«Ավրորայի Լուսաբացի» հերոսուհին ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է,  որը 14 տարեկանից ենթարկվում է աներևակայելի խոշտանգումների ու փորձությունների։ Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան։ ԱՄՆ-ում լույս է տեսնում Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան»  (Ravished Armenia)  գիրքը:  Մարդիգանյանի հուշերը դարձան գիրք («Հոշոտված Հայաստան»), իսկ գիրքը՝  ֆիլմ («Հոգիների աճուրդ»), որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն։

Հայոց ցեղասպանությունից շուրջ 100 տարի անց՝ Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա՝ «Բարս Մեդիա» ընկերության  ստեղծած «Ավրորայի լուսաբացը» կրկին ազդարարում է մեկ դար առաջ ցեղասպանության դժոխքով անցած ժողովրդի հավաքական ձայնը՝  պատռելով մոռացության վարագույրը։ «Այժմ, առավել քան երբևէ կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան, հատկապես, այսօր, երբ մեր երկիրը գտնվում է լայնածավալ ռազմական հարձակման տակ»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը։

Հայտնի է, որ «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից հետո (մայիսին), որը տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենամեծ փառատոնում՝ ԱՆՍԻ-ում, չեն դադարում ֆիլի հրավերները միջազգային առաջատար կինոփառատոներից՝ մասնակցելու  մրցութային և արտամրցությաին ծրագրերում։ Առաջիկայում, ֆիլմը կմասնակցի նաև  Տալլինի «Սև գիշերներ» կինոփառատոնի Բալթյան մրցույթում։

Նշենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանի կողմից առաջադրել և ներկայացրել է  «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիան։

Կինոնկարը երեք երկրների համատեղ արտադրություն է․ «Բարս Մեդիա» (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ն (Գերմանիա) և Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա)։ Միաժամանակ ֆիլմը ֆինանսական աջակցություն է ստացել Eurimages-ից և Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Մեծ եղեռնի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդը» նկարահանվել է 1918-ին։ Առաջին անգամ ցուցադրվել 1919 թ․փետրվարի 16-ին ՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։« Հոգիների աճուրդը» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ   բարձրացրեց՝ առաջացնելով անհավանական իրարանցում։ Միայն վարձույթում այն հավաքել է 30 միլիոն դոլար՝  համր ֆիլմի համար աներևակայելի մեծ թիվ։ Մերձավոր Արևելքի Նպաստամատույց բարեգործական կազմակերպության հայտնած տեղեկությունների  համաձայն, հասույթն անցել է հարյուր միլիոնի սահմանը։ Հայտնի է նաև, որ ֆիլմի առաջին փակ ցուցադրությունների ժամանակ տոմսի արժեքը եղել է տասը դոլար, որը համարժեք է ներկայիս 700 դոլարին։

Ռ․Բ․