Սուրեն Բաբայանի ֆանտաստիկ ռեալիզմը և սյուրռեալիզմը
Կինոռեժիսոր Սուրեն Բաբայանն իր էությամբ և արվեստով սյուրռեալիստ է: Այդ են վկայում նրա ֆիլմերն ու գեղանկարները: Ճիշտ է, ինքն իրեն անվանում է հիպերռեալիստ, ու թերևս դժվար է չհամաձայնվել նրա հետ: Սակայն դեռևս նրա թատերական գործունեության շրջանի աշխատանքներում ուրույն տեղ է գրավել հատկապես, Լուիջի Պիրանդելոյի «Մերկ կյանք» պիեսի հեռուստատեսային ներկայացումը (բեմադրությունը` Գրիգոր Մկրտչյանի և Սուրեն Բաբայանի), որը սյուրռեալիստական առաջին դրսևորումն է եղել մեր թատերարվեստում:
1980-ին, իբրև Մոսկվայի բարձրագույն ռեժիսորա-սցենարական դասընթացների դիպլոմային աշխատանք, Բաբայանն ուզում էր նկարել ժամանակակից թեմայով ֆիլմ` սեփական սցենարի հիման վրա: Սակայն թույլ չտվեցին: Արդի թեմայով ֆիլմ նկարելը թերևս ամենադժվարներից էր խորհրդային ժամանակներում, և սովորաբար չէր ողջունվում: Այդժամ կինոհեղինակները «փախուստի» էին դիմում դեպի դասական գրականություն կամ ֆանտաստիկա, ինչպես որ եղավ Սուրեն Բաբայանի դեպքում: Այս ժանրում կարելի է քիչ թե շատ ազատ լինել` մի բան, որ անասելի շռայլություն է ստեղծագործողի համար: Հատկապես, սահմանափակ ազատության պայմաններում: Բաբայանն իր վարպետի` Միխալկովի խորհրդով կապվեց Ֆրիդրիխ Գորենշտեյնի հետ, որ նրա «Սիրո ստրկուհին» ֆիլմի սցենարիստն էր:
Ի դեպ, 1978-ին Բաբայանը «Հայֆիլմ» կինոստուդիայում արդեն նկարել էր «Չեզոք իրավիճակ» 30 րոպե տևողությամբ կարճամետրաժը, ուր իբրև հեղինակ հաստատել էր իրականի և անիրականի սահմանին երևակայության հետ խաղալու իր նախասիրությունը: Նրա բնորոշմամբ` «ֆիլմի հերոսը «կախված» է անցյալի ու ներկայի միջև…»: Գլխավոր դերում նկարահանվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Քոչարյանը` բավական տպավորիչ ֆակտուրայով օժտված, տաղանդավոր մի դերասան, ավաղ, վաղամեռիկ: Նա կդառնա Սուրեն Բաբայանի կինոաշխարհի մշտական բնակիչներից մեկը:
Այսպիսով, հետաքրքիր և ինքնատիպ եղավ ռեժիսորի մուտքը կինոաշխարհ: Գորենշտեյնի հետ կանգ առան Ռեյ Բրեդբերիի ստեղծագործությունների վրա և ըստ վերջինիս «Մարսյան քրոնիկներ», «Ապրիլ 2026», «Երկար տարիներ» պատմվածքների գրեցին «Արարման ութերորդ օրը» 40 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը: Փաստորեն, այս կարճամետրաժը հայ կինոյում ֆանտաստիկայի ժանրով ֆիլմ ստեղծելու առաջին փորձն է, և պետք է ասել, հաջողված փորձը (օպեր.` Արտյոմ Մելքումյան): Կինոնկարը 1981-ին Իտալիայում` Տրիեստի 19-րդ կինոփառատոնում, արժանացավ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված Գլխավոր մրցանակին (ոսկե մեդալ):
Առհասարակ, այս ժանրն ինքնին այլաբանական է: Ֆանտաստ-հեղինակը, խոսելով այլ աշխարհների, այլ արարածների մասին, վերջիվերջո, խոսում, փիլիսոփայում է մարդկային փոխհարաբերությունների, այսինքն` մեր աշխարհի ու մեր մասին, սակայն՝ այլաբանորեն: Այդպես, ընտանիքի անդամներին ինչ-որ մի մոլորակում աղետի հետևանքով կորցրած հերոսը` Ամոսը (Աֆանասի Տրիշկին), փոխարինում է կենսաբանական ռոբոտներով, որոնք միևնույն է, անկենդան, անհոգի արարածներ են, այսինքն` զուրկ են այն միակ բանից, ինչը մարդուն հնարավորություն է տալիս մարդ լինել: Դա է, ըստ էության, արարման «ութերորդ» օրվա խորհուրդը և արդյունքը: Հաշվի առնելով, թե մեր օրերում որքան հաճախ են խոսում կլոնների ստեղծման զանազան փորձերի մասին, կարող ենք ասել, որ այս գործը ոչ միայն չի հնացել, այլ նույնիսկ դարձել է ավելի արդիական:
Ֆիլմում տեսնում ենք ֆանտաստիկ, այլաշխարհային տարածության կինոկերտման հետաքրքիր մի եղանակ, որն առանց արհեստական հատուկ էֆեկտների դիմելու, երկրային իրականության ատրիբուտների օգնությամբ, թույլ է տալիս այլաբանորեն խոսել մարդկային գոյության բարդ, անճառելի եզրերի մասին…
Արդ, առավել որոշակի խոսենք ռեժիսորի կիրառած ինքնատիպ մոտեցման` հնարքների մասին: Անապատ հիշեցնող անջրդի տարածության մեջ, որ ուրիշ` «մարսյան» իրականություն է ենթադրում, հերոսին տարիներ հետո այցի եկած ընկերները (Յուրի Բոգատիրյով, Արա Տեր-Գրիգորյան) հողի (կամ ավազի) հետ վարվում են այնպես, կարծես թե ջուր լինի` պարզապես «լվացվում» են… Հիրավի, տպավորություն է ստեղծվում, թե օտար, ուրիշ մոլորակում է տեղի ունենում գործողությունը, ուր ամեն ինչ այլ նյութից է: Մեկ ուրիշ դրվագ. գլխավոր հերոսը վերոհիշյալ ամայի տարածքում, մի գերանի մոտ, որի վերևում բարձրախոս է ամրացված, այնպես է կանգնում և սպասում, կարծես թե փողոցի երթևեկությունը կարգավորող լուսակիր լինի այն, իսկ քաղաքի աղմուկների ֆոնն ապահովում է երկրային քաղաքակրթության կյանքի իմիտացիայի զգացողություն: Քիչ անց նա օրինապահորեն անցնում է «փողոցը»… Ամենակարևորը, ֆիլմում եղած բոլոր պայմանականություններն ընկալվում են բնական, քանի որ գեղարվեստականորեն շատ համոզիչ են…
Աշխատում են և՛ պատկերները, և՛ ձայնաշարը: Ռեժիսորական յուրօրինակ մտածողությունը դրսևորվում է պատկերի և ձայնի փոխհարաբերություններում: Ահա ևս մի օրինակ` Ամոսը դուրս է գալիս իր երբեմնի տան պատճենից, որի ներսում ժամանակը կանգ է առել, և կինն ու զավակները (որդու` Լուկայի դերում հանդես է եկել Վլադիմիր Քոչարյանը), քանի որ կենսառոբոտներ են իրականում, չփոխելով իրենց տարիքը, անփոփոխ նույն բաներն են շարունակ անում: Տան շեմին, վանդակներում տարբեր կենդանիներ ու թռչուններ կան, ասես խրտվիլակների գազանանոց լինի, որին դարձյալ կենդանություն է հաղորդում ֆիլմի ձայնաշարը: Իսկ բակում տեղադրված շան բնից նրան դիմավորում է շան խրտվիլակը, որին «կենդանացնում» է ոչ միայն բնական հաչոցը, այլև` տիրոջ շոյանքը: Մի քիչ այն կողմ, անապատային տարածության մեջ նրան սպասում է նմանատիպ հանդիպում «ձիու» հետ…
Այս «խրտվիլակային պայմանականությունը» տեսնելիս անհնար է հեռու մնալ այն մտքից, որ 1980-ին ստեղծված Սուրեն Բաբայանի «Արարման ութերորդ օրը» կինոնկարից մինչև 2003-ին կինոաշխարհն այդքան զարմացրած և հիացրած Լարս ֆոն Թրիերի «Դոգվիլն» ընդամենը մեկ քայլ է: Ուրիշ հարց, որ Բաբայանի ֆիլմը, ցավոք, հայտնի չէ նույնիսկ հայ հանդիսատեսների մեծ մասին… Սակայն սփոփվենք այն փաստով, որ ֆիլմը մինչ օրս ցուցադրվում է Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում` իբրև ուսանելի աշխատանք:
Բաբայանն իր հետագա գործունեության ընթացքում ևս շարունակեց գնալ կինեմատոգրաֆիկ այն լեզվի յուրացման ճանապարհով, որը նախանշվել էր դեռևս առաջնեկի վրա աշխատելիս: Հաջորդ ֆիլմը` «Սիրամարգի ճիչը» (համառեժ.` Միքայել Դովլաթյան), նկարված է Լեոնիդ Ժուխովիցկու «Ճամփորդեք ինքնաթիռներով» պատմվածքի հիման վրա (սց. հեղ.` Առնոլդ Աղաբաբով, Ֆրունզե Դովլաթյան): Կինոնկարի պատկերակարգը, ոճն այնպիսին է, որ առարկաները կադրում, կոնկրետ նշանակությունից բացի, ձեռք են բերում փոխաբերական երանգ, ասես պատմում են իրերի դրության և ընթացքի մասին արար աշխարհում: Նման ընդհանրացումների հասնել թույլ է տալիս նաև ֆիլմի բովանդակությունը. երիտասարդ բժիշկ Անդրեասը (Վլադիմիր Քոչարյան) իր կյանքը նվիրել է լեյկեմիայի` սպիտակարյունության ծանրագույն ձևերից մեկի դեմ պայքարի միջոցների որոնմանը: Նա այնքան համակված է դրանով, որ հաճախ պարզապես չի նկատում կողքի մարդկանց: Ֆիլմի հնչյունաշարում շեշտված «սիրամարգի ճիչը» ոչ այնքան հուսահատության ճիչ էր, որքան` աշխարհում ներդաշնակության կորստյան ազդարար: Իսկ այդ խորապատկերում արդեն անողոք հիվանդությունն ընկալվում էր իբրև համատարած աղետի հետևանք, ոչ թե պատճառ:
1987-ին Սուրեն Բաբայանը կրկին վերադարձավ Բրեդբերիի ստեղծագործությանը և ըստ «Մարսյան քրոնիկների» բեմադրեց «Տասներեքերորդ առաքյալը» ֆիլմը, որի սցենարը գրեց Գեորգի Նիկոլաևի հետ: Դա փիլիսոփայական առակ է այն մասին, թե ո՞ւր կարող է հասնել բարոյականի, խղճի սահմաններից անդին ծավալվող գիտությունը և առհասարակ, մարդկային գործունեությունը: Կինոնկարը նույնքան առեղծվածային է, որքան գրական հիմքը: Ինչպես և նախորդ աշխատանքներում, այստեղ նույնպես առկա է Բաբայան-ռեժիսորի յուրօրինակ երևակայական կինոտեսիլքը: Կինոնկարն աչքի է ընկնում տպավորիչ պատկերաշարով. առանց, այսօրվա պատկերացումներով, հատուկ էֆեկտների կիրառման, բեմադրիչին և օպերատորին (Արտյոմ Մելքումյան) այստեղ ևս հաջողվել է ստանալ հիրավի ֆանտաստիկ` այլաշխարհային իրականության կերպար: Նկարահանումները կատարվել են Հայաստանում (Բաղրամյանի շրջան), Վրաստանում (Վարձիա), Ռուսաստանում և Լիտվայում: Հարկ է նշել, որ այս կինոնկարը «Հայֆիլմի» պատմության մեջ ամենաթանկն է. բյուջեն կազմել է 2 մլն ռուբլի: Ֆիլմում նկարահանվել են Լևոն Ներսիսյանը, Վլադիմիր Քոչարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Կարեն Ջանիբեկյանը, Ժոզեֆ Նալբանդյանը, Միքայել Դովլաթյանը, անվանի լիտվացի դերասաններ Դոնատաս Բանիոնիսը, Յուոզաս Բուդրայտիսը, Ալգիս Մատուլյոնիսը, էստոնացի ռեժիսոր և դերասան, Միկ Միկիվերը և այլք, նաև` դեռևս շատ երիտասարդ Ինգեբորգա Դապկունայտեն, որ այսօր բավականին հայտնի է նաև իր հայրենի Լիտվայի սահմաններից դուրս: Փաստորեն, նրա դեբյուտը կայացել է Սուրեն Բաբայանի այս ֆիլմում: 1988-ին կինոնկարն արժանացավ Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակին:
Խորհրդային Միության փլուզումից հետո Սուրեն Բաբայանը եղավ այն ռեժիսորներից մեկը, որի կինոխոսքում առավել վստահ արտահայտվեց նոր կենսամտածողությունը:
Այդպես, 1990-ին Սուրեն Բաբայանը բեմադրում է «Արյուն» միստիկ հեղինակային կինոնկարը, ըստ Վահագն Գրիգորյանի «Փակ սենյակ» վիպակի (սց. համահեղ.` Գեորգի Նիկոլաև, օպեր.` Հայկ Կիրակոսյան): Սյուրռեալիստական, աբսուրդիստական շունչ ունեցող այս հոգեբանական դրամայի երիտասարդ հերոսի (Անդրեյ Պոդոշյան) ձեռքում հայտնվում է մի բանալի, որով նրան հնարավորություն է տրվում նորից ապրել սեփական կյանքը` ընթացքում պարզելով անցյալի որոշ մութ դրվագներ: Պատկերաշարում տեղ գտած իռեալ կինեմատոգրաֆիկ ցնորքներն ուղեկցվում են թրիլերի ժանրին բնորոշ հարուստ ձայնաշարով: Հարկ է նշել, որ Բաբայանը մեր ֆիլմարվեստում միայնակ և հետևողական է` աշխատելով կինոյի այսօրինակ ժանրերում, ուր յուրովի խախտվում են իրականի և անիրականի սահմանները:
1993-ին Բաբայանը նկարում է «P.S.» («Հետգրություն») 18 րոպե տևողությամբ կարճամետրաժը, որն իբրև ավանգարդ կինոյի տիպիկ նմուշ 1994-ին ընդգրկվում է Լյուցեռնի (Շվեյցարիա) միջազգային կինոփառատոնի ծրագրում: Պոստմոդեռնիստական, սյուրռեալիստական ոգով նկարված սև-սպիտակ այս կինոնկարը մետաֆորների այլաբանական լեզվով պատկերում է այն իրողությունը, թե դեպի ուր է գնում մարդ արարածը, ի սկզբանե տրված ներդաշնակությունը կորցնելուց և այլանդակության բիրտ ուղուն ոտք դնելուց հետո: Ըստ էության, այստեղ կարելի է տեսնել ժամանակակից` պոստմոդեռն աշխարհի կերպարը, չնայած որ, այդտեղ միախառնվել են ժամանակները` հեռավոր ավետարանական անցյալը և, որոշ իմաստով, սոցիալիստական դարաշրջանի ատրիբուտիկայով հագեցած ներկան: Որպես կանոն, գործողությունը, ինչպես և բնապատկերը, Սուրեն Բաբայանի կինեմատոգրաֆում, կոնկրետությունից բացի, ձեռք են բերում միաժամանակ պայմանական, վերացական բնույթ, ինչն ընդլայնում է պատկերվածի իմաստաբանական նշանակությունը:
Նույն 1993-ին սկսում է նկարահանել լայնաթափ զանգվածային տեսարաններով մի ֆիլմ ըստ շվեդ գրող, Նոբելյան մրցանակակիր Պեր Լագերքվիստի «Բարաբբաս» վեպի (օպեր.` Արմեն Միրաքյան): Գլխավոր` Բարաբբասի դերում նկարահանվում էր Կարեն Ջանիբեկյանը: Կինոռեժիսորն առավել կենտրոնացել էր ոչ այնքան Բարաբբասի, որքան վեպի մեկ այլ հերոսի` հայ քրիստոնյա Սահակի կերպարի վրա (Վլադիմիր Մսրյան), և ֆիլմն էլ պիտի նվիրվեր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Սակայն թանկարժեք ֆիլմի նկարահանումը տնտեսական ճգնաժամի և շրջափակման պայմաններում օրեցօր դառնում էր անիրագործելի: Միայն 1998-ին հնարավոր դարձավ շարունակել աշխատանքները, այն էլ` խորհրդանշական գումարով: Այդպիսով, հմուտ մոնտաժի միջոցով օգտագործելով արդեն նկարահանված տեսարաններն ու դրվագները, հեղինակն արեց մի ֆիլմ այն մասին, թե ինչպես է պատմական կինոժապավեն նկարվում մեր ժամանակներում: Խոսքը «Խենթ հրեշտակ» (սց. համահեղ.