Լաերտ Վաղարշյան․Ինչպես էր ստեղծվում «Առաջին սիրո երգը» ֆիլմը (մաս 4)
Լաերտ Վաղարշյանի՝ 1986 թ. գրված հուշերից։
Ինչպես էր ստեղծվում «Առաջին սիրո երգը» ֆիլմը
ՄԱՍ IV
Կան տեսարաններ, որոնք ասես իրենք իրենց ստացվում են: Դերասաններին ուղղորդելու կամ միզանսցեններ երկար ու տանջալիորեն որոնելու համար ջանք չի պահանջվում: Այդպիսի տեսարաններից մեկը նկարեցինք:
Գիշեվա կեսին, երբ հիվանդ Մելիք-Նուբարյանը զրուցում է Վարունցի հետ, լսվում են նվագախմբի բարձր հնչյունները և երգող Արսենի ձայնը: Արսենն ու իր ընկերները մեքենայով մտել են տան բակը և անզուսպ զվարճանում են: Ամռանը բաց պատուհաններով, պատշգամբներում, տների կտուրներում քնած մարդիկ, շանթահարված գիշերային լռությունը թնդեցրած նվագախմբի որոտից, արթնանում են: Դերասաններն, ամենքն իր կերպարում, արձագանքում են այդ իրավիճակին: Հայր-Վարունցը բակ է իջնում, որդուն նախատում այդպիսի վարքագծի համար: Դոդիկը՝ Արսենի ընկերը, ասում է. «Դե, իհարկե, քարտաշն ի՞նչ իմանա՝ արվեստն ինչ է»: Լսելով այդ՝ հայրը կատաղի նետում է որդուն.
– Հեռացի՛ր ընկերներիդ հետ, ոտքդ չտեսնե՛մ այս տանը:
Արսենը, թեպետև պախարակում է Դոդիկի արարքը, սակայն հոր խոսքերից վիրավորված՝ լքում է բակը:
Մենք էլ լքեցինք նկարահանման հրապարակը, չկասկածելով, որ տեսարանը ճիշտ է նկարահանված: Որտեղի՞ց է տեսարանի ընկալման այսպիսի միաբանությունը տառացիորեն բոլոր մասնակիցների կողմից, չէ՞ որ այսպես հազվադեպ է լինում: Ըստ երևույթին նրանից է, որ դրվագը բոլորի կողմից ճանաչելի է և սցենարում մանրակրկիտ կերպով մշակված: Եւ մենք նկարահանում էինք այն զգացողությամբ, որ հավատարիմ ենք և՛ սցենարին, և՛ կյանքի ճշմարտությանը:
***
Եւս մեկ անգամ երկու կորիֆեյների մասին:
Տնից ստուդիա էի գնում: Օպերային թատրոնի հրապարակում հանդիպեցի անշտապ քայլող Հրաչյա Ներսոսովիչին: Հավասարվեցի նրան, միասին գնացինք:
– Հիանում եմ քեզանով, թե ի՜նչ եռանդուն ես,- ասաց ինձ Հրաչյա Ներսեսովիչը:
Ես իրոք ծայրաստիճան գործունյա տեսք ունեի. ձեռքիս ունեի թղթապանակ, թարմ կոստյումով էի, չէի քայլում՝ սլանում էի:
-Քո տարիքում ես էլ էի այդպիսին:
-Դուք հիմա էլ վատ տեսք չունեք, – տափակություն դուրս տվեցի ես:
Նա հոգնած նայեց ինձ, լռեց: Լուռ էինք քայլում: Ես ուզում էի պոկվել նրանից ու արագ քայլել: Դանդաղ տեմպը ինձ համար չէր: Հանկարծ, մեր առջև հայտնվեց լուսանկարիչը: Թատերական ժեստով կանգնեցրեց մեզ.
-Ուզեք թե չուզեք, ես ձեզ լուսանկարելու եմ, – ասաց նա: Արագ տեղավորվեց մեր դիմաց, նայեց ոսպնյակին ու չրխկացրեց:
-Ես երջանկացրեցի քեզ, – ասաց լուսանկարիչը, – ի՜նչ դերասանի հետ նկարեցի:
Շարունակեցինք մեր ճանապարհը: Հրաչյա Ներսեսովիչը անկումային տրամադրություն ուներ:
-Մտքովդ չէր էլ անցնի չէ՞ ինձ հետ լուսանկարվես:
-Ոչ,- անկեղծորեն խոստովանեցի ես: – Դեռ կհասցնենք:
Հրաչյա Ներսոսովիչի աչքերը լայնացան: Նա հայացք նետեց ինձ վրա ու բարկացած ասաց.
