«Ղուլը»․Հայ կինոյի առաջին արգելված ֆիլմը
Հայ ժողովրդի մոտակա անցյալին, նրա ոևոլյուցիոն ընդվզումներին նվիրված ֆիլմ արտադրելու խնդիրը Հայ կինոյի ստեղծման առաջին իսկ օրերից եղել է նրա Գեղարվեստական խորհրդի մտահոգության առարկան: Սակայն, Հայ կինոյի պորտֆելում, բացի «Արարատի հովանու տակ» ոչ լիարժեք սցենարից, ուրիշ գործ չկար: Ահա այս պայմաններում գրող-դերասան Միքայել Մանվելյանը առաջարկում է Հայ կինոյին իր նոր գրած վիպակը՝ «Սուրբ Գևորգի ղուլը» վերնագրով: Գեղարվեստական խորհուրդը հավանություն է տալիս վիպակին և առաջարկում է հեղինակին ու ապագա ֆիլմի բեմադրող Ա. Յալովուն կազմել համապատասխան սցենար, որը և հաստատվում է Գեղխորհրդի կողմից: Ֆիլմի ռեժիսոր է նշանակվում օպերատոր Ա. Յալովին: Գլխավոր դերերը հանձնվում են Հասմիկին (Նեկտար), Ն. Մանուչարյանին (Եղսան), Մ. Գարագաշին (Վարդան), Ա. Ավետիսյանին (Օնիկ):
Ֆիլմի բովանդակությունը հետևյալն է: Դաշնակցության կազմակերպած փետրվարյան ավանտյուրայի լիկվիդացումից հետո բնակչության որոշ խավեր, պրովոկացիայի ենթարկվելով , բռնել են դեպի Պարսկաստան տանող խճուղին և կառքերով, սայլերով, մի մասն էլ հետիոտն հեռանում են քաղաքից: Նրանց մեջ է և Նեկտարը՝ իր երկու երեխաների և սայլի մեջ պառկած հիվանդ ամուսնու հետ: Ահա նրանց սայլը կանգ է առնում գետափին, մերձիմահ հիվանդին իջեցնում են սայլից, պառկեցնում ծառի տակ: Նեկտարը հուսահատ վիճակումն է, նրա երկու աղջիկները կուչ են եկել մոր մոտ և աղեկտուր լալիս են: Երբ ամուսինը մահանում է, Նեկտարը թաղում է նրան ծառի տակ և անկարող լինելով շարունակել գաղթի ճանապարհը, երեխաների ձեռքից բռնած՝ վերադառնում է Երևան:
Այստեղ ապրուստի միջոց հայթայթելու համար նա դառնում է «Սուրբ Գևորգ» մատուռի սպասուհին՝ «ղուլը»: Հենց այդտեղ էլ «ուխտի տոնի» ժամանակ նա ծանոթանում է Եղսանի հետ: Սա աչքը գցում է Նեկտարի մեծ աղջկա՝ դեռատի Գայանեի վրա. նա հարբեցնում է Նեկտարին, համոզում նրան և որոշ գումար կոխելով նրա բուռը՝ տանում է Գայանեին իր որջը՝ քաղաքի ծայրամասում, որտեղ պատրաստվում է «թանկ գնով» վաճառել նրան:
Քաղաքի միլիցիան, անապաստան երեխաների ուղեկցությամբ, շրջում է ծայրամասում և որոնում Եղսանի որջը: Եվ մինչ Եղսանը հաշվում է իր ձեռքն ընկած «դեղին ոսկիները», միլիցիան շրջապատում է նրա տունը, Գայանեին ազատում է առևանգումից, իսկ Եղսանին և նրա զինակիցներին ձերբակալում:
Ֆիլմի բոլոր պավիլիոնները կառուցվել էին Հայ կինոյի բակում, իսկ մասսայական տեսարանները նկարահանվեցին քաղաքի ծայրամասում, Էջմիածնի խճուղու վրա և Երևանի կայարանամերձ շրջանում:
Քաղաքի փողոցներից նկարահանման խումբը փակցրել էր դաշնակցության պլակատը, որի վրա նկարված էր գետնին ընկած մի դիակ՝ հետևյալ մակագրությամբ. «Բոլշևիկները կացիններով կկոտորեն ձեզ»: Անմիջապես պլակատի առաջ հավաքվեց քաղաքացիների մի խումբ: Շատերին ծանոթ էր 1921 փետրվարյան ավանտյուրայի օրերին դաշնակցության սիրած պրովոկացիոն ագիտացիայի այդ պլակատը: Եվ երբ նկարահանումը սկսվեց, մի բանվոր մոտեցավ պլակատին ու պոկեց պատից՝ ասելով. «Մի՛ հավատացեք դաշնակների պրովոկացիային, բոլշևիկները բերում են հաց և խաղաղություն»: Նրա այդ խոսքերը ներկաները դիմավորեցին բուռն ծափահարություններով ու ցնծության բացականչություններով: Նկարահանումները վերածվեցին միտինգի, գտնվեցին և այնպիսիներ, որոնք ելույթ ունեցան և հիշեցրին քաղաքացիական կռիվների օրերը:
Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում ավարտվեցին նկարահանումները: Սակայն Լուսավորության ժողովրդական կոմիսարիատն արգելեց ֆիլմի ցուցադրումը Հայաստանում՝ պատճառաբանելով, որ ֆիլմում նկարահանված անցուդարձը բնորոշ է դաշնակցության տիրապետության շրջանի համար և որ 1927-1928 թթ. այդպիսի ֆիլմի ցուցադրումը դաստիարակիչ դեր չի կարող կատարել: Մինչ այդ արգելումը, ֆիլմի բազմաթիվ օրինակներ ուղարկվել էին Ռուսաստան, Ուկրաինա, և Բելոռուսիա, և, ստանալով Ռեպերտկոմի տեղական օրգանների թույլտվությունը, ֆիլմը մի քանի տարի շարունակ ցուցադրվեց այդ ռեսպուբլիկաների քաղաքներում և գյուղերում:
Հետագա տարիներին փորձեր արվեցին որոշ ուղղումներ մտցնել ֆիլմի մեջ և ցուցադրել նաև Հայաստանում, սակայն այդ միջոցառումները դրական արդյունք չտվին, և «Ղուլը» ֆիլմը այնպես էլ չցուցադրվեց Անդրկովկասի ռեսպուբլիկաներում:
Դ․Դզնունի