Արտադրական բազայի ստեղծում

Ոգեշնչված առաջին ֆիլմի հաջողություններով և կազմակերպչորեն վերակառուցելով ու ստեղծելով Հայկինո տրեստը, Հայաստանի կինոաշխատողները ձեռնամուխ եղան կինոարտադրության հետագա զարգացմանը: Կինոֆաբրիկայում հանդես եկան երիտասարդ ստեղծագործող ուժեր, որոնք հնարավորություն ընձեռեցին նախաձեռնելու նոր ֆիլմերի արտադրությունը: Նորից  դիմեցին Շիրվանզադեին՝ այս անգամ ընտրելով նրա «Ցավագարը» վիպակը, որի հիման վրա Հ․ Բեկնազարյանը կազմեց «Չար ոգի» ֆիլմի սցենարը: Բեմադրությունը հանձնարարվեց  երիտասարդ կինոռեժիսյոր Պ․ Բարխուդարյանին ու վրացի դերասան Մ․ Գելովանիին: Ինքը Բեկնազարյանը զբաղվեց իր համար սցենար ստեղծելու խնդրով՝ այս անգամ որպես նյութ ընտրելով Հայաստանում բնակվող  քրդերին: Սցենարի հիմք ծառայեց քրդագետ Լազոյի մի անտիպ պատմվածքը, որի հիման վրա և կազմվեց «Զարե» ֆիլմի սցենարը: Վերոհիշյալ երկու սցենարները քննարկվեցին և հաստատվեցին Գեղարվեստական խորհրդի կողմից, և սկսվեցին նկարահանումները:

Այս անգամ որոշվեց չդիմել այլ կինոկազմակերպությունների օգնությանը, այլ ամբողջ աշխատանքը կատարել տեղում՝ Հայկինոյի նորաստեղծ արտադրական բազայում: Եվ քանի որ Հայկինոն դեռևս կինոատելիե չուներ, որոշվեց պավիլիոնները կառուցել բացօթյա: Մինչ այդ Լուսժողկոմատի և Երքաղսովետի առաջ հարուցվել էր կինոֆաբրիկայի տերիտորիան ընդարձակելու հարցը: Քիչ անց, Հայկինոյին տրամադրվեց կից գտնվող մի այլ շենք, ուր տեղավորված էր Լուսժողկոմատի մանկապարտեզներից մեկը, ապա գնվեցին մասնավոր մարդկանց պատկանող հարևան բակերն ու այգիները: Շինարարական որոշ աշխատանքներ կատարելուց հետո Տերյան փողոցի N 2 տունը դարձավ Հայկինոյի ֆաբրիկան և գրասենյակը: Հաջորդ տարին «արշավ կազմակերպվեց» նույն փողոցի հանդիպակաց բակերի և տնակների վրա: Շուտով այդ ևս գնվեց մասնավոր տերերից և, այսպիսով,  N 3 տունը միացվեց Հայկինոյին, ու ստեղծվեց բավական ընդարձակ մի տերիտորիա, որը հաջորդ տարիներին ծածկվեց նորոնոր շենքերով: Իսկ 1929 թ․ այդ տերիտորիայի վրա կառուցվեց մի ընդարձակ ատելիե, որն ուներ միաժամանակ 3 համր ֆիլմ արտադրելու կարողություն: Այսպիսով, ֆիլմերի արտադրությանը զուգահեռ ստեղծվեց նաև արտադրական բազա, որը հետագայում հարստացավ արտադրական ցեխերով և հագեցվեց նորագույն տեխնիկայով:

Ահա այս տերիտորիայի վրա 1926 թվականին կառուցվեցին բացօթյա դեկորացիաներ և սկսվեցին «Զարե» ու «Չար ոգի» ֆիլմերի նկարահանումները: Բնական տեսարանները նկարահանվում էին քաղաքի զանազան վայրերում, Աստվածածնի եկեղեցու բակում, Արագածի վրա, Ախտայի շրջանի Սովուխ-Բուլաղ գյուղում և այլն: 1926-27 թթ․ երկու ֆիլմերն էլ արդեն պատրաստ էին և մեծ հաջողությամբ ցուցադրվեցին Հայաստանում ու այլ ռեսպուբլիկաներում: 1926 թվականին, 15 օրվա ընթացքում, արտադրվեց Հայկինոյի անդրանիկ կինոկոմեդիան՝ «Շորն ու Շորշորը» որի համար օգտագործվեց Մ․ Բագրատունու (Փալանդուզ Մկո) համանուն պատմվածքը: Իսկ հաջորդ՝ 1927 թվականին նկարահանվեց մի խոշոր ֆիլմ՝ «Խասփուշ»-ը, որի սցենարի համար հիմք ծառայեցին Րաֆֆու և Վ․ Փափազյանի պատմվածքները:

Արտադրված ֆիլմերն արդեն որոշ անուն էին ստեղծել Հայկինոյի համար Միության կինոշուկայում: Հայկինոն բռնել էր իր արժանի տեղը այլ ազգային կինոկազմակերպությունների շարքում, նրա մասին խրախուսական հոդվածներ զետեղվեցին կենտրոնական թերթերում և ամսագրերում:

Դ․Դզնունի