Մահացել է համաշխարհային կինոյի ավանգարդի ամենանշանավոր ներկայացուցիչը՝ Ժան-Լյուկ Գոդարը
Մահացել է ֆրանսիական «նոր ալիքի» առաջնորդ, համաշխարհային կինոյի ավանգարդի ամենանշանավոր ներկայացուցիչ, ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր, քննադատ ու տեսաբան Ժան–Լյուկ Գոդարը։ Ֆրանսիական «նոր ալիքի» առաջնորդը 92 տարեկան էր: Այս մասին հայտնում է kino-teatr-ը՝ հղում անելով ֆրանսիական Liberation-ին։
Ֆրանկո-շվեյցարացի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը որոշել է ինքնակամ մահանալ (Շվեյցարիայում օրենքը թույլ է տալիս, եթե անձը որոշում է իր կամքով մահանալ)։ Այս մասին գրում է Liberation-ը՝ հղում անելով նրա հարազատներին։ Նրա կինը՝ Էնն-Մարի Միևիլը և նրա պրոդյուսերները հաստատել են ռեժիսորի մահը՝ ասելով, որ նա «խաղաղ մահացել է Ժնևի լճի ափին գտնվող իր տանը՝ Ռոլեում, շրջապատված սիրելիներով»: «Նա հիվանդ չէր, պարզապես հոգնած էր։ Ուստի նա որոշեց վերջ տալ դրան: Դա իր որոշումն էր, և նրա համար կարևոր էր, որ դա հայտնի դառնար»,- Liberation-ին ասել է Գոդարի հարազատներից մեկը: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Գոդարի մտերիմներից մեկը։ «Գոդարդը դիմել է Շվեյցարիայում իրավաբանական օգնության՝ կամավոր կյանքից հեռանալու համար», – AFP-ին ասել է ընտանեկան խորհրդական Պատրիկ Ժանները:
Կինոյի ապագա վարպետը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Փարիզում, ֆրանկո-շվեյցարական հարուստ ընտանիքում: Նրա հայրը բժիշկ էր և ուներ իր սեփական կլինիկան, իսկ մայրը սերում էր շվեյցարական բանկիրների հայտնի ընտանիքից: Գոդարը կրթություն է ստացել Շվեյցարիայում և Փարիզի Բուֆոնի ճեմարանում: 1949-ին ընդունվել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Ֆրանսիական կինոթատրոնների մշտական այցելուն՝ ակտիվորեն մասնակցում էր ակումբային շարժմանը:
Նրա ստեղծագործական գործունեության մեջ որոշիչ դեր խաղաց նշանավոր կինոքննադատ Անդրե Բազինի հետ հանդիպումն ու ծանոթությունը, որի շնորհիվ էլ Գոդարը 1950 թվականից սկսեց համագործակցել «Gazette du Cinema» -ի հետ, իսկ մեկ տարի անց արդեն դարձավ Caye du Cinema ամսագրի «նոր ալիքի» առաջատար աշխատակիցներից մեկը՝ Ֆրանսուա Տրյուֆոյի, Կլոդ Շաբրոլի,Ժակ Ռիվետտի և Էրիկ Ռոմերի հետ միասին։
Գոդարի ռեժիսորական դեբյուտը՝ 1954-ին նկարած նրա «Բետոն» գործողություն» կարճամետրաժ ֆիլմն է: 1959 թվականին նրա «Վերջին շնչում» առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերայով ազդարարվեց նոր սերնդի կինեմատոգրաֆիստների մուտքը ֆրանսիական կինո, որոնք զինված էին յուրահատուկ ու ինքնուրույն ոճով՝ կտրուկ տարբերվող աշխարհում ընդունված ընդհանուր կինոաշխարհայացքից: Գոդարը կինոյի պատմության ամենաբեղուն ռեժիսորներից է: Նրա 130 ռեժիսորական աշխատանքների թվում են «Արհամարհանք», «Խենթ Պիերոն», «Չինացի կին», «Ալֆավիլ», «Կիրք», «Անունը՝ Կարմեն» և այլ բազմաթիվ ֆիլմեր: Այս պահին հայտնի ռեժիսորի վերջին ժապավենը «Պատկերագիրքն» (Le livre d’image, 2018) է, որն էկրան բարձրացավ 2018 թվականին:
Ժան–Լյուկ Գոդարը մոտ 50 հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են Բեռլինալեից և Մոստրայից ստացած մեծաթիվ մրցանակները, Կաննի երեք աձանիկները («Ոսկե արմավենու ճյուղ»), երկու «Սեզարը»:
Ռ․Բագրատունյան