Անդրանիկ գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս» (1925 թ․)

Գեղարվեստական խորհրդի առանձին անդամներ հղացան առաջին գեղարվեստական ֆիլմի համար որպես նյութ մեր կլասիկ գրականության որևէ երկ ընտրելու միտքը: Եղան առաջարկներ նկարահանել Հ․ Թումանյանի «Անուշը», Ալ․ Շիրվանզադեի «Քաոսը», «Չար ոգի»-ն և «Նամուս»-ը, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն և այլն: Կանգ առան «Նամուս»-ի վրա, և որոշվեց այն դարձնել հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը: «Պետլուսկինո»-ի աշխատակից Ի․Մ․ Կրասլավսկին կազմեց ապագա ֆիլմի սցենարական պլանը և որոշվեց վերջնական սցենարի ստեղծումը հանձնել այն ռեժիսյորին, որը կհրավիրվի իրագործելու ֆիլմի բեմադրությունը:

Առաջ եկավ նոր դժվարություն: Ո՞վ պետք է լիներ այդ առաջին ֆիլմի ռեժիսյորը: Հայաստանում այդ տարիներին աշխատող դրամայի ռեժիսյորներից ո՝չ մեկը ծանոթ չէր կինոարվեստի առանձնահատկությանը և չէր փորձել իր ուժերը արվեստի այդ ճյուղում: Հայկինոյում որպես ադմինիստրատոր աշխատող դերասան Մ․ Գարագաշը տվեց կինոռեժիսյոր Համո Բեկնազարյանի անունը: Բանակցությունները Հ․ Բեկնազարյանի հետ դրական արդյունք տվին: Նա համաձայնվեց դառնալ «Նամուս» ֆիլմի բեմադրող- ռեժիսյորը և ինքն էլ կազմեց ապագա ֆիլմի սցենարը, որը և հաստատվեց Գեղարվեստական խորհրդի կողմից:

Հ․ Բեկնազարյանի Հայաստան փոխադրվելու և «Նամուս» ֆիլմի արտադրության մի քանի սկզբունքային հարցեր լուծելու կապակցությամբ անհրաժեշտություն զգացվեց կազմակերպել նրա հանդիպումը ժողկոմխորհի նախագահ Ս․ Լ․ Լուկաշինի հետ: Վերջինիս համեստ կահավորված բնակարանում, Թիֆլիսում, թեյասեղանի շուրջը տեղի ունեցած զրույցի ժամանակ, Բեկնազարյանը շարադրեց հայկական կինոարվեստի զարգացման հեռանկարները, խոսեց «Նամուս» ֆիլմի նկարահանման հետ կապված դժվարությունների մասին: Ս․ Լուկաշինը խոստացավ ամենայն աջակցություն ցույց տալ Հայաստանում արվեստի այդ նոր ճյուղի ստեղծմանը, միանգամայն ցանկություն հայտնեց, որ հետագա հայկական ֆիլմերում ցույց տրվի Հայաստանի տնտեսական շինարարությունը, երկրի տնտեսության վերականգնումը և սովետական նոր կյանքի ամրապնդումը քաղաքում և գյուղում:

Հաշվի առնելով, որ լոկ Երևանի կինոլաբորատորիայով հնարավոր չէր գեղարվեստական ֆիլմ արտադրել, բանակցություններ վարվեցին Վրաստանի Գոսկինպրոմի հետ՝ պավիլիոնային տեսարանների նկարահանման համար նրա ատելիեն օգտագործելու մասին:

Մնում էր ընտրել դերակատարներին: Հրապարակում չկային հայ կինոարտիստներ , դրամայի դերասաններից ո՝չ մեկը չուներ կինոյում նկարահանվելու փորձ: Սակայն ելնելով այն աներկբայելի սկզբունքից, որ դերասանը ֆիլմի հիմնական ստեղծագործող ուժն է, որոշվեց հաղթահարել մեր դրամայի դերասանների կինոսպեցիֆիկային անծանոթ լինելը և նկարահանումները կատարել նրանց մասնակցությամբ: Հրավիրվեցին լավագույն դերասանական ուժեր՝ Հ․ Աբելյան, Հասմիկ, Օ․ Մայսուրյան, Հ․ Ներսիսյան, Ա․ Ավետիսյան, Ն․ Մանուչարյան, Հ․ Խաչանյան և այլն:

Նկարահանումներն սկսվեցին Երևանում: Առաջինը «երկրաշարժի» տեսարանի նկարահանումն էր: Դերասանների անփորձ լինելը, լուսարձակների բացակայությունը, օժանդակող անձնակազմի անտեղյակ լինելը նկարահանման տեխնիկային և այլն՝ շատ էին դժվարացնում նկարահանման աշխատանքները: Սակայն կինոյի  էնտուզիաստները համառորեն հաղթահարեցին բոլոր դժվարությունները:

Նկարահանված կինոժապավենը լաբորատոր մշակման ենթարկվեց և էկրանի վրա ցուցադրվեցին Հայկինոյի «առաջնեկի» սկզբնական կադրերը, որոնք առաջացրին ներկա գտնվողների բուռն ոգևորությունն ու հրճվանքը: Ապա նկարահանվեցին մյուս տեսարանները՝ Սեյրանի և Ռուստամի ձիարշավը Դաղստանից Շամախի, և, ի վերջո, Թիֆլիսի կինոատելիեում ավարտվեցին նկարի պավիլիոնի տեսարանները:

Նկարահանման աշխատանքներն սկսվելուց  հինգ ամիս անց «Նամուս» ֆիլմը 1925թ․ ցուցադրվեց Երևանի հասարակությանը և ապա ֆիլմի բազմաթիվ պատճեներ չտեսնված հաջողությամբ ցուցադրվեցին լայնածավալ Միության բոլոր վայրերում: Երեք ամիս անընդհատ ֆիլմը ցուցադրվեց Մոսկվայում: Այդ օրերին «Մալայա Դիմիտրևկա» կինոթատրոնը վեր էր ածվել հայկական կուլտուրայի և արվեստի հանդիսավայրի:

Դ․Դզնունի