-Այդ ե՞րբ կհասցնես:
Հաստատ քեֆը տեղը չէր: Ես որոշեցի կատակել:
-Հրա՛չ քեռի, ի՞նչ կա, հո չե՞ս թախծում:
-Հիմար մի՛ ձևացիր, – խստորեն ասաց Հրաչյա Ներսեսովիչը:
Սա նրան նման չէր: Ես սովոր էի նրա անհասկանալի բառախաղերին, բազմանշանակ միջակետերին, Ամանորի անտեղի շնորհավորանքներին տարվա ցանկացած եղանակի: Եւ ես գիտեի, որ այդպիսով նա լիցքաթափվում է, հիմարացնում է ուրիշներին և ինքը անհոգ ձևանում: Իսկ հիմա նա առանց այլաբանությունների ակնհայտորեն խոսում էր տխուր բաներից: Իսկ հետո նվաղած ձայնով չափից լուրջ արտաբերեց.
-Ինձ մնացել է երեք-չորսը տարի ապրել…, – և, դադարից հետո, – արագացրե՛ք ինձ նկարահանելը:
Ես արդեն չէի ձգտում պոկվել նրանից, բայց և չգիտեի, թե ինչպես սփոփել:
Բարեբախտաբար, շուտով մեզ ընդառաջ եկավ Հրաչյա Ներսեսովիչի ծանոթ տղամարդկանց մի խումբ: Տեսնելով նրանց՝ Հրաչյա Ներսեսովիչը անմիջապես կերպարանափոխվեց, իր սովորությամբ աղմկոտ ողջունեց նրանց և, մոռանալով իմ մասին, նրանց հետ գնաց:
***
Հայրս անկողնում պարկած Մելիք-Նուբարյանի դերը շատ համոզիչ էր խաղում. հայացքն անկարող, ձայնը թույլ, շարժումները դանդաղած: Ես անգամ ինձ վատ զգացի, թեպետ գիտեի, որ դերն է դա պահանջում, որ հերոսը հիվանդ է, դերասանն էլ խաղում է անհրաժեշտ վիճակը: Եւ միևնույն է՝ տհաճ էր նրան այդ վիճակում տեսնելը: Ես նրան ասացի այդ մասին, երբ նա հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է նկարված նյութը:
-Չէ՞ որ ես հիվանդ էի խաղում, ըստ տեսարանի պահանջի, ինչպես որ հարկավոր էր ձեզ՝ ռեժիսորներիդ:
Իսկ հետո, ըմբռնելով հայացքս, ժպտաց.
-Դե լավ, ի՞նչ ես զգացմունքների գիրկն ընկել, երիտասարդի դեր տուր ինձ և կտեսնես…: Ես, փառք աստծո, դեռ կայտառ եմ, եռանդուն: Դե, տու՛ր ինձ երիտասարդի դեր և ես ոչ թե կքայլեմ, այլ կսլանամ: Ես դա կարող եմ, դու գիտես: Եւ՛ պլաստիկան, և՛ անգամ արտաքինս կլինեն ինչպես երիտասարդի մոտ: Ահա՝ Սիրանո եմ պատրաստում: Եւ դու այնտեղ ինձ կտեսնես, աշխույժ երիտասարդները կնախանձեն:
Այդպես նա փարատեց տհաճ մտքերս:
Իսկ ահա վերջերս, տանը, նա դուրս եկավ իր աշխատասենյակից (գրքի վրա էր աշխատում) և հանկարծ մտահոգված ասաց.
-Հետս անհասկանալի բան է կատարվում…:
Ես ուզում էի հասկանալ՝ ի՞նչ: Հարցականորեն նայեցի նրան: Եւ հայրս հանգիստ, բայց թախծոտ ասաց.
-Միայն թե հասցնեմ: Դեռ շատ բան կա անելու:
Նա ընկճված էր, և ես որոշեցի անցնել ուրախ ռեգիստրի.
-Իսկ դու մի քանի հնգամյակի հստակ պլան կազմի՛ր և խստորեն կատարի՛ր այն:
Նա նայեց ինձ և կամաց ասաց.
-Բանն էլ հենց այն է, որ ինձ թվում է, որ երկու-երեք տարուց ավել չեմ կարող պլանավորել:
Նա ընդամենը վաթսուներեք տարեկան է: Հրաչյա Ներսեսովիչը՝ մեկ տարով պակաս: Այս ի՞նչ են ձայն ձայնի տվել: Մ՞իթե տարիքային է: Թ՞ե հողի կանչն է:
***
Աշուն է: Երեկոյան սկսեցինք հայր և որդի Վարունցների գիշերային անցման տեսարանի նկարահանումը՝ ռեստորանում լուրջ խոսակցությունից հետո: Նկարում էինք մեր տան դիմաց: Այնտեղ զանազան խաղալիքներով մանկական խանութի ցուցափեղկ կա, որը կարելի է որպես ֆոն օգտագործել: Մենք նաև ընտրեցինք մի շարք գեղեցիկ ծառեր, որոնց վրայից մեր օգնականները դերասանների վրա «թափվող» տերևներ էին շաղ տալիս: Բավական ցուրտ էր, բայց մենք, միևնույն է, առանձին սայլակի վրա տեղադրեցինք քամի փչող սարքը, որը քարշ էին տալիս ապարատով սայլակի առջևից: Հրաչ Ներսեսովիչն ու Խորիկ Աբրահամյանը ամբողջ ժամանակ քամու տակ էին, և տեսարանը դրանից, իհարկե, շահում էր: Տեսարանն ինքնին բավական զգացմունքային է: Հայրը զգում է, որ որդուն հարկավոր է տուն, ընտանիք վերադարձնել, այլապես նա վերջանական անկում կապրի: Արսենը կանգնած է հոր առջև ինչպիսին որ կա. առաջվա ինքնասիրահարված պճնամոլից հետք անգամ չէր մնացել: Անփույթ է սանրված, կոստյումը թարմ չի: Ի՞նչ կարելի է սպասել գիշերային ռեստորանի երգչից, որը, դրան գումարած, ընտելացել է խմիչքին: Այդուհանդերձ, որդին դարձել է առավել զսպված, իմաստուն: Երբ նրանք հրաժեշտ են տալիս, որդին մի քանի քայլ հեռանում է, հայրը նրան ձայն է տալիս: Որդին վերադառնում է: Հայրը հանում է իր վերարկուն, գցում նրա ուսերին.
-Վերցրու՛, ես արդեն տանն եմ:
Չնայած որդու ակտիվ դիմադրությանը, հայրն, այնուամենայնիվ, թողնում է իր վերարկուն ու հեռանում: Հուզիչ, ուժեղ տեսարան է: Երկխոսություններն էլ են լավը:
Հրաչ Ներսեսովիչն, ինչպես միշտ, տեսարանը անցկացրեց սահուն, հանդարտ, արժանահավատորեն և, իհարկե, զգացմունքային՝ նա դա կարող է: Հենց որ նկարահանումն ավարտվեց, նա թևիցս բռնեց և մենք գնացինք դեպի մեր տուն: Հազիվ էինք մի քանի քայլ արել, երբ նա շրջվեց իմ կողմ, անսպասելիորեն փչեց ճիշտ երեսիս և բղավեց.
– Ա՛ռ քեզ, շան տղա, նկարահանման ժամանակ չե՛ս թողնում շնչեմ:
Ես օղու հոտը զգացի: Նա նկարահանման ժամանակ մի փոքր խմիչք խնդրեց, որպեսզի չսառչի: Բայց, դատելով հոտից, դա հեռու էր «մի քիչ»-ից:
Մենք հատեցինք փողոցը: Նա ինձ կտրուկ շրջեց իր կողմ և բարձրաձայն, ասես բեմի վրա, ասաց.
– Դու ի՞նչ է, ուզում ես, որ ես վախենա՞մ քեզանից: Դու ո՞վ ես, այ լակոտ:
Հետո շրջվեց և շարունակեց ճանապարհը: Ես նրա ետևից հասա, իսկ նա, ճոճվելով, կամաց ասաց ինձ.
-Դե լավ, բռնի՛ր ինձ:
Երբ աստիճաններով բարձրանում էինք, նա հարցրեց.
-Տու՞ն ենք գնում, ինչ է:
-Առավոտվա չորսն է, բա էլ ու՞ր:
-Չէ՛, – ոչ շատ վճռական ասաց նա,- ես չեմ գնա:
Ես նրան լավ գիտեի՝ մեկ անգամ չէ, որ տուն էի ուղեկցել: Եւ այժմ էլ զգացի, որ ավելի լավ կլինի, որ իրենց տուն չբարձրանանք (նա ապրում է չորրորդ հարկում), այլ, ինչպես երբեմն պատահում էր, կանգ առնենք մեր բնակարանում (մենք էլ երկրորդ հարկում ենք ապրում): Այդ տեսքով նա զգուշանում էր իր տուն գնալ՝ կինն ու դուստրը դրան բացասական էին վերաբերվում: Ես աշխատեցի անձայն բացել դուռը, և Հրաչ Ներսեսովիչի հետ մենք անցանք հեռավոր սենյակը, որտեղ կարելի էր նստել, տնեցիներին չարթնացնելով: Մենք իրոք որ անձայն էինք նստած: Հրաչ Ներսեսովիչը մի պահ խմելու բան խնդրեց, բայց հետո, հենվելով խորանիստ բազկաթոռի հենակին, ննջեց: Ես մտածեցի՝ թող մի փոքր ուշքի գա, և ես նրան տուն կտանեմ: Բայց հանկարծ դուռը բացվեց, և ժպիտով ներս մտավ հայրս: Հրաչ Ներսեսովիչն անմիջապես ձգվեց բազկաթոռում, և, ասես արդարանալով, ասաց նրան.
-Ես քեզ մոտ չեմ եկել, այլ իմ ռեժիսորի…: Մենք այսօր լավ աշխատեցինք: Հանգստանալու իրավունք ունե՞նք:
-Իսկ կարելի՞ է ես ձեզ ընկերակցեմ,- ժպտալով հարցրեց հայրս: Հրաչ Ներսեսովիչը միանգամից աշխուժացավ:
-Կարելի է, նստի՛ր, թույլ եմ տալիս:
Հայրս հարցրեց, թե ինչպե՞ս ընթացավ նկարահանումը: Հրաչ Ներսեսովիչը չզլացավ ամենաբարձր մակդիրներով գովել մեզ՝ երիտասարդ ռեժիսորներիս: Հայրս նայեց ինձ: Ես հաստատեցի, որ նկարահանումը լավ անցավ:
Եւ հանկարծ, հարգարժան Վաղարշ Բոգդանովիչը զարմացրեց իր գործընկերոջը: Նա հրավիրեց մեզ ճաշասենյակ, հանեց օղին և ըմպանակները: Լցրեց իրեն, ինձ, իսկ Հրաչ Ներսեսովիչին ասաց.
-Իսկ դու խմելու պետք արդեն չունես:
Հրաչ Ներսեսովիչը թախանձագին նայեց ինձ, հետո դարձավ հորս.
-Բայց մի պայմանով, որ ողջ գրաֆինն ինքդ կխմես:
-Շնորհակալ եմ առատաձեռնությանդ համար:
Երբ հայրս իրեն երկրորդ ըմպանակը լցրեց, Հրաչ Ներսեսովիչն ասաց.
-Տե՛ս, հա, իսկ ես վախենում էի քեզ մոտ գալ:
Ես հասկացա, որ հայրս քնել չէր կարողանում: Իսկ դատելով նրանից, որ գիշերվա կեսին նա օղի ուզեց, ես հասկացա, որ լիցքաթափվելու կարիք ունի:
Նրանք զրույցի բռնվեցին, իսկ ես, թեպետ և հոգնած էի և անասելի քնել էի ուզում, իրենց զրույցը լսելով, հանկարծ զգացի, որ այդ, անկասկած ականավոր անհատականությունները, հոգևոր սատարման կարիք ունեն, և դա ես պետք է անեի, քանի որ այստեղ ուրիշ ոչ ոք չկար: Նստած էին երկու մարդ, հայկական թատրոնի երկու գործիչ, և աչքիս մի տեսակ անպաշտպան էին թվում:
Նրանք չէին էլ խմում՝ հայրս մեկ-երկու ըմպանակ բաց թողեց, ոչ ավել, իսկ Հրաչ քեռին անգամ չնայեց գրաֆինի կողմը: Նրանք խոսում էին, իհարկե, թատրոնից ու թատրոնից՝ ինչպե՞ս է թատրոնում, ի՞նչ կա թատրոնում…: Բնականաբար, խոսում էին նաև իրենցից:
Եւ ես հորս բաց թողած մի արտահայտություն ըմբռնեցի այն մասին, որ նա չգիտի՝ կկարողանա՞, արդյոք, իրականացնել իր կոչմամբ իրեն վերագրված պարտավորությունը: Հրաչ Ներսեսովիչը նույնպես սկսեց բողոքել նրանից, որ որևէ արժեքավոր բան դեռ չի կարողացել խաղալ:
Ես լսում էի նրանց ու մտածում. «մի՞թե նրանք կյանքի հետ հաշիվներն են մաքրում: Իսկ միգուցե փորձում են ինձ փոխանցել իրենց կյանքի փորձը՝ սովորել հստակորեն հաշվարկել ժամանակն ու կենսական ուժերը: Ես երեսունհինգ տարեկան եմ: Գուցե դեռ վա՞ղ է այդ մասին մտածելը: Թե՞ ոչ…»:
***
Արդեն բավական ժամանակ է, ինձ հանգիստ չի թողնում այն միտքը, որ Արսենն ու Ռուզանը չեն կարողանում ամուսնալուծվել: Մենք առաջ էլ էինք այդ մասին խոսել Յուրայի հետ: Բայց հիմա, երբ բավականաչափ նյութ ենք նկարահանել, եկանք այն մտքին, որ այդ հարցը հետաձգել չի կարելի: Անշուշտ, նախքան սցենարում որևէ փոփոխություն անելը, հարկ է համաձայնեցնել Դավթյանի հետ: Եւ ահա, նրա աշխատասենյակում լինելով, ես, ասես թե ի միջի այլոց, հիշատակեցի այդ մասին: Եւ արդեն պատրաստ էի դիմադրությանը: Բայց, հակառակ իմ սպասումների, Մխիթար Հովնանովիչն անմիջապես սատարեց այդ միտքը:
– Անշու՛շտ, – վճռականորեն ասաց նա: – Անշու՛շտ, անշու՛շտ: Ես էլ էի միշտ դեմ նրանց ամուսնալուծությանը: Հասկանու՞մ եք՝ մենք պատժում ենք երես առած էստրադային երգչին: Ի՜նչ բարոյախոսներ ենք: Մարդը ջահելության պատճառով փորձանքների եկավ: Եւ ի՞նչ: Մենք պետք է դաստիարակենք, ոչ թե այդչափ դաժանորեն պատժենք: Եւ հետո՝ դա ի՞նչ օրինակ կլինի ուրիշների համար: Երիտասարդ կանայք, հենց որ ամուսինները հիմարաբար մի անթույլատրելի բան թույլ տան, միանգամից կսկսեն ամուսնալուծության համար դիմել: Օրինակ կբերեն ֆիլմը: Ո՛չ, նրանք չպետք է ամուսնալուծվեն: Ի գո՛րծ:
Ես հաճելիորեն զարմացած էի. արտադրական կարգապահության խստագույն ջատագով Դավթյանը այս անգամ հանդես եկավ որպես ֆիլմի գեղարվեստական ամբողջականության ջատագով: Հիշում եմ, «Փեսատես» ֆիլմը նկարելիս, երբ ես ինչ-ինչ պատճառներով չհասցրեցի ֆիլմի երաժշտությունը ձայնագրել, նա կատեգորիկ հայտարարեց. «Ֆիլմը պետք է ժամանակին թողարկվի: Թող որ առանց երաժշտության»:
Եւ ահա, լավ հասկանալով, որ նման գործողության հետևանքները լինելու են աստված գիտի ինչ արտադրական բարդություններ (էլ չասած ստեղծագործականների մասին), նա անմիջապես որոշում կայացրեց:
-Ի գո՛րծ, ի գո՛րծ,- շարունակում էր նա, – անկեղծ ասած, ես ձեր ֆիլմն այնքան էլ չէի հավանում հենց այն բանի համար, որ ամուսիններն այնտեղ բաժանվում են:
Նա ինձ օժտեց ժպիտով, բարի երթ մաղթեց և խոստացավ աջակցություն ցուցաբերել: Ես շտապեցի այդ մասին հայտնել Յուրային:
Կարճ ասած, հիմա հարկավոր է ֆիլմի ողջ հոգեբանական ուղղվածությունը վերակառուցել: Նախ և առաջ, հարկ է մտածել արդեն նկարված դրվագների մասին՝ ինչպե՞ս ուղղել դրանք նոր հունի մեջ: Տե՜ր աստված, իհարկե, պետք էր ակնկալել, որ սցենարի հեղինակները չեն համաձայնի սյուժեի այսքան լուրջ փոփոխության հետ:
Սցենարի հեղինակներն, ինչպես և նախազգուշացնում էին, բողոք հղեցին Մոսկովյան կոմիտե: Այնտեղ, հարգելով նրանց հեղինակային իրավունքը, որոշեցին այս հարցով դատավոր նշանակել: Վերևից զանգահարեցին Միխայիլ Իլյիչ Ռոմմին և խնդրեցին քննել այդ հարցը, քանի որ նա սցենարի խորհրդատուն էր: Միխայիլ Իլյիչն ասաց մեզ.
