«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից՝ հավելելով , որ  ֆիլմն արժանացել է նաև «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի:

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկեցին քրիստոնյա ժողովուրդների զավակներին:

Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը: Նշենք, որ «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» փառատոնը բացառապես վավերագրական կինոյի և վավերագրական դրամայի փառատոն է: