Լաերտ Վաղարշյանի՝ 1986 թ. գրված հուշերից։

Ինչպես էր ստեղծվում «Առաջին սիրո երգը» ֆիլմը

ՄԱՍ   I I

Հրաչյա Ներսեսովիչը հսկայական համբավ է վայելում, և նրա համբավն այսօր մի անսպասելի կողմով շրջվեց: Փորձերի համար մենք դեկորացիաներ դրեցինք Նկարչի տանը: Ռուզանի դերի համար ես պետք է անփորձ դերասանուհի Ռ.-ին փորձեի: Մենք որոշեցինք նրանց Հրաչյա Ներսեսովիչի հետ միասին նկարահանել, որպեսզի տեսնենք, թե ինչպես են նրանք միասին էկրանին նայվում: Մյուս կողմից էլ, ես հույս ունեի, որ Հրաչյա Ներսեսովիչն իր ներկայությամբ  կսատարի և կօգնի անփորձ դերասանուհուն: Մինչև ես Ռ.-ի հետ փորձում էի, Հրաչյա Ներսեսովիչը դուրս եկավ:

Երբ արդեն պատրաստ էինք նկարահանման, ինձ ասացին, որ Հրաչյա Ներսեսովիչին հրավիրել են Նկարչի տան հարևանությամբ գտնվող «Երևան» ռեստորան: Ես գնացի նրա ետևից: Ինձ տեսնելով, նա կարծես մեղավորի պես ցույց տվեց իր սեղանակիցներին, որոնք նրան բաց չէին թողնում: Նա վեր կացավ, որ հեռանա, բայց հարևան սեղանի մոտ նստածներից մեկը կանգնեց և ասաց ինձ.

-Ես քեզ խնդրում-աղաչում եմ, թո՛ղ Հրաչ Ներսեսովիչը, մեր սիրելի Հրաչ Ներսեսովիչը երկու րոպե մեզ հետ նստի:

…Վերադառնալով, նա բոլորից ներողություն խնդրեց, կարծես մի մեղսավոր դպրոցական: Եւ հանկարծ, Ռ.-ը հարձակվեց նրա վրա մեղադրանքների այնպիսի տարափով, որ իրեն կարող էր թույլ տալ միայն պրիմադոննան սկսնակ, հեղինակություն չվայելող դերասանի նկատմամբ: Այս «տեսարանը» նա փայլուն խաղաց:

Հրաչյա Ներսեսովիչը նրան էր նայում ասես Քրիստոս՝ չհամարձակվելով մի բառ անգամ արտաբերել: Իսկ դերասանուհին արդեն միացել էր. «Դուք ինձ զրկեցիք անհրաժեշտ զգացողությունից: Ես չե՛մ կարող կրկին մտնել կերպարի մեջ» և այլն:

Ես նայում էի նրան ու մտածում, որ, թերևս, չարժե անգամ փորձել: Նա բացահայտվեց իր համար ոչ շահեկան կողմով. չար, անգութ, ինքնասիրահարված, արվեստից հեռու, հետն էլ՝ հիմար: Ես հետաձգեցի փորձերը:

Դավթյանն ինձ դիտողություն արեց.

– Դու անհնա՛ր մարդ ես:

Զանգահարեցի Կլարա Լուչկոյին և առաջարկեցի Ռուզաննայի դերը:

– Անչափ զգացված եմ,- ասաց նա,- սակայն շատ եմ վախենում, որ կտապալեմ ձեր գործը: Հիմա երկու ֆիլմերում եմ նկարահանվում, և շուտ չեմ ազատվի:

Եւ հանկարծ, սիրելի Կլարան առաջարկեց.

