1924 թվականի օգոստոս ամիսն է: Երևանյան մեղմ երեկո: Սպանդարյան և Տերյան փողոցների անկյունի միհարկանի շենքերից մեկի մուտքի առաջ խմբված են բավական թվով մարդիկ: Գերակշռում են դերասան-դերասանուհիները, սակայն կան նաև այլ պրոֆեսիայի տեր երիտասարդներ ու աղջիկներ, ուսանողներ, պատանիներ, հասակավոր մարդիկ, անգամ ծերունիներ:

Ոմանք դիտում են շենքի ցուցանակներն ու պատերին գրված լոզունգները, մյուսները խոսում են իրենց հմտությունների մասին․ «Ես լողալ  գիտեմ»․․․ «Ես լավ ձի եմ քշում»․․․ «Ես խաղացել եմ Սեյրանի դերը»․․․ «Իմ արտաքինը հարմար է Սուսանի դերի համար»․․․ և այլն, և այլն: Հուզված վիճակի մեջ են նաև Պետական թատրոնի դերասանները: Այստեղ են Հրաչյա Ներսիսյանը, Հասմիկը, Ավետ Ավետիսյանը, Նինա Մանուչարյանը, Համբարձում Խաչանյանը, Միքայել Մանվելյանը, Արուս Ոսկանյանը և ուրիշներ: Նրանք խոսում են,  որ իրենց հրավիրել են «փորձելու» «Նամուս» ֆիլմում որևէ դեր խաղալու համար, սակայն երբեք չեն նկարվել կինոյում և չգիտեն, թե որքան հարմար կլինեն և կկարողանա՞ն արդյոք բավարարել ռեժիսյորի պահանջները:

-Ես Թիֆլիսում նկարվել եմ «Կրակապաշտներ» նկարում և շատ հաջող եմ եղել, չգիտեմ, թե հիմա որքան հարմար կլինեմ Սուսանի դերի համար։ Այդ դերը միշտ էլ եղել է իմ կատարած լավագույն դերերից մեկը,- իր զվարթ ձայնով և աշխույժ շարժումներով խոսում է ընկերների հետ Արուս Ոսկանյանը:

-Ես երբեք չեմ նկարվել կինոյում և չգիտեմ՝ ՝կկարողանամ արդյոք բավարարե լռեժիսորին,- իր համեստ խոսքն է ասում Հասմիկը։

-Մեզ որ չնկարեն, ապա էլ ո՞ւմ պիտի նկարեն,— լսվում է Ավետ Ավետիսյանի ինքնավստահ ձայնը։

-Համոն իմ հին ծանոթն է, ես հույս ունեմ, որ նա ինձ անպատճառ կզբաղեցնի: Ես արդեն պետք է աշխատեմ որպես ադմինիստրատոր, երևի մի դեր էլ խաղամ, թեկուզև երրորդական։Սեր գործերն էլ կդզեմ,- ասում է Մկրտիչ Գարագաշը:

Այդ միջոցին փողոցի ծայրին երևում է ծանրաքայլ առաջացող Հովհաննես Աբելյանը։ Մշտաժպիտ նրա դեմքը այսօր ավելի պայծառ է, նրա կուրծքը զարդարում է կարմիր մեխակը։ Բարձրաձայն և զվարթ բարևում է նա իր խաղընկերներին, որոնք արագ շրջապատում են նրան և հայտնում իրենց տարակույսը՝ կզբաղեցնե՞ն արդյոք իրենց «Նամուս» նկարում։

-Դա կախված է ռեժիսորից, ինձ ասել են, որ Համո Բեկնազարյանը փորձված մարդ է, ինքն էլ երկար տարիներ կինոդերասան է եղել: Ես կխոսեմ ձեր մասին,-ասում է Աբելյանը և ներս հրավիրվելով,  թողնում է ընկերներին սպասողական վիճակում:

Ներսում մի փոքրիկ, համեստորեն կահավորված սենյակում, սեղանի առաջ նստած են «Պետլուսկինո» -ի Գեղարվեստական խորհրդի նախագահ Ա. Մռավյանը, ոեժիսոր Համո Բեկնազարյանը և «Պետլուսկինո»-ի ղեկավար աշխատողները: Նրանց զրույցը Հովհաննես Աբելյանի հետ վերաբերում է ոչ այնքան մասնակցությանը կինոֆիլմին, որքան ընդհանրապես արվեստին և Աբելյանի կյանքին ու աշխատանքին արտասահմանում, որտեղից  նա նոր էր վերադարձել։

-Երկար թափառեցի իմ հայրենիքից դուրս,- ասում է Աբելյանը:- Իմ ժողովրդի կարոտը միշտ կրծել է հոգիս, ես միշտ ձգտել եմ վերադառնալ Կովկաս, Հայաստան: Արտասահմանում արվեստը չի գնահատվում: Իմ Օթելլոյին, Կորրադոյին, Էլիզբարյանին կամ Բարխուդարին ավելի քիչ հասարակություն էր հավաքվում Ամերիկայի հայ գաղութներում, քան Ղազոյի «Արշին մալալաին»: Խաղում էի լոկ ապրուստի միջոց հայթայթելու համար: Այսօր ես երջանիկ եմ, որ նորից իմ հայրենիքում եմ:

Ա․ Մռավյանը խոսում է սովետական արվեստի, Պետական թատրոնի աճի, դերասանների վիճակի մասին Սովետների երկրում և իր գոհունակությունն է հայտնում, որ մեր աշխատավորությունը նորից հնարավորություն կունենա տեսնելու իր մեծ և սիրելի դերասանի անզուգական խաղը թատրոնում և կինոյում: Հ․ Բեկնազարյանն ասում է, որ ինքը շատ անգամ է տեսել Հ․ Աբելյանին բեմի վրա, տեսել և զմայլվել է նրա Բարխուդարով և այդ պատճառով խնդրում է նրան հանդես գալ այդ թվում:

Այնուհետև իրար ետևից ներս են մտնում Պետական թատրոնի արտիստները, խոսում իրենց կատարած դերերի մասին «Նամուս»- ում և Շիրվանզադեյի այլ պիեսներում և ստանալով ռեժիսյորի համաձայնությունը՝ փորձելու իրենց այս կամ այն դերի համար, հեռանում են:

Ներս են գալիս ոչ պրոֆեսիոնալ դերասանները: Համո Բեկնազարյանը ավելի շատ ուշադրություն է դարձնում նրանց արտաքինին, հատկապես գոհ է մնում Սամվել Մկրտչյանից՝ ասելով «Ահա թե ինչպիսին եմ ես պատկերացնում Սեյրանին»: Նա որոշ անհանգստություն էր զգում Սուսանի դերակատարի համար, որովհետև ներկաների մեջ, նրա կարծիքով, ոչ մեկը հարմար չէր Սուսանի համար:

Մյուս օրը Սպանդարյան փողոցի բակերից մեկում, ծառերի ստվերի տակ, դրված էր նկարահանման ապարատը, մի քանի երիտասարդ բռնել էին մեծ հայելիներ, սավաններ, արծաթագույն թղթով կամ թիթեղով ծածկված վահաններ, որոնք «լուսարձակների» դեր պիտի կատարեին: Հավաքվել էր նկարահանվողների և հետաքրքրվողների մի մեծ բազմություն: Հ․ Բեկնազարյանը հերթականությամբ կանգնեցնում էր ապարատի օբյեկտիվի առաջ ապագա ֆիլմի դերակատարներին, որոշ ցուցումներ տալիս, մի քանի անգամ «փորձ» կատարում և ապա նկարահանում: Մինչև մայրամուտ շարունակվեց այդ աշխատանքը: Նկարահանվեցին մոտ 25 մարդ տարբեր դերերի համար, որից հետո ռեժիսորի կարգադրությամբ ցուցակագրվեցին մի երկու տասնյակ մարդ նրանցից, ովքեր բուռն ցանկություն ունեին մասնակցելու ֆիլմին, սակայն չէին կարող որևէ դեր խաղալ, նրանց էլ հաշվի առան մասսայական տեսարանների համար։

Երբ արդեն բոլոր ներկաները «փորձվել էին», երևաց Հրաչյա Ներսիսյանը։ Դերասանները դիմեցին Բեկնազարյանին՝ խնդրելով, որ նրան ևս փորձի Ռուստամի դերի համար։ Սակայն Բեկնազարյանը հրաժարվեց՝ ասելով, որ ինքն արդեն ընտրել է այդ դերի համար դեր. Մ․ Գարագաշին, արևն էլ մայր է մտել։ Բայց և այնպես, Բեկնազարյանի հեռանալուց հետո, օպերատորը կարողացավ նկարահանել Ներսիսյանին ևս։ Երբ հայտարարվեց ընտրության արդյունքը, պարզվեց, որ գերադասությունը տրվել է Հր. Ներսիսյանին։ Այսպես մուտք գործեց Հ. Ներսիսյանը հայկական կինոարվեստի բնագավառը’ հետագայում դառնալու համար նրա դերասանական սյուներից մեկը։

Նկարահանված «փորձնական ժապավենը» նույն գիշերը ենթարկվեց լաբորատոր մշակման, իսկ հաջորդ օրը Գեղարվեստական խորհուրդը հնարավորություն ունեցավ «Նաիրի» կինոթատրոնի էկրանի վրա դիտելու արդյունքը։ Մտքերի փոխանակությունից հետո կատարվեց դերաբաշխում հետևյալ կերպ. Բարխուդար՝ Հ. Աբելյան, Մարիամ բաջի՝ Հասմիկ, Ռուստամ՝  Հ. Ներսիսյան, Հայրապետ՝ Ա. Ավետիսյան, Շպանիկ՝ Ն. Մանուչարյան, Բադալ՝  Հ. Խաչանյան, Սեյրան՝ Ս․ Մկրտչյան։ Նկարահանվածներից ո՛չ մեկը հարմար չհամարվեց Գյուլնազ բաջու և Սուսանի դերերի համար։ Հետագայում այդ դերերի համար հրավիրվեցին Թիֆլիսի հայկական դրամայի ականավոր արտիստուհի Օլգա Մայսուրյանը և ոչ պրոֆեսիոնալ Մ. Շահուբաթյանը։ Այսպիսով, երկու հիմնական դերերը՝ Սեյրանը և Սուսանը, հանձնարարվեցին ոչ պրոֆեսիոնալ  ուժերին, որոնք ըստ ռեժիսորի՝ արտաքինով միանգամայն համապատասխանում էին նրա պատկերած կերպարներին։

Հին Երևանի «Ֆանտազիա» բաղնիքի դռանը խռնվել է մեծ բազմություն։ Միլիցիոներները կարգ են պահպանում։ «Կինո են նկարում..։», «Նամուս»-ն են հանում…», «Աբելյանն է նկարվում», լսվում է այս ու այն կողմից։ Բաղնիքի դռները փակ են, ներսում մի քանի տասնյակ կանայք և աղջիկներ՝ կիսամերկ, ոմանք հերարձակ, ոմանք շամախեցու տարազով զգեստավորված կանգնել են դռանը ե սպասում ռեժիսորի ազդանշանին, որպեսզի երկրաշարժից սարսափահար նետվեն փողոց։

Մինչ այդ, կողքի փողոցում Հ. Բեկնազարյանը «փորձ» է կատարում: Ապարատի առաջ կանգնած է Հ․ Աբելյանը՝ իր պարթև հասակով, շամախեցի դերձակ Բարխուդարի զգեստով, փարթամ ընչածքներով, բարձրադիր մորթե գդակը գլխին, սրածայր հողաթափները ոտքերին: Նրա դեմքը սարսափ է արտահայտում, նա սաստիկ հուզված է՝ սկսվել է երկրաշարժը, մինչդեռ ինքը չի կարողանում գտնել իր միակ աղջկան՝ ութ տարեկան Սուսանին: Նա շատ է որոնել նրան և հիմա էլ կանգնել է բաղնիքի դռանը՝ միգուցե աղջիկն իր մոր հետ այստեղ լինի: Հանկարծ լսվում է ռեժիսյորի ձայնը՝ «պատրա՛ստ», «սկսում ենք», և ամեն կողմից գոչում են «երկրաշա՜րժ, երկրաշա՜րժ․․․»: Անկյունից սարսափահար առաջ է գալիս Աբելյանը․ թևերը լայն տարածած, որոնող հայացքով նա արագ մոտենում է բաղնիքի դռանը: Նույն վայրկյանին բացվում են դռները,  բաղնիքից ճիչ ու աղաղակով դուրս են թափվում սարսափահար կիսամերկ կանայք: Նրանք բոլոր էլ վազում են Բարխուդարի առջևով, բայց սա նրանց մեջ չի տեսնում իր հարազատներին, բազկատարած մոտենում է մերթ սրան, մերթ նրան: «Երկրաշարժից» բարձրացած փոշին ծածկում է սարսափահար կանանց, և հուսահատ Բարխուդարը քայլերն ուղղում է այլ կողմ՝ շարունակելով իր որոնումները:

Կառքով հյուրանոց վերադառնալիս  Հ․ Աբելյանը ասում է ռեժիսյորին․ «Է՜հ, Համո՛ ջան, այս էլ եղավ, այսօր իմ դերասանական կյանքի նոր էջն է բացվում, այսօր ես հանդես եկա ինձ համար անծանոթ, նոր արվեստի բնագավառում: Դու չես կարող երևակայել, թե որքա՜ն հուզված էի: Մի՛ մոռանա, որ բեմում մենք՝ դերասաններս, աստիճանաբար ենք մտնում դերի մեջ, իսկ դու ինձանից պահանջում ես միանգամից տալ Բարխուդարի հուզմունքն ու սարսափը իր մինուճար  աղջկա բախտի համար: Մենք դրան սովոր չենք, դա մեզ համար դժվար է»: Հ․ Բեկնազարյանը հանգստացնում է անվանի դերասանին՝ ասելով, որ նկարահանումը շատ հաջող էր, ինքը Աբելյանը շատ լավ կատարեց իր դերը:

Այսպես վերջացան հայկական անդրանիկ գեղարվեստական ֆիլմի առաջին օրվա նկարահանումները: Այնուհետև մի քանի օր շարունակ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում «երկրաշարժի» հիմնական տեսարանները նկարահանվելու համար: Մի խումբ հյուսներ, որմնադիրներ, սևագործ բանվորներ եռանդագին աշխատում էին «Շիլաչի» թաղում: Նկատի առնելով, որ Երևանի այս ծայրամասում կային մեկ և երկհարկանի բազմաթիվ կիսավեր և խարխուլ տներ, որոշվել էր այստեղ կատարել «երկրաշարժի» տեսարանի նկարահանումները: Դրա համար շինվում էին հողածածկ կտուրներ, կիսաքանդ պատերի վրա նոր պատեր էին շարվում, տեղահան էին արվում դռներն ու պատուհանները և նորից տեղադրվում: Այս բոլորն արվում էր այն հաշվով, որ հանդիսականի տեսադաշտից թաքնված պարանները ձգելու միջոցով հնարավոր լինի «փլեցնել» տները և ստեղծել «երկրաշարժի » պատրանք։ Երբ նախապատրաստական աշխատանքները լրիվ ավարտված էին, մի կիրակի օր նշանակվեցին նկարահանումները։

Այդ օրը «Շիլաչի» թաղում չտեսնված եռուզեռ էր։ Հարյուրավոր մարդիկ բռնել էին նկարահանման վայրի մերձավոր փողոցներն ու տանիքները, իսկ մի տանիքի վրա կանգնած էին ռեսպուբլիկայի պատասխանատու աշխատողները՝ հողժողկոմ Արամայիս Երզնկյանի գլխավորությամբ։ Նկարահանումների սկզբնավորմանը խանգարում էին գետնին ամրացված անթև «ինքնաթիռի» քմահաճությունները։ Դրա պրոպելերը պետք է գործի դրվեր, որպեսզի ուժեղ քամի բարձրանար և փոշին սփռվեր դերակատարների վրա։

Վերջապես պրոպելերն սկսեց աշխատել մեծ աղմուկով։ Լսվեցին կարգադրություններ՝ «պատրա՛ստ», «սկսո՜ւմ ենք»։ Ձգվեցին պարանները, և իրար ետևից «փուլ եկան» պատերը, տանիքները, դուրս թռան դռներն ու պատուհանները, փոշու ամպ բարձրացավ, իսկ պրոպելերի առաջացրած քամին քշում էր այդ փոշին և սփռում դերակատարների վրա։ Մի քանի տասնյակ մարդիկ թիակներով և բահերով փոշին նետում էին պրոպելերի ուղղությամբ, սա էլ հողմահար էր անում այն։ Ստեղծվեց երկրաշարժի արհավիրքի կատարյալ պատրանք։ Ներկաները մի վայրկյան համակվեցին ահ ու սարսափով։ Իսկ նկարահանման ապարատը անվերջ պտտվում էր ու կինո ժապավենի վրա ֆիքսացիայի ենթարկում «Շամախու երկրաշարժը»։ Ահա փոշու մեջ երևացին վշտահար ծնողները՝ Բարխուդար-Աբելյանը և Գյուլնազ-Մայսուրյանը, որոնք որոնում էին իրենց կորած Սուսանին, իսկ «կուժ ու կուլա շինող» Հայրապետ-Ավետիսյանը և Մարիամ-Հասմիկը որոնում էին իրենց որդուն՝ Սեյրանին: Ծնողներն այս ու այն կողմ էին ընկնում, նրանք մոռացել էին փլվող պատերից իրենց կյանքին սպառնացող վտանգը, զավակների կորստի վիշտը նրանց նոր թափ էր ներշնչում շարունակելու որոնումները։ Եվ ահա բարձրացնելով գետնին ընկած մի դռնակ, նրանք գտնում են դրա տակի փոսի մեջ իրար կողքի կծկված Սեյրանին ու Սուսանին ողջ և առողջ վիճակում։ Ծնողների ուրախությանը չափ ու սահման չկա. հայրերը գրկում են իրենց զավակներին և շարժվում դեպի իրենց տները՝ դուրս գալով փոշու ամպի միջից: Բնության արհավիրքը աստիճանաբար խաղաղվում է, երևում են փողոցում և գետի ափին ընկած զոհերի դիակներ․ արդեն հավաքվում են գիշակեր թռչունները: Ահա մի մեծ քարի վրա նստած է խելագար Գրիգորը․ նա կորցրել է իր ամբողջ ընտանիքը և, մատները շփելով, դիվային քրքիջ է արձակում՝ նայելով չորս կողմը տիրող արհավիրքին ու սարսափին:

«Երկրաշարժի» տեսարանի նկարահանումն ավարտվեց անսպասելի հաջողությամբ: Մի քանի օրից տեղի ունեցան «խոսքկապի» տեսարանի նկարահանումները: Հրազդանի ափին ձգվող մի այգում, ծառերի տակ, նստած են երկրաշարժից տուժած Բարխուդարի ու Հայրապետի ընտանիքների անդամները․ երեխաները քնած են: Խաղաղ երեկո է: Իրար ետևից ռեժիսյորը տարբեր կադրեր է նկարում՝ նախապես մեկ-երկու անգամ փորձ կատարելով: Այժմ նրա աշխատանքը հեշտացել է, որովհետև դերասանները, վերհիշելով բեմի վրա իրենց բազմիցս արտասանած բառերը՝ ամենայն հմտությամբ կերտում են իրենց ծանոթ կերպարները:

«Խոսք կապի» տեսարանի հետ միասին նույն վայրում նկարահանվում է նաև Սեյրանի և Սուսանի հանդիպումը այգում, որից հետո նկարահանման աշխատանքները փոխադրվում են Թիֆլիս:

Վրաստանի Գոսկինպրոմի հետ կնքված հատուկ պայմանագրի հիման վրա «Նամուս»-ի պավիլիոնային տեսարանների հետագա նկարահանումները կատարվեցին վերջինիս ատելիեում, քանի որ, ինչպես ասացինք վերևում, «Պետլուսկինո»-ն այդ շրջանում դեռևս զուրկ էր անհրաժեշտ արտադրական բազայից:

Նախապատրաստական մեծ աշխատանք պահանջվեց հարսանիքի տեսարանի նկարահանման համար: Եվ քանի որ ռեկվիզիտը բնական պետք է լիներ, համաձայնության եկան թիֆլիսցիներին հայտնի «Սիմպատիա» ճաշարանի տիրոջ՝ Ավետիքի հետ, որ նա իր մթերքներով կազմակերպի հարսանիքի հանդեսը: Բայց Ավետիքը պայման դրեց, որ ինքն էլ նկարվի: «Ես էլ կուզիմ նկարվել հայոց նկարում»,- ասաց նա: Եվ որովհետև նրա առաջարկը ընդունվեց, Ավետիքը շատ ցածր արժեքով այնպիսի մի «հարսանիքի սեղան» բացեց, որ մի քանի օր տևող նկարահանումների ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան օգտվել Ավետիքի ճաշարանի բարիքներից: Հետագայում Ավետիքը ծախեց իր «դուքանը», փոխադրվեց Երևան և ընդունվեց պետական ծառայության՝ որպես «Ինտուրիստ» հյուրանոցի ճաշարանի վարիչ: Ճաշարանի հաճախորդների հետ, ըստ իր հին սովորության, հաճախ զրուցելիս նա ասում էր․ ««Նամուս»-ը ինձ կապեց Հայաստանի հետ»:

Մեծ տպավորություն թողեց Հրաչյա Ներսիսյանի անզուգական խաղը Ռուստամի դերում: Սպանության տեսարանի նկարահանմանը ներկա գտնվողներից շատերը արտասվեցին՝ դիտելով Ռուստամի և Սուսանի խաղը: Բոլորի համար պարզ եղավ, որ հանձին Ներսիսյանի՝ հայկական կինոարվեստը ձեռք էր բերել մեծ և տաղանդավոր կինոդերասան, որի մասնակցությունը ֆիլմերին կապահովի «Պետլուսկինո»-ի հետագա ստեղծագործական աճը: Նույն տեսարաններում աչքի ընկավ Նինա Մանուչարյանը՝ Շպանիկի դերում: Նրա զուսպ և արտահայտիչ շարժումներն ու միմիկան ապացուցում էին, որ դրամայի բնագավառում շատերին ծանոթ այդ շնորհալի դերասանուհին գրավել է իր արժանի տեղը նաև կինոարվեստում:

Ռեժիսոր Բեկնազարյանն իրոք որ մեծ դժվարությունների հանդիպեց Սեյրանի և Սուսանի դերակատարների՝ Ս․ Մկրտչյանի և Մ․ Շահուբաթյանի հարցում: Պրոֆեսիոնալ դերասաններ չլինելով՝ նրանք դժվարանում էին կատարել ռեժիսորի ցուցումները: Հարսանիքի տեսարանում, ինչպես նաև փողոցում հարսանքավորների վրա Սեյրանի ու ընկերների հարձակվելու տեսարանում լայնորեն օգտագործվեցին Թիֆլիսի հայկական դրամայի և Գոսկինպրոմի դերասանները՝ Վ. Մամուլյանը, Վ․ Հակոբյանը, Ա. ե Դ․Ամիրբեկյանները, Աննա Մելիքը, Գ․Բերիշվիլին, Զ․ ժորժոլիանին և ուրիշներ:

Գոսկինպրոմի տերիտորիայի վրա, Քուռ գետի ափին, տեղի էին ունենում գիշերային տեսարանների նկարահանումները: Բարխուդարի տան պատշգամբում Սեյրանի և Սուսանի տեսակցությունն է: Գիշեր է․ գետի կողմից փչում է սառը քամի: Մի քանի ժամ է արդեն, որ դերասաններն աշխտանքի մեջ են: Ընդմիջումներին նրանք խմբվում են Աբելյանի շուրջը և ուշադիր լսում նրա տպավորությունները արտասահմանյան թատրոններից: Աբելյանը հորդորում է նրանց սիրել արվեստը, ամրողջ հոգով նվիրվել նրան, միշտ առաջ գնալ նորանոր որոնումների ճանապարհով: Վերսկսվում են նկարահանումները: Այս անգամ Բարխուդարը  պետք է դուրս գա» պատշգամբ, տեսնի իր աղջկան Սեյրանի հետ համբուրվելիս և ապտակի Սուսանին: Փորձի ժամանակ ոեժիսյորը  զգուշացնում է Աբելյանին, որ կինոյի տարբերությունը թատրոնից հենց այն է, որ այստեղ ամեն ինչ բնական պետք է լինի՝ եթե հարկավոր է լաց լինել, ապա արտասուք պիտի երևա, եթե ծեծել է պետք, ապա պետք է  կատարել այդ բնականորեն։ Աբելյանը «հաշվի է առնում» այդ բոլորը և երբ մտնում է դերի մեջ ու նկատում Սուսանին ու Սեյրանին գրկախառնվելիս, ամբողջ թափով այնպես է ապտակում Սուսանին, որ կարիք է զգացվում բուժօգնություն ցույց տալ «տուժածին»։ Նկարահանումը շատ բնական է անցնում, սակայն դրանից հետո Մ. Շահուբաթյանը մի քանի օր մնում է տանը’ ուռած այտով։ Հ․ Աբելյանը ամեն օր՝ ծաղկեփունջը և քաղցրավենիքը ձեռքին այցելում էր Շահուբաթյանին և հանցավորի պես ասում. «Ներիր ինձ, սիրելի՛ Մանյա, մեղավորը Համոն է. նա ասաց, որ բնական պիտի լինի, դե՜հ, ես էլ ոգևորվեցի։ Ոչի՜նչ, աղջի՛կս, դու առաջին անգամն ես ոտք դնում արվեստի բնագավառ, թող իմ ապտակը լինի քո մկրտությունը և իմ օրհնանքն այնպես, ինչպես համքյար վարպետը իր ձեռքի տակ սովորած աշակերտին վարպետի կոչում տալիս, մեր հին սովորության համաձայն, մի լավ ապտակում է նրան»։

Ինչպես ասացինք պավիլիոնային տեսարանները նկարահանվեցին Գոսկինպրոմի ատելիեում։ Ի դեպ, պետք է ասել, որ ֆիլմի արտաքին ձևավորումը պատկանում է նկարիչ Վ․ Սիդոմոն-էրիսթավիին և Մ. Սուրգունովին։ Վերջինս hետագայում տեղափոխվեց Երևան և դարձավ կինոֆաբրիկայի առաջին դիրեկտորն ու նկարիչը:

Դրամատիկ թատրոնում բոլորի կողմից սիրված և հարգված Օլգա Մայսուրյանը, առաջին անգամ լինելով կինոապարատի օբյեկտիվի առաջ, շնորհիվ իր բարձր դերասանական կուլտուրայի, կարողացավ ամենայն հմտությամբ կատարել Գյուլնազ բաջու դերը։ Իր «ամուսնու»՝ Բարխուդարի հետ ունեցած տեսարաններում նա հաճախ դիմում էր ռեժիսյորին՝ ասելով. «Ես զգում եմ, որ այս արվեստը շատ ավելի մեծ հմտություն է պահանջում, քան բեմը. այստեղ ամեն ինչ մի քանի հարյուր անգամ մեծանում է էկրանի վրա, հետևապես մազաչափ անբնականություն չպետք է թույլ տրվի»։

Մարիամ բաջու դերակատար Հասմիկը առաջին իսկ նկարահանված կադրերում հուզեց ներկաներին: Բեկնազարյանը խորհուրդ էր տալիս դիմել գլիցերինի և սոխի օգնությանը արտասուք առաջացնեքու համար, սակայն դրա կարիքը Հասմիկը չզգաց։ Սիրող մոր վշտահար կերպարը կարծես միաձուլվել էր Հասմիկի էությանը: Նա լալիս էր բնական արցունքներով և հուզում ներկաներին: Երբ նրան հարցրին, թե ի՞նչպես է կարողանում օբյեկտիվի առաջ անմիջապես իրեն զգալ կերպարի մեջ և բնականորեն հուզվել ու արտասվել, Հասմիկը պատասխանեց. «Այդպիսի րոպեներին ես հիշում եմ իմ անձնական վիշտը,  հիշում եմ ծաղիկ հասակում կորած իմ զավակներին, և այդ ստիպում է ինձ արտասվել»։

Բոլորի համար պարզ էր, որ «Նամուս» ֆիլմի հաջողությունը պետք է ստեղծեն Աբելյանը, Մայսուրյանը, Հասմիկը, Մանուչարյանը, Ներսիսյանը, Ավետիսյանը, Խաչանյանը՝ հայ բեմի այդ լավագույն ուժերը։ Եվ երբ տեղի էր ունենում ֆիլմի ավարտական տեսարանի նկարահանումը, երբ Սուսանի դիակի շուրջը հավաքվել էին զղջացող Բարխուդարը, ողբացող Գյուլնազ բաջին, վշտահար Մարիամ բաջին, հուսահատ Ռուստամը և իրեն կորցրած Հայրապետը, այդ նկարահանումը դիտող կինոաշխատողները ապրում էին շատ հուզումնալից րոպեներ՝  ականատես լինելով հայկական դրամայի դերասանների մի անզուգական անսամբլի։

Ձմռան սկզբին «Նամուս»-ի նկարահանումներն արդեն ավարտված էին, ֆիլմը պատրաստ էր։

Այդ օրերին արտասահմանից վերադարձավ «Նամուս»-ի հեղինակ, ականավոր վիպասան Ալ. Շիրվանզադեն։ Հ․ Բեկնազարյանը հրավիրեց նրան կինոստուդիա և ցույց տվեց պատրաստ ֆիլմը: Շիրվանղադեն շատ գոհ մնաց իր տեսածից և հետագայում գրեց իր կարծիքը՝ մի տեսակ ռեցենզիա հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի մասին, որը պահպանվում է Հ. Բեկնազարյանի անձնական արխիվում և 1958 թվականին հրապարակվել է մեր մամուլում («Սովետական արվեստ», N 11)։ Այնուհետև Բեկնազարյանը խնդրեց Շիրվանզադեին նստել կինոապարատի առաջ և նկարահանվել Հ․ Աբելյանի հետ։ Այդ կինոկադրը, որը պատկերում էր հայկական դրամատուրգիայի բազմաթիվ կերպարներ ստեղծած երկու պատկառելի վարպետներին, մտավ «Նամուս» ֆիլմի մեջ և երկար ժամանակ ցուցադրվում էր Անդրկովկասի կինոդիտողների առաջ։ Մոսկվայում այդ կադրը փոխարինվեց մի երկարաշունչ տեքստով, որը պատկանում է ՌՍՖՍՌ-ի Լուսժողկոմ Ա․Վ. Լունաչարսկուն և որով նա տալիս էր իր բարձր գնահատականը հայկական առաջին ֆիլմին։

«Նաիրի» կինոթատրոնի շենքում կազմակերպված ֆիլմի հասարակական դիտումը վեր էր ածվել ազգային կինոարվեստի հիմնադիր հանդեսի: Դահլիճը լեփ-լեցուն էր պարտիական և պետական պատասխանատու աշխատողներով, արվեստի և գիտության գործիչներով, գրականագետներով, բանվորներով ու ծառայողներով։ Բոլորն անհամբերությամբ սպասում էին այն րոպեին, երբ էկրանի վրա  կերևան ֆիլմի առաջին կադրերը: Իսկ ամենքից սրտատրոփ սպասում էին հենց իրենք՝  ֆիլմում նկարահանված մեր դերասանները, որոնք առաջին անգամ պետք է տեսնեին իրենց աշխատանքի արդյունքը։ Ֆիլմը երաժշտությամբ ուղեկցում էին դուդուկահարները՝ ուստա Մարգարի գլխավորությամբ, և դաշնամուրային տրիոն՝ Լևոն Խոջա-Էյնաթյանի ղեկավարությամբ։

Եվ երբ էկրանի վրա կադր կադրի ետևից երևաց մեծատաղանդ վիպասան-դրամատուրգ Շիրվանզադեի հանրահռչակ վեպի վարպետորեն կատարված էկրանավորումը, երբ համր էկրանն սկսեց հուզել մարդկանց, դահլիճում երևացին բազմաթիվ սպիտակ թաշկինակներ, որոնցով մարդիկ աշխատում էին զսպել իրենց արտասուքը։ Դիտելով Սուսանի և Սեյրանի տեսարանը, ապրելով նրանց հետ միասին, ականատես լինելով ծնողների վշտին ու ողբին’ ներկաները անընդհատ ծափահարություններով էին արտահայտում իրենց հիացմունքը, իսկ ցուցադրումից հետո մոտենում էին ֆիլմի հեղինակներին ռեժիսյորին, օպերատորին, դերասաններին և իրենց սրտաբուխ շնորհակալությունը հայտնում «Նամուս» ֆիլմի համար։ Ցուցադրմանը ներկա գտնվող Ժողկոմխորհի նախագահ Ս․ Լ. Լուկաշինը շնորհավորեց  Հ. Բեկնազարյանին և ողջ ստեղծագործական կոլեկտիվին, ցանկացավ նրանց նորանոր հաջողություններ հայկական կինոարվեստի հետագա բարգավաճման գործում։

Այնուհետև «Նամուս»-ի բազմաթիվ պատճեններ տպագրվեցին «Պետլուսկինո»-ի լաբորատորիայում և ցուցադրվեցին ոչ միայն Սովետական Միության բոլոր մասերում, այլև արտահանվեցին արտասահման (Եվրոպա, Ամերիկա, Մերձավոր Արևելք): Ամենուրեք մամուլը մեծ գովասանքով էր արտահայտվում ֆիլմի արժանիքների մասին։ Մոսկվայում ֆիլմը մոտ երեք ամիս ցուցադրվեց  «Մալայա Դիմիտրևկա» կինոթատրոնում, որի ֆոյեն ձևավորված էր Կովկասյան ոճով, իսկ ընդմիջումներին կազմակերպվում էին կովկասյան և հայկական պարեր:

Այդ օրերին ամբողջ քաղաքը ողողված էր ռեկլամով՝ վիմատիպ գունավոր աֆիշներ, փողոցը հատող բաղմագույն կտավ-ցուցանակներ, անվերջ ֆոտոկադրեր ցուցափեղկերում։ Ռադիոն, փոստը, հեռագրատունը անընդհատ հաղորդումներ էին տալիս ցուցադրվող ֆիլմի մասին։ Անգամ Մոսկվայի «Յավա» ծխախոտի գործարանն արձագանքեց ֆիլմին բաց թողնելով գեղեցիկ տուփերով հատուկ գլանակներ՝ «Նամուս» անունով։

Հիշատակության արժանի է նաև այն փաստը, որ «Նամուս» ֆիլմը դարձավ տնտեսական տեսակետից շատ ձեռնտու նկար։ Նրա արտադրության վրա (բոլոր պատճեններով հանդերձ) ծախսվել է ընդամենը 42 000 ռ․, մինչդեռ առաջին երկու տարվա ընթացքում նա վերադարձրել է «Պետլուսկինո»-ին մոտ 480 000 ռուբլի: Այսպիսով, անհրաժեշտ նյութական բազա ստեղծվեց նոր ֆիլմերի արտադրության համար:

Դ․Դզնունի