Հայկական ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է  «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։

Այս մասին հայտնում է կինոնկարի ռեժիսոր Իննա Սահակյանը՝ վստահության համար շնորհակալություն հայտնելով  Կինոակադեմիայի անդամներին։ «Այժմ, առավել քան երբևէ կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան, հատկապես, այսօր, երբ մեր երկիրը գտնվում է լայնածավալ ռազմական հարձակման տակ»,-ասել է ռեժիսորը ։

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուի գիտական աջակցությամբ եւ Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։

«Արշալույսի լուսաբացը» ստեղծվել է «Բարս Մեդիա»-ի կողմից (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա) և Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա) հետ համատեղ արտադրությամբ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Eurimages-ին, Հայաստանի ազգային կինոկենտրոնին, Լիտվայի կինոկենտրոնի, Arte/ZDF-ին, ինչպես նաև բոլոր այլ ֆոնդերին, դրամաշնորհներին և հիմնադրամներին, ովքեր օգնել են այս ֆիլմի արտադրությանը։

Հիշեցնենք, որ «Արշալույսի Լուսաբացի» հերոսուհին ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է, որը 14 տարեկանից ենթարկվում է աներևակայելի խոշտանգումների ու փորձությունների։ Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան։ ԱՄՆ-ում լույս է տեսնում Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը:  Մարդիգանյանի հուշերը դարձան գիրք («Հոշոտված Հայաստան»), իսկ գիրքը՝  ֆիլմ («Հոգիների աճուրդ»), որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն։

Մեծ եղեռնի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդը» նկարահանվել է 1918-ին։ Առաջին անգամ ցուցադրվել 1919 թփետրվարի 16-ին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ «Հոգիների աճուրդը» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց՝ առաջացնելով անհավանական իրարանցում։ Միայն վարձույթում այն հավաքել է 30 միլիոն դոլար՝  համր ֆիլմի համար աներևակայելի մեծ թիվ։ Մերձավոր Արևելքի Նպաստամատույց բարեգործական կազմակերպության հայտնած տեղեկությունների  համաձայն, հասույթն անցել է հարյուր միլիոնի սահմանը։ Հայտնի է նաև, որ ֆիլմի առաջին փակ ցուցադրությունների ժամանակ տոմսի արժեքը եղել է տասը դոլար, որը համարժեք է ներկայիս 700 դոլարին։

Ռ․Բ․