– Էմմա Սուդակովային փորձեք: Ինչու՞ նրան չեն նկարում: Նա լավ դերասանուհի է, գեղեցիկ, հայուհու է նման…

Եվ ահա, այսօր փորձեցինք Էմմա Սուդակովային: Նախ, իրոք հայուհու նման է, անգամ քիթն է սապատիկով: Ճառագող աչքեր ունի, հետն էլ՝ խորունկ: Համր տեսարանը նա հիասքանչ խաղաց: Երբ նա արցունքոտվեց, նրա ճառագող աչքերն ավելի ուժգին փայլեցին և դարձան աներևակայելի արտահայտիչ…

Նա փափուկ պլաստիկայի տեր դերասանուհի է, ունակ է անկեղծորեն վերապրել դրաման, զգացմունքային է, և, որ քիչ կարևոր չէ՝ հումորով է:

Նրան Վարուժանի հետ էլ փորձեցինք: Այդ տեսարանում նրա հմայքը հարստացավ նոր գույնով՝ նա ժպտում էր Վարուժանին, և զգացվում էր, որ այդ ժպիտը գալիս էր հոգեկան դրամայի ոչ դյուրին հաղթահարումից: Մենք որոշեցինք նրա ծամերը սանրել մեջտեղից կիսած բաժուկով ու, դասական նմուշի համաձայն, թեթևակի գանգրել:

Հենց որ նրան էկրանին տեսա, հանգստացա՝ նա կխաղա,-մտածեցի,- հերոսուհին գտնվա՛ծ է: Փորձը գերազանցեց մեր ակնկալիքները: Պարզվեց, որ նա նաև տաղանդավոր դերասանուհի է:

Մոսկովյան որոնումներն, ինչպես և սպասվում էր, արդյունավետ էին: Գտնվեց և Օֆելյան, և, կարծես թե, նորից դիպուկ հարված. ԹԱՊԻ[9]-ի Դերասանական ֆակուլտետի օպերետային բաժինն ավարտած պատանի դերասանուհի Թամարա Լանկոն՝ շատ երիտասարդ, փոքր-ինչ թմփլիկ, չարաճճի աչքերով, պլաստիկ (ասաց, որ պար է սովորել): Ամեն ինչ հրաշալի է, հաջող ընտրություն:

Վարուժանի դերի համար փորձել ենք դերասան Շվորինին: Նրան ինձ առաջարկեց օպերատոր Ուռուսևսկին, որը նկարահանում է նրան Ռոզովի պիեսով մի ֆիլմում: Արդարացիորեն գովում էր: Շվորինը վատը չէր, բայց ո՛չ Վարուժանի դերի համար: Նաև սրամիտ էր. երբ ես պատմեցի դերի մասին, բազմիցս կրկնելով «Վարուժան» անունը, նա, ասես խորասուզվելով կերպարի մեջ, կրկնում էր «Վարուժան», հա՜ «Վարուժան… », իսկ հետո ասաց. «բոլորը զինաթափվում են, իսկ մենք՝ զինվում»…[10]

***

Մեր խմբում կար Վահան Հարությունյանը, որին երաշխավորել էին որպես երգերի տեքստերի լավ հեղինակ: Ես նրա հետ խոսում էի այն մասին, որ ֆիլմում պետք է մի քանի երգեր լինեն: Նախ և առաջ՝ սիրո մասին երգը: Այստեղ, բացի սիրո և զգացմունքների մասին խոսքերից, պետք է լինեն նաև խոսքեր այն մասին, որ առաջին սերը ամենաուժեղն է, նրանում է մարդու ճակատագիրը: Դա հարկավոր է նրա համար, որ Արսենի անկման թեման, նրա դրաման, թե կուզեք՝ նրա ողբերգությունը, ուժգնանային: Պետք է լիներ Երևանի մասին երգ: Առայժմ ֆիլմը կոչվում է «Մեր տունը»: Վերնագիրն առանձնապես հաջող չէ, բայց արտահայտում է ֆիլմի էությունը: Այս ֆիլմը նոր տան մասին է, ուր ապրելու են տեղափոխվում հնամաշ կավաշեն հին տան բնակիչները: Այս ֆիլմն ընդհանրապես քաղաքի մասին է, և քաղաքի մասին մոտիվը պետք է իր երգն ունենա՝ հնարավորինս զգացմունքային: Բացի այդ, Արսենի կերպարի հակասականությունն ուժգնանում է նաև նրանով, որ նա ապրում է նորացվող, բարեկարգվող քաղաքում, ուր ամեն նոր տուն քաղաքացիներին հպարտություն է պարգևում: Երևանի մասին երգը համահունչ է ֆիլմի հերոսների կերպարների բացահայտմանը՝ ճարտարապետ Վարուժանի, Արսենի հոր՝ աշխատավոր շինարարի և այլոց: Սրան պետք է հետևի և ժողովրդական մի երգ, իմ կարծիքով՝ դա էլ է հարկավոր:

Մեր զրույցին մասնակցող սցենարի հեղինակներից մեկը՝ Յակով Վոլչեկը, Վահանին հրաժեշտ տալուց հետո ասաց ինձ.

