«Կինոաշխարհի» հարցազրույցը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Շանթ Հովհաննիսյանի հետ է։

 

Պարո՛ն Հովհաննիսյան, մեր խոսակցությունը մի քանի անգամ հետաձգվեց,  ասացիք՝ Ձեր հոր գերեզմանն եք սարքում, հետո հարազատի մահ ունեցաքկարծես թե, դժվարին ժամանակներ են բոլոր առումներով:

-Բոլորիս համար են դժվարին ժամանակներ, դրան գումարած նաև՝ անձնականը: Պատերազմից հետո հայրս մահացավ, հարազատների կորուստ ունեցա… Վատ շրջան էր, բայց փորձում ենք ուժեղ լինել:

Շա՞տ էիք կապված Ձեր հոր հետ:

– Վերջին տարիներին առավել մտերիմ էինք դարձել: Չնայած ընդամենը 75 տարեկան էր, բայց վերջին շրջանում փոխվել էր. կարծես կանխազգում էր իր կյանքի մայրամուտը: Ծնողները միակ արժեքն են, որ փոխարինել հնարավոր չէ, ու բախտավոր են այն մարդիկ, որոնք լավ ծնողներ են ունենում: Երբ լիարժեք ընտանիքում ու սիրո մեջ ես մեծանում, հետագայում դա իր ազդեցությունն է ունենում թե՛ քո ստեղծած ընտանիքի, թե՛ շրջապատում վարքագծիդ վրա։

Մեր ընտանիքում՝ հորս կառուցած ընտանիքում, ջերմութունն այնքան շատ էր, որ դեռ մի քանի սերունդ էլ կապրեցնի: Հորս հետ հարաբերություններս սովորական ընկերական չէին, ինչպես հաճախ պատահում է․ մենք հենց հայր ու որդի էինք, հարաբերություններում հարգանքի պատնեշ կար։ Հորս մեկ բառը, մեկ հայացքն ինձ համար ավելի ազդեցիկ էր, քան շատերի՝ ժամերով խոսելը: Իրեն ընդօրինակելու ցանկություն միշտ եմ ունեցել, և ճիշտ են ասում, թե տղամարդու համար լավագույն օրինակը հայրն է: Երբ ծնող ես կորցնում, կյանքին սկսում ես այլ աչքերով նայել, ու կապ չունի՝ որ տարիքում ես որբանում. այդ կետից հետո կյանքդ այլևս առաջվանը չէ, դու  այլևս առաջվանը չես: Առհասարակ, կորուստների հետ շատ մեծ դժվարությամբ եմ հաշտվում, չեմ հաշտվում, բայց  պատասխանատվությունը, թե ներսում եղած մեկ այլ ավելի զորեղ ուժ առաջ են մղում, ստիպում հիշողությունները վերածել կյանքի ապրեցնող ռիթմի։

Իսկ ստեղծագործական ռիթմն ինչպե՞ս եք վերականգնում:

-Գիտեք, ամեն շրջանի հաջորդում է մեկ ուրիշը՝  վատին լավը, հետո՝ նորից վատը ու այդպես շարունակ: Բայց եթե կա ընդհանուր ցավ, հոգս, հաճախ ստեղծագործող մարդը դա իր վրա է կրում: Իհարկե, դժվար է այս ամենի մեջ հետաքրքիր մտահղացումներ ունենալ, քանի որ միտքդ ավելի շատ զբաղված է լինում հոգսերով, խնդիրներով: Այդ իրավիճակը հաճախ փրկում է նաև այն, երբ զբաղված ես  ֆիլմով կամ ներկայացումով՝ փորձելով ստեղծագործության միջոցով քո խոսքն ասել, հույզերդ արտահայտել:

Ձեր հիմնական բնակության վայրը Գորիս քաղաքն է: Սովորաբար Երևանում կրթություն ստանալուց ու որոշ ժամանակ այստեղ աշխատելուց հետո շատերն այդպես էլ չեն վերադառնում իրենց հայրենի գյուղ կամ քաղաք: Ձեր դեպքում հակառակն է․․․

-1990-ականներից այստեղ եմ ստեղծագործում ու ապրում, իմ հիմնական բնակավայրը Սյունիքի մարզն է, բայց մայրաքաղաքի հետ կապը երբեք չեմ կտրել ու չեմ կտրելու: Ես հիմա Գորիսի թատրոնի տնօրենն եմ, միևնույն ժամանակ՝ դերասան, բայց պարբերաբար լինում եմ նաև Երևանում. հրավերից հրավեր գալիս, աշխատում եմ։ Շատ հաճախ էլ Երևանում  եմ լինում թատրոնի ադմինիստրատիվ գործերով։ Իմ կենսագրությունն այդպես ստացվեց, իսկ թե ինչ կլինի վաղը՝ չգիտեմ: Առայժմ Սյունիքում եմ:

Շատ է խոսվում սյունեցիների անկոտրում լինելու, յուրահատուկ և միայն իրենց բնորոշ բնավորության գծերի մասին: Դժվար թե որևէ մեկն այդ տարբերությունը կարողանա այնքան խորությամբ նկատել, որքան Դուք:

– Չնայած նույն ազգն ենք, բայց զգալի տարբեր են մտածելակերպի, պահվածքի առումով: Ի վերջո, բնությունն իր ազդեցությունն է թողնում մարդու բնավորության ու էության վրա: Գիտեք, ներքին վիճակ կա, որ բառերով բնութագրել հնարավոր չէ. հաճախ մարդուն տեսնելով, հետը մի քանի բառ խոսելով՝ զգում ես՝ նա կարող է լինել սյունեցի, գյումրեցի կամ…

Ինչպես է, չէ՞, պտուղը մեկ տարածքում ու եղանակային պայմաններում այլ համ է ունենում, իսկ մեկ ուրիշ տեղում՝ բոլորովին այլ: Ինչքան էլ այս համեմատությունը կոպիտ թվա, բայց այդպես է:

Սյունիքը միշտ էլ գոյամարտի ու ազատամարտի էպիկենտրոնում է եղել, մարդիկ զգոն են, իսկ չորությունն էլ, կարծում եմ, այս բնության մեջ ապրելուց է գալիս. այստեղ մարդիկ շատ ավելի բնույթին տեղ տվող, ձևից հեռու կերպարի մեջ են: Գուցե կենցաղի մեջ շատ ճկուն չեն, բայց  կյանքում ավելի հաստատակամ են:

Երևի այդ զգոնությունը կրկնապատկվել է այսօր:

-Հիմա… հիմա մոտեցանք ամենադժվար հարցին։ Տարօրինակ բան է կատարվում բոլորիս հետ։ Չգիտեմ՝ աշխարհում է՞լ է այդպես։  Չնայած աշխարհն էլ է հիվանդացել: Մեզ մոտ անտարբերությունն այնքան մեծ է ամեն ինչի նկատմամբ, հաճախ չես էլ հասկանում, թե մարդիկ որտեղ են ծվարած իրենց մտքերով ու հոգսերով, կա՛մ ի՞նչն է իրենց շարժիչ ուժը, ի՞նչն է դրդում ապրելու ու արարելու, ի վերջո, ի՞նչ ստիմուլ ունեն, որտեղի՞ց են սնվում. հաճախ չեմ կարողանում հասկանալ:

Մեզանում վատ երևույթներ եղան, մարդիկ նպատակներից շեղվեցին: Ամբողջի կարևորությունը լղոզվել է, կորել: Թե այդ ո՞ր պահից եղավ, որ մենք սկսեցինք չհասկանալ, որ այդ ամբողջից ենք «սնվում», ամբողջն է մեզ պահում: Այսօր ավելի շատ մեծացել են անհատական ձգտումները: Մենք այսօր փորձում ենք անհատապես կայանալ բոլոր  բնագավառներում, ինչ-որ անհասկանալի մրցավազք է մտել մարդկանց մեջ, որը վատ հետևանքների է տանում:

Այդ առումով այդպես է ամեն տեղ, ոչ միայն արվեստում, ինչը մեր նման փոքր պետություն ունեցողի համար կարող է կործանարար լինել: Ինչքան փորձում ես էվոլյուցիայի օրենքներով շարժվել, այնքան կորցնում ես քո ինքնությամբ ապրելու կարողությունդ: Այդպես միայն մեզ մոտ չէ, բայց մենք՝ հայերս, շատ շուտ ենք կլանում ամեն ինչ՝ թե՛ լավը, թե՛ վատը, ինչը, ցավոք, նստվածք է տալիս:

՞նչ տրամադրություն է տիրում հիմա Սյունիքում

-Հիմա այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ջրի խողովակներ են թարմացնում: Եռուզեռ կա, բայց ինչ-որ պահի չգիտես՝ ուրախանաս, թե կասկածես: Այ այդպես, բոլորիս սարքեցին կասկածամիտ։ Անհասկանալի ու անորոշ վիճակ է, տարաբնույթ շահարկումները և իրարամերժ ինֆորմացիան լավատեսություն չեն ներշնչում:

Հիմա շատ հաճախ եմ հիշում պատանեկան տարիները. մարդկանց համախմբվածությունը, իրար հետ ուրախանալը. միգուցե տարիքից էր, կամ ժամանակներն էին այդպիսին: Մարդիկ համախմբված էին, միասին ուրախանում էին, միասին տխրում, փունջ էր․ հիմա այդ զգացողությունն է ինձ ապրեցնում: Խաղաղություն կար, անհոգ էինք: Ազատ էինք, կաշկանդված չէինք: Ներդաշնակություն կար, անում էինք գործ, որտեղ անհայտություն կար, բայց հոգեհարազատ վիճակ էր, որի մեջ մեզ լավ էինք զգում:

-Պատանեկության տարիներին Շինուհայրում ունեցած ինքնագործ խմբի մասի՞ն է խոսքը:

-Այո՛: Մի քանի հոգով բեմադրություններ էինք անում, ամբողջ գիշեր մնում, ինչ-որ բան մոգոնում, հետո 300-400 հոգանոց դահլիճներ էինք լցնում: Այդ ամենն անում էինք անվճար՝ համագյուղացիների համար, կողքի համայնքների համար: Շատ էինք սիրում, երբ մեզ ծափահարում էին, երևի հենց դա էլ օգնեց հետագայում մասնագիտության ընտրության հարցում:

14 տարեկանում խաղում էինք 18-20 տարեկան զինվորի դերեր: Սովետական շրջան էր. զինվորի, նրա գործի մասին իմացություններն ու պատկերացումներն այնքան էլ մեծ չէին: Ինչ էլ կար, հիմնականում մեր ավագ ընկերների ու ծնողների զրույցներից էր ձևավորված: Անկախությունից հետո շատ բան փոխվեց, կամաց-կամաց սկսեցի կարդալ, ինչ-որ բաներ փորփրել… Արժեքներ ենք ունեցել, որոնք ժամանակի ընթացքում մոռացության են տրվել:

Հիմա  կա՞ն այդ արժեքները։

-Հիմա ժամանակները փոխվել են. փորձում են վեր հանել թաքնված արժեքներ, բայց չես հասկանում, թե պատմությունը դեպի ուր է գնում: Մեզ մոտ անընդհատ փոփոխությունների փուլային տարբերակներ են. երևի մեզ հետ խաղում են, մե՜ծ խաղ են խաղում, մենք էլ չենք կարողանում մեր ինքնությունը պաշտպանել, մեր խոսքն ասել:

Ցավոք, այդպես է: Անընդհատ ինչ-որ առևտրի մեջ ենք մտնում: Մի ազգ, որ այսքան լավ գեն ունի՝ մտածող, ստեղծագործող, հազարամյակների պատմություն: Ցավալի է, որ չենք կարողանում մեր իրական դեմքը գտնել, անընդհատ սիրում ենք լղոզվել, ընդօրինակել:

Ինչո՞ւ  այդպես եղավ:

-Խնդիրը կրթության մեջ է: Սա ինձնից խելոք մարդիկ են միշտ ասել: Այստեղ հարցն այն չէ, թե ինչ համալսարան ես ավարտել. կարող ես աշխարհի բոլոր բանաձևերն իմանալ, բայց ընկալունակության խնդիր ունենալ: Մեր ազգին հատուկ կրթական մի մեթոդ է պետք մշակել, որ կարողանանք դարեր շարունակ մեր ինքնությունը պահպանել: Օտարամոլությունը, ցավոք, խեղդում է մեզ: Տարիներ շարունակ ինքնության պահպանման «հոգսն» ավելի շատ ընտանիքներն են իրենց վրա վերցրել, պապիկ-տատիկները. հիմա էլ է նույնը:

նտանիքներն այսօր կարողանո՞ւմ են այդ պատասխանատվությունը հաղթահարել:

-Դե այնքանով, որքանով. ինչ էլ կարողացել ենք պաշտպանել, իրենց շնորհիվ է եղել: Գոնե «ընտանիք» հասկացության ինստիտուտն է պահպանվել և եկեղեցին. որքան էլ հիմա շատերը հակասական մտքեր տարածեն, այդուհանդերձ, եկեղեցին որոշակի առումով իր դերն ու նշանակություն ունեցել է և ունի:

– ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է չեղարկել վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչումները: Դուք ևս ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ունեք: Ի՞նչ կարծիքի եք այդ առաջարկի և կոչումների մասին:

-Ամեն լավ երևույթ մարդիկ կարող են  փչացնել, կարող են դա օգտագործել շահադիտական նպատակներով. բոլոր երևույթները, նույն բնության մեջ գոյություն ունեցող էներգիան կարելի է օգտագործել և՛ լավ, և՛ վատ նպատակներով: Չգիտեմ՝ արդյոք հետևանքի չեղարկումը վատ երևույթներից և պատճառներից մեզ հեռու կպահի: Կարծում եմ՝ պատճառների վերացման վրա պիտի աշխատենք: Ես իմ կոչումը ստացել եմ 40 տարեկանում, երևի վաստակավորի համար հարմար տարիք էր (ծիծաղում է):

