Լաերտ Վաղարշյան․Ինչպես էր ստեղծվում «Առաջին սիրո երգը» ֆիլմը (մաս 3)
Լաերտ Վաղարշյանի՝ 1986 թ. գրված հուշերից։
Ինչպես էր ստեղծվում «Առաջին սիրո երգը» ֆիլմը
ՄԱՍ III
Այսօր մի լավ կադր նկարեցինք: Ծերուկ Վարունցի և Մելիք-Նուբարյանի անցումը հիասքանչ էր: Նրանք քայլում էին Երևանի փողոցով: Իրենց տան բակից դուրս եկան աղմկոտ լայն փողոց: Նրանք գնում էին Արսենի համերգին: Անշտապ քայլում էին ու զրուցում: Խոսում էին Արսենի մասին: Արսենի հայրը այնքան էլ ուրախ չի, որ գնում է որդու համերգին:
-Հագածս դուրը չի գալիս, ամաչում է, որ նա աշխատավոր շինարարի որդի է:
-Դա կանցնի, խելքը գլուխը կգա, դեռ ջահել է, – սփոփում է նրան Մելիք-Նուբարյանը:
Լավ, հուզիչ տեսարան է, բայց ես նրանում մի այլ բան էլ եմ տեսնում:
Դերասանները տուն-դեկորացիայի բակից դուրս եկան իրական կենդանի փողոց: Արվեստն ու կյանքը միաձուլվեցին: Դրանում առանձնահատուկ հմայք կա:
Ֆիլմի երկու ծերուկները իրականության մեջ երկու՝ իրապես ժողովրդական արտիստներ են (Հրաչյա Ներսիսյան և Վաղարշ Վաղարշյան), որոնք այդպես Երևանով քայլեցին իրենց կյանքի ընթացքում: Այդ երկու երևանցիները զարդարում են քաղաքն իրենցով: Տասնամյակներ շարունակ նրանք իրենց արվեստով հարստացնում էին համաքաղաքացիներին և հարստացրեցին Երևանի պատմությունը, նրա հոգևոր կյանքը: Նրանք հայկական կինո են բերում այն ամենն, ինչ հղկվում, բյուրեղանում էր հայկական թատրոնում: Նրանք ուղղորդում էին և ուղղորդում են հայկական թատերարվեստը և օգնում են հայկական կինոյի ստեղծմանը:
***
Արտյուշան[12] հոգիներս հանեց: Պետք է նկարեինք Արսենի անցնելը գիշերային փողոցով այն բանից հետո, երբ նա հորը հրաժեշտ տվեց: Որոշեցինք նկարել խաչմերուկին ճակատով կանգնած շենքի մոտ: Տեսախցիկը տեղադրեցինք այդ շենքի սյունազարդ պատշգամբում: Արսենը մթության խորքից անցնում է կինոապարատի ուղղությամբ: Սեփական ձայնը լսելով՝ նա գլուխը բարձրացնում է դեպի լուսավառ պատուհանները: Պատուհաններից երևում են պարողների ստվերները: Այդ երկու կադրերը նկարելը դժվար չէր: Բայց Արտյուշան որոշեց, որ պետք է դրանք այնպես նկարի, որ, իր խոսքերով, «դիտողի սիրտը ճմլվի»: Եւ այդ երկու կադրը մենք ամբողջ գիշեր էինք նկարում: Նա տանջեց իրեն էլ, ողջ խմբին էլ: Էկրանի վրա դիտեցինք: Կեցցե՛ Արտյուշան: Կարճ ժամանակում նա գտավ ֆիլմի ոճը և այդ տեսարանում ասես ֆիքսեց այն: Նա բնատուր ճաշակ և լավ ինտուիցիա ունի: Նա ոչ թե պարզապես զգաց ֆիլմի ոգին, բայց, իր հերթին, ուժգնացրեց այն իր կատարմամբ:
***
Բարձրացանք կառուցվող տան վրա: Շինարար բանվորները ցեմենտ էին շաղախում, վագոնետներով քար գլորում, քարտաշները վարպետորեն հղկում էին քարերը: Մյուս աշխատողները քարերը դնում էին պատի բետոնին՝ դիպուկ աչքով ստուգելով պատի ուղղանկյուն լինելը: Հրաչ Ներսեսովիչը այստեղ բարձրացավ: Նա պետք է վերածվեր նրանցից մեկի: Նրան գոգնոց հագցրեցինք, ձեռքը մուրճ տվեցինք: Իսկ նա պարզապես կեպին դրեց գլխին և քարտաշն արդեն պատրաստ էր: Նա չէր ճգնում աշխատավոր դառնալ, նա միանգամից դարձավ: Դա ցնցո՛ղ էր: Իսկ մինչ այդ պահը մենք մտավախություն ունեինք, որ նա չի մերվի իսկական աշխատավորների խմբի հետ: Ամբողջ տեսարանն անցավ աշխույժ, Մայիս Կարագյոզյանը մոտեցավ նրան, նամակը փոխանցեց, կատակեց. «երևի կնոջից է…»: Գնաց: Աշխատավոր Վարունցը կարդաց նամակը. «Եթե դուք ուզում եք տեսնել ձեր որդուն, ապա անցեք այսինչ հասցեում գտնվող ռեստորան…»: Մտածմունքի մեջ ընկավ՝ ահա և ողջ տեսարանը: Ահա, թե ինչ է նշանակում բնատուր դերասանը:
Իսկ հիմա, նայելով Ներսիսյան-աշխատավորին, ես մտածեցի՝ «հիմա դժվար կլինի նրան պատկերացնել ոչ բանվոր»:
***
Արսենի և նրա ընկերների դուրս գալը համերգից հետո միզանսցենում շատ աշխույժ ստացվեց: Բոլորը՝ Արսենը, Դոդիկը, Արսենի երկրպագուներն ու երկրպագուհիները ոգևորված էին սովորականի պես մեծ հաջողությամբ անցած համերգից, որ նոր էր ավարտվել: Նրանք, աշխույժ զրուցելով, ուղեկցում են Արսենին, սակայն հորդառատ անձրևը կանգնեցնում է նրանց մուտքի մոտ:
Իսկ հաջորդ կադրը նկարված էր բոլորովին այլ տեմպով. տեսախցիկից դեպի այդ խումբն ընթացավ Մելիք-Նուբարյանը: Ես ապշեցի նրանից, թե ինչպես դերասանը նետեց իրեն բնորոշ կայտառությունը, պլաստիկական թեթևությունը և վերածվեց տկար, դժվարությամբ շարժվող ծերունու: Սեփական հորս նայելուց անգամ մեղքս եկավ: Բայց ծերուկը տվյալ պահին հեչ տեղին չէր այդ ընկերախմբի համար: Մելիք-Նուբարյանը, շնորհավորելով Արսենին հաջողության առթիվ, այնուամենայնիվ հարկ է համարում նրա ուշադրությունը դարձնել երգի մի հատվածի վրա, որն, իր կարծիքով, Արսենը սխալ երգեց: Եւ հանկարծ Արսենի ընկերախմբից մեկը անհարգալից ու կտրուկ ընդհատում է նրան՝ հայտարարելով. «Արսեն Վարունցը միշտ անթերի՛ է երգում»: Ծերուկը լռում է, իսկ Արսենը բարեհոգաբար ներկայացնում է նրան իր ընկերներին. «Մի՛ զայրացեք, ընկերներ, նա իմ առաջին ուսուցիչն է»: Հետո, ծերուկի ձեռքից խլելով հովանոցը, շպրտում է նրան. «Մերոնց կասես, որ ուշ եմ գալու» և խմբի հետ շտապում է դեպի մեքենան:
Դրվագի երրորդ, ավարտական կադրն արդեն այլ ռիթմով է ընթանում: Չսպասելով անձրևի ավարտին (ֆիլարմոնիան փակվում է)՝ Մելիք-Նուբարյանը շենքից դուրս է գալիս ու իր ծերունական քայլվածքով քայլում հորդառատ անձրևի տակ: Այդ կադրը բավական ծավալուն մետրաժ ունի, սակայն այն նայվում է, դեռ մի բան էլ՝ խորապես հուզում: Թվում է, թե աղմկոտ երիտասարդներով այդ դրվագում տկար ծերունու հայտնվելն անտեղի է՝ նրան նայելն անհետաքրքիր է: Բայց ծերուկը ոչ միայն նայվեց այդ դրվագում, բայց և զգացմունքային գիծը շեղեց իր կողմ: Եւ դա իր անբացատրելի, հիպնոսացնող խաղով արեց Վաղարշ Վաղարշյանը: Նկարահանման ժամանակ իրոք որ նյութականանում են զգացմունքները: Սցենարում այդ դրվագը հագեցած չէր նման ծայրահեղ զգացմունքներով:
***
– Դրվագների մի ամբողջ շարք չենք կարողանում նկարահանել երգերի բացակայության պատճառով,- աշխատում եմ ասել հնարավորինս համոզիչ կերպով:
Առնոն[13] ցրված հայացքով անշարժ կանգնած է դիմացս: Ես գիտեի, որ Առնոյին մի ցնցում է պետք, որպեսզի հասնի «եռման կետին», որպեսզի սկսի գրել, այդ իսկ պատճառով կրկնեցի. «Առանց երգերի այլևս նկարահանել չենք կարող»: Աչքերից պարզ դարձավ, որ նա արդեն «հասնում» է: «Դու մի բան հասկացի՛ր, ես պլանների մասին չեմ խոսում, դա այնքան էլ սարսափելի չէ: Ավելի սարսափելի կլինի, եթե խմբի անդամների տրամադրությունը փոխվի, եթե ստեղծագործական կիրքը կորչի: Առանց պատրաստ երգերի մեր ձեռքերը կապված են»: (Ըհը՝ նա ինչ-որ բան է սկսում շվշվացնել): «Բացի այդ, մենք գալիք շաբաթ երգերը ձայնագրելու պայմանավորվածություն ունենք ԽՍՀՄ Պետկինոյի հետ: Եթե բաց թողնենք…»: Նա արդեն մի ողջ ֆրազ երգեց: Ես մտածեցի՝ չլռե՞մ: Բայց՝ ոչ, կարծես մի բան էլ է պետք ասել: Բայց ի՞նչ: Դե, իհարկե, որ նրա երգերին անհամբեր սպասում են:
Այդ պահին մեզ մոտեցան Յուրան, Խորիկը և Ժիրայր Գրիգորևվիչը: Ասես վախենալով, որ հիմա նրանք էլ են սկսելու իրեն համոզել, Առնոն, բոլորին աչքի անցկացնելով, ասաց.
-Գործիք է պետք:
Ժիրայր Գրիգորևիչն առաջարկեց իր տուն գնալ: Գնացինք: Առնոն առջևում էր քայլում: Մենք նրա ետևից էինք գնում՝ հոգատարությամբ նրան շրջապատած, ասես մի փխրուն ծաղկաման տանեինք: Իսկ նա, և դա զգացվում էր, արդեն հնչյունների տիրապետության տակ էր, ավելի ճիշտ՝ հնչյուններն էին նրա տիրապետության տակ: Նա քայլում էր վստահ, բայց և հանգիստ, և նրա գլխում ակնհայտորեն ծնվում էին սպասված հնչյունները՝ հարկ եղած հաջորդականությամբ: Մեր երթը տևեց մոտ տասնհինգ րոպե: Հենց որ մտանք Հակոբյանների տուն, Առնոն անմիջապես նստեց գործիքի մոտ: Մենք բոլորս լուռ հետևում էինք, թե ինչպես է նա ֆրազը ֆրազի ետևից կառուցում երգը: Իսկ հետո ֆրազը ֆրազի ետևից երգում: Մենք նրան ոգեշնչում էինք մեր լուռ հիացմունքով: Եւ անծանոթ մեղեդու հնչյունները Առնոյի հոգուց դուրս էին պրծնում լույս աշխարհ:
Երաժշտական ստեղծագործության, հատկապես երգի, ծնունդը նորածնի ճիչի է նման: Մեղեդի հյուսող հնչյունները զարմանք են հարուցում, իսկ եթե երգը լավն է, ինչպես որ Առնոյին է հաջողվում, ապա և անկեղծ բերկրանք: Խորիկն արդեն ձայնակցում էր Առնոյին: Իսկ երբ երգն արդեն ավարտված էր, մենք խմբով ոգևորված երգում էինք (ինչպես հետո Առնոն ասաց՝ «աղավաղումից ոչ զերծ»): Գործիքն արդեն վաղուց Առնոյի հիպնոտիկ իշխանության մեջ էր: Մեղեդիով ուղղորդվող նրա մատները ստեղներին էին հարվածում: Մենք ոչ միայն ուրախություն, այլ թեթևություն զգացինք՝ գործն արված է, երգը կձայնագրենք ժապավենի վրա և նկարահանումը կշարունակվի: Հիմա Առնոյին կարծես էլ ոչինչ չի կանգնեցնի: Մի փոքր ընդմիջումից հետո նա կրկին գործիքի մոտ նստեց: Մենք կրկին շրջապատեցինք նրան և լսում էինք, թե ինչպես է նա երկրորդ երգը հորինում: Այս գործն ավելի թեթև ընթացավ: Եւ կրկին, երբ նա ավարտեց հորինելը, մենք այս երգն էլ խմբով երգեցինք: Զարմանալի վիճակում էին բոլորը. թվում էր, թե հեշտ ու արագ են գրվում երգերը: Մենք ուրախ կլինեինք անգամ մեկ երգի համար, իսկ այժմ ունենք երկուսը: Եւ հանկարծ Առնոն առաջարկեց երրորդ երգն էլ հորինել: «Այ քեզ բա՜ն»,- մտածեցինք մենք: Երրորդ երգն այն է, որն Արսենը պետք է երգեր գիշերը, երբ ընկերների հետ գալիս է իր տան բակը: Երգը պետք է ժողովրդական լիներ:
Եւ այստեղ, ժողովրդական երգերի հրաշալի գիտակ և ոչ պակաս հրաշալի կատարող Խորիկը սկսեց մեկը մյուսի ետևից քաղաքային ֆոլկլորից երգեր երգել: Առնոն կանգ առավ դրանցից մեկի վրա և անմիջապես կատարեց իր մեկնաբանությամբ: Այս երգի վրա նա արդեն շատ կարճ աշխատեց: Խորիկը ցնցված էր: Նա այդ երգը երգում էր ողջ ձայնով, զգացմունքով, գեղեցիկ: Այս երգը դրամատուրգիապես ճիշտ համապատասխանում էր դրվագին:
***
Մի անգամ զրույցի մեջ հայրս ասաց.
-Մարդկության պատմության ողջ ընթացքում բարոյական խնդիրները չեն փոխվում:
Ես սրեցի ականջներս: Իսկ նա, նույն հանդարտությամբ, շարունակեց խորհելը.
-Ինչպես որ ծովային կենդանինենրն են բնակվում ծովային խորխորատում, այնպես էլ մարդիկ են ապրում բարոյական խնդիրների հորձանուտում: Ծովը միշտ շարժման մեջ է՝ մեկ կըմբոստանա, կկատաղի, մեկ էլ ասես կհանդարտվի, բայց միշտ շարժման մեջ է: Ես մտապահեցի. բարոյական խնդիրներ՝ ծով, որում մարդիկ ապրում են: Այդ խնդիրները միշտ շարժման մեջ են: «Բարոյական խնդիրները մարդկության պատմության ողջ ընթացքում չեն փոխվում»: Մեր ֆիլմը, թող որ բավական երկչոտաբար, դիտարկում է որոշ բարոյական ալիք-խնդիրներ: Կարելի՞ է, արդյոք, ասել, որ մենք անդրադառնում ենք հավերժական խնդիրների: Կարծում եմ, որ ֆիլմի համար ավելի լավ կլինի, եթե մենք հենց այդպես մտածենք:
***
Էմմա Սուդակովան Ռուզանի դերում լավն է, նա ընդունակ է զարմացնել, դերը հարստացնել նոր երանգներով, ինչը մի լավ կենդանացնում է կերպարը: Նկարահանում ենք Վարունցների բնակարանը: Նկարեցինք նրա մասնակցությամբ մի քանի հրաշալի պլաններ: Նա ճկուն, փափուկ դերասանուհի է: Նրա կատարմամբ Ռուզանը և՛ խոնարհ է, և՛ կամային: Նրա մեջ հաստատ ավանդական հայ կնոջից մի բան կա՝ ողջախոհություն և ճկուն բնավորություն: Նա ունի ջինջ աչքեր, որոնցում արտացոլվում են հոգու չնչին իսկ տատանումները: Նա լսում է ռադիոյով հեռարձակվող Արսենի երգելը: Նա ուզում է զսպել արցունքները, բայց չի կարողանում: Նա շատ արագ ու հմուտ կերպով կոնտակտ հաստատեց չորս-հինգ տարեկան տղայի հետ, որը նրա որդու դերն էր տանում: Եւ տղան նրանում տեսավ մի բարի մորաքրոջ:
***
Եկանք Մոսկվա երգերի ձայնագրման, իսկ մի երգը դեռ չկար: Այսօր Առնոն ինձ խնդրեց մտնել այդ երգը վերցնելու՝ «Երևանի մասին երգը»: Ես մտա նրա տուն, մտածելով, որ հիմա նա ինձ համար կերգի այդ երգը: Ինձ ներս թողնելով բնակարան, նա անմիջապես նստեց դաշնամուրի մոտ և սկսեց նվագել դեռ կիսատ երգից մի հատված: Ամեն ինչ պարզ է. նա ինձ կանչել է, որպեսզի միասին ավարտենք երգի հորինելը: Նրան գործընկեր էր պետք, ում համար որ նա կնվագեր, նրան հարկավոր էր իմ արձագանքը տեսնել: Իսկ ես այդ առումով հարմար գործընկեր եմ՝ կարողանում եմ լսել, անհրաժեշտ տրամադրությունը պահել: Կրկներգը ստացվել էր երկու անգամ ավելի մեծ, քան նախատեսված էր տեքստով:
– Պետք է ևս երկու տող տեքստ հնարել,- ասաց նա ինձ: Մինչ նա հղկում էր մեղեդին, ես հորինեցի այդ երկու տողերը.
Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագու՛յն ընկեր ,
Քեզնով ապրել եմ, քեզնով երգել…
Մենք երեք ժամից ավել չաշխատեցինք: Այդ ընթացքում Առնոն հղկեց և այս երգը: Ես հանգստացա: «Երևանի մասին երգը» գրպանումս է:
Հարոլդ Ռեգիստանը ռուսերեն տարբերակի համար թարգմանեց երգերի տեքստերը: Իսկ «Երևանի մասին երգը» նա չհավանեց:
-Մյուս երգերը ես արեցի առանց ներքին դիմադրության: «Սիրո երգը» կամ «Առաջին սիրո երգը» բնավ պարտադիր չէ տառացի թարգմանել: Որքան ես հասկանում եմ, ֆիլմի սյուժեն չի պահանջում ճշգրիտ թարգմանություն: Բայց այ «Երևանի մասին երգը»…: Դուք ինձ պետք է օգնեք զգալ այն: Ես ստիպված էի կրկնել այն ամենն, ինչ արդեն ասել էի նրան: Բայց նկատելի էր, որ նա չի ընկալում խոսքերս: Գնացինք ռեստորան, խոսեցինք դեսից-դենից, բայց երբ փողոց դուրս եկանք, Հարոլդը հանկարծ ինձ կանգնեցրեց.
