Այստեղ մեծ անարդարություն կա՝  հարուստների շռայլ գովազդների միջոցով կայացել ու փթթում են  հայկական սերիալները, նույն սերիալներն էլ տասնամյակներով, հետևողականորեն «կերտում» են հայ մեծահարուստ պաշտոնյայի բացասական, զազրելի կերպար։ Նրանցում, համարյա առանց բացառության, այդ նույն հարուստները  բռնարար են, թալանչի, գող-ավազակ, քրեական, կոկորդ կրծող մարդասպան, օրենքից  դուրս։ Ավելին, անհասկանալի մուտանտ կերպարներ են՝  պաշտոնյայի, գործարարի, օլիգարխի ու քրեականի  խառնուրդ։

Մեր սերիալներում վատաբանված է նաև հարուստ-օլիգարխների ընտանիքը՝ երես առած, զվարճանքների գերի  աղջիկներ, լպիրշ  տղաներ։ Եվ բոլորը միասին, եթե ցիտենք  սերիալական «դասականին»՝  շփացած խելագարներ։ Այս սերիալներում գլխավոր հերոսը շրջապատի համար մշտական սպառնալիք է՝ «բուգներդ կկրծեմ»  «կգլխատեմ», «տանդ բանալին դիր սեղանին»․․․ Ու  մշտապես շրջապատված    է անհասկանալի արարած-թիկնապահներով, որոնք եթերից միջնադարյան քծնանք են շաղ տալիս՝ «Թագավոր ջան, մի քիչ փող տուր», «Ոնց դրան սաղ բաց թողիր», «Վով ջան, դու իմ աստվածն ես»։

Օրինակները հորինված  չեն։

Մեծահարուստի բացասական-կարիկատուրային կերպար ստեղծելու ավանդույթից  զերծ չի մնացել նաև Հանրայինը։

«Երջանկության մեխանիկա» կարճ նովելը ճշմարիտ հրաչքեշիշյանական ֆիլմ է՝ դերասանական աստղաբույլ և ծանոթ գլամուր։   Պատերազմին  մասնակից, անդամահատված վերջույթով  հերոսը  տարակուսելի- ինտեգրված էր, օրը մի աղջկա հետ էր, և բաց տեսարանին զուգահեռ մի կողմ շպրտված պրոթեզը դրա ապացույցն էր։  Նախկին զինվորը մի ուրիշ  Հայաստանում էր  ապրում, թանկ հյուրանոցներ ու  ռեստորաններ, անհասկանալի անուններով ուտեստներ, ինքն էլ բարի,  գեղեցիկ, շռայլ։ Դե, այստեղ էլ կռված տղան ֆոն էր, ցույց տալու, թե ինչ անկասելի գեղեցկուհի է  հերոսուհին (գուշակեցիք՝ Նազենի Հովհաննիսյանը)։  Տաղանդավորագույն դիզայները թեև երեք երեխա ունի՝  երկուսն իր բոյին, սակայն  նրան անհույս սիրահարված են, առանց չափազանցնելու,  հիմնարկի ղեկավարը,  փաստաբանը,  իր տան ճարտարապետը,  Հյուսիսային պողոտայի իր տունը տակով արած գործարարը։ Այս պատկառելի ցանկը լրացնում են  սիրահարված- բռնաբարները՝ անշարժ գույքի սեփականատեր զավեշտալի մեծահարուստը և  Ռուսաստանից եկած  հաճախորդը։

Դարձյալ ու կրկին  սերիալներին անդրադառնալու շարժառիթը երկու հանգամանք  են։ Առաջինը՝ «Կույր աշխարհ» կոչվող սերիալի աղմկահարույց մուտքն է։  Երկրորդ հանգամանքն այն է,  որ հեռուսատաընկերությունները  մասնակցում են առաջիկա երկու ամսում կայանալիք hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին, ներկայացնելով նաև իրենց մոտեցումները սերիալների մասով։

Թեև «Արմենիան» այս հեռուստաարտադրանքի առաջատարն է,  բայց միակը չէ՝ «Նոր Հայաստանը», «Շանթը» նույնպես չեն ընդհատում սերիալային շղթան։

«Նամուսը»  և «Կույր աշխարհը»

Աղմուկ հանած «Կույր աշխարհ»-ը քննարկելիս հայ  հասարակությունը մեկ դար հետ գնաց, ընդհուպ որ  «նման հեռուստասերիալները գալիս են ջնջելու հայկական կինոյի փայլուն ավանդույթները, որոնք հասարակությունը կրթելու, ազատականացնելու նպատակ ունեին, և մեդիադաշտը կարծես միտումնաբար վերարտադրում է միջնադարյան բարքերը»։

Համեմատության առիթն այն է, որ 1926 թվականին Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին  համր  խաղարկային ֆիլմը՝ «Նամուսը», ստեղծված էր Շիրվանզադեի  հայտնի վիպակի հիման վրա, որում քննադատվում էր  կնոջը մահվան հասցրած  «նամուս-թասիբի» ավանդույթը։

Մեկ դար անց հայ հանրությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջում է  դիտարկել «Կույր աշխարհ» հեռուստասերիալում առկա բռնության, բռնաբարության և այլ երևույթները և տալ իրավական գնահատական։  Հիմնավրումն էլ այն է, որ ներկայացվող հերոսները դառնում են վարքային մոդելներ և նպաստում բռնության օջախների բռնկմանը, մարդիկ համարում են, որ դա է իրականն ու ճշմարիտը։

Սերիալների թեմայով փնտրտուքի ժամանակ  երկու հետաքրքիր փաստի հանդիպեցինք։

2012 թվականին այն ժամանակ «Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանը, խոսելով լրագրողների ու լրագրողոկան տեքստերի՝  Հայաստանին հասցրած վնասներից, հետաքրքիր օրինակ է բերել․ «Բայց չէ որ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր էլ մտածում, որ սերիալները իսկապես վնասկարար են նոր սերնդին: Այսօր այն դարձել է աքսիոմատիկ ճշմարտություն»։ 

2018 թվականին հանրահայտ «Բրիգադա» սերիալում Պչելային մարմնավորած ռուս դերասան Պավել Մայկովը նույն սերիալն անվանել է «Ռուսաստանի դեմ գործած հանցագործություն»: Դերասանը ասվածը հիմնավորել է նրանով, որ կուլտային դարձած  ֆիլմը շատ երիտասարդների մեջ հանցագործ դառնալու ցանկություն է առաջացել։

Հետաքրքիր է, որ մեր երկիրը դեռևս 1993 թվականին  վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որում ուշադրություն է դարձվում  մեդիադաշտի վրա` ընդգծելով, որ այն մեծ ազդեցություն  ունի հանրային գիտակցության վրա, և պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել մեդիայում կարծրատիպերի և կանանց նկատմամբ բռնության  արտացոլումները վերացնելու ուղղությամբ։

Կամենալը  կարենալ է։

Գայանե Մկրտչյան 

թատերագետ