Վաստակավոր լինելու փաստն ինձ ոչինչ չի տվել, բայց կա պահ, երբ զգում ես, որ այն, ինչ դու արել ես, նկատվել է, ինչն, իհարկե, չի կարող հաճելի չլինել: Յուրաքանչյուր գործում փորձում եմ կարևորություն գտնել, իսկ էժանագին, քանդող, ոչ ստեղծագործ բաներից շուտ եմ հրաժարվում: Փորձել եմ վատ երևույթներից խուսափել, ու  մարդիկ հասկացել են, որ արժե տալ այդ կոչումը։ Այդ առումով հանգիստ եմ, որ այդ կոչումն ինձ վաճառված չէ: Ավելի շատ իմ ծնողների համար եմ լավ զգում. իրենց ուրախությունը, աչքերի փայլն ինձ համար ամեն ինչ էին:

Իմ մասնագիտության ու զբաղվածության բերումով ծնողներս բավականաչափ դժվարություններ են կրել. գուցե այլ կերպ լիներ, եթե ես այս մասնագիտությունը չընտրեի, բայց իրենք թողել են, որ իմ սիրած գործով զբաղվեմ: Այդ կոչումն ինձ ինչ-որ առումով նաև զգոնացրել է։ Արվեստագետը միշտ պետք է իր կարծիքն ունենա, մտահոգ լինի իր երկրի ու ազգի ճակատագրով, բայց ճիշտ բովանդակությամբ, ոչ թե՝ ձևի մեջ: Պետք է մատնանշի իշխանության կողմից արվող սխալները: Ի վերջո, թատրոնով, կինոյով փորձում ենք այդ բալանսը պահել: Դա է մեր առաքելությունը:

ատերն ասում են, որ հայկական կինոն մեռել է: Մեռա՞ծ է հայկական կինոն:

-Մենք երբվանի՞ց ենք ճանաչում հայկական կինոն: 20-ական թվականներին, երբ Բեկնազարյանը եկավ, հիմնադրեց «Պետլուսկինո»-ն, նկարեց իր առաջին ֆիլմն ու այդպես սկսվեց հայկական կինոյի պատմությունը: Կար մի շրջան, երբ ֆիլմարտադրությունը վերելք ապրեց, նույնը եղավ նաև Հայաստանում, հնչեցին մեծ անուններ, ունեցանք լավ ֆիլմեր, որոնք մինչև այսօր սերունդներ են կրթում: Հետո՝ անկախություն, փոփոխություններ… նման դեպքերում միշտ մշակույթը երկրորդ պլան է մղվում, մի քանի նվիրյալներ փորձում են փշրանքները պահել, պահպանել նոր ձևերի մեջ, տարբերակներ գտնել: Կինոյի մասին խոսելիս նաև պետք է հասկանանք, թե որ ֆիլմերից ենք խոսում՝ արվեստի գործերի՞ց, թե՞ զուտ կոմերցիոն նպատակով արված ֆիլմերից. այդ երկուսի մեջ հակասություն կա: Առաջինը ֆինանս կլանող է. այսօրվա ֆիլմարտադրությունը նաև պահանջում է, որ քո արտադրանքը հանրայնացնես, շահույթ ունենաս, որտեղ էլ արդեն խախտվում են շատ- շատ նորմատիվներ: Հայաստանի նման փոքր երկրում էլ է հնարավոր ոչ մեծ գումարներով ֆիլմ նկարել: Մենք այսօր ունենք կարող ուժեր: Մեր վերաբերմունքի և մոտեցումների առաջնահերթություններից ելնելով՝ պետք է լինի համապատասխան վերաբերմունք: Մեզ պե՞տք է կինո, մշակույթ, և անհրաժե՞շտ է արդյոք դրա վրա ռեսուրս ու ժամանակ վատնել. ես դրա պատասխանն ունեմ (ժպտում է):

Հարցազրույցը՝ Աղունիկ Հովհաննիսյանի


    Կարեն Շահնազարով. «Պետք է փոխել կինոյի համակարգը կամ վերադառնալ խորհրդայինին»

    Պատժամիջոցները կարող են խթանել հայրենական կինոյի զարգացումը՝ չէ՞ որ նախկինում շուկան զավթված էր հոլիվուդյան մեյջորներով (շուկայում տիրապետող խոշոր կինոընկերություններով), –...

    |10 Օգոստոս 2022,20:29