-Տղե՛րք, հեղինակները իրավունք ունեն պահանջելու, որպեսզի դուք հաստատված սցենարով նկարեք:
Երբ մենք հարցրեցինք, ո՞րն է նրա անձնական կարծիքը ծագած վեճի հարցում, Միխայիլ Իլյիչը փափկորեն ասաց.
-Ես կարծում եմ, որ նրանք իրավացի են: Ձեր առաջարկը արմատապես փոխում է հեղինակային դիրքորոշումը, և նրանք, անշուշտ, դրան չեն համաձայնի:
Իրավիճակը բավական ծանրանում էր: Այդ տհաճ լուրն առած՝ մենք եկանք Դավթյանի մոտ: Պետք էր ենթադրել, որ նրան հեշտ չի լինի հանդես գալ Ռոմմի դեմ, որը տվյալ դեպքում Կինոկոմիտեի ներկայացուցիչն էր:
Ոչ մի նման բան: Լսելով մեզ, Մխիթար Հովնանովիչը մի պահ մտքերի մեջ ընկավ, իսկ հետո վստահորեն ասաց.
– Ռոմմը հեղինակներին է սատարում, որովհետև նա ի՛նքն է բաժանված կնոջ հետ ամուսնացած:
Եւ Դավթյանը, իր կտրուկությանը հավատարիմ, վճռականորեն եզրակացրեց.
-Մենք ամուսիններին ֆիլմում չե՛նք ամուսնալուծում: Եւ այլևս այս հարցին չենք անդրադառնում:
***
Ռուզաննան բնակարանամուտի առթիվ սեղան է բացել:
Նա բացում է դուռը և հանկարծ տեսնում Արսենին:
-Ես երեխայի մոտ եմ եկել,- ասում է Արսենը,- ու՞ր է նա: Արսենը երեխային քնած է տեսնում: Նա նստում է մահճակալի մոտ, կողքը դնում իր բերած խաղալիքը: Հետո, նույնպես լուռ, լքում է սենյակը և ուղղվում դեպի ելքը: Ռուզանը, չհաղթահարելով հուզմունքը, գնում է խոհանոց: Եւ ահա, կարծես, հայտնվում է այն լուծումը, որը կարող է հաշտեցնել նրանց: Տարբեր սենյակներում հայտնվելով, նրանք ասես ներքին երկխոսություն են վարում:
Ռուզաննա. «Ինչու՞ ներողություն չես խնդրում: Ինչու՞ չես ասում, որ մեղավոր ես»:
Արսեն. «Ես հասկացել եմ, թե ինչ եմ կորցրել: Երջանկություն եմ ցանկանում քեզ»:
Այդ որոշումը հանկարծակի եկավ (վերջին շրջանում ստիպված ենք շատ իմպրովիզացիաներ անել հենց նկարահանման հրապարակում. Բարնետից բարի հիշատակ): Բայց ինձ թվում է, որ այդ իմպրովիզացիան հենված է բոլոր կերպարների, նրանց փոխհարաբերությունների ճշգրիտ իմացության վրա:
Հիմա արդեն խնդիրը լիովին հստակ է՝ Արսենին տուն վերադարձնել: Անշուշտ, նաև ազդեց այն ստեղծագործական տարվածությունը, որը համակել էր մեզ սցենարի հեղինակների հետ բանավիճելիս՝ հարկ էր հնարավորինս համոզիչ կերպով ապացուցել, որ մենք չենք սխալվում:
… Բնակարանը լքելու համար Արսենն ակամա կանգ է առնում դաշնամուրի մոտ, բացում է կափարիչը, մի քանի պասաժ նվագում և կամաց ասում՝ լարել է հարկավոր…:
Հետո ինքն իրեն միտք ծագեց, որ Ռուզանը պետք է սեղան բացի ոչ թե երեք, այլ չորս հոգու համար: Եւ ծերուկ Վարունցը, մտածելով, որ Ռուզանը չորրորդ սպասքը Արսենի համար է դրել, ինքն իրեն որոշում է, որ այժմ այդ Վարուժանի հետ նա կվարվի առավել վճռականորեն. նա պարզապես դուրս կանի տանից նրան, եթե հանկարծ գա:
Հետո Արսենի հոգեբանական վերականգնման գիծը վեր է ընթանում: Նա գիշերը գալիս է ֆիլարմոնիայի շենքի մոտ, ցանկապատի ետևից թախծոտ նայում շենքին, և նրա աչքերը արցունքոտվում են: Նա մոտենում է ֆիլարմոնիայի մուտքին, զանգում: Գիշերային պահակին ասում է.
-Գրիգո՛ր, այդ ես եմ՝ Արսենը, չե՞ս ճանաչում:
Ծեր Գրիգորը նրան ներս է թողնում:
Արսենը մտնում է ֆիլարմոնիայի շենք, անցնում բեմ, զգացվում է, որ նա խորապես հուզված է: Բացում է դաշնամուրը, նվագում, հետո դատարկ դահլիճում երգում: Դրվագը լեցուն է անկեղծ զգացմունքայնությամբ: Եւ այս դրվագից հետո հանդիսատեսն, անշուշտ, կների նրա սխալները, կհավատա, որ նա կարգին մարդ է, որ նա անկեղծորեն զղջում է և որ հոգու խորքում նա իսկական արտիստ է: Եւ, ֆիլմի ավարտը, նրա կուլմինացիան հիմնականում անցնում է Արսենի զգացմունքների, տրամադրության, հոգու միջով:
Դատարկ դահլիճում հնչում է Արսենի ձայնը: Հետո վառվում են դահլիճի ջահերը: Երգի շարունակությունը հնչում է արդեն լեփ-լեցուն դահլիճում: Երգն ավարտելով՝ Արսենը հեռանում է ետնաբեմ: Նա հուզված է, ինչպես կհուզվեր իսկական արտիստը՝ նա կրկին հարազատ ֆիլարմոնիայի բեմին է:
Նրան է մոտենում համերգավարը.
– Արսե՛ն, համարը հայտարարված է, գնա՛ բեմ: Ինչու՞ ես հուզվում, առաջին անգա՞մ ես ելույթ ունեում, ինչ է:
– Այո՛, առաջին անգամ:
Նա երգում է «Առաջին սիրո երգը»: Առաջին շարքում նստած են Ռուզանը, ծերուկ Վարունցը և Մելիք-Նուբարյանը: Օթյակում հայտնվում է Վարուժանը: Տեսնելով Ռուզանի աչքերի արցունքները, լքում է դահլիճը, աստիճաններով իջնում, դուրս գալիս փողոց:
«Առաջին սիրո երգի» ավարտը: Ֆիլմի ավարտը: Ֆիլմն ավարտվում է Ռուզանի և Արսենի հանդիպական խոշոր պլաններով:
Մխիթար Հովնանովիչը կանչեց ինձ ու Յուրային:
-Շնորհավորում եմ ձեզ, ֆիլմը դուր եկավ հանրապետության ղեկավարությանը: Բոլորն այնքան էին հուզվել, որ սկսեցին արժանի անվանումներ մտածել: «Նոր տունն», իհարկե, բանի պետք չէ: Կարճ ասած՝ առաջարկ կա ֆիլմն անվանելու «Առաջին սիրո երգը»: Դա ասելիս՝ նա փայլում էր, ինչը հազվադեպ է պատահում նրա հետ, և հետո, ժպտալով, կրկնեց.
-«Առաջին սիրո երգը»:
Մենք լուռ էինք:
-Դե, վե՛րջ, – արդեն առանց ժպիտի շարունակեց նա, – ֆիլմը կկոչվի «Առաջին սիրո երգը»: Ավելի լավ անվանում չեք գտնի: Համարեք, որ սա հրաման է, և ոչ միայն իմը:
Այն պահին անվանումն ինձ դուր չեկավ: Թվում էր, նրանում չկա հասարակական հղում: Իսկ հիմա, երբ բոլորը, գրեթե բոլորը, ով լսում է այդ անվանումը, հավանում են այն, ես սկսեցի մտածել, որ միգուցե այն վատը չէ:
***
Սիրելի՛ հայրիկ, քո նամակը հաճախ է միտքս գալիս, և ես մտովի կրկնում եմ առանձին արտահայտություններ, իսկ երբեմն էլ մտովի պատասխանում եմ քեզ:
Հիմա, արդեն բոլոր կռիվներից հետո, կարելի է ասել, որ ֆիլմը բարձրացնում է մտերիմների և հասարակության առջև երիտաարդ մարդու բարոյական պարտականությունների խնդիրը: Թե ինչպես է լուծվում այդ խնդիրը՝ ամուսնալուծությա՞ն, թե՞ անառակ ամուսնուն ընտանիք վերադարձնելու ճանապարհով՝ կարևոր չէ, դա չէ որոշիչ հարցը:
Ֆիլմը ցուցադրեցին Համալսարանում: Դիտումից հետո մեր նկարահանող խմբի հետ հանդիպում եղավ: Ելույթ էին ունենում դասախոսներ, ուսանողներ: Նկարահանող խմբից առաջինը ելույթ ունեցավ հայրս: Նա գովեց լսարանը, ասաց, որ ելույթներում կար հասունություն, հեղինակային հնչերանգը զգալու ունակություն, ճաշակ և այլն: Հետո նա կիսվեց իր տպավորություններով ֆիլմի մասին: Վերլուծելով այն, նշեց արժանիքներն ու բացթողումները: Խոսում էր հարգալից, որպես լուրջ ֆիլմի մասին: Դա հաճելի էր: Իր ելույթով նա քննարկումը բարձրացրեց մի նոր մակարդակի: Հետո հանկարծ սկսեց խոսել Հրաչյա Ներսիսյանի մասին: Սկսեց գովել նրան որպես դերասանի, ասաց, որ իր մասնակցությամբ նա զարդարեց ֆիլմը և, թվում է արդեն անտեղի, սկսեց խոսել այն մասին, թե ինչ հիանալի դերասան է Ներսիսյանը, որ երջանկություն է ներկա գտնվել նման դերասանի հետ հանդիպմանը (Ներսիսյանը նստած էր բեմում), շփվել նրա հետ, լսել նրա ձայնը: Երեկոյի բնույթը ոնց որ թե չէր ենթադրում մեկ դերասանին այդքան ժամանակ տրամադրելը: Բեմում նստած էին գլխավոր դերեր կատարող ուրիշ դերասաններ, այն դեպքում, երբ Ներսիսյանի դերը գլխավորներից չէր: Ինչու՞ հայրս հարկ համարեց այդքան երկար խոսել Ներսիսյանի մասին, և խոսել անշտապ, հանգամանալից և… համոզիչ:
Անկեղծ ասած, ես հորս այդպիսին չէի տեսել: Նա ինքն էլ էր սիրում, երբ իրեն պատվում են, կարողանում էր տանել գովասանքները: Իսկ հիմա…: Բայց մինչ հայրս խոսում էր, ես հասկացա, որ նա հերթական անգամ իմաստություն ցուցաբերեց: Չէ՞ որ իրավիճակն այնպիսին է, որ բեմում միայն երկու ծեր դերասան կա: Խմբի մնացած աշխատակիցները հիմնականում երիտասարդ են:
Եւ ահա, հարգարժան Վաղարշ Բոգդանովիչը ցուցադրեց մեզ՝ բոլոր երիտասարդ ստեղծագործողներիս և տակավին շատ երիտասարդ ուսանողներին, թե ինչպես է հարկավոր վերաբերվել գործընկերոջը: Ինչպես է հարկ ներկայացնել նրան հասարակությանը, հանդիսատեսին և գործընկերներին միևնույն ժամանակ:
Երբ մենք տուն էինք գնում, նա սկսեց թվարկել իր բոլոր դիտողությունները ֆիլմի վերաբերյալ, որոնք չնշեց իր ելույթում և ավելացրեց.
-Ես հարկ չհամարեցի դիտողություններ անել հրապարակավ, քանի որ դրանք իմ մասնավոր դիտողություններն են: Դրանք գալիս են իմ ճաշակից, իմ փորձից, իմ սկզբունքներից, որոնք կարելի է վիճարկել: Չէի ասում, որովհետև ֆիլմն ընդհանուր առմամբ ինձ դուր է գալիս: Չնայած, հարկ համարեցի բավական տևականորեն մեծարել գործընկերոջս: Իսկ դու մտածի՛ր այդ մասին:
-Մտածում եմ, բայց երևի շուտ չեմ հասկանա:
-Ոչինչ, ժամանակ շատ ունես:
Անչափ հաճելի էր հորս հետ զբոսնել այդ ջերմ աշնանային երեկոյան: Մենք չէինք շտապում: Ես պատրաստ էի գնալ ու գնալ նրա հետ: Ավարտվեց կյանքիս մի որոշակի հատված, և ես այդ հատվածն անցա նրա հետ: Եվ նա կողքովս էր քայլում: Իսկ ես ձգտում էի ներծծել նրա իմաստությունը՝ այն, որ արվեստը տարիքային շեմ չի ճանաչում, այն հասու է ինչպես ծերերին, այնպես էլ երիտասարդներին:
Թարգմանությունը և ծանոթագրությունները Լիլիթ Սարգսյանի