրա համար նոր արվեստի տիրապետման երկարատև պրոցեսը, կինոարտադրության բարդ տեխնոլոգիայի ուսումնասիրման պրոցեսը: Իր նկատմամբ պահանջկոտ դերասանը հասկանում էր, որ էկրանը զգայուն է ամեն մի կեղծ ու անբնական արտահայտչաձևի, թատերայնության նկատմամբ: Այն տարիներին կինեմատոգրաֆը ամբողջովին կախված էր ռեժիսորից: Օգտվելով մոնտաժի հսկայական հնարավորություններից, նա սովորաբար ստեղծում էր դերասանական անսամբլի պատրանք: Դերասանի խաղի վրա համարյա ուշադրություն չէին դարձնում․ դերասաններն օգտագործում են իբրև տիպաժներ: Իսկ Աբելյանն ինձնից համառորեն պահանջում էր, որ նկարահանվելիք էպիզոդն անպայման նախապես փորձեինք: Ճիշտ է, այդ փորձերը տեղի էին ունենում պատահական տեղերում, պայմանները երբեք էլ չէին նպաստում հանգամանալից, մտածված աշխատանքին: Սակայն սկզբից ամեն տեսակի անսիստեմության հետ մեկտեղ այդ հանգամանքները դրական դեր էին խաղում ֆիլմի կերպարային լուծման պրոցեսում: Այդ փորձերն Աբելյանին օգնում էին ողջ նկարահանման ընթացքում պահպանելու կերպարի զգացողությունը, կինոյի պայմաններում հաղթահարելու դերասանական խաղի բնական ընդհատվածությունը»:
Այս հետաքրքիր և ուսանելի զրույցի մի փոքրիկ մասի հրապարակումը բացատրվում է այն կինոգետների կարծիքը հերքելու իմ ցանկությամբ, որոնք գտնում են, թե Համո Բեկնազարյանը «մաքուր մոնտաժային կինոյի» կողմնակից է, որն անտեսում էր դերասանի բուն ստեղծագործությունը․․․
***
Ինձ բախտ է վիճակվել Համո Բեկնազարյանի հետ աշխատելու «Երկրորդ քարավանը» ֆիլմի վրա, որը նա նկարահանում էր Կոնստանտին Սիմոնովի տաղանդավոր սցենարով, որ գրել էր կինոռեժիսոր Զախար Ագրանենկոյի համագործակցությամբ: Բեկնազարյանը ֆիլմի վրա աշխատում էր նախանձելի նվիրումով, չխնայելով ուժերն ու տաղանդը: Նկարահանման խումբը հիանալի էր. օպերատորներ` Դմիտրի Ֆելդման և Գարուշ Բեկնազարյան, ըստ արժանվույն չգնահատված կինոդեկորատոր Պյոտր Բեյտներ, կոմպոզիտոր Աշոտ Սաթյան, ռեժիսոր Էրազմ Մելիք-Քարամյան:
Ֆիլմում նկարահանվում էին Ռուբեն Սիմոնովը և Վերիկո Անջափարիձեն, Վաղարշ Վաղարշյանը և Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը և Վսեվոլոդ Ակսյոնովը, Սերգեյ Մարտինսոնը և Դավիթ Մալյանը, Յուրի Լավրովը, Թադևոս Սարյանը և ուրիշ շատ հիանալի դերասաններ․․․ Բոլորին չես թվի․․․
Ֆիլմը ձևավորվում էր: Հույս կար, որ նշանակալի գործ էր լինելու: Նկարահանումները շարունակվում էին, երբ ինչ-ինչ պատճառներով ընդհատվեցին (կինոյում նման բան երբեմն պատահում է): Համո Իվանովիչը շատ էր ափսոսում, որ այդպես ստացվեց:
Այդ դեպքից հետո նա մեզ հրավիրեց իր մոտ, երևանյան բնակարանը: Շփոթված տեսքով ասես արդարանալով, երկար պատմում էր այն մասին, թե ինչպիսին կարող էր լինել այդ ֆիլմը: Պատմում էր չիրականացված մտքերի, մտահղացումների, չնկարահանված էպիզոդների մասին:
Այդ երեկոյից առաջ ինձ երբեք չէր վիճակվել Համո Իվանովիչին տեսնել այդպես տարված, պայծառ, ոգեշնչված․․․
Յուրի Երզնկյան