Թբիլիսիում դեռ ողջ են կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) այն հարևանները, որոնց հետ շփվել ու անչափ մտերիմ է եղել արվեստագետը: Փարաջանովը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում։ Թեև կյանքի վերջին օրերին, երբ արդեն ծանր հիվանդ էր, որոշեց տեղափոխվել Հայաստան, այդուհանդերձ ռեժիսորի տունն ու ապրած կյանքն այդպես էլ մնացին Թբիլիսիում:

Ազգությամբ վրացի ամուսինները՝ 86-ամյա Գիվի Ջիբլաձեն և նրա կինը՝ Մզիա Ջիբլաձեն, հիացմունքով ու ափսոսանքով են հիշում Փարաջանովին, պատմում վերջինիս հետ կապված յուրաքանչյուր հիշարժան դրվագ:

Փարաջանովի տունը Թբիլիսիի ամենահին ու կոլորիտային թաղամասերից մեկում է եղել՝ Մթածմինդայի Կոտե Մեսխի 7 հասցեում: Նրա մահից մի քանի տարի անց՝ 1995 թվականին, որդին՝ Սուրենը, տունը վաճառել էր մի վրացի ընտանիքի: Նոր տերերը տունը վերափոխել ու արդեն 6-րդ տարին է որպես հյուրատուն են ծառայեցնում։ Այժմ էլ այն կրում է Փարաջանովի անունը, իսկ դռան մուտքի մոտ փակցված ցուցատախտակին վրացերենով գրված է՝ «Այս տանը 1924-1990 թթ. ապրել է կինոռեժիսոր և նկարիչ Սերգո Փարաջանովը»:

Հյուրատան տիրուհին՝ Մանանա Ախալաիան, ասում է՝ չնայած այն ժամանակ չնչին գումար են վճարել տան համար, բայց այն սարսափելի հին ու վատ վիճակում է եղել. «Ծեփերը թափված էին, վնասված, երկար տարիներ սարքում էինք, չէինք կարողանում խելքի բերել։ Տանն ամեն ինչ փայտից էր (դա հատուկ էր այն ժամանակվա տներին), դրսի դռները, աստիճանները, շքամուտքը խարխուլ վիճակում էին»:

Վրացուհուհին պատմում է, որ Փարաջանովն այս տանը հսկայական նյութեր ու արժեքավոր գործեր է ունեցե, քանի որ կինոռեժիսորի հայրը հնությունների առքուվաճառքով է զբաղվել, իրերից շատերը նաև այդ տանն են պահպանվել։ «Փարաջանովի մահից հետո, կարծեմ, դրանք բոլորը տեղափոխեցին Երևան։ Դե իսկ որդին՝ Սուրենը, մտածեց, որ հնարավոր է՝ տունն էլ վերցնեն ու իրեն ոչ մի գրոշ չտան։ Հոր մահից մի քանի տարի անց այն վաճառեց մեզ»,- պատմում է Ախալաիան:

Տանտիրուհին հիշում է, որ այստեղ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից իրենք անընդհատ հյուրեր են ունեցել աշխարհի տարբեր ծայրերից․ նրանց բոլորին մի բան է այդ հասցե բերել համաշխարհային փառքի արժանացած ռեժիսորի՝ երբևիցե այդտեղ բնակվելու հանգամանքը:

Փարաջանովի հայտնիության ու հարյուրավոր այցելուների փաստն էլ հենց վրացի ընտանիքին միտք է տվել հիմնելու իրենց ընտանեկան բիզնեսը։ Հյուրատան տարծքում հատուկ փարաջանովյան անկյուն կա, որտեղ պատից կախված են ձեռագործ աշխատանքներ՝ մեծանուն արվեստագետի դիմանկարներն ու նրա ամենահայտնի լուսանկարներից մեկը, որում նա կարծես թռչում է:

Փարաջանովի անկյունը

Փարաջանովի մտերիմ հարևաններից Գիվի Ջիբլաձեն պատմում է, որ նախկինում տունը եռահարկ է եղել, բավականին մեծ բակային տարածքով, ամբողջությամբ պատկանել է Փարաջանովին: Հետագայում ռեժիսորն այն մաս-մաս վաճառել է՝  պահելով միայն մեկ հարկը: «Իրեն պետք չէր, չէր օգտագործում»,-հիշում է Գիվին:

Փարաջանովի թբիլիսյան տունը դրսից

Նրա կինը՝ Մզիա Ջիբլաձեն, հիշելով անցած-գնացած օրերը, պատմում է՝ իրենց տան ու Փարաջանովի պատշգամբները բաց էին, իրար էին նայում. հաճախ տպավորություն էր, թե միևնույն տան մեջ են ապրում, պարզապես՝ առանձին սենյակներում: Հենց ինչ-որ համեղ ուտեստ էր պատրաստում, Փարաջանովը գոռում էր Գիվի՜ մշիա՜ (վրացերենից թարգմ.՝ սոված եմ): «Իր բաժինը միշտ ուղարկում էի կա՛մ ամուսնուս, կա՛մ երեխաներիս միջոցով, եթե, իհարկե, տրամադրություն ու ազատ ժամանակ էր ունենում, միանում էր մեզ՝ ճաշելու»,-հիշում է Մզիա Ջիբլաձեն: Գորովանքով է հիշում հարևանուհին՝ նշելով, որ իր կյանքում Փարաջանովի նման մարդու երբեք չի հանդիպել, յուրահատուկ էր, խենթ էր, մեկ էլ տեսար՝ սկսում էր երգել ու նվագել՝ իր շուրջը հավաքելով հարևաններին:

Փարաջանովը պատշգամբում

«Մի անգամ էլ հարևաններից մեկին ասել էր, որ իտալացի դերասան Մարչելո Մաստրոյանին է գալու իրեն հյուր: Այդ կինը հայ էր, նա Մարչելոյի մոլի երկրպագուն էր, չէր հավատում, ասում էր՝ Սերգո՜, խաբո՞ւմ ես ինձ: Հետո, երբ Մարչելոն եկել էր Փարաջանովին հյուր, նրան տարել էր այդ կնոջ տուն: Երբ կինը դուռը բացել ու Մարչելոյին էր տեսել  իր դիմաց կանգնած, ուշաթափվել էր»,- ծիծաղով հիշում են ամուսիններն ու հավելում՝ ո՞վ չի եղել Փարաջանովին հյուր․ ժամանակին ամբողջ էլիտան էր այս տուն գալիս, շփվում, ստեղծագործում ու պարզապես ապրում:

Խոսելով ռեժիսորի սրտաբաց ու անչափ հարևանասեր լինելու մասին՝ ասում են՝ Փարաջանովն ինչ-որ տեղ մեկնելիս առանց քաղցրավենիքի ու նվերների հետ չէր վերադառնում: «Կիևից մեզ շատ համեղ տորթ էր բերում։ Մեկ էլ կարող է դուռը բացեինք՝ ինչ-որ հաճելի նվեր, անակնկալ մի բան: Ուրի՜շ մարդ էր: Շատ բարի սիրտ ուներ, կարող է՝ գնար՝ իր տան համար պանիր կամ կարագ առնելու ու դրանից մեծ-մեծ կտորներ կտրեր, սկսեր հարևաններին բաժանել: Մերժումն էլ չէր ընդունում: Հիշում եմ՝ դուստրս դպրոցն էր ավարտում, նա ոսկյա շատ գեղեցիկ մատանի նվիրեց»,-ասում է Ջիբլաձեն:

Ամուսինները ցավով են հիշում ռեժիսորի կյանքի որոշ դրվագներ ու հատկապես՝ մահվանից առաջ ընկած ժամանակահատվածը: «Մի անգամ գիշերով՝ ժամը 2-ից հետո,  նրա տնից գողացել էին շատ կարևոր իրեր: Սիրտս ցավում էր: Բարի մարդ էր, բայց իր արժանի վախճանը չունեցավ»,-հիշում է 86-ամյա տղամարդը:

Աղունիկ Հովհաննիսյան