Լենինականը մեզ դիմավորեց մտերիմ, հարազատ մարդու նման: Շատ կողմերով մնալով նույնը քաղաք-արգելանոցը փոխվել է․ հին Գյումրիի սրբատաշ, սև ու կարմիր տուֆից կառուցված շենքերը, ասես, նոր զգեստ են հագել, ճարտարապետներն ու շինարարները մեզ են վերադարձրել նրանց նախնական տեսքը: Եվ քայլելով Գորկու, Աբովյանի, Շահումյանի անունները կրող փողոցներով, քեզ մի պահ թվում է հայտնվել ես թանգարանում և դիտում ես հայկական ճարտարապետության լավագույն նմուշներ: Ահա այստեղ, ավելի քան երեք-չորս ամիս է, ինչ տարվում են Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի «Հեքիաթի սարը» պայմանական վերնագրով ֆիլմի նկարահանումները:

Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր Ալբերտ Մկրտչյանն արդեն երկրորդ անգամն է, ինչ նկարահանման հրապարակ է ընտրում հայրենի քաղաքը, չէ՞ որ նրա նախորդ՝ «Հին օրերի երգը» ֆիլմի առանցքային գործողություններ էլ էին ծավալվում Լենինականում, պատերազմի տարիներին:

Նկարահանող խումբը տեղավորվել է Լենշինտրեստի պանսիոնատում, որն այս օրերին ասես վերածվել է «Հայֆիլմի» մասնաճյուղի․ բակում սպասարկող ավտոմեքենաներն ու նկարահանման, լուսավորման սարքերն են, ներսում՝ ֆիլմին անհրաժեշտ ռեկվիզիտը: Կողք-կողքի ապրում և ստեղծագործում են Ա․ Մկրտչյանը, բեմադրող օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը, բեմադրող նկարիչ Ռաֆայել Բաբայանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, գլխավոր դերակատարներ Ֆրունզիկ Մկրտչյանը, Գալյա Նովենցը, Էլինա Աղամյանը, Ազատ Գասպարյանը, Նարինե Բաղդասարյանը, Սամվել Սարգսյանը և Աշոտ Գևորգյանը:

․․․Այդ օրը նշանակված էր «Զինկոմիսարիատում» դրվագի նկարահանումը: Քաղաքային այգու կենտրոնական մուտքի դիմացի շենքի՝ նախկին պետթատրոնի ճակատին փակցված էր «Լենինականի զինկոմիսարիատ» ցուցանակը: Գործին անտեղյակ լենինականցիները, մանավանդ տարեցները, հայտնում են իրենց զարմանքը:

-Յա, կոմիսարիատի տեղը փոխե՞լ են․․․

-Կինո՜ են նկարում, կինո՜,- շտապում են նրանց կասկածանքը փարատել վաղ առավոտից այստեղ հավաքված երեխաները:

Մինչ կադրը կնախապատրաստվի, ահագին ժամանակ կա, և մենք զրույցի ենք բռնկվում օպերատոր Ռ․ Վաթինյանի ու ռեժիսոր Ա․ Մկրտչյանի հետ:

-Եթե «Հին օրերի երգը» ֆիլմում մարդիկ մի հոգս ու մտածմունք ունեին՝ պատերազմ էր, լավն ու վատը բացահայտ էին, ապա այստեղ չես կարող գլուխ հանել՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Բնականաբար, օպերատորական հնարքները չէին կարող մնալ այնպիսին, ինչպիսին «Երգում» էին: Մռայլ գույներին գալիս են փոխարինելու բազմագույն երանգները, կիսատոները տեղի են տալիս ընդգծված, իրար հակադրվող գույներին,- ասում է Ռ․ Վաթինյանը:

-Միանգամայն սխալ կլինի կարծել, թե մեր նոր ֆիլմը «Հին օրերի երգի» շարունակությունն է, – ասում է Ա․ Մկրտչյանը:

-Այո դա ճիշտ է, որ մենք ֆիլմ ենք նկարահանում ետպատերազմյան տարիների մարդկանց մասին: Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ թեպետ այլևս ռումբեր չեն պայթում, սակայն այդ տարիները նույնքան ծանր ու դժվար էին բոլորի համար:

Պատերազմը ջարդել է մարդկանց հոգիները: Վերակառուցման տարիներն էին ու անհրաժեշտ էր ժամանակ, որպեսզի վերակառուցվեին ու կառուցվեին ոչ միայն փլատակված շինությունները, այլև մարդկանց ավերված հոգիները:

Եվ, այնուամենայնիվ, մեր ֆիլմն սկսվում է մի ընտանեկան կոնֆլիկտից: Ընտանիքի կնոջ, մոր համար սա դժվարին իրավիճակ է: Պատերազմի տառապալից տարիներին նա մի կերպ մեծացրել, դաստիարակել էր երեխաներին: Հիմա այդ ընտանիքը ամենից շատ հոր կարիք ուներ, բայց հայրը հեռանում է: Կրկին դժվարանում է ընտանիքի մոր վիճակը, նա պետք է տնօրինի զավակների հետագա ճակատագիրը: Սակայն նա դեռ հույս ունի, որ կարող է ետ բերել սխալված ամուսնուն:

Այդ կինը ամուր կանգնած է հողի վրա, բայց ունի իր երազանքը: «Կլինի մի օր, որ այս աշխարհին ես նայեմ երկնքից» այսպես է դատում Սիրանույշը: Մենակ մնացած պահին նա թերթից կտրում է Յու․ Գագարինի նկարը ու կպցնում պատին, աղոթում նրա նկարի առջև: Սրբություն դարձած տիեզերագնացը նրա երազանքի մարմնացումն է, մարդ, որ, ինչպես ինքն է ասում՝ «երկնքից է նայել բարի երկրագնդին»․․․

Ֆիլմի ֆինալում, քաղաքային այգում հավաքված մարդկանց Սիրանույշը պատմում է ոչ մեկին չհետաքրքրվող իր հոգսերի, իր առօրյայի մասին: Եվ ահա, նա իր հեքիաթ դարձած հիշողությունները պատմում է երիտասարդ տղաների: Տղաները կատակում են նրա հետ և կատակով էլ սկսում պարել արդեն կյանքն ապրած, տարեց կնոջ հետ: Սիրանուշը պարում է վալս: Վալսը նրա բարոյական հաղթանակն էր:

-Ահա այս չափազանց բարդ խառնվածքի տեր կնոջը մարմնավորող, համապատասխան ամպլուայի տեր դերասանուհի էի փնտրում,- շարունակում է Ա․ Մկրտչյանը: – Շատ որոնեցի, որովհետև ինձ հարկավոր էր ոչ միայն պրոֆեսիոնալ դերասանուհի, այլև լավ մարդ: Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Գալյա Նովենցը իմ բոլոր սպասելիքներն արդարացնում է, և ես մեծ բավականություն եմ ստանում նկարահանման հրապարակում նրա հետ աշխատելիս:

Հերոսուհու ամուսնու՝ Ռուբենի կերպարը նույնպես բարդ է: Այս մարդու հոգում պատերազմն այնպիսի մի անջնջելի հետք է թողել, որ ունենալով իր կոնկրետ երազանքներն ու ճանապարհը, այնուամենայնիվ, նա երկփեղկված է, կոտրված: Առանց երկմտելու, այս դերում նկարահանվելու հրավիրեցի եղբորս՝ Ֆրունզիկ Մկրտչյանին, որի հետ աշխատել եմ համարյա իմ բոլոր ֆիլմերում, դերասան, որի տրագիկոմիկական տաղանդը հանրահայտ է: Ինձ համար ուղղակի հայտնություն էին Կիրովականի Հ․ Աբելյանի անվան թատրոնի դերասանուհի Էլինա Աղամյանն ու Լենինականի թատրոնից Սամվել Սարգսյանը, որոնք, ճիշտ է, առաջին անգամն են նկարահանվում կինոյում, սակայն մեծ հեռանկարներ ունեն:

Մեր զրույցը, հավանաբար, ավելի երկար կշարունակվեր, եթե չտրվեր «Կադրը պատրաստ է» հրահանգը:

Քիչ անց կինոխցիկը ժապավենի վրա գրանցում է ետպատերազմյան տարիների հագուկապով, պատերազմի կնիքը դեմքերի դրոշմված հերոսների ելումուտը «Զինկոմիսարիատ» որը հետագայում կազմելու է ֆիլմի օգտակար մի քանի մետրը միայն․․․

Ս․ Ջուլհակյան


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05