Արտավազդ Փելեշյանը Վենետիկի 79-րդ կինոփառատոնի հյուր
Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը սեպտեմբերյան այս արևոտ օրերին Վենետիկում է։ Այս հեքիաթային վայրում գտնվելու գլխավոր պատճառը Վենետիկի 79-րդ կինոփառատոնն է՝ Mostra Internazionale d’Arte Cinematografica։ Վենետիկի կինոփառատոնի հիմնական ծրագրին զուգահեռ, ամեն տարի Isola Edipon և Giornate degli Autori-ին (մշակութային ասոցիացիաներ) կազմակերպում են միջոցառում-հանդիպում մեկ արվեստագետի հետ, որի ֆիլմերն ունեն խորը իմաստ, հստակ նպատակ, առանձնանում են իրենց տեսակով և փորձում են խոսել համամարդկային խնդիրներից։ Այս տարի վենետիկյան Isola Edipon և Giornate degli Autori-ին պատվել է Արտավազդ Փելեշյանին։
Միջոցառման կազմակերպիչները խոստովանում են, որ «Բնություն» ֆիլմի փարիզյան պրեմիերայից հետո, իրենք հստակ գիտեին, որ 2022 թվականին իրենց ծրագրի հիմնաքարը լինելու է փելեշյանական կինոն։ Նախորդ տարիներին Isola Edipon և Giornate degli Autori -ի կազմակերպած միջոցառում-հանդիպումների հյուրերն են եղել Ռեյմոն Դեպարդոնը, Ֆրեդերիկ Ուայզմանը, Մարգարիտ Վոն Տրոտան և այլք։
Ամիսների աշխատանքի արդյունքում՝ համագործակցելով փարիզի Կարտիե հիմնադրամի թիմի հետ, սեպտեմբերի 5-ին Վենետիկի Լիդո կղզու Սալա Լագունա կինոսրահում կազմակերպեց հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ։ Օրը կառուցված էր ծրագրային երկու մասից։ Առավոտյան Փելեշյանը հանդիպեց Վենետիկի Արվեստի և կինոյի դպրոցների ուսանողների և դասախոսների հետ։ Նրանց բացառիկ հնարավորություն ընձեռվեց մեծ էկրանին դիտելու Փելեշյանի չորս կարճամետրաժ ֆիլմերը՝ «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջը» և «Կյանքը»։ Ճիշտ այս հերթականությամբ էր Փելեշյանը ցանկացել ցուցադրել իր կինոնկարները։ Ցուցադրությանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում Վարպետը սիրով պատասխանեց ուսանողների հարցերին։ Փելեշյանին ուղղված հարցերից հատկապես մեկը չափազանց հետաքրքիր էր և արժանի հիշատակման՝ արդյո՞ք Փելեշյանը «Տարվա եղանակները» ֆիլմում ցանկացել է վեր հանել սոցիալական խավերի դիսոնանսը՝ հակադրելով գյուղացու ծանր կյանքը, քրտնաջան աշխատանքի պատկերները՝ բարձր դասի ներկայացուցիչների հարսանեկան տեսարանին։ Փելեշյանը ժպիտով պատասխանեց, որ նման բան երբևէ չի մտածել, քանզի օրնիբուն իր գործն անող գյուղացին նույն այն մարդն է, որն ավելի ուշ ամուսնանում է։ Վարպետը պատմեց, որ ֆիլմի տեսարանները նկարվել են մեկ գյուղում, որն այսօր էլ կա և ապրում է նույն այն կյանքով որով ապրում էր յոթանասունական թվականներին։
Հարց տվող իտալուհին ավելի ուշ բացատրեց, որ իր այդ միտքը հավանաբար ծագում է այն իրականությունից, որում տարիներ է ինչ ապրում է Իտալիան, սոցիալական խավերի ցայտուն տարբերությունը ստիպում է ամեն ինչ տեսնել հենց այդ դիտանկյունից․․․
Սեպտեմբերի 5-ի երեկոյան իտալացի կինոհանդիսատեսը հմայված դիտեց Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմը։ Ցուցադրությանը ներկա էին Վենետիկի կինոփառատոնի պատվավոր հյուրերը, ժյուրիի անդամները, բազմաթիվ ռեժիսորներ, որոնք եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու Արտավազդ Փելեշյանին՝ կինոարվեստում ունեցած նրա եզակի ավանդի համար։
Սակայն չմոռանանք, որ Վենետիկը «Բնություն» ֆիլմի իտալական երկրորդ կանգառն է․այն 2022-ի հուլիսից ցուցադրվում է Միլանի մեծագույն Տրիենալեի «Իրական աշխարհ» ցուցահանդեսի շրջանակներում։
Ցուցադրությունը կազմակերպել է Փարիզի Կարտիե հիմնադրամը։ Ճիշտ ինչպես երկու տարի առաջ փարիզյան ցուցահանդեսում՝ «Բնությունը» ցուցադրվում է հիմնադրամի ժամանակակից արվեստի մի շարք արվեստանմուշների ուղեկցությամբ՝ դառնալով Միլանի 23-րդ միջազգային ցուցահանդեսի ազդեցիկ բաղկացուցիչը։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 11-ը։
Լիլիթ Սոխակյան , 2022
Վենետիկից՝ հատուկ «Կինոաշխարհի» (kinoashkharh.am) համար