Հայկական կինեմատոգրաֆիան մեկ տարվա կյանք ուներ, ռեսպուբլիկայում ծավալվել էր կինոֆիկացման աշխատանքը՝ գործում էին կինոթատրոնները Երևանում, Լենինականում, Կիրովականում, ուր ցուցադրվում էին ռուսական, ուկրաինական և վրացական արտադրության ֆիլմեր, երբ բնականորեն առաջացավ հայկական ֆիլմեր արտադրելու հարցը: Էկրանի վրա պետք է երևային հայ ժողովրդի անցյալն ու ներկան, նրա դասակարգային պայքարը և առօրյա շինարարական աշխատանքները: Սակայն կինոարդյունաբերություն ստեղծելու համար բավական չեն լոկ կլիմայական և բնական պայմաններ, դրանք միայն նախապայմաններ են: Անհրաժեշտ էր ունենալ նաև արտադրական բազա, համապատասխան տեխնիկա, ստեղծագործական և տեխնիկական կադրեր: Իսկ այդ ամենը Հայաստանում իսպառ բացակայում էր: Թվում էր, թե նախ պետք է ստեղծվեր արտադրական բազան, պատրաստվեին կինոկադրեր, ձեռք բերվեր տեխնիկական սարքավորում և նոր միայն կարելի կլիներ սկսել սեփական կինոֆիլմեր արտադրելու բարդ գործը:

Սակայն կար և այլ ուղի․ չսպասել այդ բոլորի ստեղծմանը, այլ ձեռնամուխ  լինել կինոարտադրությանը և, դրա զարգացմանը զուգահեռ, աստիճանաբար բավարարել նաև արտադրական բազայի պահանջները:

Այդ տարիներին Երևանում չկար քիչ թե շատ հարմարություններ ունեցող որևէ շենք, որ կարելի լիներ օգտագործել կինոարտադրության կարիքների համար: Երկար որոնումներից հետո կանգ առան Սպանդարյան և Տերյան փողոցների անկյունում գտնվող հողե կտուրով միհարկանի այն շենքի վրա, ուր Լուսժողկոմատի արհեստանոցներում տեղավորված մանկատան սաները պատրաստում էին զամբյուղներ, ճամպրուկներ, կաշվե իրեր: Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանը առանց տատանվելու համաձայնվեց արհեստանոցները տեղափոխել այլ տեղ և շենքը տրամադրել «Պետլուսկինո» -ին՝ «կինոֆաբրիկայի» կարիքների համար: Լուսժողկոմի այդ  քայլը մեծ ոգևորություն առաջացրեց փոքրաքանակ հայ կինոմատոգրաֆիստների շրջանում, որոնք հաջորդ օրն իսկ  ձեռնամուխ եղան զամբյուղների արհեստանոցը կինոֆաբրիկայի վերածելու գործին: Վաղ առավոտյան վարպետները  միջնորմներ էին կառուցում ընդարձակ արհեստանոցում և այն վերածում մի քանի սենյակների (պարզաջրման, պատճենավորման, չորացման, լվացման և այլ սենյակների, գրասենյակ, առանձնասենյակ և այլն), ատաղձագործները պատրաստում էին չորացման «թմբուկը», պարզաջրման «ավազանները»,  դուռ-պատուհան,  ներկարարները ներկում էին փողոցի պատը, ուր ցուցանակի փոխարեն գրվեց «Պետլուսկինո» բառը և ապա հանճարեղ Լենինի լոզունգը՝ «Արվեստի բոլոր տեսակներից ամենակարևորը մեզ համար կինոն է»: Քաղաքացիները հետաքրքրությամբ դիտում էին «արհեստանոցի» շուրջը կատարվող անցուդարձը, զարմանալով որ ցածր տանիքով այդ շենքում մի նոր կինոթատրոն է բացվելու: Կինոաշխատողների  բացատրություները, թե այստեղ կինոգործարան է լինելու և հայկական ֆիլմեր են արտադրվելու, անհասկանալի էին մնում շատերի համար: 10-15 օրից ավարտվեցին «վերակառուցողական» աշխատանքները և 1924 թ․ մարտին բացվեց կինոլաբորատորիան, որը և հիմք դարձավ ապագա կինոստուդիայի ու, որոշ փոփոխությունների ենթարկվելով մինչև օրս էլ ծառայում է ստուդիայի համար որպես մոնտաժի և պատճենավորման ցեխ: Շենքի հարցը լուծվել էր, մնում էր մտածել նկարահանման ապարատուրայի և օպերատորի մասին: Թբիլիսիից հրավիրվեց մի լուսանկարիչ-օպերատոր, որն ուներ իր սեփական կինո-նկարահանման ապարատը, որոշ քանակությամբ կինոժապավեն և քիմիկալիաներ: Ծանոթանալով կառուցված լաբորատորիային՝  նա գտավ, որ ընդհանրապես աշխատանքները ճիշտ են տարվել, պահանջեց մի քանի աննշան փոփոխություններ կատարել, ծանոթացրեց իր հետ բերած ապարատին և «կինոտեխնոլոգիային», որից հետո հայտարարեց, թե հաջորդ օրվանից կարող է սկսել ֆիլմի նկարահանման աշխատանքը, ասելով․ «Տվեք ինձ սցենարը, և երկու ամսից դուք կունենաք առաջին հայկական ֆիլմը»:

