Մարդկության պատմության տարբեր ժամանակաշրջաններում նկարիչն (художник) ընկալվել է տարբեր կերպ և, համապատասխանաբար, այս բառի իմաստն ստացել է տարատեսակ մեկնաբանություն: Նկարչի մերօրյա ընկալումը կերպարվեստով զբաղվող մարդն է, սակայն բառի լայն իմաստով՝ նա ստեղծագործող անհատ է, վարպետ, գեղարվեստական ու ստեղծագործական երևակայությամբ օժտված էակ։ Գրականության մեջ նկարչի խոսքի ամենավաղ հիշատակմանը հանդիպում ենք Դանթեի Աստվածային կատակերգությունում։ Նրա բնորոշմամբ, նկարիչը նա է, որն ունակ է բացահայտել գեղեցկությունը երկնային վեհապանծ անկեղծությամբ։
Վալենտին Պոդպոմոգովի տաղանդը դրսևորվել և ինքնատիպ մեկնաբանություն է ստացել արվեստի տարբեր ճյուղերում՝ տարաբնույթ թեմաների արծարծմամբ։ Նրա արվեստանոցն անդադար աշխատանքի և նորահայտությունների կենտրոն էր։ Գեղանկար, գրաֆիկա, քանդակ, փորագրություն փայտի և քարի վրա, կիրառական արվեստի նմուշներ, պլակատներ, բեմանկարչական էսքիզներ՝ նրա ստեղծագործության սահմանները էին, որոնց վրա կարող էր աշխատել միաժամանակ։ Արվեստանոցում՝ իր իսկ հիմնած աշխարհում, ամենը պատրաստված էր Պոդպոմոգովի ձեռքով. անկախ նրանից կահույքի պարագա է, թե՛ արվեստի այլ նմուշ։ Տարբեր տեխնիկաներ ու արտահայտչաձևեր, որոնց միավորողը հեղինակի մոտեցումն էր արվեստին կամ, գուցե՝ կյանքին։ Նա եղել է մուլտիպլիկացիոն և խաղարկային ֆիլմերի բեմադրիչ (այն քչերից էր, ով 60-ականներին նպատեց հայ մուլտիպլիկացիայի վերածնմանը), գրաֆիկ և գեղանկարիչ, բազմաթիվ գրքերի ձևավորող և Երևան քաղաքի գլխավոր նկարիչ։ Այս ցանկը կարելի է երկար թվել, այդուհանդերձ մենք կանդրադառնանք նրա՝ գեղանկարչի ուղուն։
Վ. Պոդպոմոգովին ճանաչում էին ոչ միայն արվեստագետները. նրա շուրջ համախմբված էին բազմաթիվ տաղանդավոր անհատներ, ու ինչպես նշում էին մտերիմները, նա ընկերություն էր անում տարբեր մասնագիտությունների ու տարիքի մարդկանց հետ միաժամանակ։ Դա էլ որոշ չափով բնութագրում է իր բազմապրոֆիլ գործունեությունն ու հետաքրքրությունների շրջանակը։ Բանաստեղծ-ընկերոջ՝ Պարույր Սևակի հետ մտերմության արդյունքում է ծնվել նրա ազգանվան հայերեն տարբերակը, – «…Գիտես, Սևակն է իմ ազգանունը թարգմանել հայերեն՝ Ենթաօգնականյան», – ասում էր նկարիչը։
Վալենտին Պոդպոմոգովը նկարչությամբ սկսել է զբաղվել հիսուն տարեկանում։ Պոդպոմոգովը, ում արվեստը հաճախ ասոցացվել է սյուրռեալիզմի հետ, միշտ կրկնում էր, որ անկախ նրանից, թե, որ ուղղությանը կդասեն իր արվեստը, ինքն իրեն համարում է սիմվոլիստ. իր ստեղծագործություններում սիմվոլիզմն ակնհայտ է։ Նկարիչն այս թեման, իրեն բնորոշ հումորով, շարունակում էր, – «Ես շրջանակագործ եմ («Я рамист»)», – քանի որ հին Վարպետների նման, իր կտավների շրջանակները ևս ինքն էր պատրաստում։
Սիմվոլիզմ կար ոչ միայն նրա հորինվածքներում, այլև, ինչպես նշում է նկարչի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան, անգամ նրա ծնունդն է եղել խորհրդանշական։ Արվեստագետը ծնվել է 1924 թվականին, Երևանում, զինվորական Գեորգի Պոդպոմոգովի և Եվգենիա Տեր-Աստվածատրյանի ընտանիքում։ Ծանր ծննդաբերության հետևանքում մայրը կորցրել է գիտակցությունը, իսկ կենդանության ոչ մի նշան չտվող նորածինը դրվել է վիրահատական պարագաների համար նախատեսված թասի մեջ։ Մոր կյանքը դժվարությամբ հաջողվել է փրկել։ Բուժքույրը, ով Պոդպոմոգովների հարևանուհին էր և հենց ինքն էլ հանգամանորեն պատմել է վիրահատության մանրամասները, հարցրել է բժիշկ, պրոֆեսոր Արուևին, թե ի՞նչ անել պտղի հետ։ Ի պատասխան, բժիշկն ասել է, որ հարկավոր է նրան ուղարկել լաբորատորիա՝ հասկանալու, թե ո՞րն էր մոր ուշագնացության պատճառը։ Հենց այդ պահին, բուժանձնակազմը նորածնի քթի ծայրին նկատում է շնչառության հետևանքով առաջացած պղպջակ։ Հասկանում են, որ երեխան ողջ է և սկսում են վերակենդանացնել։ Սրտի բնածին արատը պատճառ է հանդիսանում հետագայում, սրտի անբավարարության պատճառով, պարբերաբար հետազոտվել հիվանդանոցում, գտնվել բժիշկների հսկողության տակ։
Կյանքի ու մահվան այս ճամփաբաժանը, պայքարը հետագայում արտացոլվում են ոչ միայն նրա կյանքում, այլև՝ ստեղծագործություններում։
Երբ նրան հարցնում էին, թե ո՞ր դպրոցում է սովորել, իրեն բնորոշ հումորով պատասխանում էր՝ «Ոչ մի տեղ, իբր սովորում էի Պուշկինի անվան դպրոցում, բայց ծուլության համար…»։ Նա ընդամենը չորսամյա կրթություն ուներ, այդուհանդերձ, տաղանդը, խորքային ու փիլիսոփայական հիմքը, որ կա նրա գործերում, ինքնակրթության, երկարամյա աշխատանքի, տարբեր մշակույթների, նրանց պատմության ու քաղաքակրթությունների ուսումնասիրության արդյունք են։ Իր մասին կնոջը, կրկին հումորով, ասում էր, – «Ես դասական եմ», – երբ կինն առարկում էր, ասելով, որ այդպես արտահայտվելն այնքան էլ համեստ չէ, նկարիչը հակադարձում էր, – « …ինչո՞ւ է անհամեստ, ես երեք տարի հինգերորդ դասարան եմ հաճախել, և այդպես էլ չեմ ավարտել այն, ես դասական եմ…»։
Նկարիչը վաղ տարիքում զրկվել է հորից։ Անկախ դժվար տարիներից, ծանր կեցությունից, Պոդպոմոգովը միշտ ջերմությամբ էր հիշում իր մանկությունը, այդ ամենի դեմ միայնակ պայքարող մորը, ում, երբ հանդիմանում էին, թե այդ դժվարին պայմաններում ինչո՞ւ է գումարը ծախսում մատիտների և ոչ թե «պիտանի» որևէ այլ բանի վրա, նա պատասխանում էր՝ «Վալյաս շատ է սիրում նկարել»։
Քանի որ Վալյան, ինչպես նկատում էին բոլորը, «շատ էր սիրում նկարել», բարեկամուհին միջնորդում է, որպեսզի ստուգեն նրա նկարչական ընդունակությունները «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Հանդիպումից հետո, պատանուն քննող կինոստուդիայի աշխատակիցը հաղորդում է սովետական մուլտիպլիկացիոն կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկին, սովետական մուլտիպլիկացիայի վետերան Լև Ատամանովին, որ տղան՝ «թույլ է»: Լև Ատամանովը, դիմելով Վալյային, ասում է, – «Տղա ջան, գնացեք, երբ պետք լինի, մենք ձեզ կկանչենք…»։ Պատանի Պոդպոմոգովը հասկանում է, որ պատասխանը բացասական է, սակայն առավել տխրում է այն բանի համար, որ չի կարողանա օգնել մորը և իրենց չի հաջողվի դուրս գալ աղքատությունից ու ծանր պայմաններից։ Հետագայում նկարիչը իր կնոջը՝ Ասյային պատմում էր, որ երբ վհատված դուրս եկավ կինոստուդիայից, հանկարծ Ատամանովն իրեն հետ կանչեց՝ «Տղա ջան, գիտե՞ս ինչ, վաղը արի, կտեսնենք…»։ Պատանի Վալյան չհասկանալով որոշման փոփոխության պատճառը, նույն ճանապարհով հետ գնալիս, հասկացավ ինչումն է բանը. ռեժիսորի մերժումից հետո, երբ գլխիկոր քայլում էր, ոտքերն, իրենից անկախ, գնացին նոր կտրված անձրևից առաջացած ջրափոսերի միջով։ Պատռված կոշիկի թողած հետքերն են դառնում պատճառ Ատամանովի որոշման. նա հասկանում է, որ պատանին աշխատանքի կարիք ունի։
1940-ին Պոդպոմոգովն ընդունվում է «Հայֆիլմ» կինոստուդիա՝ աշակերտում Լև Ատամանովին։ Ստեղծվում են բազմաթիվ մուլտիպլիկացիոն և գեղարվեստական ֆիլմեր՝ «Կախարդական գորգը», «Մի կաթիլ մեղրը», «Պույ-Պույ մուկիկը», «Լեգենդ Փարվանա լճի մասին», «Փեսատես», «Ուրվականները հեռանում են լեռներից», «Սիրտն է երգում», «Առաջին սիրո երգը», «Ճանապարհ դեպի կրկես», «Մորգանի խնամին», «Սգավոր ձյունը» և այլն։ Հարցին, թե ո՞րն է իր ամենասիրելի ֆիլմը, պատասխանում էր՝ «Սգավոր ձյունն» ըստ Անրի Թրուայայի, որի ռեժիսորն էր Յուրի Երզնկյանը։ Մտերիմ գործընկերոջ հոբելյանի առթիվ, 1994-ին «Նկարչի դիմանկարի ոչ հոբելյանական գրառումներ» վերնագրի ներքո հետաքրքիր հուշ-հրապարակումով է կիսվել Մաեստրո Երզնկյանը. «Վալյայի տաղանդը իրեն վերապահված կոմբինացված նկարահանումների նկարչի համեստ դերի սահմաններից դուրս էր։ Նա անդադար նկարում էր «ոչ այն, ինչ պետք էր» … Նկարում էր վարպետորեն, պրոֆեսիոնալ … Մեզ՝ նրա գործընկերներին, ինչ-որ տեղ ամոթալի էր նկարել նրա ներկայությամբ՝ անհարմար, գուցե՞… Եվ, հավանաբար, այդ պատճառով էլ որոշեցի փոխել նկարչի մասնագիտությունը՝ ընտրելով ռեժիսուրան։ Վալյան ընդվզեց. «Կարելի՞ է, այդպես նկարել և… դառնալ մարդ, ով միայն գոռում է «Մոտոռ», – գրում է Երզնկյանը։ Ի դեպ, Վալենտին Պոդպոմոգովն է հետագայում նկարազարդել Յուրի Երզնկյանի «Զվարճալի էջեր տխուր օրագրից» հուշ-գիրքը։
Հետաքրքիր է եղել Պոդպոմոգով-նկարչի գործունեությունը։ Ինչպես նշում է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը. «…ժամանակի ընթացքում պարզվեց, որ մուլտիպլիկացիային, սատիրային, կինոյին, բեմանկարչությանը, դիզայնին ու մայրաքաղաքի ձևավորմանը նվիրված երկար տարիներն իր ստեղծագործության գլխավոր էությունը չէին»։ Իսկ նկարիչն իր ստեղծագործական ուղու մասին ասում էր, – «…Այն ժամանակ ես զբաղվում էի միայն գրաֆիկայով, Նկարիչների միությունում գրաֆիկների բաժնում էի հաշվառվում, իսկ նկարիչները զարմանում էին, ասելով՝ եթե գրաֆիկ ես, ինչո՞ւ ես գեղանկարչությամբ զբաղվում»։ Վալենտին Պոդպոմոգովը սկսել է նկարել հիսուն տարեկանում։ Նա հաճախ էր հիշում հանդիպումները Վարպետ Սարյանի հետ. «Արի՛, ասում էր Մարտիրոս Սերգեևիչը, ես քեզ գեղանկարչություն կսովորեցնեմ։ Չեմ գա, ասացի ես, միևնույն է, Սարյան չեմ դառնա»։ Եվ ավելացնում էր, – «Ես, հավանաբար, միակ մարդն էի, որի ներկայությամբ Մարտիրոս Սերգեևիչը շարունակում էր նկարել»։
Պոդպոմոգովը որևէ տեղ նկարչության հատուկ դասեր չի առել։ Ընկերները հաճախ կրկնում էին, որ, հավանաբար, պատահական չէր մոր ազգանունը՝ Տեր-Աստվածատրյան. նրա բազում տաղանդներն Աստծո պարգևներ էին։ Արվեստագետը հաճախ էր նշում, որ իբրև նկարիչ նա մեծապես ձևավորվել է կինոյի շնորհիվ. «Գեղանկարչություն ես եկել եմ կինոյից։ Գույնը, լույսը, դրամատուրգիայի ընկալումը՝ այդ ամենն ինձ տվել է կինոն…», – մի առիթով ասել է արվեստագետը։ Ձյաձյա Վալյան, ինչպես անվանում էին նրան, պատմում էր, որ երբ նոր-նոր էր սկսել նկարել, նրա ծանոթներից մեկը հարցրել էր՝ «…Այդ Դալիի դափնիները քեզ հանգիստ չեն տալի՞ս»։ Արվեստագետի խոստովանությամբ, այդ ժամանակ դեռ չէր տեսել Դալիի ստեղծագործությունները, ուստիև խնդրեց դստերը՝ Եվգենյային (Ժեկա), բերել Դալիի վերատպություններից, հասկանալու համար՝ կա արդյո՞ք ոճային նմանություն, թե՝ ոչ։ Հետևյալից կախված կամ կդադարի նկարել, կամ՝ կփոխի ոճը։ Սակայն տեսնելով դրանք, համոզվեց, որ միանգամայն տարբեր աշխատանքներ են։
Զբաղվել գեղանկարչությամբ Պոդպոմոգովին հորդորել է Հենրիկ Իգիթյանը։ Առաջին ստեղծագործությունը կոչվում է «Կարոտախտ»։ Իրեն բնորոշ մուգ երանգներում կապիկի՝ հատուկ լուսավորված, ընդգծված «մարդեղային մտազբաղ հայացքով» կերպարն է։ Շղթայված կենդանու մի ձեռքում դափնու տերևներ են, մյուսում՝ փոքր չափսերով երկրագունդը, կից՝ թոշնած ու դալկացած մագաղաթաթերթը։ Իրեն բնորոշ սիմվոլիստական մոտեցմամբ հեղինակը փոխանցել է անազատության մեջ գտնվող կերպարի մեկուսացվածությունն ու իր աշխարհի հանդեպ փափագը։ Պետք է նկատել, որ նրա գեղանկարներում ակնհայտ է ոչ միայն կինոարվեստի, այլև մուլտիպլիկացիայի անմիջական ազդեցությունը, ինչը նաև բնական է։
Նրա գործերը պատրանքային են, ասելիքը փոխանցվում է ոչ բացահայտ։ Ինչպես նշում էր Հենրիկ Իգիթյանը, – «Լինելով ուրախ և շփվող, ներքուստ նա շատ միայնակ էր, արտաքնապես լինելով լավատես անհատ՝ արվեստում նա դրամատիկ էր, առավել հաճախ՝ ողբերգական»։ «Սպասում» կտավը ևս, ստեղծվել է Իգիթյանի խնդրանքով՝ թանգարանում ցուցադրվելու նպատակով։ Վիրակապված ձեռքերում խորասուզված անհատակ, անդեմ դեմքը խուճապային վախ ու տագնապ է սերմանում տանջալի սպասումի հավիտենականության առաջ։ Դեմքի մթամած անդունդում դատարկություն է, ունայնություն, միևնույն ժամանակ՝ անվերջ հրապուրող տարածական հեռանկար։ Անդրադառնալով այս կերպարին, հեղինակը նշում է, որ եթե հերոսուհին անդեմ չլիներ, ապա կխորհրդանշեր կոնկրետ անձնավորության սպսումի զգացողությունը, իսկ դա բնութագրում է հոգեվիճակ և ոչ՝ անհատի։
«Սպասում. Մենք բոլորս ապրում ենք սպասումների գերության մեջ՝ ծնունդից մինչ մահ», -ասում է նկարիչը։ Հերսուհին թեև անդեմ է, այդուհանդերձ, նրա նյարդային, լարված լռությունն ստիպում է ճշգրտորեն, ամենայն մանրամասնությամբ «հեղինակել» նրա դիմագծերը։ Այս աշխատանքի հետ կապված կա մի պատմություն, երբ ուշ երեկոյան, նկարչին է զանգահարում մի երիտասարդ ու թույլտվություն խնդրում անցելել ու ևս մեկ անգամ դիտել այդ գործը, քանի որ, մի քանի ժամ առաջ, մայրիկի հետ տեսնելով աշխատանքը, չեն կարողանում պարզել, թե ո՞վ է ճիշտ. մայրը պնդում է, որ կանացի դեմքը, այնուամենայնիվ, պատկերված է, որդին՝ հակադարձում է։
Պոդպոմոգովի ստեղծագործությունները, ինչպես արդեն համոզվեցինք, ոչ թե զուտ անձնական, անհատին վերաբերող խնդիրների արտացոլում են, այլ համամարդկային՝ առավել մեծ խնդիրների անդրադարձ։ Պոդպոմոգովի մոտ իրերը, առարկաները կենդանանում են՝ վերափոխվելով ստանում մարդկային կերպարանք։
«Անջատում» («Отторжение») ստեղծագործությունն ստեղծվել է կաշվի գործարանի տնօրենի պատվերով, իսկ արվեստագետը ներշնչվել է կաշվի մշակման ընթացքից։ Հարություն առածի կերպարանքով, երկրի վրա սավառնող մարմնից առանձնացած մակերեսը, ոչ բացահայտ նույնացվում է Տիրոջ կերպարի հետ։
«Պայքար»-ում խաչելության այլաբանական պատկերումն է. մարդկային չարիքը, որ խաչի բարձրացրեց Քրիստոսին, նույնը կրկնում է նաև աստվածային բնության հանդեպ։ Կյանքի աղբյուրներ որոնող, բետոնե խաչին միաձուլված ծառը դրա իմաստաձևաբանական պատկերումն է։
Կիսակառույց, «միայնակ» նավը, նկարակալի տեսքով կայմը դիմակայում են փոթորկին «Լքվածը» ստեղծագործության մեջ։ Տարբեր ուղղություններով շարժվող ամպերն ու առագաստը, քամին արդյո՞ք հեղինակի՝ բողոքի յուրովի մեկնաբանությունը չեն մենության և շրջապատի անտարբերության հանդեպ։
«Mea culpa» («Իմ մեղքը») ստեղծագործությունը ժամանակաշրջանների ու պատմական իրադարձությունների ինքնատիպ միաձուլում է՝ առաջին քաղաքակրթություններից մինչ նյու-յորքյան երկնաքերեր։ Կոմպոզիցիան կառուցված է Բաբելոնյան աշտարակի նախատիպով՝ հեղինակին բնորոշ ենթատեքստային իմաստաբանությամբ։ Անթիվ առնետների՝ ամենից դիմացկուն էակների ներխուժումը մարդկանց մոլորակ, տագնապալի ահազանգ է ահռելի արագությամբ փոփոխվող աշխարհին՝ ուղղված միջուկային պատերազմի անխուսափելիությանը, ինչում կա յուրաքանչյուրի մեղքը։ Աշտարակի դիմաց՝ փոքրիկ ամպի վրա, Զվարթնոցի տաճարն է. Հայրենիքը, նաև՝ մոլորակը փրկելու հեղինակի յուրատիպ փորձը։
Նկարչի գործերում ակնհայտ են անտարբերությանն ուղղված բողոքն ու ճիչը, ցավին հաղորդակից լինելու կոչը։ «Էլեգիա» կտավում երկինքը ճեղքած զանգերից, ասես, փոխանցվում է մարդու անզորության դեմ տագնապալի աղաղակող, գոռացող զանգերի անձայն ղողանջը։ Դատարկ օրորոցը, զգեստավորված, անմարմին մոր կերպարը անպտղության խորհրդանիշներն են։