-Դուք հրաշալիորեն և հստակորեն տվեցիք նրան խնդիրը: Ես որևէ բան ավելացնել չեմ կարող, առավել ևս՝ դիտողություն անել: Ես անչափ ուրախ եմ, որ դուք այդքան խորը և լրջորեն եք վերաբերվում աշխատանքին, արդպես ջանում եք:

Իսկ ես բնավ էլ չէի ջանում, ուստի և զարմացա նրա ասածից: Ես ամեն ինչ հեշտությամբ էի անում, գործս ընթանում էր ասես ինքն իրեն: Ես խոսում էի այն, ինչ զգում էի: Փոխանցում էի իմ զգացողությունները: Ես պարզապես ներհյուսում էի երգերը ֆիլմի հյուսվածքի մեջ, այլ կերպ խոսել չէի կարող: Ի՞նչ առանձնահատուկ բան կա: Բայց ավելի ուշ մտածեցի. «Իսկ միգուցե հենց սա՞ է այն ստեղծագործական պրոցեսը, երբ ամեն ինչ ինքն իրեն է ստացվում, ինչպես Վախթանգովն էր ասում՝ անգիտակցաբար: Բայց դրան նախորդում է ներքին պատրաստումը, ֆիլմի հասունացումը և հետո միայն՝ բնականորեն վերադարձնելը: Այդ վերադարձը քեզ համար բնական է, իսկ օտար հայացքի համար բավական դժվար է: Ուրեմն, ամեն ինչ ընթանում է ինչպես որ պետքն է…»:

***

Դերասանների հարցն արդեն կարծես լուծվել է: Ինձ գլխավորապես երիտասարդներն էին հուզում: Ծերերի մասին ես հընթացս էի մտածում, և շուտով բոլոր դերերը բաշխված էին: Նրանց ցուցակը վաղուց էր կազմվել.

Հայր Վարունց  –  Հրաչյա Ներսիսյան

Մելիք Նուբարյան – Վաղարշ Վաղարշյան

Օֆելյայի հայրը – Տեր-Սիմոնյան

Օֆելյայի մայրը- Վերջալույս Միրիջանյան

Օբերով – Գեն Շահնազարով

Աշխղեկ – Վանյա Գրիկուրով

Հարևան – Մուրադ Կոստանյան

Այսօր, թերևս, կազմվեց և երիտսարդների ցուցակը: Ահա այն.

Արսեն – Խորեն Աբրահամյան

Ռուզաննա – Էմմա Սուդակովա

Վարուժան – Սեմյոն Սոկոլովսկի

Օֆելյա – Թամարա Լանկո

Օնիկ – Արիկ Սողոմոնյան

Դոդիկ – Ադիկ Սելիմխանով

Որքան շատ են դերերը, այնքան հեշտ է համույթ կազմելը՝ կան արտաքինով և բնավորությամբ իրարից կտրուկ տարբերվող մարդկային բազմազան տիպարներ:

Ինչպես արտահայտվեց Ռոմմը՝ կերպարների համակարգը բավական հարուստ է: Այստեղ քաղաքն է ներկայացված բավականին լայնորեն: Արդեն իսկ սրանցում՝ կերպարների բազմազանության և բնութագրերի մեջ, ներդրված է ապագա ֆիլմի ազգային կոլորիտը: Այո՛, հենց՝ ապագա: Ամեն ինչ դեռ առջևում է, թեպետ գլխավոր խնդիրներից մեկը՝ դերասանների ընտրությունը, ավարտված է:

***

Ամեն ինչ առջևում է: Այս առթիվ ես հիշեցի Դերենիկ Դեմիրճյանի հետ իմ զրույցը: Մի անգամ նա հարցրեց, թե ինչպե՞ս են գործերս: Ես գանգատվեցի, որ սցենար եմ գրել (այն ժամանակ ես պատրաստվում էի վավերագրական ֆիլմ նկարահանել), որին հավանություն են տվել կինոյի հայտնի վարպետները Մոսկվայում (ձեռքիս էին Ռոմմի, Յուտկեվիչի, Պիրևի, Չիաուրելիի գրավոր կարծիքները), սակայն տեղի ղեկավարները ձգձգում են ֆիլմի արտադրությունը: Դեմիրճյանը հեգնական ժպիտով ընդհատեց ճառս.

-Ինչի՞դ են պետք անվանի մոսկվացիների այսքան կարծիքներ, երբ քեզ հարկավոր է տեղացի չինովնիկի լոկ մեկ կարծիք, որն էլ քեզ հնարավորություն կտա, որ ֆիլմդ նկարես:

-Դեե, այս նամակները կշիռ կհաղորդեն գործին…

Դեմիրճյանը, շարունակելով ժպտալ, ասաց.

– Իսկ դու վստա՞հ ես, որ բոլորը հետաքրքրված են նրանով, որ դու լավ ֆիլմ նկարես:

Հարցն ինձ համար անսպասելի էր, քանի որ ես չէի կասկածում, որ բոլորը միայն այդ էլ պետք է ցանկանային:

Իսկ Դեմիրճյանը, չսպասելով պատասխանին, նույն հեգնական ժպիտով շարունակեց.

-Իմացի՛ր, որ կարող են գտնվել մարդիկ, ովքեր չէին ուզի, որ դու լավ ֆիլմ նկարահանես…

Նա ավելի հեռուն գնաց.

-Հավատա՛, ոմանք, հակառակը, կցանկանան, որ դու վատ ֆիլմ նկարես…

Իսկ վերջում նա լրիվ շփոթեցրեց.

-Եվ հաստատ կլինեն մարդիկ, որոնք ամեն ինչ կանեն, որ տապալեն քո ֆիլմը:

Այս անսպասելի պնդումն ինձ ցնցել էր: Մեր այս խոսակցությունը տեղի էր ունեցել մի տասը տարի առաջ, և ես տարեց տարի ավելի հաճախ եմ այն մտաբերում, և արդեն այն չափազանցություն չեմ համարում: Նա ինձ մի դաժան, բայց անհրաժեշտ դաս տվեց:

***

Երաժշտական խմբագրի հետ Սարյանների տանն էինք: Ղազարոսը նվագեց ֆիլմի երգերից մեկը: Մենք խոսում էինք երգերի մասին՝ որքա՞ն պետք է լինեն դրանք, ինչպիսի՞ սյուժետային գործառույթ պետք է կատարեն, ինչպե՞ս պետք է դրանցում արտահայտվի մեր ժամանակը, ֆիլմի հերոսների փոխհարաբերությունները: Եւ, ընդհանուր առմամբ, այն մասին, թե ինչպե՞ս ներհյուսել երգը ֆիլմի մեջ: Այսպես դատելով, ես փորձում էի գտնել Ղազարոսի երգի տեղը: Ես մտածում էի այն մասին, թե ինչպե՞ս կարելի է այն օգտագործել, սակայն դեռ երգի տեղը չէի գտնում:

Հենց այդ պահին ներս մտավ Մարտիրոս Սերգեիչը:

-Աշխատու՞մ եք, – սիրալիր կերպով հարցրեց նա, – չե՞մ խանգարի:

Ու այստեղ մեր երաժշտական խմբագիրը բռնեց ու դուրս տվեց.

-Երգը Լաէրտին դուր չի գալիս:

Ես սաստիկ անհարմար դրության մեջ ընկա: Այդպես հայտարարելն անտակտ էր, եթե չասել ավելին, իսկ ինձ համար այնքան անսպասելի էր, որ չգիտեի, թե ինչ ասել: Շատ ցավալի էր, որովհետև երգն ինձ դուր էր եկել, այն ռոմանսի էր նման, և, իմ պատկերացմամբ, չէր սազում էստրադային ժանրին և հատկապես Արսեն Վարունցի հնարավոր երգացանկին: Բացի այդ, Ղազարոսը մանկուց իմ ընկերն էր, և ինձ համար թանկ է ոչ միայն մեր ընկերությունը, այլև նրա լավ տրամադրությունը:

Բարեբախտաբար, Մարտիրոս Սերգեիչը, լսելով Ղազարոսի պատվի այդ «պաշտպանին», անմիջապես արձագանքեց.

– Ի՞նչ կա որ: Քեզ կարող է դուր գալ, մյուսին՝ ոչ: Ինչ արած, ուրեմն պետք է նորից աշխատել, մինչև չգտնվի բոլորին գոհացնող տարբերակը… Սա աննշան դրվագ է, սակայն հարկ եմ համարում գրել դրա մասին: Եթե չլիներ Մարտիրոս Սեգեիչի այդ պատասխանը, որն ամեն ինչ տեղը գցեց, ես ապրումների մեջ էի ընկնելու, Ղազարոսը կարող էր վիրավորվել ինձանից, և մեր ընկերությունը կարող էր խաթարվել: Բայց իմաստուն ծեր մարդը պաշտպանեց մեզ անտեղի վիրավորանքներից:

***

Նկարահանումներն ընթանում են ողջ ուժով: Հոկտեմբերյան պողոտայի վրա դեռ կառուցվում է դեկորացիան, բայց ես արդեն սկսել եմ նկարահանել՝ առայժմ բակում և պատշգամբում: Այդուհանդերձ՝ դրվագների զուտ առօրեական լուծումներում ինչ-որ մակերեսային բան կա:  Ուրեմն, ո՞րն է ֆիլմում պատմվածի էությունը: Ֆիլմն, ի վերջո, ինչի՞ մասին է: Պետք է արագորեն գտնել այդ ջիղը, հակառակ դեպքոմ ֆիլմը կդառնա մակերեսային ճշմարտությունների անդեմ վերաշարադրանք. կյանքը նորացվում է, կառուցվում են նոր տներ, նորացվում են և մարդկային հարաբերությունները, փոխվում է նրանց հոգեբանությունը: Ոչ մի բացահայտում: Այդ իսկ պատճառով անհետաքրքիր է:

Իսկ միգուցե (ես հիմա եմ այդպես կարծում) ֆիլմի գեղարվեստականությունն այն է, որ նրանում համախմբված են շատ տարբեր մարդիկ: Սցենարի մեջ դա առաջինը ինձ գրավեց: Այստեղ կան մի քանի ընտանիքներ, իրենց ներքին խնդիրներով և հոգսերով, մի քանի սյուժետային գծեր: Դրանք հարկ է հնարավորինս գրավիչ կերպով կապակցել միմյանց, որպեսզի առաջանան ընդհանուր կենսական խնդիրներ բացահայտող բախումներ: Եւ, քանի որ կերպարները ներկայացնում են բնակչության գրեթե բոլոր սոցիալական շերտերը, ապա նշանակում է, որ կարելի է ստեղծել իրապես սոցիալական մի կտավ: Այո՛, ես կարծում եմ, որ ոչ մի արհեստական բան չկա նրանում, որ այդքան տարբեր մարդիկ կողք-կողքի են հանդես գալիս՝ նրանք պարզապես մի տան հարևաններ են, և դա նշանակում է, որ պետք է համարձակորեն ընդհարել նրանց և առավել ցցուն կերպով ուրվագծել նրանց բնավորությունները:

Միայն Մամիկոնյաննե՛րն ինչ արժեն: Այսօր նկարեցի նրանց անցնելը բակով՝ ֆիլմում այս ընտանիքի առաջին հայտնվելը: Մեկ անցում՝ Տեր-Սիմոնյան, Վերջալույս Միրիջանյան և Թամարա Լանկո՝ հյութեղ, անկրկնելի կերպարներ:

Տեր-Սիմոնյանը ցածրահասակ է, ամրակազմ, ճաղատ՝ հազվադեպ մազերով, ճակատին կնճիռներով, փոքրիկ աչքերով, իրեն և իր ընտանիքը հարևաններից պատնեշող, տագնապահույզ հայացքով, կյանքից դժգոհ փնթփնթան մարդու ձայնով: Իսկ Միրիջանյան Վերջալու՞յսը՝ նրա կինը: Ցցված քթով, տարուբերվող քայլվածքով: Իբր թե փափուկ կին է, բայց դաժան է, կառչուն հայացքով… Իսկ դուստրը՝ նա գեղեցիկ է, սեթևեթ, ինքնագոհ և թքած ունի և՛ հոր, և՛ մոր վրա.. Ահա և քեզ ընտանիք:

***

Պատշգամբում ծերուկները նարդի են խաղում: Վարունց-Ներսիսյանը պարզ է հագած, նրա պլաստիկան ազատ է, աչքերում և դեմքին երկար կյանքի փորձն է դրոշմված, կամային, վճռական մարդու կերտվածք ունի՝ ամուր բարոյական սկզբունքների տեր մարդու: Մելիք-Նուբարյան – Վաղարշյանը փափուկ, բարի, զիջող մտավորական է: Միայնակ լինեկով՝ նա կապվել է իր հարևանի հետ, և նրանց խաղը, թեպետ բավական մարտաշունչ է, արտացոլում է նրանց հարաբերությունների ներդաշնակությունը: Նրանց նարդի խաղալու մեջ ես կուզեի ցույց տալ ժողովրդի բազմադարյա փորձով սնուցվող՝ նրանց կյանքի անսասան բարոյական սկզբունքները: Նկարահանումներում ես ակտիվորեն աշխատում էի դերասանների հետ՝ բացատրում, ցույց տալիս, նկատողություններ և ուղղումներ անում և այլն: Հորս, չգիտեմ ինչու, ոչինչ չէի ասում. համարում էի, որ նա ինքնուրույն ամեն ինչ կանի, ինչպես որ հարկն է՝ կխաղա: Եւ հանկարծ նա ինձ հարց տվեց.

-Ես ինչպե՞ս պետք է նարդի խաղամ:

Այդ հարցի մեջ ես հեգնանք ըմբռնեցի:

-Հարցը չեմ հասկանում:

-Չէ՞ որ դու ուզում ես, որպեսզի կերպարները կտրուկ տարբերվեն միմյանցից: Ուրեմն, դու նաև ինձ պետք է որոշ ցուցումներ տաս: Չէ՞ որ ես չգիտեմ, թե դու ինչպես ես տեսնում իմ կերպարի զարգացումը: Ստիպված էի նրա հետ քննարկել Մելիք-Նուբարյանի կերպարը: Ես հասկացա, որ նա ուզում է, որ անսպասելի ոչինչ ինձ չշեղի ֆիլմի բոլոր մանրուքների մշակումից: Նա իրավացի է: Ես դա հաշվի կառնեմ և կաշխատեմ նրա հետ այնպես, ինչպես մյուս դերասանների հետ, չնայած որ ես նրան համարում եմ մտածող դերասան, որն առանց իմ օգնության կանի այն, ինչ պահանջվում է:

***

Նկարահանումները սկսելիս` ես որոշեցի մոռանալ օպերատորի հանդեպ անբարեհաճությունս, որին ինձ պարտադրել էր ստուդիայի ղեկավարությունը, աշխատում էի այնպես անել, որ երկուսն էլ բաց հոգով աշխատեն: Ամեն ինչ կարծես այդպես էլ ընթանում էր: Բայց այդ, թույլ տվեք ասել, օպերատորը, չգիտես ինչու, նկարահանված նյութը չէր ուղարկում երևակման (գունավոր նյութը մշակվում էր Մոսֆիլմում, քանի որ մենք գունավորի լաբորատորիա չունեինք): Արդեն ավելի քան հինգ հարյուր մետր օգտակար նյութ էր նկարված, երբ նա բարեհաճեց Մոսկվա թռնել ժապավենի մշակման համար և… ոչինչ չբերեց… Այո՛, նա ոչինչ չբերե՛ց… Ամբողջ նյութը խոտանված էր: Այն էլ ի՜նչ նյութ՝ էքսպոզիցիո՛ն: Չեմ պատկերացնում՝ ինչ է լինելու… Ինչքա՜ն ապրումներ, ի՜նչ զգացումներ: Ինչպիսի՜ ոգևորությամբ էի աշխատում, յուրաքանչյուր նկարահանված կադրի ու դրվագի համար ուրախանում, ինչքա՜ն երազանքներ, հույզեր, լարվածություն, բերկրանք, որոնումներ… Եվ այդ ամենը հո՛դս ցնդեց:

Չեմ պատկերացնում՝ ինչ է լինելու…

Մի քանի օրից Դավթյանն ինձ կանչեց.

-Ես օպերատորին ֆիլմից հեռացնելու եմ, բայց քեզ էլ պետք է պատժեմ, որովհետև,- նա թույլ չտվեց մի բառ ասեմ,- նյութի համար պատասխանատու է առաջին հերթին ռեժիսորը:

-Սխալ էքսպոզիցիայի համա՞ր:

-Իմանալով նրա ոչ բավարար որակավորման մասին, դու պետք է պահանջեիր, որ նա առաջին իսկ նկարահանումը ուղարկի երևակման: Ինչու՞ էիր լռում: Հինգ հարյուր մետր,- Մխիթար Հովնանովիչը մատը ազդու կերպով վեր խոյացրեց,- հինգ հարյուր օգտակար մետր չուղարկե՛ց երևակման: Դու պետք է պահանջեիր: Դու՛ ես խմբի գլուխն ու պատասխանատու ես ամեն ինչի համար: Եվ նյութի որակի համար՝ առաջին հերթին:

-Նա ուզում էր ինքը տանի նյութը երևակման: Սպասում էր, մինչև բազմաբնույթ դրվագներ հավաքվեն: Ես չէի կարող նրա ցանկությունը հաշվի չառնել:

-Դե այժմ էլ նրա հետ միասին ճաշակի՛ր նրա ցանկության հետևանքները:

-Բայց դուք ստիպեցիք կամքիս հակառակ…

-Հասկացի՛ր,- ձայնը ցածրացնելով շարունակեց նա,- այսքան մեծ խոտանի համար չեմ կարող քեզ չպատժել… Հասկանու՞մ ես ինձ, թե՞ ոչ: Որքան էլ բղավես, որ ես եմ պնդել նրա թեկնածությունը, ես էլ իմ հերթին կասեմ, որ դու ինձ հետ չպետք է համաձայնվեիր: Դա քո՝ որպես ռեժիսորի, իրավունքն է: Ամեն ինչ լավ կլինի,- արդեն փափկելով ասաց նա ինձ: – Ճիշտն ասած, նման խոտանի համար ես քեզ էլ պետք է հեռացնեի: Բայց դու երիտասարդ ես և… ես գտել եմ այս իրավիճակից դուրս գալու ելքը: Քեզ համաբեմադրող կտանք: Մտածի՛ր այդ մասին:

Ես նայում էի նրան ու մտածում՝ կարծես թե բարյացակամ է խոսում:

-Կարճ ասած, լսի՛ր ինձ. դու երիտասարդ ես, նոր ես սկսում, ընդունի՛ր պայմանս: Հաջորդ ֆրլմում առավել շրջահայաց կլինենք: Ես էլ, դու էլ: Իսկ հիմա ուրիշ ելք չկա՝ ընտրի՛ր ուզածդ համաբեմադրողին: Գուցե Յուրայի՞ն[11]: Դուք իրար լավ եք ճանաչում: Նա հարմարվող մարդ է, քեզ նման համառ չի: Նրա հետ աշխատելդ հարմար կլինի: Վերջ ի վերջո՝ սա քո ֆիլմն է, բոլորը դա գիտեն: Իսկ եթե ուրիշին ես ուզում՝ մտածի՛ր: Երկու օր եմ տալիս մտածելու…

