ՍԳԱՎՈՐ ՁՅՈՒՆԸ
-Մեր ձեռքի տակ արտակարգ բարձր գրական նյութ է,- ասում է բեմադրող ռեժիսոր ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանը։
– Թրուայայի մոտ բարու ու չարի պատմությունը՝ արտահայտված մարդկանց հարաբերությունների ելևէջներում, նրբագույն բախումներում, հասնում է խորհրդանիշի աստիճանի։ Ինձ թվում է՝ դա մեծ գրականության և, ընդհանրապես, իսկական արվեստի հատկությունն է։ Դա իր հերթին ենթադրում է մարդկային խոշոր, ընդհանրացված բնավորություններ։
Այդ իսկ պատճառով ու նաև նյութի թելադրմամբ մեր ֆիլմը խիստ դերասանական է։ Այդ բեռը հիմնականում կրում են դերասաններ Արմեն Ջիգարխանյանն ու Գուժ Մանուկյանը։ Պետք է ասեմ, որ հաճելի է աշխատել այս դերասանների հետ։ Դերասանական աշխատանքը, եթե կարելի է այսպես ասել, տարվում է մարդկային խորքի, ներքին շերտերի բացահայտման ճանապարհով։ Երկու հիմնական կերպարների հարաբերությունների ճշգրտությունը կորոշի ֆիլմի դեմքը։ Այս ամենից իհարկե, երևում է, որ ֆիլմը կամերային է։ Բայց, այնուամենայնիվ, մենք ձգտում ենք նկարչության, աշխատում ենք ստեղծել հմայիչ կոլորիտ։ Ընդհանրապես իմ նախասիրությունը նկարչական կինոն է, և իմ նախորդ ֆիլմերում ընդգծվում էր հատկապես այդ կողմը։
Ըստ իս, հետաքրքիր է նախ Տ. Մանսուրյանի երաժշտական լուծումը։
Ֆիլմի ամբողջ ընթացքում հնչում է մի գործիք՝ թավջութակ՝ Կարինե Գեորգիանցի կատարմամբ…