-Լսի՛ր, այդ ո՞նց էիր դու ասում «Երևանի մասին երգի» վերաբերյալ: Կրկնի՛ր, հապա: Ես ուզում եմ մեկ անգամ էլ քեզ լսել:
Կարծես թե հիմա նա պատրաստ էր ըմբռնել խոսքերս: Ես նրան կրկին ասացի, թե ինչ է իրենից պահանջվում, և որոշեցի միևնույն ժամանակ գրի առնել այն ամենն, ինչ ես նրան ասում եմ, որպեսզի հարկ եղած դեպքում նորից չկրկնվեմ, այլ նրան տամ պատրաստ տեքստը:
-Սեփական փորձից գիտեմ, որ երևանցիները շատ աշխույժ են ընդունում իրենց քաղաքի զարգացումը: Օրինակ, ինձ համար, կարծում եմ՝ այլոց համար նույնպես, առանձնահատուկ ուրախություն կլիներ տեսնելը, որ քաղաքում հայտնվեց ևս մեկ չորսհարկանի տուն:
-Հինգհարկանի տու՛ն, – հիացմունքով նշում էինք մենք մեր խոսակցություններում, երբ որ առիթ էր լինում. այն ժամանակ դա հազվագյուտ բան էր:
Փողոցներով անցնելիս՝ ես սովորություն ունեի հիանալու մի նոր պուրակով, սիզամարգով, հուշարձանով: Ամեն նոր բան նկատվում էր մեխանիկորեն, ակամա, անկախ մեզ զբաղեցնող մտքերից: Դա հագուրդ էր տալիս քաղաքը մեծ, ժամանակակից, գեղեցիկ, այսինքն՝ զարգացող, շուտ տեսնելու մեր պահանջին: Չէ՞ որ ինչ որ իմաստով դա նպաստում էր և մեր աճին ու զարգացմանը: Հենց այդ զգացողության մասին դու պետք է խոսես Երևանի մասին երգի տեքստում:
Մենք թափառում էինք նրա հետ Մոսկվայի փողոցներով մինչև ուշ գիշեր: Հաջորդ օրը նա բերեց և այս երգի տեքստը:
Երգերը ձայնագրում էինք Դոկումենտալ ֆիլմերի կենտրոնական ստուդիայի տաղավարում: Յուրաքանչյուր երգը՝ մի քանի տարբերակով: Եւ՛ Առնոն, և՛ Հարոլդը ճշտում ու ճշգրտում, հղկում հա՛ հղկում էին երգերը: Երգիչ Սերգեյ Դավիդյանը՝ հումորով, հմայիչ, պարտաճանաչ, բայց «բզիկներով» մարդ, շատ էր ջանում: Յուրաքանչյուր դուբլի կատարումից հետո նա մոտենում էր մեկ Յուրային, մեկ ինձ և տարբեր կերպերով կրկնում նույն միտքը՝ ինչու՞ ես պետք է երգեմ, իսկ ուրիշը խաղա երգչի դերը: Չէ՞ որ ես հա՛մ երգիչ եմ, հա՛մ դերասան, իսկ նա՝ միայն դերասան: Մի՞թե նա ինձանից հետաքրքիր է: Ստիպված էինք տակից դուրս գալ՝ խոստանալ, որ կնկարահանենք նրան հաջորդ ֆիլմում: Այդպես էլ ստացվեց. «Կոչված են ապրելու» ֆիլմում Սերգեյ Դավիդյանը խաղաց իտալացու դերը, հետն էլ, ի դեպ, կատարեց իտալական երգը:
***
Նկարեցինք ջազ-նվագախումբը և երգող Արսենին: Ջահերը շողշողում են, բեմը ողողված է լույսով, երաժիշտների սև սմոքինգները…: Արսենի ձյունաճերմակ կոստյումը…: Այդ ամենը համերգին տոնականություն հաղորդեց: Իսկ եթե պատկերացնենք հանդիսատեսի հիացած հայացքները, որոնց մոտակա օրերին կնկարենք, ծափահարությունները, բացականչությունները, ծաղիկները, ինքնագրերը, ապա իրոք երիտասարդ երգիչը կարող է կորցնել գլուխը: Իհարկե, դեռևս չձևավորված բնավորությամբ, կյանքի սակավ փորձ ունենալով, Արսենն իրոք կարող է երևակայել, որ նա աշխարհի կենտրոնն է: Թերևս, կյանքում էլ, որքան որ ինձ հայտնի է, բոլոր էստրադային երգիչները այս կամ այն չափով ինքնասիրահարված են: Մասնագիտությունն է նրանց այդպիսին դարձնում: Եւ ահա, մի հարց է առաջանում. որքանո՞վ ենք մենք՝ հեղինակներս, իրավացի, որ այդչափ դաժան ենք պատժում Արսենին այդ ինքնասիրահարվածության համար:
Նա հարբած վիճակում դուրս է գալիս բեմ, երգում այլանդակ կերպով: Բարձր նոտայի վրա նրա ձայնը կտրվում է: Հասկանալով, որ նա ի վիճակի չի երգել, հեռանում է բեմից: Եւ միայն դրանից հետո է նա սկսում լրջորեն խորհել իր կյանքի մասին: Թվում է, թե այս պատմությունը առանձնապես օրիգինալ չի հորինված: Բայց այն իրական է, և Խորիկը դա հստակորեն զգում է, այդ իսկ պատճառով Արսենի կերպարը նրա կատարմամբ ճշմարիտ է: Արտիստի դրաման Խորիկը փայլուն խաղաց:
***
Արսենի և Օֆելյայի տեսարանի համար մենք որոշեցինք դերասանական հանդերձարանի դռան վրա անթափանց ապակիով ութանկյուն պատուհան անել՝ Օֆելյայի հասակի բարձրության, որը գալիս է սփոփելու Արսենին և նրա հետ կիսելու իր տապալումը: Հանդերձարանում փակված Արսենը չի պատասխանում նրան: Դռան պատուհանում մենք տեսնում ենք Օֆելյայի ուրվապատկերը: Այդպիսով, ողջ տեսարանը անցնում է Արսենի և Օֆելյայի ուրվապատկերի պլաններով: Հանդերձարանում նստած, իրեն հայելում նայելով, Արսենը ներքին ռադիոկապով լսում է, թե ինչպես է նվագախմբի տնօրինության ներկայացուցիչը դիմում հանդիսատեսին. «Հարգելի ընկերնե՛ր, մենք հայցում ենք ձեր ներողամտությունը. արտիստ Արսեն Վարունցը երգել չի կարող: Նա հարբած է: Նա կպատժվի» և այլն: Երբ Օֆելյան համառորեն խնդրում է դուռը բացել, նա կոպտորեն վիրավորում է նրան, այնքան է ցնցված կատարվածով: Արտյուշան այդ տեսարանը նկարահանեց մեծագույն սիրով և ոգեշնչմամբ: Խորիկը նրա անունը դրեց «Մաէստրո», և դա նրան թևեր տվեց: Դրանից հետո մենք բոլորս սկսեցինք նրան հենց այդպես կոչել: Ուրեմն, մեր այդ Մաէստրոն ոգեշնչված նկարելով դրվագը, մի լավ տանջեց Խորիկին: Ինքն էր մեղավոր: Չնայած, Խորիկը սիրով էր հետևում «Մաէստրոյի» բոլոր ցուցումներին:
***
Հրաչյա Ներսիսյանի խաղի համար ես լրիվ հանգիստ եմ: Նա միշտ արժանահավատ է: Հոյակապ կարող է կրել կոստյումը և բանվորի կեպին: Իսկ Խորիկն ինչպե՞ս կխաղա: Անթույլատրելի է, որ նա զգացմունքայնության չափն անցնի, նա ունի նման հակում: Թեպետ, միևնույն ժամանակ, նա մի անգամ չէ, որ ապացուցել է, որ զուրկ չէ չափի զգացողությունից, անգամ երբ ստիպված է խոր դրամա վերապրել:
Իսկ Յուրային այլ բան էր անհանգստացնում: Նա վախենում էր, որ ռեստորանի տեսարանում, այն միզանսցենում, որ հայրն ու որդին գինի են խմում, բանը կհանգեցնի նրան, որ Հրաչյա Ներսեսովիչը իսկականից գինի կխմի: Այդ իսկ պատճառով, օգնականներին հատուկ հրահանգված էր, որ Հրաչյա Ներսեսովիչին հանկարծ իսկական սպիրտային չհրամցնեն: Բայց, ինչպես հետո պարզվեց, վերջը հրամցրեցին: Հետո միայն իմացանք, որ Հրաչյա Ներսեսովիչը ասել է մատուցողի դերը տանող Բաբկեն Օրդոյանին՝ հանքային ջուր բե՛ր, խնդրում եմ: Նա էլ բերել է մի շիշ հանքային ջուր, իսկ մեջը օղի էր: Այնպես որ, Հրաչյա Ներսեսովիչը հենց տեսախցիկի առջև, յուրաքանչյուր դուբլի հետ խմում էր: Հետո նա մեզ բացատրեց, որ դա իրեն հարկավոր էր, որպեսզի տեսարանն անկեղծ խաղա:
Ես այստեղ ոնց որ թե ճշմարտությունը գրեցի, իսկ հետո մտածեցի՝ գուցե ինձ նախատե՞ն այն բանի համար, որ Հրաչյա Ներսեսովիչի մասին գրառումներում այդքան հաճախ է հանդիպում այդ «մանրուքը», որ հռչակավոր դերասանի մասին արժե գրել՝ բաց թողնելով նրա այդ «թուլությունը»: Բայց բանն էլ հենց այն է, որ այդ «թուլությունը» ամենևին էլ մանրուք չէ հանրաճանաչ դերասանի բնութագրում: Այդ գիծը նրա կեցության կարևոր պայմանն է, գուցեև (հենց այդ մասին ես վերջերս հաճախ եմ մտածում) նրա հզոր տաղանդի բացահայտման կարևոր պայման, այսպես ասած՝ տաղանդի կատալիզատոր: Ես հանդգնում եմ պնդել, որ նա նվազ հանրաճանաճ և սիրված կլիներ հանրության ամենալայն շրջանակների կողմից, եթե այդ թուլությունը չունենար:
Նրան ճանաչելով ավելի քան երկու տասնամյակ, նույն մուտքում նրա հարևանը լինելով և վերջին տարիներին աշխատելով նրա հետ, ես համոզվեցի, որ Հրաչյա Ներսեսովիչի մարդկային և դերասանական հմայքը զգալի չափով սնվում է այդ «մանրուքով»: Հապա ինչու՞ այդ մասին չխոսել: Ինչու՞ բաց թողնել նրա անհատականության այդ կարևոր առանձնահատկությունը, եթե ես համոզված եմ, որ առանց այդ «մանրուքի» նրա բնութագիրը ոչ լիարժեք կլինի:
[12] Արտաշես Ջալալյան, 1913 – 1985: 1929-1934 թթ.՝ Հայկինոյի դերասան, 1934 թ.-ից Հայֆիլմի օպերատոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966):
[13] Առնո Բաբաջանյան, 1921-1983: Կոմպոզիտոր և դաշնակահար: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), Խորհրդային Միության (1971) և ՀԽՍՀ (1962) ժողովրդական արտիստ։ Արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի (1967 և 1983), Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի (1951) «Հերոսական բալլադի» համար:
Թարգմանությունը և ծանոթագրությունները Լիլիթ Սարգսյանի