Իրեն վերագտած, իր ներսի լույսին հավատացող երիտասարդ ռեժիսորը
Գուցե հենց հիմա մի երիտասարդ կինոռեժիսորի մտքում փայլուն ֆիլմի գաղափար ծագեց, իսկ գուցե նրա նկարած ֆիլմը հենց վաղը ցնցելու է աշխարհը։ Քացաքականացված մեր կյանքում նոր ֆիլմերն անցնում-գնում են, շատերս կամ ուշադրություն չենք դարձնում, կամ ուշադրություն դարձնելու սիրտ ու ժամանակ չունենք։ Բայց, բարեբախտաբար, նոր ֆիլմեր նկարվում են, անգամ միջազգային փառատոների մասնակցում ու մրցանակներ բերում։
Երիտասարդ կինոռեժիսոր Արամ Մանուկյանը վերջերս է ավարտել իր երկրորդ՝ կարճամետրաժ խաղարկային «Allusion» («Ակնարկ») ֆիլմը։ Կարելի է ասել այն դեբյուտային է, որովհետև Արամի առաջին ֆիլմը կարճամետրաժ վավերագրական է՝ «Թույլ տվեք»-ը՝ նույնպես դեբյուտ։
«Allusion»-ը պաշտոնապես ընտրվել է Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի 73-րդ միջազգային փառատոնի մրցութային ծրագրում: Այն ոչ միայն Իտալիայի, այլև աշխարհի կարճամետրաժ ֆիլմերի ամենահին փառատոներից մեկն է: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 2-6-ը Իտալիայի Մոնտեկատինիում։ «Allusion»-ը մրցութային ծրագրում ընդգրկվել է աշխարհի տարբեր երկրների շուրջ 39 ֆիլմերի շարքում։ Մոտ 1500 ֆիլմից է ընտրվել լավագույն 39-ը։
Kinoashkharh. аm-ի անդրադարձը հենց այս առիթով է՝ հարցազրույց երիտասարդ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արամ Մանուկյանի հետ։
Մոնտեկատինին առաջին փառատոնն է, որին մասնակցում է «Allusion»-ը։ Արամ Մանուկյանը հույս ունի, որ փառատոնային ընթացքը նոր է սկսվում։ Նրա առաջին՝ «Let Me» («Թույլ տվեք») կարճամետրաժ վավերագրական ֆիլմը բազմաթիվ մրցանակներ է ստացել տարբեր միջազգային փառատոներից։ 2021 թվականին Կաննում անցկացվող կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել գլխավոր մրցանակի։
Առաջին երկու կինոդեբյուտները
Վավերագրականը շատ դժվար ժանր է։ Եթե նկարում ես մարդու մասին, չպետք է խաբես, պետք է իրականությունը զգաս չմիջնորդավորված։ Ես «Թույլ տվեքը» նկարել եմ, որովհետև այն հորս մասին է։ Փորձել եմ որդու կերպարից դուրս գալ ու ներկայացնել քանդակագործ-նկարչին։ «Կինոդարանում» «Թույլ տվեքը» ցուցադրվում է։ «Թույլ տվեք»-ից հետո որոշեցի ինձ փորձել խաղարկային ժանրում ու այս տարվա գարնանը նկարեցի «Allusion» («Ակնարկ»-ը)։ Ֆիլմում երկխոսություններ չկան։ Այն պատմում է էքզիստենցիալ ճգնաժամի մեջ գտնվող նկարչի մասին։ Նկարահանումներն արել եմ մարտ-ապրիլին։ Մայիսին պատրաստ է եղել։ Ես այսպես էի որոշել՝ ֆիլմն ավարտում եմ, նայում եմ, եթե ինձ դուր գա, կուղարկեմ կինոփառատոների, եթե ոչ, մոռանում եմ դրա մասին։
Որպես կերպար՝ նկարիչի եմ ընտրել, բայց նրա փոխարեն կարող է լինել ցանկացած արվեստագետ՝ երաժիշտ, դերասան, ռեժիսոր, կոմպոզիտոր։ Ինչո՞ւ է նկարչի փոխարեն հնարավոր տեսնել ցանկացած այլ արվեստագետի, որովհետեւ այստեղ մանսագիտությունը չի կարևորվում, այլ արվեստագետի տեսանկյունը, նրա հայացքն աշխարհին, կյանքի երևույթներին։ Յուրաքանչյուր ոք իրականությունն ընկալում է յուրովի, գույներն էլ են տարբեր կերպ ընկալվում ու դրսևորվում։
Բուրգը՝ երկրորդ գլխավոր դերակատար
Խորհրդավոր բուրգի հայտնվելուց հետո նկարիչը սկսում է կասկածել այն իրականությանը, որի մեջ ինքն ապրում է։ Գլխավոր դերակատարից բացի, անշունչ առարկան՝ ապակե բուրգը, ևս մեծ տեղ ունի ֆիլմում՝ լուռ, խորհրդավոր, բայց էական դեր է կատարում, կարծես կերպավորված լինի։
Բուրգը հենց նկարչի տեսանկյունն է, դրա հիմնաքարը։ Մյուս նկարիչների համար այն սովորական բուրգ է. արվեստանոցում պարանից կախված՝ այն աջուձախ շարժվում է, իսկ նկարակալների առջև նստած նկարիչները փորձում են նկարել՝ որպես սովորական իր։ Ու միայն գլխվոր հերոսն է հոգական տանջանքների միջով անցնելով՝ իրեն համոզում, որ այն սովորական երկրաչափական մարմին չէ։ Այն պետք է փոխի իր տեսանկյունը, իր ներաշխարհը։ Ապակե բուրգն աշխարհն այլ կերպ տեսնելու անսովոր միջոց է։
«Ակնարկը»՝ ապրումներ ու զգացողություններ
Այս ֆիլմի վերնագիրն «Ակնարկ» է, որովհետև այն ի՛մ ակնարկն է։ Իրականում ես այս ֆիլմով ակնարկ եմ անում՝սեփական ապրումներս արտահայտելով։ Իմ զգացածն արտահայտել ու նույնացրել եմ գլխավոր հերոսի զգացումների հետ։
Հերոսն ապրում է սև ու սպիտակ աշխարհում։ Խորհրդավոր պրիզմայի հայտնվելուց հետո նա հասկանում է, որ աշխարհում այլ գույներ էլ կան։ Բուրգը նկարչի ներքին լույսն է։ Նկարիչն ինքն իրեն վերագտնում է։ Մինչ այդ, իրեն շրջապատող աշխարհից նա դժգոհ է, հասկանում է, զգում է, որ ինչ-որ բան է խաթարվել այդ աշխարհում, որը պետք է վերականգնի։ Նա միշտ սև ու սպիտակ գույներով է նկարում, բայց գալիս է նաև այն պահը, երբ անգամ այդ սև-սպիտակը կտավի վրա չի երևում, չի դրոշմվում։
Կտավը դատարկ է մնում. սա նկարչի հոգեկան ճգնաժամի գագաթնակետն է, որը հուշում է՝ պետք է ինչ-որ բան փոխվի, այսպես երկար չի կարող շարունակվել։ Ու այս հոգեվիճակը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ նրա ներքին շարժիչը գործի է դրվում, ոչ բոլորի պես մտածելու, աշխարհն ընկալելու նրա ունակությունն արթնանում է։ Նկարիչն սկսում է տեսնել ավելին, այն, ինչ հասու չէ շատերին։ Բուրգը դառնում է այն առարկան, որի միջոցով նա վերագտնում է իրեն, վերահաստատում, որ աշխարհում անչափ հետաքրքիր ու գեղեցիկ գույներ կան, որոնք պետք է տեսնել ու հանձնել կտավին։
Փնտրեք ինքներդ ձեզ
Սա ուղերձ է նրանց, ովքեր դեռ չեն գտել սեփական «ես»-ը, բայց անընդհատ փնտրտուքների մեջ են։ Կյանքի մութ կողմերից բացի, կա լույսը։ Այն, ինչ ձեզ թվում է, թե տեսնում եք՝ որպես իրականություն, ամենևին էլ իրական չէ։ Կա մեկ այլ իրականություն, որը տեսնելու, ընկալելու և վերարտադրելու համար պետք է ունենալ հոգու լույս, հոգու աչքեր։
Իմ հերոսն արդեն ճերմակող, կես դար ապրած նկարիչ է։ Այս հասուն մարդու միջոցով ես արտահայտել եմ իմ՝ նրանից շատ ավելի երիտասարդիս ապրումները։ Ֆիլմում ինքնակենսագրական տարրեր կան։ Ես շատ դժվարություններ եմ տեսել՝ չնայած երիտասարդ տարիքիս։ Այդ դժվարությոններն են ինձ հասցրել այն ճամփաբաժանին, որ ես վերջապես զբաղվեմ իմ սիրած գործով՝ ֆիլմեր նկարելով։
Ինքնակրթվել ու գրագետ կինո նկարել
Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտն եմ ավարտել՝ Նիկոլայ Դավթյանի կուրսը։ Երկու ֆիլմերս նկարելիս պարոն Դավթյանից խորհուրդներ եմ հարցրել։ Կյանքում ինչ-որ բանի հասնելու, առավել ևս սիրածդ գործը գրագետ անելու համար պետք է ամեն օր ինքնակրթվել։ Վերջին 10 տարում ես մեծ մասամբ դա եմ անում, մասնակցում եմ կինոգործիչների առցանց դասերի, լավ ֆիլմեր եմ դիտում։ Իմ տարեկիցները 800 դոլար են տալիս, իրենց համար նոր սերնդի հեռախոս են գնում, ես այդ նույն գումարը վճարում եմ կինոյի առցանց կուրսերի մասնակցելու համար։ Այն, ինչ գիտեմ, սովորել եմ, ինձ շատ է օգնում ֆիլմ նկարելիս։
Աշխարհի ամենամատչելի ու պարզ լեզուն կինոյի լեզուն է, բայց դա էլ պետք է գրագետ արտահայտել, գրագետ մատուցել։
«Allusion»-ի ստեղծագործական խումբը
Երկու ֆիլմերս էլ մասնավոր միջոցներով են նկարվել, պետական գումար չի ծախսվել։
«Allusion» ֆիլմիս ֆինանսավորման մի մասն անձնական միջոցներս եմ օգտագործել, հետո «Kinoket» ընկերությունն ինձ օգնել է տեխնիկայով, որպեսզի կարողանամ թղթին գրված սցենարս նկարել։ Ֆիլմի հետարտադրական փուլում ինձ օգնել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։ Հնչյունային ձևավավորումն արել է Կարեն Ծատուրյանը, մոնտաժը՝ Ռոմեն Ծատուրյանը, օպերատորն Արմեն Գևորգյանն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Գագիկ Ավետիսյանը, որը 30 տարի առաջ խաղացել է թատրոնում, ինչ-ինչ պատճառներով բեմը թողել ու տասնամյակներ անց կրկին խաղում է իմ ֆիլմում։
Ֆիլմը նկարել եմ իմ ծննդավայրում՝ Արմավիրում։Միջավայրը համապատասխանեցրել եմ ֆիլմիս սցենարի պահանջներին։ Այն, ինչ իմ մտապատկերում է եղել, ֆիլմում կադր առ կադր իրականացրել եմ։
Ես եմ ու իմ կինոն
Ես սկզբունքներ ունեմ, որոնց միշտ հետևում եմ։ Պարտադիր չէ, որ ֆիլմ նկարելու համար դիմես պետությունն ու գումար ուզես։ Այլ բան է, որ հատկապես կարճամետրաժ ֆիլմերի դեպքում պետությունը պետք է շահագրգռված լինի, ռեժիսորին ինքնադրսևորվելու հնարավորություն տա, խրախուսի։ Նույնիսկ C կարգի փառատոներում, եթե ինչ-որ ֆիլմ հաջողություն է ունենում, պետությունը կանգնում է այդ ֆիլմի հեղինակի թիկունքին ու ամեն ինչով աջակցում նրան։
Ես գիտեմ, որ շատ դժվար ճանապարհ եմ ընտրել, միայնակ եմ նկարելու իմ ֆիլմերը։ Միայնակ ասելով՝ նկատի ունեմ առանց պետական աջակցության, իսկ առհասարակ աջակիցներս, օգնողներս շատ են։ Հրաշալի մասնագետներ կան, որ ինձ հավատում են, փոխադարձ վստահության ու հարգանքի մթնոլորտ է ձևավորվել, ու մենք համատեղ աշխատում ենք։ Ես լսում եմ Հովհաննես Գալստյանի, Նիկոլայ Դավթյանի խորհուրդները, որոնք շատ կաևոր են ինձ համար։ Նրանցից շատ բան եմ սովորում։ Նույն «Kinoket»-ը, օպերատոր Մկրտիչ Բարոյանը, Կարեն Ծատուրյանն ինձ այնքա՜ն մեծ աջակցություն են ցույց տվել, հավատացել են իմ ուժերին, իսկ այդ վստահությունն ինձ մեծ ուժ է տվել։
Եթե ուզում ես ֆիլմ նկարել, անպայման կնկարես։ Ֆիլմի գլխավոր նախապայմանը ֆիլմ նկարելու ցանկությունն է։
Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի 73-րդ փառատոնին ֆիլմիս ցուցադրմանն անպայման ներկա եմ լինելու։ Բացի մրցութային ծրագրին մասնակցելուց, նման փառատոներին ներկայացված լինելու կարևորությունն այն է, որ հեղինակը ծանոթանա օտարազգի ներդրողների, պրոդյուսերների հետ, տեղում պայմանավորվածություններ ձեռք բերի հետագայի համար։ Ես այդ հնարավորությանն եմ սպասում։
«Allusion»-ը 2022-ի ֆիլմ է ու կարող է առաջիկա տարիներին մասնակցել տարբեր փառատոների։
Ժամանակակից հայկական ֆիլմերում ես ինձ դեռ չեմ տեսել
Հայաստանում ցուցադրվող բոլոր ֆիլմերի առաջին դիտողը ես եմ։ Եթե հայ ռեժիսորի ֆիլմ է նկարվում, անպայման դիտում եմ՝ ակնկալելով, որ նոր բան եմ սովորելու նրանից։ Բայց հիասթափված, գլուխս կախ տուն եմ վերադառնում։
Առայժմ ինձ համար անկրկնելի են Քվենտին Տարատինոն, Պաոլո Սորրենտինոն, Ուես Անդերսոնը, Ակիրա Կուրոսավան, Տարկովսկին, Գոդարը, Տրյուֆոն, հայ ռեժիսորներից՝ Մալյանը, Փելեշյանը, Փարաջանովը։
Ֆիլմ նկարողը չպետք է ինքն իրեն ներկայացնի։ Հայ ռեժիսորներն առայժմ դուրս չեն եկել տվյալ ֆիլմով իրենք իրենց ներկայացնելու ձգտումներից։ Հայկական ֆիլմերում օտարություն, խորթություն եմ զգում։ Ֆիլմը նկարիր ուրիշի աչքերով, օրինակ՝ զբոսաշրջիկի։ Իտալական ֆիլմերի հաջողության գաղտնիքը ո՞րն է. իտալացին իրեն նայում է ուրիշի աչքերով, ուրիշի հայացքով է ֆիլմ նկարում ու ներկայացնում իտալացուն։
Պատրաստեց Նաիրա Փայտյանը