Նկարչի հայրը ուկրաինա-լեհական ծագում ուներ, մայրը հայուհի էր։ Անձնական թերթիկը լրացնելիս, Պոդպոմոգովը նշում էր. «Ազգությունը՝ ռուս, մայրենի լեզուն՝ հայերեն»։ Ուստիև նրա ստեղծագործություններում նա հաճախ է անդրադարձել իրեն սրտամոտ ու հարազատ երկու պատմություններին։
Կնոջ խոսքով, արվեստագետը շատ արագ էր նկարում (կարող էր ավարտել գործը, մինչ ինքը կվերադառնար շան հետ զբոսանքից), և հաճախ էր նշում, որ հիմնական աշխատանքը կատարվում է նկարակալին մոտենալուց առաջ՝ մտքում, իսկ կտավին փոխանցել հաջողվում է ամբողջի միայն երեսուն տոկոսը։
Պոդպոմոգովի ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայրենիքին, նրա պատմությանը, ճակատագրին նվիրված գործերը՝ «Անդրանիկ», «Ռեքվիեմ», «Կոմիտաս», «Հորովել», «Արցախ»՝ դեպի երկինք սլացող մոնումենտալ խաչքարով, առ Աստված ուղղված աղոթքներով և վառվող մոմերով։ Արվեստագետն ասում էր, որ ինքը հավատացյալ է, սակայն ոչ բարեպաշտ։ Նկարչի բոլոր աշխատանքներում ակնհայտ է հավատն առ Աստված։ Կա հետաքրիր մի պատմություն, կապված նրա սրբապատկերներից մեկի հետ (այդ աշխատանքը գտնվում է անհատական հավաքածուում և ցուցադրվել է 2021-ին, Նկարիչների միությունում կայացած ցուցահանդեսին)։ Սրբապատկերի տերը զանգահարում է Պոդպոմոգովին՝ խնդրանքով, ռեստավրացնել Քրիստոսի դիմանկարը։ Մասնագետները հրաժարվում են վերականգնել Սրբապատկերը, քանի որ հեղինակը ողջ է։ Նորոգման պատճառ էր հանդիսացել իրենց տանը բռնկված հրդեհը, որը, բարեբախտաբար, առանց կորուստների էր ավարտվել։ Դա տեղի էր ունեցել ցուրտ ու մութ տարիներին, երբ չկար ոչ գազ և ոչ էլ լույս։ Ինչպես շատերը, որպես տաքացման միջոց, ընտանիքն օգտագործում էր նավթավառը։ Կահույքի վրա ընկած խայծից սկսում են այրվել վարագույրներն ու գորգերը։ Դադարեցնել կրակը չի հաջողվում։ Ողջ ընտանիքը, այդ թվում նաև փոքրիկները, գտնվում էին տանը։ Մուտքի դուռը բացելու բոլոր փորձերը անհասկանալի պատճառներով ձախողվում են։ Սկսում է այրվել պատին կախված խալին և կրակը հասնում է Քրիստոսի սրբապատկերին։ Եվ այդ պահին, ասես հրաշք է տեղի ունենում. անհասկանալի կերպով կրակը մարում է՝ այդպես միայն ֆիլմերում կարող է լինել։ Ընտանիքը փրկվում է, իրենց կարծիքով, ի շնորհիվ այս սրբապատկերի՝ վերևից ուղարկված հրաշքի։ Մի փոքր վնասվում են Տիրոջ պատկերն ու շրջանակը։ Պոդպոմոգովը նշում է՝ քանի որ նրանք համարում են, որ Սրբապատկերը նման դեր է խաղացել իրենց կյանքում, ավելի լավ կլինի չփոխել շրջանակը և ամբողջը միասին նորով շրջանակել։ Պոդպոմոգովը ստեղծագործությունը ոչ ամբողջությամբ, բայց վերականգնում է՝ թողնելով այդ դեպքի մասին հիշեցնող որոշակի հատվածներ։
Հեղինակին բնորոշ սիմվոլիստական իմացաբանությամբ է պատկերված «Խորհրդավոր ընթրիքը»։ Վերնագրված է լատիներեն՝ SORS, ինչը թարգմանաբար նշանակում է «Գիր-ղուշ»։ Պատկերագրության ընդունված «սահմանները» Պոդպոմոգովի մոտ իրեն ներհատուկ մեկնաբանություն են ստանում։ Մեր ընտրելիք ուղիները խորհրդանշող, չարի ու բարու սև և սպիտակ գնդերը դրված են խաչափայտ-սեղանին։ Այրվող մոմերից ընկած շողքերը վերափոխվում են առաքյալների կերպարանքի։ Թեև Քրիսոսը պարուրված է Հուդդային խորհրդանշող հանգած մոմի ծխով, միևնույն է, Նա ճառագում է Երկնային, Աստվածային լույսով։ Տիրոջ ձեռքերում հացն ու գինին են՝ իր մարմինն ու արյունը։ Խաչաձև սեղանին, որն ասես Պատանքով է ծածկված, փշեպսակի հետքեր են՝ գալիք ողբերգության կանխազգումը։
