Իմ ֆիլմերում ես միշտ ներկա եմ
Վավերագրական կինոյի պատմության մեջ Արտավազդ Փելեշյանի անունն արժևորվում է համաշխարհային մեծության, հանճարի գնահատանքով: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ կինոհանճար: Փելեշյանին շատերն են փորձել բնութագրել՝ կինոպոեմի, կինոբանաստեղծության վարպետ, կինոգեղագետ. Ալեքսանդր Սոկուրովը նրա մասին խոսելիս առանց վերապահումների գործածում է հանճար բառը: 1974 թվականին Արտավազդ Փելեշյանը տպագրել է իր «Տարածական մոնտաժ», 1988-ին «Իմ կինոն» գրքերը, որոնք կինոհանրագիտարանի նշանակություն ունեն: Էյզենշտեյնի, Վերտովի նորարարություններին հաջորդած նրա նոր կինոմտածողությունը, ոչ միայն տարածական մոնտաժի հնարքի, այլև հեղինակային կինոյի նոր ոճ, նոր խոսք դարձավ:
Փելեշյանական կինոյի ասելիքը
– Ես իմ ճանապարհն ունեմ, մյուս ռեժիսորներն՝ իրենցը: Իմ ֆիլմերով ուզում եմ ձեզ հետ կիսել պայմանականորեն ասած՝ իմ հայտնագործություններն ու տպավությունները: Կինոյում պետք է հենվել կինոյի լեզվի վրա. դա է ամենակարևորը, ուրիշ ճանապարհ չկա: Ես մինչև չիմանամ, որ ֆիլմը պատրաստ է, չեմ գրի սցենարը, ոչ թե չեմ նկարի, այլ չեմ գրի: Տասնամյակներ առաջ Գորիսում ֆիլմ էինք նկարում: Ինձ պետք էր լեռների ուղղահայաց պատկեր, իսկ օպերատորը նկարում էր հորիզոնական ու հավատացնում, որ այդպես գեղեցիկ է: Ես ասացի՝ այո՛, գեղեցիկ է, բայց ինձ պետք է լեռների ուղղահայաց կադր: Իմ ֆիլմերում ես միշտ ներկա եմ: Օպերատորը տեսախցիկն է բռնում, իսկ ես՝ օպերատորին:
Գունավոր ժապավեն չեմ սիրում, սև-սպիտակ եմ սիրում ու սև-սպիտակ եմ նկարել, թեև իմ վերջին՝ «Վերջ» ֆիլմը գունավոր ժապավեն է: Ֆիլմը մի քիչ հուշում է, որ ընդունելի է, կարելի է այս-այն գունավոր նայել: Նկատի ունեմ այն, որ գունավոր ֆիլմ ու գունավոր ժապավեն հասկացությունները միմյանցից շատ տարբեր են: Գունավորը դրամատուրգիայի մեջ է մտնում, պետք է դրամատուրգիան արդարացում ստանա գունավոր ֆիլմով, ոչ թե գունավոր ժապավենով:
Նորից տարածական մոնտաժի մասին
– Իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ սկզբունք. ինձ կադրերը միացնելը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք միմյանցից բաժանելը, հեռավորության վրա դնելն ու արանքում ուրիշ պատկեր տեղադրելը: Իմ կարծիքով՝ այդ հեռավորության վրա գտնվող լիցքավորված պատկերներն իրար մեջ ավելի լավ են խոսում և ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ նաև մինչև անգամ իրենց մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ են խոսում: Այ դա է մեխանիզմը: Պատկերի բացակա ներկայությունը միշտ կա: Մոնտաժի շնորհիվ այն ներկա է: Եթե վիրաբույժի նման հերձեք ֆիլմը, կտեսնեք, որ ֆիլմի մեջ պատկեր չկա, բայց դրա էֆեկտը, տպավորությունը կա, ստացել եք: Դա է բացակա պատկերի հիմնական էությունը:
Կարճ տիտրերի նշանակությունը
– Ես չգիտեմ՝ ով է ասում՝ հոգնեցի: Հետո շարունակում՝ կարծում ես ուրիշ տեղ լա՞վ է: Իհարկե, ես եմ գրել այդ տիտրերը, բայց թե ով է ասում՝ պարզ չէ: Դա անուղղակի խոսակցություն է: Հերոսներն են ասում՝ устал (հոգնել եմ): Բայց ամեն տեղ նույնն է, բոլորն էլ հոգնում են: Ի՞նչ են տալիս այդ տիտրերը ֆիլմին: Ես մի համեմատություն անեմ: Հրթիռն անցնում է առաջին, երկրորդ, երրորդ աստիճանները, հետո նոր տիեզերք է բարձրանում: Այս տիտրերն այդ նույն աստիճաններն են, ֆիլմի ուղեծիրն է անընդհատ փոխվում, հետո տիտրերն արագ անհետանում են, մահանում՝ լիցք տալով: Մահացած տիտրն այլևս պետք չէ, ավելորդ է: Ինքն իր գործն արել, թողել- հեռացել է:
Կադրի և երաժշտության մոնտաժ
– Ես չեմ մոնտաժում պատկերը երաժշտության հետ: Ես մոնտաժում եմ պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ: Արտավազդ Փելեշյանն իր մուտքը կինոաշխարհ կարճ ու հումորով է ներկայացնում: Պատմում է, որ երիտասարդ ժամանակ Ավտոմատիկայի գործարանում աշխատելիս աշխատանքից հետո կոլեկտիվով հաճախ գնում էին կինո դիտելու: Հաջորդ օրը քննարկում էին ֆիլմը: «Իմ կարծիքներն ու մտքերը ոչ մեկին դուր չէին գալիս, որովհետև ես միշտ մյուսներից տարբեր կարծիք էի ունենում: Ընկերներս ասում էին՝ լավ, դե ոչինչ, ներում էին, էլի: Ես էլ որոշեցի գնամ կինոռեժիսոր դառնամ, որ էլ ավելորդ խոսակցություն չլինի»: