Ձմեռային առավոտ է, բայց տաք ու հաճելի, և այնքան բնական է հնչում հավերժ գեղեցկության մասին զրույցը Կարինե Սուքիասյանի հետ։ Փորձում եմ մեկնաբանել դերասանուհու մարմնավորած կերպարները։ Առարկում է. ինչ-որ եղել է՝ սկիզբն է։ Նկարահանվել է «Հեղնար աղբյուր», «Հայրիկ» ֆիլմերում, հանդես եկել թատրոնում։ Թատրոնում համեմատաբար հունձն առատ է։

«Հայրիկ» ֆիլմում մեղմաբարո, միաժամանակ «մոլորված» աղջկա դեր էր կատարելու։ Ռեժիսոր Հենրիկ Մալյանը, որին իսկական դաստիարակ է համարում, օգնեց գտնելու այն բանալին, որ թույլ կտար փոքր կերպարի առաջ շքամուտքի դուռը բացել։ Օգնեց նաև Մհեր Մկրտչյանի պարզ ու ազնիվ խաղը։

Իսկ ո՞րն էր ամենանշանակալին: Թերևս դրվագային դերը «Հեղնար աղբյուր» ֆիլմում։ Այն ժամանակ գեղարվեստա–թատերական ինստիտուտի ուսանողուհի էր։ Մտածում էր՝ հանդիսատեսը կնկատի՞ իրեն։ Անպայման պետք է նկատի։ Այ թե ինչ է կինոն։ Կանգնած ինքդ քո դեմ ու քեզ ես նայում։ Տարիներ հետո դարձյալ հնարավորություն ունես տեսնելու։

-Միաժամանակ դառնություն պատճառող,- ընդհատում է Կարինեն։- Թատրոնում լավը կարող ես հիշել, վատը՝ մոռանալ։ Հանդիսատեսն էլ ներողամիտ կլինի, կմոռանա։ Իսկ կինոյում ամեն ինչ անդառնալի է։ Թերացար մի պահ, թերացումդ փոխանցվում է ժապավենին ու մնում։

Ավարտվել էին «Հեղկոմի նախագահը» ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Երիտասարդ դերասանուհուն վստահված էր ամենաբարդ դերը։ Լավ կատարեց։ Բայց լավը սահման չունի։ Տարակուսում էր՝ գուցե պետք էր այլ կերպ խաղալ։ Ռեժիսոր Հենրիկ Մարգարյանը իմանալով, թե ինչի շուրջն է մտահոգությունը, ժպտաց, ասելով.

-Ամեն ինչ վերջացած է։Իսկապես ամեն ինչ վերջացած է լինում։ Կինոյի հաշիվները մաքուր են։ Եվ դա է սարսափելին։

Եթե…

Եթե բախտ վիճակվեր նույն դերը մի քանի անգամ կատարել, այ դա ուրիշ բան կլիներ։ Բայց և լավ է, որ կինոն սթափեցնում է, հավաքում։

Հետո խոսում ենք թատերական մարմնավորումներից՝ Դոննա Աննա (Պուշկինի «Քարե հյուրը»), հարսնացու Լորկայի «Արյունոտ հարսանիք»), Խուշուշ (Վ. Դավթյանի «Ծիրանի ծառ»), այնուհետև «Ջազ, սեր, սատանա» ներկայացումը, որտեղ մի շատ լավ դեր կատարեց։

Հիմա թատրոն է գնալու, փորձ ունեն։ Վաղը բեմ է բարձրանալու, – նայելու է հանդիսատեսին։ Տարերքի մեջ մոռանալու է դահլիճի գոյությունը, ծափերը, աստված մի արասցե, գուցե լսելու և տհաճ արտահայտություններ։ Բայց այդպիսի պահ, իհարկե, չի եղել։

– Կինոն ինձ համար շատ խորը թաքնված գաղտնիք է։ Հաճախ թվում է, թե ահա մոտեցնում եմ, մեկնելու եմ։ Բայց ինչքան մոտենում եմ, գաղտնիքը ավելի է հեռանում, ինչպես գիշերվա կրակը։ Լուրջ ասելիք ունեցող դերեր եմ ուզում խաղալ, անընդհատ կատարելագործվել։

Գրիգոր Գրիգորյան


    «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում 

    «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով...

    |3 Դեկտեմբեր 2022,21:24