Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ի թիվս հայ մշակույթի մյուս երախտավորների ժառանգության, պահպանվում են մեծանուն բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի անձնական փաստաթղթերը, նամակները, լուսանկարները, արխիվային այլ նյութեր, որ վավերագրում են արվեստագետի անցած ուղին: Ներկայացնում ենք Դովլաթյանի բազմաշերտ ու հետաքրքիր արխիվում պահպանվող նամակներից մեկը՝ հասցեագրված Արմեն Գուլակյանին:

Ջերմագին բարևներ Արմեն Կարպիչին,

Նամակս ուշացնելու պատճառը միմիայն այն էր, որ ես ուզում էի առաջին նամակով Ձեզ հայտնել իմ մի որևէ հաջողության մասին, այսինքն ՝ մինչ առաջին սեմեստրի քննությունները։ Սկսում եմ սկզբից  (նախ որոշեցի չսպասել մինչ քննությունները, որովհետև  շատ բան եմ ուզում ասեմ Ձեզ)։ Ես Մոսկվայում եղա  ամսի 20. 08– ին:  Առաջին գիշերը անցկացրի «Մոսկվա»  հյուրանոցի վեստիբյուլում, որովհետև այդ օրերին Մոսկվա էին եկել գերմանական դելեգացիա, փառատոնի մասնակցողներ, դեպուտատներ և այլն: Մյուս օրը, մի կերպ մասնավոր տուն վարձեցի, որտեղ կարծես թե իմ բախտից գտնվեց մի շատ հասարակ, համեստ կին։ Արմեն Կարպիչ,  ես այնքան հոգնած էի, որ խնդրեցի այս կնոջը մի տեղ տար որ ես քնեմ։ Այս բանը նրան վախեցրեց, և բանը հասավ նրան որ բոլոր հարևաններին կանչեցի և խնդրեցի, որ կարդան իմ դոկումենտները: Մի խոսքով երկար համոզիչ ճառերից հետո նա համաձայնվեց:  Ինստիտուտ գնացի ամսի 27.08 – ին։ Ինձ ասացին, որ ես պետք է տեսնվեմ Սերգեյ Ապոլինարովիչ Գերասիմովի հետ, որովհետև այս տարի նա է հավաքում կուրսը:

Ընդունելությունը կատարվում էր հետևյալ կերպ։ Ընդունում են ընդամենը 20 ուսանող, որը կատարում են Գերասիմովը,  Զգուրիդին (Հայտնի դոկումենտալիստ) և Օվանեսովան, որին դուք գիտեք։ Քննությունները վերջանալուց հետո Գերասիմովը, որը ղեկավարում է միացյալ դասարանը՝ դերասանների և ռեժիսորների, այդ 20-ից վերցրեց 7  հոգի, որոնք սովորելու են միմիայն գեղարվեստական ֆիլմերի գծով, իսկ մնացած 13 հոգին՝  խրոնիկալ-դոկումենտալային գծով, որը ղեկավարում են Զգուրիդին և Օվանեսովան: Այս բաժանումը ինձ անհանգստացրեց, և չնայած ինձ ասել էին, որ ես անպայման խոսեմ Գերասիմովի հետ, ես ինքս էլ ցանկացա, որ որքան կարելի է շուտ տեսնվենք:

Գերասիմովը  ինձ ընդունեց շատ լավ, առաջին տպավորությունս շատ լավ էր, չնայած քննական կոմիսիայի անդամների ներկայությանը, ես ինձ բավականին ազատ էի զգում։ Դե, հետաքրքրվեց, թե որ թատրոնում եմ աշխատում, ինչ ուսում ունեմ, իմ պատասխանից հետո նա. – «Այո, գիտեմ (բավականին հաջող արտասանելով ձեր ազգանունը) Գուլակյանի մոտ եք սովորել»։

Հետո հետաքրքրվեց, թե ինչ ներկայացումից եմ պրեմիա ստացել, երբ ես  ասացի որ  ներկայացումից, նա այս անգամ ավելի հաջող  արտասանելով Ձեր ազգանունը,  ասաց, – «Հիշում եմ, ես էլ էի քվեարկել՝ կողմ» (խոսքը վերաբերում  է ստալինյան մրցանակին, որը շնորհվել է Ֆ․  Դովլաթյանին – Այս աստղերը մերն են»  ներկայացման գլխավոր դերի համար): Այսպես ջերմ խոսակցությունից հետո նա հետաքրքրվեց, թե ինչ եմ ցանկանում։ Դե ասացի, որ ցանկանում եմ գեղարվեստական  ֆիլմերի գծով սովորել, այսինքն իր մոտ։ Նա անմիջապես ասաց,– «Դրա մասին ոչ մի կասկած լինել չի կարող, հանգիստ եղեք, գնացեք և ամսի 1-ին կգաք դասի»: Մի քիչ հետաքրքրվեց իմ ընտանեկան վիճակով, տնտեսականով և ես շատ գոհ գնացի տուն։

Սկզբի օրերին շատ դժվար էր։ Լեկցիաները գրում էի կեսը հայերեն, կեսը ռուսերեն, մի խոսքով հետո, որ կարդում էի, հազիվ էի գլուխ հանում։ Հետո կամաց-կամաց վարժվեցի և հիմա բոլոր լեկցիաները գրում եմ ռուսերեն և հասկանալի լեզվով։ Պարապում եմ ռուսաց լեզու, ինձ այս տարի ազատել են օտար լեզվի դասերից։