«Խորհրդային Հայաստան» ֆիլմիարտադրությունը

 Այժմ արդեն հնարավորություն էր ստեղծվել իրագործելու ընկերության հիմնադիր ժողովի որոշումը «Խորհրդային Հայաստան» ֆիլմի նկարահանման մասին: Գեղարվեստական խորհուրդը հանձնարարեց Ե․ Չուբարին, Պ․ Ֆոլյանին և ինձ պատրաստել ապագա ֆիլմի սցենարը: Մի քանի օրում հանձնաժողովը մշակեց ֆիլմի սցենարական պլանը, որտեղ նշված էին այն վայրերն ու օբյեկտները, որոնք պետք է կազմեին հայկական կինոարվեստի առաջին ֆիլմի բովանդակությունը: Որոշվեց, որ դոկումենտալ այդ ֆիլմը պետք է բաղկացած լինի 6 մասից, ցուցադրի քաղաքի և գյուղի կյանքը, երկրի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կուլտուրան, գեղատեսիլ վայրերը, ականավոր մարդկանց: Խոշոր տեղ պետք է տրվեր մանկատներին և Սովետական իշխանության հոգատարությանը որբերի նկատմամբ:

Սցենարական պլանը ստանում է գեղարվեստական խորհրդի հավանությունը, և 1924թ․ մայիսին սկսվում է ֆիլմի նկարահանման աշխատանքը: Նկարահանված յուրաքանչյուր 100 մետր ժապավենը անմիջապես պարզաջրվում է կինոլաբորատորիայում, դիտվում և ապա նկարահանումները շարունակվում են նոր թափով: Աշնան ամիսներին նախատեսված նյութը ամբողջովին նկարահանված էր և սկսվել էր մոնտաժը  Ի․Մ․ Կրասլավսկու ղեկավարությամբ:

Հայաստանում Սովետական կարգերի հաստատման 4-րդ տարեդարձին Երևանի աշխատավորները հիացմունքով դիտում էին «Խորհրդային  Հայաստան» դոկումենտալ ֆիլմը: Հանդիսականները մեծ հուզմունքի մեջ էին և բուռն ծափահարություններով արտահայտում էին իրենց հիացմունքը:

Այսպես ծնվեց հայկական կինոարվեստի անդրանիկ ֆիլմը, որը երկար ժամանակ ցուցադրվեց Հայաստանի, Անդրկովկասի և ՍՍՌՄ այլ վայրերի կինոթատրոններում: Իսկ նոր հետագա տարիներին հնարավորություն եղավ ֆիլմը արտասահման արտահանել, նա մեծ ոգևորություն առաջացրեց Ֆրանսիայում, Ամերիկայում, Սիրիայում, Իրանում, Լիբանանում, Բալկաններում և այլ վայրերում սփրված հայ աշխատավորական մասսաների սրտում՝ բորբոքելով հայրենադարձության նրանց կորուստը: Ուրախության բացականչություններին ուղեկցում էին հայրենաբաղձության կարոտի արցունքները, և շատերը, կինոյի սրահից դուրս գալով, անմիջապես դիմում էին սովետական դեսպանատները՝ վիզա խնդրելու Սովետական Հայաստան տեղափոխվելու համար:

Արտադրված առաջին ֆիլմի հաջողությունը ազդակ հանդիսացավ կինոարտադրության հետագա զարգացման և նոր ֆիլմերի ստեղծման համար: Այս անգամ արդեն հրապարակի վրա էր գեղարվեստական խաղարկու ֆիլմ ստեղծելու հարցը: Այժմ հիմնական խնդիրը համապատասխան սցենար ստեղծելն էր:

Հայտարարվեց լավագույն սցենարների և լիբրետոների մրցանակաբաշխություն, որը արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում, այլև Թբիլիսիում ու Բաքվում: Ստացվեց 20-ից ավելի սցենար և լիբրետո: Սրանց մեծ մասը նվիրված էր հայ ժողովրդին մոտիկ անցյալին, իմպերիալիստական պատերազմի առաջացրած հայ գաղթականության ճակատագրին, դաշնակցության տիրակալության մղձավանջային օրերին, ինչպես նաև Սովետական Հայաստանում շինարարության թեմային: Իրենց թեմատիկայով դրանք միանգամայն  ընդունելի գործեր էին, բայց ոչ մեկը սցենար չէր և չէր էլ կարող լինել, քանի որ սցենարական արվեստը միանգամայն անծանոթ էր մրցանակաբաշխության մասնակիցներին: Պետլուսկինոյի գեղարվեստական խորհուրդը դժվարանում է որևէ ընտրություն կատարել: Երկար քննարկումից հետո կանգ առան «Արարատի հովանու ներքո» վերտառությամբ գրական սցենարի վրա, և նրա հեղինակը արժանացավ երկրորդ մրցանակի: Այնուհետև մի հատուկ հանձնաժողովի հանձնարարվեց վերամշակել հիշյալ սցենարը և պիտանի դարձնել արտադրության համար: Մի քանի ամիս տևեց հանձնաժողովի աշխատանքը, սակայն դրական արդյունք չստացվեց, քանի որ սցենարը բազմապլան էր և ընդգրկում էր հայ ժողովրդի պատմական անցյալի մի քանի տասնյակ տարիներ, որով և անհնար էր դառնում երկրի դրամատուրգիական կառուցվածքը համապատասխանեցնել կինոարվեստի պահանջներին:

Եվ այսպես՝ գեղարվեստական ֆիլմի սցենարի հայացքը չլուծվելով՝ հնարավոր չէր ձեռնամուխ լինել այդ կարգի ֆիլմեր արտադրելուն:  Շարունակվում էին մեծ մասամբ ռեսպուբլիկայի շինարարության հարցերին նվիրված ֆիլմերի նկարահանումները: 1924-1926 թթ․ նկարահանվեցին մի շարք խրոնիկալ ֆիլմեր, որոնցից հիշատակության արժանի են ՝«Խորհրդային Հայաստան», «Ա․ Մյասնիկյանի, Գ․ Աթարբեկյանի և Ս․ Մոգիլևսկու թաղումը», «ՍՍՌՄ կինոգործիչների անդամները Հայաստանում», «Հեղեղը Երևանում», «Անդրկենտգործկոմի նստաշրջանը Երևանում», «Երկրաշարժը Լենինականում», «ՀԽՍՀ խորհրդայնացման հնգամյակը», «Գաղթականների տեղավորումը Դավալուում», «Ցորենի կուլտուրան», «Գյուղատնտեսական ցուցահանդեսը Հրազդանում» ֆիլմերը: Սակայն կինոաշխատողների մտատանջության հիմնական առարկան շարունակում էր մնալ գեղարվեստական ֆիլմը:

Դ․Դզնունի


    ԱՍՏՂԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

    Արմեն Գուլակյանի ստեղծագործական կենսագրության ամենաարգասավոր մի փուլը պիտի համարել 1933-1934 թթ. թատերաշրջանը։ Տարվա առաջին կեսին Շեքսպիրի հետ անդրանիկ ռեժիսորական հանդիպումը՝ «Մակբեթը»,...

    , |3 Հոկտեմբեր 2022,16:31