«Ես չեմ հարգում սիրողականաթյուն,- իր մասին ասում է ֆրանսիացի կինոդերասան Լուի Դե Ֆյունեսը։- Վարպետության հասնելու համար մեծ աշխատանք է պետք… Ինչպե՞ս եմ պահպանում իմ «մարզավիճակը»… Անընդհատ շարժվում եմ»։

Լուի Դե Ֆյունեսը ծնվել է 1914 թվականին պորտուգալական ծագումով ոչ հարուստ ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո հաճախում է Ռենե Սիմոնի դրամատիկական դասընթացները։ Կինոյի ճանապարհը դյուրին չի եղել։ Մի կտոր հացի համար նա աշխատել է որպես գծագրիչ, հաշվապահ, դեկորատոր, դաշնակահար… Նրա համար ստեղծագործական ուղու սկիզբը եղավ ռադիոն, ապա՝ բեմը։ Ֆյունեսի կինոդեբյուտը տեղի ունեցավ 1945 թվականին «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում։ Այդ օրվանից նա անընդհատ նկարահանվում է։ Սկզբում փոքր դերերում, որոնք հետզհետե սկսեցին «խոշորանալ»։ Նրան հաճախակի հրավիրում էին նկարահանվելու կատակերգություններում, վոդևիլներում… Այժմ Ֆրանսիայում նրա մասնակցությամբ 120 ֆիլմ գոյություն ունի։

Դե Ֆյունեսի հաջողության պատճառներից մեկն այն է, որ բնությունը նրան պարգևել է «մաքուր կինեմատոգրաֆիական» տրյուկները բնավորություն ստեղծելու հետ համատեղելու տաղանդ։

Նա կարողանում է կյանքով լցնել ամենագորշ դերերը և ամենաձանձրալի երկխոսությունները:

Թերևս ոչ բոլոր հանդիսատեսներն են սիրում այս դերասանին, ոչ բոլորին է դուր գալիս նրա խաղաոճը, բայց միշտ բոլորը ծիծաղում են նրա հերոսների չարաբաստիկ արկածների վրա։

Ֆյունեսի լավագույն ֆիլմերը, որոնք նրան բերել են համաշխարհային ճանաչում, ցուցադրվել են սովետական էկրանին։ Դրանք են «Հայրս, մայրս, սպասուհին և ես», որտեղ նա խաղում է շատ վառ, արտահայտիչ, թեպետ և անխոս, հարևանի դերը։

«Չի բռնված՝ գող չէ» ֆիլմում նա կատարում է գլխավոր, և, պետք է ասել, իր ամենալավ՝ որսագողի դերը։ Ապա սրանց հաջորդեցին «Սատանան և տասը պատվիրանները», ժանդարմ Կրյուշոյի և Ֆանտոմասի մասին կոմեդիաների սերիաները, «Մեծ զբոսանք», «Փոքրիկ լողորդը», «0սկար», «Նվագախումբ մարդը», «Պարոն Սեպտիմի ռեստորանը» և այլ ֆիլմեր։

Վերջերս մենք նրան կրկին հանդիպեցինք  «Ժանդարմը ամուսնանում է» ֆիլմում, և ականատես եղանք նրա ուրախ արկածներին։

Ասում են՝ բոլոր կատակերգակները կյանքում տխուր մարդիկ են։ Երևի այդ է պատճառը, որ Ֆյունեսը ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ ծիծաղեն։ Ուղղակի նա լավ գիտե ծիծաղի արժեքը։