Յուրի Մեչիտով․Փարաջանովից առաջ կադրը որսում էի,հետո՝ բեմադրում
Յուրի Մեչիտովի՝ Սերգեյ Փարաջանովին ամենից շատ լուսանկարած, նրա մասին գիրք ու ֆիլմ հեղինակած ստեղծագործողի հետ զրույցի առիթը օրերս Հայաստանի ազգային կինոկենտրոնում կազմակերպված «Փարաջանովը ես եմ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունն էր։
Երեխա ժամանակ՝ 8-9 տարեկանում սկսել է լուսանկարել։ Իր արած լուսանկարների պահպանումը կարեւորել է 30-ամյակի շեմին։ Ստեղծել է բովանդակային պատկերների հարուստ հավաքածու։ Դրանում շատ են հայտնի, ճանաչելի, սիրված տաղանդավորների լուսանկարները, բայց այդ արխիվի առանցքը Սերգեյ Փարաջանովի լուսանկարներն են։ Իսկ նա՝ Յուրի Մեչիտովը, 1979 թվականից համարյա ամեն օր է լուսանկարել Սերգեյ Փարաջանովին։ Մեչիտովն է Փարաջանովի ամենահայտնի, ամենաթատերայնացված լուսանկարների հեղինակը։
–Շատ հաճախ անհարմար եմ զգում ասելու, որ օրինակ՝ թռչող կամ ծաղիկները ձեռքին, գլխարկը գլխին, թռչնի վանդակը կողքին Փարաջանովի լուսանկարներն իմն են։ Դրանք ինքը՝ Սերգեյն է բեմադրել։ Ես տեխնիկական կատարողն եմ, կարելի է ասել՝ համահեղինակը։
Երիտասարդ Մեչիտովը բանտից նոր ազատված ու Թբիլիսի վերադարձած Փարաջանովին առանձնապես չէր ճանաչում։ Գիտեր, որ նրան հանճար բառով են որակում։ Ու իր ֆիլմը ցույց տվեց Փարաջանովին։ Փարաջանովը ֆիլմը հավանեց, Մեչիտովը Փարաջանովով «վարակվեց»։
-Բոլոր նրանք, ովքեր հարաբերվել են Սերգեյի հետ՝ ուրիշ մարդիկ են։ Սերգեյն իրենով վարակել գիտեր… Ես դա անվանել եմ «параджанирование»… Հիմա ես էլ դրանով եմ զբաղված՝ երբեմն параджанирую… Իսկ դա նշանակում է հրաժարվել արգելակներից, լինել լիակար խենթ, ինչի համար վճարում են, Սերգեյը վճարեց բանտարկությամբ, պարապուրդով…
Հենց այդ փուլում էր Փարաջանովով Մեչիտովի հետաքրքրվածությունն ամեն օր ստիպում էր վերջինիս գնալ կյանքը բեմադրող ռեժիսորին այցի ու լուսանկարել։
-Մինչեւ Փարաջանովը կադրը որսում էի, Փարաջանովից հետո սկսեցի բեմադրել… Սերգեյն էլ իր պարապուրդը մասամբ լցնում էր լուսանկարներում իր կերպարի «բեմադրմամբ» եւ շատ հաճախ իմ լուսանկարներով հիանալի կոլաժներ էր ստեղծում։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Սերգեյի բախտը բերել է ինձ պատահելով։
Շատ արկածներ են եղել… շատ տեղերում ենք միասին եղել, եղել ենք Երեւանում, Բաքվում, Աշխաբադում, Դաղստանում… Լուսանկարել եմ իրեն ամեն օր, բայց հիշողություններս շերտավորվում էին, ու չէի գրառում…
Լուսանկարների արխիվը մեծ էր, հիշողությունները՝ կուտակված, ու Մեչիտովը որոշեց Սերգեյ Փարաջանովին նվիրված պատկերագիրք հրատարակել։ Ստացավ տպագրման երաշխիքը։ Երեք տարի անց ստեղծեց 2296 պատկեր ներառող «Սերգեյ Փարաջանով. Երկխոսության քրոնիկոն» (“Сергей Параджанов. Хроника диалога”) պատկերագիրքը, որը դարձավ իր կյանքի ամենամեծ նախագիծը։
-Լուսանկարներիս ցուցահանդեսն էր։ Կարծում էի կհավանի։ Եկավ-նայեց ու ասաց. «Մեչիտովը կարծում է ինքն է Փարաջանովը, բայց Փարաջանովը ես եմ»։ Ինքը խիստ խանդոտ էր։ Ես էլ Փարաջանովով վարակված եմ ու կշարունակեմ параджанирть։
«Փարաջանովը ես եմ» (“Параджанов – это я”) 11 րոպեանոց ֆիլմում Յուրի Մեչիտովն իրեն հատուկ արագախոսությամբ եւ հումորաշաղախ մտածողությամբ պատմում է Փարաջանովի, նրա ժամանակի, Թբիլիսիի փարաջանովյան վայրերի եւ իհարկե իր՝ параджанирть եզրույթի հեղինակ, լուսանկարիչ Յուրի Մեչիտովի մասին։
-Կյանքից պետք է վերցնել հնարավոր լավագույնը։ Իսկ թե կյանքդ արվեստի ոլորտում է, ինչի՞դ է պետք համեստությունը, հավակնություն պիտի ունենաս։ Ոգեւորություն, ոգեշնչում պիտի ունենաս, իսկ դա գիտեք որտեղից է գալիս՝ ապագայի հանդեպ պատասխանատվությունից։ Ճշմարտությունն եմ ասում։ Իմ առանձնահատկությունն այն է, որ գրեթե չեմ ստում։
Հ․Գ․ Յուրի Մեչիտովը Երևանում էր (վրաց արվեստագետների խմբում) մասնակցելու «Մհեր Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վրաց-հնդկական վավերագրական ֆիլմի ցուցադրությանը՝ նվիրված Հայաստանի և Հնդկաստանի, Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին։
Պատրաստեց Նանա Պետրոսյանը