Ինձ հետ խոսեց նաև Հակոբ Սալախյանը: Երկար համոզում էր, որ ես համաձայնեմ:

– Նկատի ունեցի՛ր, որ ոչ ոք գլուխ չի՛ հանելու՝ դու մեղավոր ես, թե ոչ: Ռեժիսորն է պատասխանում ամեն ինչի համար: Իսկ այսպես բոլորը կիմանան, որ դու պատժված ես նրանով, որ քեզ համաբեմադրող են կցել: Դու կաշխատես առաջվա պես: Նման քայլը կպաշտպանի քեզ դժգոհություններից: Դու՛ էլ տնօրինության դրության մեջ մտի՛ր: Խոտանը կայացած փաստ է և համապատասխան քայլ է պահանջում: Համաձայնի՛ր, և տնօրինությունն ամեն ինչ կանի, որ սրտովդ լինի:

Յուրան նույնպես ինձ հետ խոսեց: Խնդրում էր, որ իրեն վերցնեմ, ոչ թե մեկ ուրիշի, խոստանում էր, որ ամեն ինչ իմ ուզածով կլինի: Ես մտածեցի, որ դա ինչ-որ տեղ նույնիսկ լավ է, և ես հնարավորություն կստանամ ֆիլմ անել իմ ուզածով: Իսկ թե որքան բեմադրող ռեժիսորի անուն կլինի ֆիլմի մակագիրներում՝ կարևոր չէ: Կարևոր է ֆիլմի ստեղծման համար բարենպաստ պայմաններ ստեղծել:

Յուրայի հետ սկսեցինք սկզբից: Որոշեցինք ֆիլմը սև-սպիտակ նկարել: Որպես օպերատոր, անշուշտ, վերցրեցինք Ջալալյանին: Արդեն երկու դրվագ նկարեցինք: Աշխատանքն ընթանում է արագ, սահուն, առանց խոչընդոտների: Ոչ ոք չի խանգարում: Իրա՛վ: Պետք է հետ շահել կորցրած ժամանակը: Ֆիլմը պետք է ժամկետին հանձնենք, իսկ ժամանակը հարկ եղածից երկու անգամ պակաս է: Մի՞թե ճգնաժամ էր պետք, որ ֆիլմի աշխատանքը սահուն ընթանա:

Զարմանալի է, բայց ես հիմա գլխավորապես մտածում եմ ստեղծագործական խնդիրների մասին: Ինձ շեղող մանրուքները զգալիորեն պակասել են: Եւ իրոք՝ համենայն դեպս, ինձ այնպես է թվում, որ երկուսով աշխատելն ավելի լավ է: Ավելին՝ հիմա ես հոգեկան ազատության զգացողություն ունեմ՝ մտահղացումն անմիջապես իրականացնում ենք: Ֆիլմը բոլոր մանրուքներով այնքան խորն է նստած իմ մեջ, ես արդեն այնքան եմ համակված բոլոր դրվագներով, որ հիմա ժամանակ չենք կորցնում դրվագի բովանդակության, կերպարների փոխհարաբերությունների, մանրուքների մշակման վրա: Ինչպես ասում էր Էյզենշտեյնը՝ «նկարահանման հրապարակում չենք որոնում, այլ գտնում ենք»:

Տա՛ Աստված, որ ամեն ինչ ստացվի: Ժամանակը քիչ է, բայց և շտապել չի կարելի:

Էկրանի վրա յուրաքանչյուր դրվագի լավ մտածված լինելը զգացվում էր: Չկա գեթ մեկ կադր առանց հեղինակային վերաբերմունքի:

—————————————

[9] ԹԱՊԻ – Թատերական արվեստի պետական ինստիտուտ, ռուս.՝ ГИТИС.

[10] Ռուսերեն բառախաղ է. “вооружен” – «զինված»:

[11] Յուրի Երզնկյան, 19221996: Կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)։ Ղեկավարել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի արվեստանոցը, պրոֆեսոր (1982)։ ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979):

(շարունակելի)

Թարգմանությունը և ծանոթագրությունները Լիլիթ Սարգսյանի