Նրա սրբապատկերները յուրահատուկ խորհուրդ էին կրում իրենց մեջ։ Նկարիչն իր հուշերում պատմում էր իր արվեստանոց այցելած Քոչարի մասին։ Այդ ժամանակ Պոդպոմոգովն աշխատում էր «Ծնկի իջած Քրիստոսը» ստեղծագործության վրա (որը, ցավոք, հետո գողացան)։ Քոչարը, մի կողմ դնելով ձեռնափայտը, ծնկի է իջնում նկարի առաջ և ասում, – «Գուլո ջան (այդպես էր նա դիմում բոլորին), չերևակայես, թե դու գլուխգործոց ես ստեղծել, պարզապես ոտքերս ցավում են, չեմ կարող ոտքի կանգնել»։
Հավատի հանդեպ անհավատության ու մատնության ինքնօրինակ մեկնաբանություն է ստացել «Հավատի հուղարկավորությունը» աշխատանքը։ Չերևացող դեմքերով մարդիկ, որ, ասես, բարձրանում են Գողգոթան, հուղարկավորում են ահռելի խաչը։ Հենրիկ Իգիթյանն ստեղծագործությունը կոչել էր «Perpetuum mobile» («Հավերժական շարժիչ»), այսինքն մատնությունը, որ ապրում և քայլում է մարդկությանը զուգընթաց, կա, քանի գոյություն ունի բանական էակը։
Նկարչի արվեստում առանձնահատուկ տեղ են գրավում հայի ճակատագրի դժվարին ու ողբերգական դեպքերին վերաբերող կոչ-արձագանքները։ 1915-ի Ցեղասպանությանն է նվիրված մռայլ, մութ տոներով արված «Ռեքվիեմ» հորինվածքը։ Լարված դրամատիզմ հաղորդող կոտրված զանգը՝ կոմպոզիցիայի մեջտեղում, փլատակներն ու կիսավեր եկեղեցին փոխանցում են գազանային գործողությունների ողջ սարսափը։
«Կոմիտաս» ստեղծագործությունում Մեծ երաժշտի կերպարի համար մոդել է հանդիսացել հեղինակը՝ գուցե որոշ առումներով զուգահեռներ անցկացնելով նաև իր անձնական կյանքի հետ։ Կոմիտասը, մութ քամիներից պահպանում-պատնեշում է ձեռքերում գտնվող ճաճանչափայլ լույսը։ Այնուամենայնիվ, ճրագ՝ իրապես չկա։ Կոմիտասն իր հոգուց շողարձակող լույսն է սփռում։ Այս ստեղծագործությունը, որոշ առումով անավարտ է մնացել. հեղինակի մտահղացմամբ, ստեղծագործությունը պետք է լիներ տրիպտիխ, իսկ երկփեղք դռները դառնային Երգահանի «պահապանները»։
«Սումգաիթյան Տիրամայրը» հայ ժողովրդի պատմության մեկ այլ ողբերգական էջի պատկերումն է։ Ստեղծագործության առաջին տարբերակն առևանգել են (ի դեպ նման դեպքեր շատ էին պատահում Պոդպոմոգովի աշխատանքների հետ, ինչի հետ կապված, նկարիչն իրեն բնորոշ նրբանկատությամբ նշում էր. «Վատ նկարը հո չե՞ն առևանգի…»)։ Սև քողով կիսածածկված, լուսապսակով, սևազգեստ Սումգաիթյան Տիրամոր գրկում լուսապսակով դատարկ բարուրն է։ Սա հավաքական կերպարն է բոլոր մայրերի, ում երեխաները սպանվել են։ Հետևի ֆոնին հատվում, միաձուլվում են արևամուտն ու նրա արտացոլանքից կարմրած Կասպից ծովը։ Նկարիչը երբևէ արյուն չի պատկերել, սա, ասես հայերի արյունով ներկված ծովի այլաբանական մեկնաբանումն է։