` Ալեքսանդր Հովսեփյան) կինոնկարի մասին է, որտեղ արտացոլված են նաև մերօրյա կեցության հիվանդագին երևույթները: Միայն 2001-ին Բաբայանին հաջողվեց ֆիլմն ավարտի հասցնել: Ռեժիսորի դերում նկարահանվել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, իսկ «խենթ» հրեշտակի` Գաբրիելի դերը խաղացել է Միքայել Պողոսյանը: Այն երկվությունը, որ կարելի է տեսնել նրա կերտած հրեշտակի կերպարում, արտահայտում է նոր ժամանակներին բնորոշ արժեհամակարգի տատանումները, երբ խախտվում կամ բնավ ջնջվում են մարդկության կողմից սահմանազատված բարու և չարի, աստվածայինի և դիվայինի միջև եղած սահմանները: Իր հերթին, Սուրեն Բաբայանը 2003-ին հանդես եկավ Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» ֆիլմում, հենց գլխավոր հերոսի` վավերագրող ռեժիսորի դերում:
Մեկ հերոսի ճակատագրի բեկումների միջոցով նոր ժամանակների իրականությունն է պատկերված «Ժանո» (2004) ֆիլմում, որ Սուրեն Բաբայանը նկարել է իր իսկ սցենարով (օպեր.` Աշոտ Մովսիսյան): Սա սյուրռեալիստական դրամա է` հագեցած կատակերգական տարրերով: Գլխավոր դերում հանդես է եկել Ժան-Պիեր Նշանյանը: Ոճով և կառուցվածքով բավականին անսպասելի այս ֆիլմի հերոսը` Ժանոն, նրբաճաշակ պատկերներով հագեցած հիշողություններ, մի խոսքով, «գեղագիտական» մանկություն ունեցած արվեստագետ է` լուսանկարիչ, բայց ստիպված է ապրուստ վաստակել հարսանիք և թաղում, զանազան գովազդներ նկարահանելով: Մի օր «հեռավոր մանկությունից» նրա մոտ է գալիս մի ծերունի (Մացակ Հովհաննիսյան), որին միանգամից չի կարողանում ճանաչել Ժանոն: Նա զարմանքով նայում է գյուղից եկած ծերուկի ճամպրուկի պարունակությանը, որ իրեն ցույց է տալիս քաղաքում գնված կանացի մեծ չափսերի ներքնազգեստները, այնուհետև վերջինիս խնդրանքով Ժանոն լողացնում է նրան` հարազատի հոգատարությամբ: Մանկական երկաթուղին դառնում է գլխավոր հերոսի և նրա երբեմնի մանկության հանդիպատեղի: Նրանք` Ժանոն և փոքրիկ Ժանոն, միասին գնացք են նստում, զրուցում…
Այդպես էլ իր տեղը կյանքում չգտնելով` Ժանոն սեփական մահվան լուրն է տարածում ԶԼՄ-ների միջոցով: Բանը հասնում է մինչև իսկ հոգեհացին… Այս ամենից հետո, հերոսը ֆիլմի սկզբում կարծես իր հետևից եկած անցյալի կենդանի հուշ հանդիսացող ծերունու հետ վերադառնում է «Դրախտավայր» կոչվող գյուղ և, իսկապես, հեռանում է կյանքից` դառնալով դժբախտ պատահարի զոհ: «Ժանո» կինոնկարում ինքնակենսագրական են «գեղագիտական» մանկության դրվագները: Ժամանակին ունեին սփյուռքահայ մի հարևան, որ դպրոցահասակ Սուրենին «մատակարարում էր» Արևմուտքից բերված լուսանկարներ, որոնք նրա մոտ հայտնվում էին «Արևելքի Փարիզ» համարվող Բեյրութից…
Նկատի ունենալով հատկապես անցյալի դրվագներում առկա ոճազարդումները` պետք է ասել, որ այս ֆիլմն առանձնահատուկ է իր ձևի, ճաշակի առումով: Առհասարակ, Բաբայանի ֆիլմերում` սկսած դեռևս «Արարման ութերորդ օրը» կինոնկարից, միշտ առկա են հնաոճ, կենսագրություն ունեցող իրերը, որոնց առաքինի մաշվածությունն ու ֆակտուրան առանձնահատուկ կինեմատոգրաֆիկ մթնոլորտ են ստեղծում` լրացնելով գործող անձանց կերպարները, ինչ-որ տեղ բացահայտելով նրանց էությունն ու գործողությունները:
2009-ին Բաբայանը կրկին Ժան-Պիեր Նշանյանին է նկարահանում «Մի՛ նայիր հայելուն» այլաբանական ֆիլմում (ըստ Պերճ Զեյթունցյանի վիպակի): Այստեղ ակնհայտորեն երևում է, որ Բաբայան-ռեժիսորի համար նախընտրելի է մոգական ռեալիզմը: Այդ տիրույթներում էլ դեգերում է ֆիլմի գլխավոր հերոսը, որի անունը հենց Հերոս է: Վերջինս նախկին նկարիչ է և գոյատևելու համար ստիպված է վաճառել տան եղած-չեղածը… Երբ նա որոշում է բաժանվել ծնողներից հիշատակ մնացած սրբապատկերից, հանկարծ սկսում են տարօրինակ բաներ տեղի ունենալ: Ակնհայտ է, որ նրա անձը, տրոհվելով, կորցրել է սեփական եսը` իր արտացոլանքը: Հիմա նրա տան հայելում ուրիշ արտացոլանքներ են հայտնվում` իր հետ վարելով փիլիսոփայական բնույթի բանավեճ-զրույցներ: Մինչդեռ Հերոսի արտացոլանքը բնակություն է հաստատել մեկ այլ տան հայելու մեջ… Դառնալով նոր ժամանակների կերպարին` կարող ենք ասել, որ այս կինոնկարը բացահայտում է արդի հատկանշական մի իրադրություն` ոչ ոք և ոչինչ իր տեղում չէ: Վերջում, մեծ փորձությունների միջով անցած հերոս Հերոսը, ծնողների շիրիմի առջև ապաշխարելով, հավատի է գալիս:
Ֆիլմն աչքի է ընկնում հետաքրքիր դերասանական աշխատանքով: «Մի՛ նայիր հայելուն» ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոների, այդ թվում` Ուրուգվայի 29-րդ միջազգային կինոփառատոնի, Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթին: Ավելացնենք, որ ռեժիսոր Բաբայանը, հավատարիմ մնալով իր կինոզգացողությանն ու ինքնատիպ ճաշակին, այս ֆիլմում նույնպես գտնում և կիրառում է մի շարք կինեմատոգրաֆիկ հնարքներ, այդ թվում` հատուկ տեխնիկական էֆեկտներ (օպեր.` Գևորգ Սարգսյան):
Նման ֆանտաստ-աբսուրդիստական ոգով է արված և նրա «Փուշը» կինոնկարը (օպեր.` Թամմամ Համզա), ըստ Լևոն Խեչոյանի «Շաբաթ, կիրակի» պատմվածքի: Գլխավոր դերակատարը դարձյալ Ժան-Պիեր Նշանյանն է: Ֆիլմն սկսվում է գլխավոր հերոսի սպանությամբ: Նա ընկնում է թշնամու գնդակից ու սկսում արնաքամ լինել: Սակայն «… տիեզերքի մեջ` երկինք-գետնի արանքում, նկատել էին», թե ինչ է պատահել հերոսի հետ, որ ճանաչված գրող է, և «առանց օգնության չէին թողել»: Փուշը` դա նրա անունն է, հավատացած է, որ իրեն առանձնահատուկ են վերաբերվում հեռավոր մոլորակում: Բայց օգնություն, որպես այդպիսին, տեղ չի հասնում այլմոլորակայինի կողմից: Այնինչ, այդ օգնության սպասումը` հոգեվարքը, լցվում է գրող հերոսի երևակայական ցնորքներով, նաև` ապրվածի հիշողության տեսիլքներով, մինչև որ, հիրավի, վրա է հասնում մահը…
2018-ին Սուրեն Բաբայանն ավարտեց ևս մի ինքնատիպ գործ` «Հողաչափիչները» 18 րոպե տևողությամբ կարճամետրաժը: Այս անգամ հեղինակը ֆանտասմագորիկ եղանակով անդրադարձել է պատմական մեր ողբերգությանը: Կորուսյալ Հայրենիքի ամայի տարածքում, լքված եկեղեցու և խաչքարերի արանքում զավթիչների ներկայիս սերունդների երկու ներկայացուցիչ` ավագ ու երիտասարդ, հողաչափումներ են իրականացնում: Սակայն որքան էլ իրենք փորձեն «զգացմունքային» չլինել, միևնույն է, հողմապտույտները հեռավոր անցյալից բերում, իրենց ականջներն են լցնում հայի աղոթքներով ու հոգևոր երգերով…
Սուրեն Բաբայանին, ինչպես միշտ, հետաքրքրում են մարդկային կեցության` Գոյի հարցերը, որոնք նա սիրում է համեմել փիլիսոփայությամբ, երևակայության անսպասելի խաղերով ու մտապատկերներով: Մնում է սպասել, թե ինչպիսին կլինի նրա հաջորդ կինոանակնկալը:
Սիրանույշ Գալստյան