Ամերիկյան կինոյի իռլանդացին
Իռլանդացի սցենարիստ, օպերատոր, ռեժիսոր Թերի Ջորջն իր բազմամյա կինոգործունեության մեջ տեղ է հատկացրել նաև հայկական թեմայով էկրանավորմանը. 2016-ին նա նկարահանել է հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Տորոնտոյի միջազգային փառատոնում։ Թերի Ջորջը համաշխարհային կինոյում հայտնի անուն է, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները դեռ գարնանն էին հպարտությամբ նշում, որ նա գալու է Հայաստան, ավելին՝ ղեկավարելու է լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին։
Թերի Ջորջը երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ 2004 թվականին նրա «Հյուրանոց Ռուանդան» 3 «Օսկար» է ստացել, որոնցից մեկը՝ լավագույն սցենարի համար։ Մինչ այդ՝ 1993-ին, «Հոր անունից» ֆիլմի համար է «Օսկար» ստացել։ 3-րդ անգամ «Օսկարի» արժանացել է 2012 թվականին՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Թերի Ջորջին մեծ ճանաչում են բերել հատկապես «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։
Kinoashkharh.am-ի անդրադարձը Թերի Ջորջի հայաստանյան այցի մասնագիտական հանդիպումներն են կինոմանների, երիտասարդ ռեժիսորների, սցենարիստների հետ, ինչպես նաև վարպետության դասերն ու զրույցները։
Հոլիվուդը դրսից՝ գայթակղիչ, ներսից՝ անառողջ
Քանի որ Հայաստանում եմ՝ հայ հանդիասատեսի առաջ, չեմ կարող չխոսել «Խոստում» ֆիլմի մասին։ 5 տարի է անցել նկարահանումներից, ցուցադրությունից։ Այդ ընթացքում տարբեր լսարաններում շատ ու շատ քննարկումներ են եղել։ Ուրախ եմ, որ ես էլ եմ կարողացել Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնել ու այդ թեման էկրան հանել։ Ֆիլմի ցուցադրություններից հետո, ո՜վ զարմանք, եկավ համավարակը, որը հսկայական ազդեցություն թողեց Հոլիվուդի վրա, իմ ու ինձ նման կինոգործիչների կարիեարայի վրա՝ սոսկալի։
Ուրեմն պատմեմ, թե ինչ եղավ Հոլիվուդում։
Հայտնի է, որ սցենարիստները միշտ աշխատել են գործակալների հետ։ Բայց այս ընթացքում գործակալների ու սցենարիստների հարաբերությունները փոխվեցին։ Սցենարիստները հրաժարվեցին աշխատել գործակալների հետ ու նրանց ազատեցին աշխատանքից։ Պատճառն այն էր, որ գործակալներն սկսել էին անխղճաբար փող աշխատել սցենարիստների հաշվին՝ ջանալով էժանացնել նրանց աշխատանքը, այլ կերպ ասած՝ գին գցել։ Ուրեմն նրանք վերցնում են գումարի առյուծի բաժինը, իսկ մնացած խղճուկ գումարը տալիս այն մարդուն, որի գրվածքի հիման վրա է ֆիլմն ստեղծվում, որի շնորհիվ են գործակալները փող աշխատում։ Դե ասեք, եթե սցենար չլինի, ռեժիսորն ինչքան էլ տաղանդավոր լինի, ֆիլմ կարո՞ղ է նկարել։ Իհարկե, ոչ։
Առաջացավ կոնֆլիկտ, ու սցենարիստները միահամուռ կերպով գործադուլ հայտարարեցին՝ գործակալներից պահանջելով հարգել իրենց աշխատանքն ու մարդավարի վարձատրել իրենց։
Մարդը՝ ֆիլմի շարժիչ ուժ
Շատ են հարցնում՝ ո՞րն է քո ֆիլմերի շարժիչ ուժը։ Պատասխանում եմ՝ մարդը։ Իմ ֆիլմերը մարդու, մարդկայինի մասին են։ Մարդն ընկնում է տարբեր իրավիճակների մեջ, հաճախ՝ կատաստրաֆիկ ծանր։ Ես սիրում եմ նման սուր իրավիճակներ, ի՞նչ մեղքս թաքցնեմ։ Սիրում եմ մարդուն գցել «կրակն» ու հետևել, թե նա ինչ է անելու, ինչպես է տանջվելու, որ դուրս գա այդ դժոխքից։ Հենց այդտեղ է բացահայտվում մարդու դեմքը, նրա ներաշխարհը, տեսակն ու որակը։ Թե չէ, նորմալ, սովորական, ոչ կրիտիկական պայմաններում ով էլ ասես, բարի, սիրալիր կլինի։
Իմ հերոսները սովորական մարդիկ են, որոնք հայտնվում են անսովոր իրավիճակում։
Օրինակ՝ «Օսկարի» արժանացած «Հյուրանոց Ռուանդան». Հերոսը շարքային քաղաքացի է՝ ոչ մի բանով չառաձնացող։ Բայց արի ու տես, որ հենց նա է պարտավորություն զգալու՝ փրկելու մարդկային կյանքեր։ Այստեղ ևս կա ցեղասպանություն, նենգություն, դավաճանություն, բայց նաև՝ խոր ու գովելի մարդասիրություն։
Հայստանում ինձ հարցնում են՝ կնկարե՞ք Արցախի, արցախյան պատերազմի մասին ֆիլմ։ Գիտե՞ք՝ ես դեռ պատրաստ չեմ այդ թեմայով ֆիլմին։ Մինչև լավ չուսումնասիրեմ, թեման մեջս չեփվի, չեմ կարող։ Եթե Արցախ գնամ, վստահ եմ, որ կգտնեմ այնպիսի մի կերպար, որի մասին նախ գիրք կգրեմ։ Եթե որոշել ես ֆիլմ նկարել, որը պետք է մարդկանց սթափեցնի ու ցնցի, որը պետք է մարդկանց շատ կարևոր բան պատմի մարդկա՛նց, նրանց կյանքի պատմության միջոցով, ուրմեն դա պետք է լինի «Շինդլերի ցուցակի» նման։
«Հյուրանոց Ռուանդա»
Ռուանդայի նախագահն իսկական դիկտատոր էր։ Նա մի լավ ծիծաղեց այդ ֆիլմի վրա։ Ու գիտե՞ք՝ ինչն է զավեշտալին, որ այդ երկրի բնակիչների փոքրամասնությունն է ընտրել նրան, իսկ այդ փոքրամասնությունը, պարզվեց, 97տոկոսն էր։ Նա 1990-ականներին այդպես 3 անգամ ընտրվել է Ռուանդայի ղեկավար ու շատերին բանտարկել։
Ամենակուլ սերիալները
Խնդրում եմ, սերիալների մասին մի խոսեք։ Ամերիկյան սերիալների հիմքը փողն է, միայն փողը։ Փողի համար մարդուն կկախեն ժայռից, որպեսզի հենց այդ միջոցին մտնի գովազդը, հեռուստադիտողն, իհարկե, այդ ընթացքում ոչ թե գովազն է նայում, այլ սրտատրոփ սպասում է, թե երբ է այն ավարտվելու, որ տեսնի՝ մարդը ժայռից ընկնո՞ւմ է, թե նրան փրկում են։ Սա դեռ ամենասարսափելին չէ, երբ սերիալը գովազդով է ընդհատվում է։ Հաճախ մարդուն կախված են թողնում մինչև հաջորդ օրը, այսինքն՝ հենց այդտեղ ու այդպես է ավարտվում հերթական սերիան։ Դե արի ու մի ամբողջ օր սպասի։
Մի խոսքով, ամենահանճարեղ սցենարը բեր, ամենահանճարեղ ռեժիսուրան, սերիալ նկարողներին ոչինչ չի հետաքրքրում, միայն՝ փող։
Չիրականացված սցենարներ
Ես մի ճամպրուկ լինքը լավ գաղափարներ ունեմ։ Այնքան իրատես եմ, որ գիտեմ՝ դրանք դժվար թե իրականացվեն։ Օրինակ՝ ռուանդացի մի կնոջ մասին ֆանտաստիկ պատմություն ունեմ։ Այնպիսի՜ անհավանական իրավիճակներում է հայտնվում այդ կինը, ընկնում է բանտ, տանջվում, հետո փախչում բանտից…
Ուզում եմ նաև թատերական սցենար գրել, որպեսզի բեմում տեսնեմ այն։
Սցենար գրելիս շատ զգույշ և ուշադիր եմ։ Չեմ սիրում երկարաշունչ երկխոսություններ կամ մենախոսություններ գրել։ Ո՞ւմ են դրանք հետաքրքիր։ Բացի այդ, երկարները միշտ հեռացնում են բուն պատմությունից։ Պատկեր է պետք, անընդհատ, անսպասելի պատկեր։
Ստեղծագործելը՝ լավագույն դեղամիջոց
Ես նախընտրում եմ ինքս գրել իմ ֆիլմերի սցենարները, ինքս էլ լինել ռեժիսորը, որովհետև երբ գրում եմ, արդեն իսկ պատկերացնում եմ, թե ինչպես եմ գրածս նկարելու, էկրանավորելու, ֆիլմ դարձնելու։ Իսկ եթե պիտի ուրիշը նկարի, դե արի երկար-բարակ բացատրի, թե դու ինչպես ես պատկերացնում ֆիլմը։ Ես սիրում եմ ինքս ինձ հետ աշխատել թե՛ որպես սցենարիստ, թե՛ որպես ռեժիսոր, այսինքն՝ ռեժիսրոն ու սցենարիստը հաշտ ու համերաշխ աշխատում են միասին։
Երիտասարդներին մի խորհորրդ կտամ՝ ստեղծագործեք։ Այս կյանքում յուրաքնաչյուր հարցի պատասխանը ստեղծագործելն է։ Ճանաչեք ձեր հնարավորությունները, դա կարող եք անել միայն աշխատելով, այլապես ինչպե՞ս կիմանա՝ ինչի եք ընդունակ, ինչը կարող եք, ինչը՝ ոչ։
Դժվարությունները ստեղծագործող մարդու համար են, բայց դժվարություններն են թրծում, առաջ մղում։
Ինքնաքննադատությունը՝ ազնիվ լինելու միջոց
Ինքնաքննադատությանը միշտ կարևոր տեղ տվեք։ Դու ֆիլմ ես նկարել, որը դիտելու համար մարդիկ պետք է 15 դոլար վճարեն, գան կինոդահլիճ՝ այն էկրանին տեսնելու համար։ Այդ 15 դոլարը շատերը դժվարությամբ են վաստակում, բայց նրանք քեզ վստահելով են գալիս կինոդահլիճ, չէ՞, մտածում են, որ դու իրենց չես խաբի, լավ ֆիլմ ցույց կտաս այդ 15 դոլարի դիմաց։ Ինքնաքննադատության մրցանակ էլ կա, պետք է դա էլ վաստակես։
Ինքնաքննադատությունը ստեղծագործողին դարձնում է ճկուն և ազնիվ։
Պատրաստեց Նաիրա Փայտյանը