Այժմ գանք ամենակարևորին՝  ռեժիսուրայի վարպետության դասերին։ Առաջին դասին եկավ Սերգեյ Ապոլինարիչը․  պետք է Ձեզ ասեմ, որ ես շատ ուրախ եմ, որ Գերասիմովի մոտ եմ. և ոչ միայն ես,  այլ  ինստիտուտում բոլորը մի տեսակ հիացմունքով են խոսում նրա մասին, և դա միանգամայն ճիշտ է, որովհետև  ես  համոզվեցի, հետաքրքրվելով, թե ինչ աշխատանք է նա տարել իր դիպլոմնիկների հետ անցյալ  տարի և, որոնք հիմա իր ղեկավարությամբ աշխատում են դիպլոմի վրա (Չեխով),  որը պետք է գնա համամիութենական էկրան։ Ինքը,  լինելով  ինտելեկտուալ մարդ, ցանկանում է, և ոչ միայն ցանկանում է, այլև հետևում է նախևառաջ մեր մտավոր կարողության զարգացմանը։ Նույնիսկ հատուկ գրքերի ցուցակ է տվել, որ կարդանք, որի մասին ամեն դասին հետաքրքրվում է, բացի դրանից մեծ ուշադրություն է դարձնում, որ ամեն օր թերթ կարդանք և անձամբ ստուգում է։ Նույնիսկ առաջին օրը, որ եկավ դասարան, 4 ժամից 2-ը  նվիրեց գիրք կարդալու նշանակությունը:  Միայն մի բանն է վատ, որ նա  քիչ է լինում, դասերի մեծ մասը տանում է Մակարովան – ես կասեի ոչ միայն շնորհալի դերասանուհի, այլև  շնորհալի դասատու, թե՛ ռեժիսորական, և  թե՛ դերասանական վարպետության գծով։

Ես մոռացա ասել, որ մեր խումբը կոչվում է «միացյալ»՝ նրա համար, որ մենք դերասանների հետ ենք սովորում, որը մեզ շատ է օգնում, առաջինը՝  սովորում ենք դերասանի վարպետություն և երկրորդը մեր էտյուդներում ընդգրկում ենք մեր դասարանի դերասաններին, ոչ թե ուրիշ կուրսերից  ենք վերցնում:

Ես արդեն բեմադրել եմ իմ էտյուդը, որը հավանել են և թողել են, որ աշխատեմ վրան՝ քննություններին ցույց տալու համար։ Հիմա գրում եմ սցենար ամնիստիայի ենթարկված մի մարդու մասին։ Առաջին վարիանտը գրել եմ, Մակարովան մի քանի ուղղումներ է արել,  և հիմա էլ ես պետք է բեմադրեմ, որ լինելու է իմ քննության էտյուդը։ Դերասանական վարպետության գծով հիմա դեռ անցնում ենք էլեմենտար բաներ (սովորում ենք  ճաշ ուտել, մուկ բռնել, կազմել խելոք դիալոգ երկու հոգու համար և այլն), ես ինքս մասնակցում եմ երկու էտյուդում: Ահա այն բոլորը, ինչ առայժմ կարող  եմ ասել իմ  մասին․ պետք է ասեմ, որ ես շատ գոհ եմ բեմական խոսքի դասերից, որը դասավանդում է Վախթանգովի թատրոնի, միաժամանակ Գիտիսի դասատու Կրումինգը։ Նա գոհ է ինձանից՝ թե՛ խոսակցականից,  թե՛ դիկցիայից։ Մի խոսքով առայժմ շատ գոհ եմ, Արմեն Կարպիչ, և օր օրի ես զգում եմ, թե ինչքան շատ բան կարելի է սովորել, եթե մարդ ցանկանա, ես գիտեմ, որ դուք մինչև  հիմա էլ այն կարծիքին եք, որ ես սխալ արեցի.  ո՛վ  գիտե, գուցե դուք ճիշտ եք, բայց հավատացեք ինձ, Արմեն Կարպիչ, որ ես այս 5 տարում շատ բան չեմ կորցնի, իսկ այստեղ ես օրեցօր ոչ թե կորցնում եմ, այլ այն պրակտիկան, այն բոլորը, ինչ  որ դուք տվել եք,  ես դա խորացնում եմ ուսումով, իմ աշխատանքով։ Ասեմ, որ ես մեր գրուպայում աչքի եմ ընկնում, ճիշտ չի լինի, որովհետև  բոլորն էլ պատրաստված, ուժեղ  երիտասարդներ են, ինձ մնում է օր ու գիշեր աշխատել, որ հետ չմնամ։ Կներեք, որ նամակս այսքան երկար ստացվեց:  Անպայման գրեք ինձ, Արմեն Կարպիչ, ինձ շատ է հետաքրքրում թատրոնի դրությունը,  հատկապես Ձեր բեմադրության պրեմերիան և ընդհանրապես մեր խմբակի մասին (բարևեք  բոլորին իմ կողմից, և աղջիկներին ասեք, որ անպայման ծանոթանան Մակարովայի կենսագրության հետ և թող աշխատեն նմանվել այդ իսկական սովետական  քաղաքացուն, կոմունիստ դերասանուհուն)։ Սա իհարկե կարող է ծիծաղ առաջացնել, բայց ինչ արած, դա իմ համոզմունքն է։

Արմեն Կարպիչ, ես մոռացա ասել, որ եթե Ձեզ  որևիցե  բան պետք լինի Մոսկվայից՝ գրեք ինձ կամ հեռագրեք։ Առայժմ այսքանը: Սպասում եմ պատասխանի: Բարևեք թատրոնում  բոլորին, ովքեր կհետաքրքրվեն ինձանով։

Հարգանքներով՝ Ֆրունզիկ