Ի դեպ, հենց այս կտավի աշխատանքների ժամանակ են ծանոթացել նկարիչն ու ապագա կինը՝ Ասյան։ Պոդպոմոգովը 66, իսկ ընտրյալը 31տարեկան էր։
Արվեստանոցում մինչ օրս պահպանվում է Ձյաձյա Վալյայի, գուցե, ամենադրամատիկ աշխատանքներից մեկը, որն ստեղծվել է Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ՝ Շուշիի ազատագրումից հետո։ Հուշ-հարթաքանդակի ստեղծման գաղափարը ծնվեց, Շուշիի համար պայքարի տեսաձայնագրությունը դիտելուց հետո։ Սահմռկեցուցիչ տեսարաններ, ազդեցիկ իրականություն։ Բազմաթիվ հայորդիներ, որ ընկել էին հայրենիքի ազատագրման համար։ Դիաճանաչման ժամանակ նրանց ձևախեղված դեմքերն ամբողջությամբ վիրակապված էին։ Բինտապատ խաչին, ամբողջությամբ վիրակապած դեմքն է՝ մեր բազմաթիվ հերոսների հավաքական կերպարը։
Ինչպես արդեն նշեցինք, արվեստագետի ստեղծագործություններին ներհատուկ է թաքնված փիլիսոփայական մոտեցումը։ Պոդպոմոգովը հղացել էր ստեղծել նկարաշարք՝ «Արծաթե սյուիտ»։ Կյանքի տարբեր փուլեր, ծնունդ, մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, հասունություն, իմաստնություն, որին պետք է հաջորդեին մահն ու համբարձումը։ Այս ընթացքը հետահայաց էր իր անցած ուղուն, ապրածին։ Պոդպոմոգովն ուներ իր բացատրությունը՝ «Կարծում եմ, բանաստեղծի, նկարչի կապը ժամանակի, պատմության ընթացքի հետ, տրվում է ի վերուստ. այն պարգև է, որից դու պարտավոր ես օգտվել, քանի որ ծուլությունը պատժելի է։ Իսկ ստեղծագործությունը՝ արձագանք է կատարվող իրադարձությունների հանդեպ, գուցե ասոցիատիվ, բայց հենց դրանում է նրա անմահությունը»։
Ինչպես Պոդպոմոգովի աշխատանքներն են խորհրդանշական, նրա կյանքն էլ, գուցե որոշ չափով պայմանավորված էր վերջինով։ Հերթական ստեղծագործությունը կոչվում էր «Վերջին վերստ»։ Հազիվ-հազ սմբակները քարշ տվող հիվանդ ձին անցնում է իր կյանքի վերջին վերստը։ Պետրոս առաջինի օրոք լայն թափ ստացած Սյունային ճանապարհը (Столбовая дорога) պետք է իրար կապեր Պետերբուրգն ու Մոսկվան, իսկ արդեն Եկատերինա երկրորդի որոշմամբ բոլոր հիմնական ճանապարհներին պետք է լինեին տասը մետր բարձրությամբ, բարոկո ոճում կատարված քարե, միանման վերստային սյուներ։ Առաջին նմանատիպ սյուներն առաջացան 1774-ին՝ Սանկտ-Պետերբուրգի սահմաններից մինչև Ցարսկոյե Սելո։ Ստեղծագործության յուրաքանչյուր սյունը հիվանդ ձիուն առավել մոտեցնում էր իր կյանքի վերջին։ Սյունից անդին, քարե այլաբանական դարպասներ են՝ լույս, ճանապարհ դեպի երկնային արքայություն։ Ասյա Պոդպոմոգովայի խոսքով, երբ ամուսինը աշխատում էր այս կտավի վրա, կնոջ մեջ վախ կար՝ նա անդադար, լուռ խնդրում էր, որպեսզի դա չլինի արվեստագետի վերջին գործը, վերջին վերստը… Սակայն, ցավոք, այդպես էլ եղավ։ Սա Վալենտին Պոդպոմոգովի վերջին, ավարտված կտավն է։
Հռիփսիմե Վարդանյան
արվեստաբան, արվեստագիտության թեկնածու,
ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս